
Աժ նախագահի ընտանիքի բիզնեսը
Դեռևս 2007թ. ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների ներկայությամբ բարձրաձայնել է իր երազանքի` բիզնես ունենալու մասին: Անցյալ տարի ԱԺ նախագահը «թարմացրել» է երազանքը՝ ասելով, որ երազում է շքեղ ավտոմեքենա ու առանձնատուն ունենալ: Գալուստ Սահակյանը միշտ հայտարարել է, որ բիզնեսով չի զբաղվում և իրեն նվիրել է բացառապես քաղաքականությանը, սակայն «թաքցրել» է, որ բիզնեսով զբաղվում են կինն ու պաշտոնյա որդիները: Միամտություն է կարծել, թե Գալուստ Սահակյանն ապրում է «չոր աշխատավարձով» և իր ընտանիքի անդամները առանց անձնական կապերն օգտագործելու, իրենց աշխատասիրությամբ դարձել են ընկերությունների սեփականատերեր:
ԱԺ նախագահը 2011թ.-ից սկսած իր գույքի ու եկամուտների հայտարարագրերում որպես եկամուտ լրացրել է միայն աշխատավարձ և կենսաթոշակ` մոտ 3.6 մլն դրամ: Նա ո́չ դրամական միջոց է հայտարարագրում, ո́չ էլ` այլ եկամուտներ:
Գալուստ Սահակյանի կինը` Ժաննա Աղաբաբյանը, ով ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է, բացի իր դրամական միջոցներից` հայտարարագրել է նաև շահաբաժնից ստացած եկամուտ: Նա իր եկամտի առյուծի բաժինը ստանում է շահաբաժնից, իսկ մնացած մասը` աշխատավարձից ու կենսաթոշակից:
Ժաննա Աղաբաբյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
||||
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
|
Դրամական միջոց
|
դրամ |
29.530.000 |
60.785.765 |
75.785.765 |
դոլար |
0 |
0 |
0 |
|
Եկամուտ |
31.961.036 |
31.255.765 |
30.488.000 |
|
Այդ թվում` շահաբաժին |
30.660.000 |
29.606.400 |
28.500.000 |
«Հետքը» ԱԺ hասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի միջոցով փորձեց Գալուստ Սահակյանից պարզել, թե որ ընկերությունից է Ժաննա Աղաբաբյանը ստանում շահաբաժին: «Այդ տեղեկատվության տնօրինողը Ազգային ժողովը չէ»,- եղավ պատասխանը:
Գալուստ Սահակյանն, անշուշտ, տեղյակ է, թե իր կինը որտեղից է եկամուտ ստանում, այլ հարց է, որ ընկերության կամ ընկերությունների անունները հրապարակելը չի բխում ԱԺ նախագահի ու նրա ընտանիքի շահերից:
Ժաննա Աղաբաբյանի և առողջապահության փոխնախարարի ընտանիքի բիզնեսը
«Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002թ. հունիսին: Ընկերության բաժնեմասը 50/50 բաշխվել է Ժաննա Աղաբաբյանի ու Լիլիթ Գասպարյանի միջեւ: Վերջինս Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրենն է` առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինը: Ընկերությունը ղեկավարում է փոխնախարարի որդին` Էդգար Պողոսյանը:
«Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Էջմիածին քաղաքն է: Ընկերության գործունեության հիմնական տեսակներն են` պատրաստի դեղորայքի գնումն ու վաճառքը, առողջապահական ծրագրերի իրականացումը, հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպումը, բժշկական և իրավաբանական գործունեությունը և այլն:
Նշենք, որ Գալուստ Սահակյանի կինը այս ընկերության բաժնետեր է դարձել ավելի ուշ`2005-ին: Մինչ այդ Լիլիթ Գասպարյանի հետ միասին ընկերության բաժնետերեր են եղել վերջինիս ազգական Մարուշ Մելքոնյանը և փոխնախարար Պողոսյանի մորաքրոջ որդին` Վահրամ Հարությունյանը:
Մինչև փոխնախարարի որդու` տնօրեն նշանակվելը Վահրամ Հարությունյանը եղել է նաև «Առողջ Ապագա Բժշկական Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենը:
«Մեդիպրիզ» ՍՊԸ-ն ևս 2006թ. մարտին է հիմնադրվել: Այստեղ բաժնետերերը երկուսն են` Ժաննա Հարությունյանը և Վահրամ Հարությունյանը` 50-ական տոկոս բաժնեմասերով: Ուշագրավն այն է, որ Ժաննա Հարությունյանը նույն ինքը Ժաննա Աղաբաբյանն է, սակայն, չգիտես ինչու, բաժնետերերի ցուցակում նրա ազգանունը Հարությունյան է գրվել: Հենց նա է «Մեդիպրիզ» ընկերության տնօրենը:
Թեև «Մեդիպրիզ» ՍՊԸ-ն գործող է, սակայն նրա գործունեության մասին որևէ տեղեկատվություն չկա: Իսկ իրավաբանական հասցեն դարձյալ Էջմիածին քաղաքում է: Էջմիածինն էլ պատահական չէ ընտրված. առողջապահության փոխնախարար Պողոսյանի կինը էջմիածինցի է:
Ժաննա Աղաբաբյանն ու որդիները
Գալուստ Սահակյանի կնոջ և որդիների բիզնես գործունեության մեծ մասի վերաբերյալ տեղեկություններ չկան: Ընկերությունները գործող են, սակայն նրանց անունը որևէ կերպ չի շրջանառվում:
«Ժ.Տ.Ա.Ս.» ՍՊԸ-ի բաժնետերերը մայր ու որդի են` Ժաննա Աղաբաբյանը և նրա առողջապահության փոխնախարար որդին` Տիգրան Սահակյանը: Ընկերության բաժնեմասերի 66%-ը Տիգրան Սահակյանինն է, իսկ 34%-ը` Ժաննա Աղաբաբյանինը: Այս ընկերության գործունեության մասին հանրությանը հասանելի տեղեկատվական բազաներում ևս տեղեկություններ չկան: Միայն հայտնի է, որ այն գործող ընկերություն է և հիմնադրվել է 2000թ.:
Նշենք, որ Տիգրան Սահակյանը իր գույքի ու եկամուտների հայտարարագրում, բացի աշխատավարձից, հայտարարագրել է նաև զգալի դրամական միջոցներ, ինչպես նաև` եկամուտ, որը ստացել է մի քանի միավոր գույքի վարձակալության վարձավճարներից:
Տիգրան Սահակյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
||||
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
|
Դրամական միջոց
|
դրամ |
43.740.000 |
84.445.517 |
85.831.617 |
դոլար |
0 |
0 |
0 |
|
Եկամուտ |
29.728.202 |
51.033.548 |
7.386.100 |
|
Այդ թվում` վարձակալության դիմաց ստացած վճար |
26.917.710 |
48.600.000 |
4.929.750 |
«Հայր և որդի Սահակյաններ» ՓԲԸ-ն ևս Սահակյանների ընտանիքին է պատկանում: Այս ընկերությունը հիմնադրվել է 2009թ., և չորս ամիս այն ղեկավարել է Ժաննա Աղաբաբյանը: Դրանից հետո ընկերության ղեկավարը եղել է Նորայր Ապերյանը: Վերջինս ղեկավարում է նաև Սահակյաններին պատկանող «Ժ.Տ.Ա.Ս.» ՍՊԸ-ն:
«ՆԱՐԵԿ-84» ՍՊԸ-ն զբաղվում է պարենային և կենցաղային ապրանքների, տեքստիլ, կոշիկի, հագուստի, շինանյութերի, կոսմետիկ ապրանքների առևտրով: Ընկերության բաժնեմասի 50%-ը պատկանում է Գալուստ Սահակյանի փոխնախարար որդուն` Տիգրան Սահակյանին:
Ընկերությունը հիմնադրվել է 1996թ. և այս պահին ժամանակավորապես չի գործում:
Սահակյանների ու նրանց մերձավորների երթուղային գծերը
Սահակյանները ոչ միայն առևտրով են զբաղվում, այլև «իրենց ուժերը փորձում են» քաղաքային երթուղիների սպասարկման ոլորտում:
Երևանի թիվ 57 ավտոբուսային երթուղին սպասարկում է «Արդինի Ստուդիա» ՓԲԸ-ն: Ընկերությունը պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին, ով պետական գույքի կառավարման վարչության պետն է: Նշենք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2001-ին:
Արման Սահակյանին է պատկանում 2010թ. հիմնադրված «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը: Բաժնեմասի մյուս կեսը պատկանում է երևանաբնակ Արսեն Ղազարյանին: Այս ընկերությունն էլ շահագործում է թիվ 64 միկրոավտոբուսային երթուղին:
Իր գույքի ու եկամուտների հայտարարագրերում Արման Սահակյանը միայն 2013թ. է նշել, որ ընկերություններից շահաբաժին է ստանում, մնացած դեպքերում ստացած եկամուտը նշված է որպես վարձակալությունից ստացած վճար:
Արման Սահակյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրն ըստ տարիների |
||||
|
2011թ. |
2012թ. |
2013թ. |
|
Դրամական միջոց
|
դրամ |
95.000.000 |
101.500.000 |
144.000.000 |
դոլար |
0 |
0 |
0 |
|
Եկամուտ |
24.394.409 |
25.926.253 |
23.098.775 |
|
Այդ թվում` վարձակալության դիմաց ստացած վճար |
22.200.000 |
16.650.000 |
20.682.268 շահաբաժին |
Երևանում երթուղային գիծ ունի նաև Արման Սահակյանի աներորդին: «ԺԱԿ-ԺԱՆ» ՍՊԸ-ն շահագործում է Երևանի թիվ 37 միկրոավտոբուսային երթուղին: Այս ընկերության միակ սեփականատերը Արման Սահակյանի կնոջ եղբայրն է` Ռաֆայել Հակոբյանը:
Նշենք, որ Արման Սահակյանին է պատկանել «Ռիչ Ֆրենդս» ՍՊԸ-ի բաժնեմասի 45%-ը: Ա. Սահակյանը 2010թ. հիմնադրված ընկերության սեփականատեր դարձել է 2011թ.: Նա դուրս է եկել ընկերությունից և 2013թ. «Ռիչ Ֆրենդս» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատեր է դարձել Տիգրան Բաղդասարյանը: ՍՊԸ-ն զբաղվում է ծխախոտի մասնագիտական վաճառքով:
«Ռիչ Ֆրենդս» ընկերության 2011-2012թթ. տնօրենը՝ Լևոն Հարությունյանը, այժմ Արման Սահակյանի օգնականն է:
Մնում է Գալուստ Սահակյանից հետաքրքրվել` դեռ երազու՞մ է թանկարժեք ավտոմեքենայի, առանձնատան ու բիզնեսի մասին, թե՞ նրա երազանքն արդեն իրականություն է դարձել:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել