HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Գյումրիում երեխայի նշագեղձերի վիրահատությունն ավարտվել է գլխուղեղի լուրջ խնդիրներով. ո՞վ է մեղավորը

Շիրակի մարզի Բայանդուր գյուղում մեծից փոքր բոլորը պատմում էին Հասմիկի դեպքի մասին` նշելով, որ բժիշկների սխալի պատճառով 6-ամյա փոքրիկը ծանր առողջական խնդիրներ է ձեռք բերել:

Հասմիկին հանդիպեցինք իրենց տան շքամուտքում. հետեւում էր, թե ինչպես են իր տարիքակից երեխաները դրսում վազվզում: Դեռ երեք ամիս առաջ ինքն այդ խաղերի ակտիվ մասնակիցն էր: Հիմա նրան արգելել են տնից դուրս գալ, քանի որ թույլ է ու հյուծված: Արդեն հինգ ամիս է, ինչ Հասմիկի անկողինը չեն հավաքում, քանի որ երբեմն թուլանում է ու ստիպված է լինում պառկել:

Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Հասմիկին տարել են Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»` նշագեղձերը հեռացնելու: Նրան մտցրել են վիրահատարան առավոտյան 10:15-ին. մի քանի ժամ շարունակ երեխային դուրս չեն բերել: Բժիշկները որեւէ բան չեն ասել հարազատներին նրա վիճակի մասին: Ժամը 14:00-ին վիրահատող բժիշկ Երանուհի Վարագյանը դուրս է եկել, հարազատներին ցույց տվել երեխայի նշագեղձերից մեկն ու ասել, թե պետք է խոսեն:

«Ասաց՝ մի վախեցեք, հաճախակի է երեխաների մոտ պատահում, որ կոկորդի հատվածը փխրուն է լինում ու ծակվում է, նարկոզը գնում է դեպի դեմքն ու այտուցում այն: Ասաց մի ժամից ամեն ինչ կկարգավորվի, իրենց հսկողության տակ է երեխան»,- պատմում է Հասմիկի տատը` Հասմիկ Մարտիրոսյանը:

Այդ ընթացքում Հասմիկի հարազատները նկատել են, թե ինչպես են բժիշկները խառնված այս ու այն կողմ վազում, տարբեր սարքեր մտցնում դեպի վիրահատարան: Նրանք անհանգստացել են, պահանջել տեսնել երեխային: Հարազատների բարձրացրած աղմուկից հետո են միայն նրանց տեղեկացրել, որ վիրահատության արդյունքում երեխան հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, Երեւանից բժիշկների են կանչել օգնության:

«Մտա, տեսա երեխայիս գլուխը երեք անգամ ուռել-մեծացել է, խռխռացնում ու թպրտում է: Մոտեցա, վրայի շորը բարձրացրի, տեսա վզից ներքեւ ամբողջը կապտուկներ են, ծակած տեղեր: Պարզվեց` նարկոզը չափից շատ են տվել, փորից վերեւ երեխան ուռել ու այտուցվել է: Որպեսզի կարողանան այտուցվածությունն իջեցնեն, ասեղներով ծակել են երեխային»,- պատմում է Հասմիկի մայրը` Լիաննա Ռաֆայելյանը:

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» Հասմիկի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր եւ ուղեգրել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` հետեւյալ ախտորոշմամբ. «Տոնզիլ-էկտոմիայից (նշագեղձերի հեռացում) հետո գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ ախտահարում` ցնցումային համախտանիշով»:

Բժիշկները հարազատներին հայտնել են, որ երեխայի վիճակը բարդացել է` վիրահատության ընթացքում ստացած նարկոզի բարձր չափաքանակից, ինչը պատճառ է հանդիսացել, որ ուղեղի բջիջները սկսեն մահանալ:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում փոքրիկն ընկել է կոմայի մեջ եւ 6 օր չի արթնացել: Վերակենդանացման բաժանմունքից դուրս եկող բժիշկները մի շաբաթ շարունակ դռան մոտ սպասող Հասմիկի հարազատներին տվել են մի պատասխան. «Աղոթեք, գցեք Աստծուն»:

7-րդ օրը երեխան բացել է աչքերը, սակայն ամբողջ ձախ կողմը չի կարողացել շարժել: Անոթների այտուցվածության հետեւանքով ուղեղի մազանոթները պայթելեն, եւ արյան օջախ է բացվել, որը մինչ այսօր դեռ չի չորացել: Երբ Հասմիկի ընտանիքի անդամները վիրահատող բժիշկ Երանուհի Վարագյանից փորձել են պարզել, թե որն է պատճառը, որ նշագեղձերի հեռացումը նման հետեւանքներ է ունեցել, բժիշկը պատասխանել է, որ ինքը որեւէ կապ չունի, անեսթիեզոլոգի մեղքով է եղել:

Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» քիթ-կոկորդ-ականջաբան Երանուհի Վարագյանը «Հետքի» հետ զրույցում կրկնեց այն, ինչ ասել էր երեխայի հարազատներին. «Երեւանից եկած հանձնաժողովն էլ հաստատել է, որ իմ վիրահատության` նշիկների վիրահատության, հետ կապված բացարձակ որեւէ խնդիր չի եղել, ոչ արյունահոսել է, ոչ էլ խնդիր է եղել: Դուք այդ ձեր հարցի պարզաբանումը երեխայի նարկոզի բժշկից պիտի իմանաք, որովհետեւ նարկոզի ժամանակ ապարատն է դադար տվել, ապարատը փչացել է, վնասել է: Դա քիթ-կոկորդի բժշկի ֆունկցիան չէ: Ես խիստ զարմացա, որ դուք ինձ զանգել եք, քանի որ իմ վիրահատության արդյունքում մի կաթիլ արյուն չի եղել: Այդտեղ միակ խնդիրը նարկոզի ապարատի անսարքությունն է եղել»,- ասաց վիրահատող բժիշկ Երանուհի Վարագյանը:

«Հետքը» կապվեց նաեւ վիրահատության ընթացքում Հասմիկին նարկոզ տված բժշկի` անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Աշիկ Դալիբալդյանի հետ: Նա սկզբում ասաց, որ մեր հարցին կպատասխանի մի քանի ժամից, քանի որ հարսանիքի է, այնուհետեւ չպատասխանեց զանգերին: Հաջորդ օրը բժիշկ Դալիբալդյանը պատասխանեց. «Հեռախոսով ես ոչ մի մեկնաբանություն չեմ տա, պետք է գաք հիվանդանոց: Էդ ոնց է պատահել, որ մենք երեխային վիրահատությունից 3 ամիս հետո առողջ-առողջ տարել, իրենց տունն ենք դրել, հանկարծ ինչ-որ բան է պատահում որեւէ մեկի հետ… Տնօրենի հետ էլ խոսել եմ, բոլոր բժիշկները, որ մասնակցել են այդ վիրահատությանը, ասում են եկեք այստեղ` ավստրիական հիվանդանոց, մենք այդ խոսակցությունը վարենք, տեսնենք ինչ է եւ որտեղից է»,- ասաց անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանը:

Քմային նշիկների հեռացումը տեւում է 10-20 րոպե: Վեցամյա Հասմիկ Մարտիրոսյանը Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» է մտել 2014թ.-ի նոյեմբերի 28-ին եւ դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից 2014թ.-ի դեկտեմբերի 25-ին` գլխուղեղի իշեմիկ ախտահարմամբ: Այս պահին Հասմիկը հակացնցումային դեղեր եւ այլ բուժումներ է ստանում: Նրա մոտ նկատվում է տարօրինակ վարվելակերպ, հիշողության խնդիրներ: Ձախակողմյան թուլության հետեւանքով ծռվել է Հասմիկի ոտքը. հատուկ կոշիկներով փորձում են ուղղել այն: Անեսթեզիոլոգ Աշիկ Դալիբալդյանը դեռ զարմանում է, թե ինչու է Հասմիկի ընտանիքը բողոքում, չէ՞ որ իրենք երեխային «երեք ամիս հետո առողջ-առողջ տարել, իրենց տունն են դրել»: 

Հասմիկի մայրը` Լիաննա Ռաֆայելյանը շեշտում է, որ բժիշկ Դալիբալդյանն իրենց կանչել եւ ասել է, որ դեղերի հետ կապված ամբողջ ծախսը կվերցնի իր վրա, բայց ամեն անգամ դեղը վերցնելիս` կոպիտ վերաբերմունքի է արժանացել. «Բժշկի կինն ասում է` մենք պարտավոր չենք մինչեւ կյանքի վերջ քո երեխուն տիրություն անենք: Ինձ պետք չէ, որ ամբողջ կյանքում տիրություն անեն, ինձ պետք է, որ նորմալ` ուղեղը տեղը, հիշողությունը տեղը, իր վարքագիծը տեղը ինձ վերադարձնեն երեխայիս` առաջվա Հասմիկին, որ տվեցի իրենց: Ո՞վ պիտի պատասխան տա իմ երեխայի վիճակի համար»,- ասում է մայրը` Լիաննա Ռաֆայելյանը:  

Լուս՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (2)

Անի
Անասուն են սրանք լրիիիիվ: Ասենք ո՞նց կարելի ա էլի: Էրեխու հետ գործ ունեք: Աստված ձեր վերաբերմունքը ձեր դեմ ա բերելու ու սկսելու եք մտածել որ մի արած սխալի դիմաց: Տխ Աստված փոքրիկը ոտքի կանգնի իսկ մեղավորներն ուղղակի մաքուր խղճով ապրելու իրավունք չունեն:
Hagop
I feel so sad reading this, it's heartbreaking. Does such a hospital have insurance? The family should consider suing the owners of the hospital. I hope you recover fully Hasmik, beautiful little angel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter