
Ալավերդին նոր աղբավայր ունի, բայց աղբը դարձյալ թափում են Դեբեդ գետի ափերին
Երբ դուրս եկա Ալավերդու նորակառույց աղբավայրից, մուտքի մոտ կանգնած տաքսու վարորդի հետ զրուցող տարեց տղամարդն ասաց, որ ուզում է հետս զրուցել: Մադան գյուղի բնակիչ Էդիկ Գրիգորյանն է: Նա Ալավերդուց Մադան գյուղ ճանապարհի ձախ լանջին ամեն օր իր այծերն է արածեցնում: Ճանապարհի այդ հատվածում է գտնվում Ալավերդու նորակառույց աղբավայրը:
«Միշտ նկատում եմ` գալիս են, այ, տեսեք էլի, այսօր մեկ հոգի է, բայց մնացած օրերին 4-5 հոգի գալիս են ու աղբը վառում են: Մետաղալար, պլյումին, պղինձ, ալյումինի ու պղնձի ամաններ են որոնում: Ախր վառվող աղբի ծուխը մենակ իրենց առողջությանը չի վնասում, ծուխը հասնում է Մադան, մեզ էլ է նեղացնում: Ու չենք հասկանում, թե էս գործի վերջը ոնց է լինելու»,- ասում է Էդիկ Գրիգորյանը:
Նա մատնացույց արեց ձեռքերով աղբը քանդող մի տղամարդու: Նրան աղբավայրում շրջելիս չէի նկատել: Վառվող աղբի թանձր ծխից շնչահեղձ եմ լինում: Վերևից սկսեցի լուսանկարել աղբի մեջ աշխատողին, հետո հարցրի անունն ու խնդրեցի բարձրանալ վերև` զրուցելու: «Զրուցելուց չեմ հրաժարվում, մենակ մի նկարեք»,- ներքևից ասաց նա, սակայն շարունակեց իր գործը: Աղբածածկ զառիթափը մի կերպ հաղթահարելով և չնկարելու խոստում տալով`իջա նրա մոտ:
«Արմեն է անունս, ազգանունս Ղազարյան է, 33 տարեկան եմ: Ալավերդու Սարահարթ թաղամասից եմ, թուրքմենների թաղում եմ ապրում: Աշխատանք չունեմ: Վերջին երեք ամիսներին այստեղ եմ գալիս մետաղ որոնելու: Տանում եմ, հանձնում: Որ կեղտ է, բա ի՞նչ անեմ, որ աշխատանք չկա, մի բանով պետք է զբաղվենք, որ կարողանանք ապրել»,- ասում է Արմենը:
Արմենը պատմեց, որ հոր ու եղբոր ընտանիքի հետ է ապրում: Նրա ասելով` օրը 5 հազար դրամի մետաղ է հավաքում աղբավայրից:
«Աղբը ես չեմ վառել: Էլի մարդիկ կան, գալիս են: Մի 6-7 հոգի են: Ամեն օր գալիս ենք, տարբեր մետաղներ ենք հավաքում, 1կգ ալյումինի համար 150 դրամ են վճարում»,-ասում է Արմենը:
Արմենին փորձում եմ բացատրել ծխի մեջ աշխատելու վտանգավորությունը:
«Գիտեմ, բայց որ աշխատանք չկա, ստիպված էդ գործն ենք անում, որ գոյատևենք: Իհարկե, կարգին աշխատանք կուզեի, շինարար եմ, ես միշտ Ռուսաստան եմ գնում, այս անգամ չկարողացա գնալ Ռուսաստան, մնացի այստեղ: Այստեղ էլ աշխատանք չկա: Մյուսներն էլ աղբավայր են գալիս, որովհետև նրանք էլ ինձ նման գոյատևման խնդիրներ ունեն»,-ասում է Արմենը:
Վերադառնալով Ալավերդու նորակառույց աղբավայրին` նշենք, որ այն շահագործվել է 2012թ. սեպտեմբերի 28-ին: Նոր աղբավայր կառուցելու գաղափարը պատկանում է Լոռու մարզպետ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին: «Աղբը Դեբեդ գետը չթափելու միակ լուծումը նոր աղբավայր կառուցելն է»,- տարիներ առաջ ասում էր նա և հավաստիացնում, որ աղբավայրը անպայման համապատասխանելու է եվրոպական չափանիշներին:
Արդեն երկու տարի է անցել աղբավայրի շահագործումից, սակայն Ալավերդու Էնգելս, Կախոյան և Սանահին կայարանային թաղամասի բնակիչներն իրենց կենցաղային աղբը շարունակում են թափել Դեբեդ գետի ափերին:
Նախագծով նախատեսվել է աղբավայրում կառուցել ախտահանման հոր աղբավայրից դուրս եկող աղբի ավտոմեքենաների անիվների լվացման համար, սակայն այդպես էլ չի կառուցվել: Աղբավայրի կառուցման ընթացքում գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը պարբերաբար հավաստիացնում էր լրագրողներիս, թե հետագայում աղբի վերամշակման արտադրամաս պետք է կառուցվի հենց աղբավայրին հարող տարածքում, և այդ դեպքում աղբը ոչ թե միանգամից լցվելու է կուտակիչի տարածք, ինչպես ներկայումս, այլ աղբավայրին կից փոքր միջանկյալ տարածքում տեսակավորվելու է:
Պետբյուջեից տրամադրված 151,4 մլն դրամը ծախսելուց հետո Ալավերդին ունեցավ նոր աղբավայր, սակայն այն դարձավ վտանգավոր նյութերի արտանետումներով, մշտապես այրվող և բնապահպանական լուրջ վտանգներով լի մի տարածք:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել