
Քաջարանի քաղաքապետ. «Դանակը չպետք է հասներ ոսկորին»
Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան
Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ի վարակի մասին «Հետքի» հարցերին պատասխանել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը
-Պարոն Գևորգյան, նախ՝ ի՞նչ եք մտածում Քաջարանի հիվանդանոցում տեղի ունեցածի մասին, ի՞նչը կարող է լինել վարակի պատճառ:
-Ցանկացած հայի՝ կլինի իմ քաղաքի բնակիչը թե ոչ, մատը փուշ մտնելը միանշանակ վատ է: Ճիշտն ասած, դա (նկատի ունի զանգվածային վարակը- հեղ.) անակնկալ էր մեզ համար, որովհետև, համենայն դեպս, մենք սովոր չենք վատ բան լսել մեր քաղաքից: Մեր քաղաքն ստեղծագործ, արարող, աշխատող քաղաք է, և մենք ուրախացել ենք մեր հպարտություն հանդիսացող ձեռնարկության (նկատի ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը- հեղ.) հաջողություններով, մեր քաղաքում օրեցօր լավացող, գեղեցկացող փողոցներով, շենքերով, շինություններով: Կարծում եմ՝ ոչ մի քաղաք, գյուղ երաշխավորված չէ այդ խնդիրն ունենալուց:
-Բայց 2012 թ.-ին էլ Քաջարանի հիվանդանոցում խախտումներ էին հայտնաբերվել: Տեղյա՞կ եք այդ մասին:
-Թերություններ կլինեն այնտեղ, որտեղ մարդիկ աշխատում են: Կարծում եմ՝ թերությունները ճիշտ ժամանակին բացահայտելը ոչ միայն այդ հասարակության, այլև կազմակերպության, տվյալ համայնքի, տվյալ անհատի, տվյալ ղեկավարի համար առաջնային ծրագիր է:
-Չե՞ք մտածում, որ եթե ժամանակին այդ թերությունները շտկվեին, գուցե այսօր չունենայինք այս իրավիճակը: Հետաքրքրվե՞լ եք այդ խախտումներով, շտկվե՞լ են դրանք, դրանց համար պատասխանատվություն կրե՞լ են, թե՞ ոչ:
-Մեր հոգածության ներքո է խնդիրը՝ անկախ այն հանգամանքից, որ հիվանդանոցը ենթարկվում է մարզպետարանին, այնուհետ՝ առողջապահության նախարարությանը: Մեր քաղաքն է, մեր քաղաքի ժողովրդին է սպասարկում:
-Այսինքն՝ տեղյա՞կ եք եղել հայտնաբերված խախտումներից:
-Միանշանակ, տեղյակ եմ եղել, ո՞նց կարող է քաղաքապետը տեղյակ չլինի: Ինքս էլ աջակցել եմ, օժանդակել եմ, որ 2012-ին հայտնաբերված թերությունները նվազագույնին հասցվեն, և հասցվել են դրանք: 2012-ին հիվանդանոցը դեռևս չուներ համապատասխան լավ կահավորված, վերազինված մասնաշենք՝ նախկին շենքը քաղաքից մոտ 3 կմ հեռավորության վրա էր գտնվում: Նաև իմ և շատ-շատերի, բարի մարդկանց նախաձեռնությամբ այսօր հիվանդանոցը տեխնիկապես վերազինվել է, կադրերի բարձր մակարդակ է առկա, հիանալի կադրեր ունենք: Ոչ մի հասարակություն, նույնիսկ ընտանիք, կոլեկտիվ երաշխավորված չէ, որ կարող է լինի նման իրավիճակ (նկատի ունի հեպատիտ C-ով վարակը- հեղ): Նույնիսկ ամենալավ պայմանագիրը կնքելիս ֆորսմաժոր նախատեսում ենք:
Որպես համայնքի ղեկավար՝ առաջնահերթությունը սա է. կա պետության կողմից կազմված հանձնաժողով, Սյունիքի մարզպետի կողմից կա կազմված հանձնաժողով, որոնք տեղում եղել են, ուղեցույց են տվել, օժանադակել են մարդկանց: Ինձ համար առաջնահերթ է հետևյալը. մեր հիվանդների, վիրուսակիրների բուժման խնդիրը շուտափույթ, պատշաճ մակարդակով կարողանանք լուծել, այնուհետ ավանդույթ ունեցող այս գեղեցիկ կառույցի հեղինակության բարձրարացման խնդիրը պետք է արվի: Իհարկե, հիմա ունենք նոր գլխավոր բժիշկ, հանդիպում ենք, քննարկում ենք նրա հետ, բուժաշխատողները խորամուխ են այդ խնդիրների մեջ, և կարծում եմ՝ թերությունները կվերացնեն: Խնդիրներ կան, որոնք պիտի լուծենք:
-Ի՞նչ խնդիրներ են: Օրինակ, նշում են բուժանձնակազմի փնթի աշխատանքը:
-Ով ասում է փնթի են աշխատել, ուրեմն՝ փնթի բառի իմաստը չի հասկանում: Ո՞նց կարող է ճերմակ խալաթ հագնողը, բարձրագույն բժշկական կրթություն ստացածը փնթի լինի: Փնթիներն իրենք են գրում իրենց մասին: Չի կարելի վարկաբեկել մի կոլեկտիվ, որտեղ կան տասնամյակների փորձ ունեցնողներ:
-Լավ, պարոն Գևորգյան, Դուք հիմա ասում եք մաքուր են աշխատում, փորձառու մասնագետներ են, իսկ այդ դեպքում ո՞նց է վարակը տարածվել: Ունե՞ք տեսակետ:
-Եկեք առաջ չընկնենք, ես և Դուք իրավական պետության կողմնակից ենք, որ օրենքների դիկտատուրա գործի մեր երկրում: Մասնագիտական հանձնախումբ կա, երբ իրենք կհրապարակեն… Ճիշտ կլինի, որ իրենցից առաջ չընկնենք:
-Պարոն Գևորգյան, վարակի հայտնաբերումից հետո եղե՞լ եք հիվանդանոցում, փորձե՞լ եք հանդիպել նախկին տնօրեն Վարդան Ավագյանին:
-Այս պահին գտնվում եմ հիվանդանոցում գլխավոր բժշկի մոտ: Վարդան Ավագյանի հետ մտերիմ եմ եղել, մենք լավ ընկերներ ենք:
-Հիմա էլի՞ լավ ընկերներ եք:
-Այո, ինչի՞ մասին է խոսքը: Ես պատերազմի մասնակից եմ, պատերազմի դաշտում ընկեր չեմ կորցրել, առավել ևս խաղաղ պայմաններում ընկեր չեմ կորցնելու:
-Եվ ի՞նչ եք խոսել Վարդան Ավագյանի հետ:
-Ընդհանուր քննարկել ենք, թե որտեղից կարող է լինել վարակը:
-Ի՞նչ է մտածում նա վարակի տարածման մասին: Մոտ երեք ամիս է՝ Վարդան Ավագյանն անհասանելի է լրատվամիջոցների համար, նույնիսկ լուրեր էին տարածվել, թե նա փախել է երկրից:
-Չի փախել: Նա օգոստոսի վերջին-սեպտեմբերին դիմել է մարզպետին, համապատասխան վերապատրաստման կուրսեր է անցել Մոսկվայում: Նոր տարվա նախօրեին էր այստեղ, նույնիսկ հանդիպել ենք այդ ժամանակ քաղաքապետարանում: Այդ ժամանակ, ճիշտն ասած, արդեն խնդիրը կար, վարակի դեպքերը մեկը մյուսի հետևից հայտնաբերվում էին: Չեմ ասի, թե նա միանշանակ սթրես չի ապրում:
-Այսինքն՝ նախկին տնօրենը հիմա սթրե՞ս է ապրում:
-Ո՞նց կարող է սթրես չապրի: Կոտրվի այն բժշկի ձեռքը, որ ցանկանում է իր հիվանդը մահանա կամ…
-Իսկ ինչո՞ւ այդ դեպքում մեկնաբանությամբ հանդես չեկավ:
-Ինքս էլ եմ մտածում այդ մասին, իսկ միգուցե մարդու հոգեկան խառնվածքի կամ սթրեսային վիճակի մեջ կա այն, որ ինքը որոշ չափով մեղավոր է զգում իրեն, և ինքն էլ է սպասում մասնագիտական եզրակացության: Ավագյան Վարդանը 10-րդ տարին է՝ գլխավոր բժիշկ է Քաջարանում: Այդ 10 տարվա ընթացքում 2000-ից ավելի հիվանդներ բուժվել-դուրս են եկել, էլի իմ քաղաքացիներն են, մտահոգ եմ, հանդիպել եմ բոլորի հետ, զրուցել եմ… Այս 10 տարիներին այդ մարդը, փաստորեն, արարումի մեջ է եղել, ինչքան հիվանդներ են համբուրել նրա ձեռքը, ինչքան հիվանդներ են ասել նրան շնորհակալություն, լավ, հիմա բերենք մարդու արած լավը թողնենք մի կո՞ղմ: Այդ նույն դեպքը կարող է պատահել ինձ հետ էլ, քեզ հետ էլ:
-Հիմա Դուք փորձում եք արդարացնել նրան, պարոն Գևորգյան, մինչդեռ ոչ պաշտոնական թվերով 20-ից ավելի մարդ տուժել է դեռևս անհայտ պատճառներով:
-Չեմ արդարացնում, իրոք, բայց այսօր դաստաստան տեսնել… Քաջարանցիները պետության հենասյունն են, իրենց ստեղծագործական աշխատանքով, իրենց ամեն ինչով, պետականաշինությանն են նպաստում: Պատերազմի դաշտում մենք բազում հերոսներ ենք տվել, ու եթե այսօր որևէ մեկը փորձի նույնիսկ վատ բան ասել քաջարանցիներին, դա ինձ համար…
-Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Վարդան Ավագյանին:
-Վերջին անգամ հանդիպել եմ հունվարի 17-ին:
-Հիմա նա երկրո՞ւմ է:
-Ոչ, Մոսկվայում է, աշխատանքից ազատվել է:
-Իսկ ե՞րբ է մեկնել Մոսկվա:
-Ես նրան հանդիպել եմ հունվարի 17-ին, իսկ հունվարի 19-ին նա մեկնել է Մոսկվա: Դա միանշանակ:
-Իսկ ինչո՞ւ է գնացել, կրկին վերապաստրաստման նպատակո՞վ:
-Վերապատրասումն ավարտվել էր: Ճիշտն ասած, նա նպատակ ուներ Մոսկվայում շարունակելու: Արդեն իրեն համոզել էր, որ պիտի գնար, վարչական աշխատանքը չէր բավարարում նրան: Նա շատ լավ վիրաբույժ է եղել:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ազատման դիմում գրեց:
-Մոսվկայում անցել էր նեղ մասնագիտական վերապատրաստում՝ մակերիկամի հետ կապված էր վերապատրաստումը: Նա մի տղա ունի, ով Երևանում բժշկական կրթություն է ստանում:
-Այսինքն՝ Վարդան Ավագյանն աշխատելու է Մոսկվայում, այլ ոչ թե սովորելու: Ճի՞շտ եմ հասկացել:
-Այո… Ինքը միանշանակ մեղավոր է, որովհետև առաջին հերթին նա տան հայրն է (նկատի ունի կառույցի ղեկավար լինելը- հեղ.), երբ տանը խնդիր է լինում, առաջին հերթին հայրն է մեղավոր լինում:
-Ինչո՞ւմ է մեղավոր:
-Ամենամեծ մեղավորությունն այն է, որ դանակը չպետք է հասներ ոսկորին: Այսինքն՝ նույնիսկ հնարավոր էր ժամանակին կանխատեսել, կանխազգալ, այլ ոչ թե վարակակիրների թիվը հասներ 7-8-9-ի, հետո այդ խնդիրը բարձրանար: Կարծում եմ՝ իր մասնագիտական հմտությունները ներում էին, որ նա էլ ավելի շուտ կանխազգար դա, որովհետև, ի վերջո, վիրահատական գործողությունից հետո մարդկանց մոտ փոփոխություններ են լինում: Փորձառու բժիշկը նույնիսկ դեմքի գունափոխությունից կարող է իմանալ, որ իր հիվանդը լավ վիճակում չէ:
-Քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն ցուցաբերե՞լ է վարակիրներին, հիվանդներին:
-Լրատվամիջոցներով, կարծում եմ, լսել եք. մեր ձեռնարկության կողմից՝ կոմբինատից (իսկ քաղաքապետարանն ու կոմբինատը շատ առումներով համարում ենք, որ նույն օրգանիզմն են, և մեկը մյուսի վրա չի գցում պարտականությունը) հանդիպել ենք, մարդիկ պատրաստակամություն են հայտնել, որ եթե նույնիսկ անհրաժեշտություն առաջանա հետագայում խորը բուժման, կաջակցեն:
Չգիտեմ՝ մասնագիտական խումբն ինչ գնահատական կտա, բայց այս պահի դրությամբ, խոսակցություններն այն են, որ Քաջարանում քրոնիկ հիվանդներ չեն լինելու (խոսքը հեպատիտ C-ի քրոնիկ ընթացքի մասին է- հեղ.): Արդեն երրորդ հիվանդն է գալիս, ում օրգանիզմի բարձր դիմադրողականությունը նպաստել է, որ մեղմանա, այսինքն՝ վիրուսներն արդեն դուրս են գալիս մարդկանց օրգանիզմից:
-ԶՊՄԿ-ն մոտավորապես որքա՞ն գումար է հատկացրել:
-Չի հատկացրել, առաջ չընկնենք, իմանանք, թե ինչ հիվանդություններ են, հիվանդության ընթացքը ոնց է գնում, հիվանդության բարդության պարագայում ինչեր պետք է արվեն: Լավ, եթե մենք այսօր ներդնենք 1 դրամ, վաղը կարող է անհրաժեշտ լինի 10 դրամ: Դրա համար սպասում ենք:
Հիվանդանոցը բնականոն աշխատանքի մեջ է՝ բացի վիրահատարանից: Վիրահատարանը քրեական գործի և նաև նախարարության վարչական վարույթի հիման վրա կապարակնքված է, մինչև մասնագիտական եզրակացություն լինի, նախարարության աշխատակիցները եղել են տեղում, ուսումնասիրել են, մնում է մասնագիտական եզրակացությունը, որից հետո նորից կբացվի, լավագույն մասնագետներ կգան Քաջարան: Համոզված եմ, որ բոլորը գալու են իրենց բուժումները ստանան Քաջարանում: Չի կարելի ամեն ինչի մեջ վատը գտնել:
-Բնակիչների շրջանում խուճապ կա՞:
-Քաջարանում նույնիսկ երկրաշարժի, պատերազմի ժամանակ խուճապ չկար: Մենք սառնասիրտ մարդիկ ենք, սառը ջուրը խմում ենք, սառը դատողություն ունենք և խուճապի երբեք չենք ենթարկվում: Այդ հիվանդության բռնկում չկա այստեղ, իսկ խուճապը լինում է բռնկումների ժամանակ կամ անհուսալի իրավիճակի դեպքում: Մենք իրավիճակի տեր ենք, տիրապետում ենք: Առաջին հիվանդացողներից մեկն իմ դասարանցին է, այսօր իր հետ այնպես եմ խոսել, որ երևի հեպատիտ C-ի վիրուսների մի մասն էլ կորան:
Լուս.՝ aravot.am-ի
Շարունակելի
Մեկնաբանել