HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴ նախագահին մտահոգում են իրավունքի գերակայության սկզբունքն ու պետական մարմինների հայեցողության սահմանները

Զարուհի Մեջլումյան, Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» զրույցը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի, դրա կիրառման խոչընդոտների մասին է:  

- Պարոն Հարությունյան, ըստ Ձեզ` Հայաստանում գործո՞ւմ է Սահմանադրության հոդված 14.1.-ով սահմանված դրույթը, այն է՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

- Գործում է այնքանով որքանով, քանի որ ցանկացած նորմի հստակ գործողություն պետք է ունենա իր երաշխավորման մեխանիզմները: Այդ նորմում թվարկված է խտրականության մի շարք՝ ըստ սեռի, ըստ սոցիալական վիճակի և այլն: Թարմ օրինակ բերեմ` մենք գործ էինք քննում, որով մի օրենքի նորմ ճանաչեցինք հակասահմանադրական` հիշատակելով նաև Սահմանադրության 14.1 հոդվածը: Լուծումը թվում է, թե խելամիտ էր. որպեսզի Վճռաբեկ դատարանը քիչ ծանրաբեռնվի, սահմանվել էր, որ Վարչական դատարանի գործերով վճռաբեկ բողոք պիտի ներկայացնի միայն փասաբանը: Բայց չէ՞ որ կան մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն փաստաբան վարձելու: Իսկ պետությունը չի կարող միայն սահմանադրորեն իրավունք ամրագրել ու կանգնել կողքի: Պետությունը պարտավոր է երկու խնդիր լուծել՝ երաշխավորել ու ապահովել այդ իրավունքը, խախտման դեպքում պաշտպանել այդ իրավունքը: Երբ օրենսդիրը սահմանել էր այդ դրույթը, հաշվի չէր առել ՍԴ նախկին որոշումները, որ պարտավոր էր հաշվի առնել: «Իրավական ակտերի մասին» օրենքը հստակ նորմ է սահմանում` ԱԺ-ն չի կարող ընդունել օրենք, որը հակասում է ՍԴ որոշումներին: Տվյալ ինստիտուտի նկատմամբ մենք արդեն ունեինք որոշումներ, որ այդ նորմը հակասում է Սահմանադրությանը: Դրանք մի կողմ դրած` մտցրել էին այդ իրավակարգավորումը՝ մոռանալով, որ քաղաքացիները զրկվում են արդար դատաքննության, դատարանի մատչելիության իրավունքներից: Սա խախտման ամենաթարմ դեպքերից մեկն է: Անխտրականության սկզբունքի լիարժեք իրացման իրավակարգավորումները թերի են, հայեցողության սահմանները մեծ են, խախտված իրավունքի վերականգնման հնարավորությունները սահմանափակ են: Պետությունը, չունենալով արդյունավետ պաշտպանության միջոցներ, փորձում է վերպետական ինստիտուտներ վկայակոչել: Քաղաքացին պիտի երկու տարի սպասի` կընդունե՞ն իր գանգատը, թե՞ ոչ ՄԻԵԴ-ում: Միջազգային պրակտիկայում կան հստակ մեխանիզմներ: Եթե անխտրականությունը դիտում ենք հիմնարար սկզբունք, ուրեմն դրա պաշտպանության համարժեք մեխանիզմը պիտի ունենանք: Հեծանիվ չհայտնագործենք. այդ մեխանիզմներից առկա են տարբեր երկրներում: Եթե սպառվում են դատական ատյանները, քաղաքացին կարող է դիմել ՍԴ, բարձրացնել մեկնաբանության սահմանադրականության, ոչ միայն օրենքի, այլ ցանկացած նորմի սահմանադրականության հարցեր, իր իրավունքի պաշտպանության խնդիրը, որոնք մեզ մոտ բացակայում են:

- Իսկ արդյո՞ք միայն օրենսդրական բազան բավարար է, որ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը գործի:

- Երբեք այդպես դատել չի կարելի, որովհետև իրավունքում և իրավահարաբերություններում կախարդական փայտիկներով խնդիրները չեն լուծվում, այլ համակարգային մոտեցմամբ: Իսկ այդ մոտեցման բաղադրատարրերից են իրավական անհրաժեշտ և բավարար կարգավորումները: Դրանք պիտի լինեն, առաջին հերթին, սահմանադրական, հետո` օրենսդրական  մակարդակում: Երկրորդը տարբեր ինստիտուտների ներդաշնակումն է, որ հնարավոր լինի այդ իրավակարգավորումներն իրացնել: Նույնիսկ սահմանադրական մակարդակում շփոթ կա լիազորություն և գործառույթ հասկացությունների միջև: Ո՞րն է ֆունկցիան՝ գործառույթը, այդ գործառույթը ի՞նչ ինստիտուտների միջոցով պիտի իրացնել, դրանք ունե՞ն, արդյոք, անհրաժեշտ լիազորություններ գործառույթը իրականացնելու համար, և այդ ինստիտուտների գործառույթները այլ ինստիտուտների հակակշռող և զսպող մեխանիզմների միջոցով երաշխավորվա՞ծ են, թե՞ ոչ: Երրորդ փուլը դրանք իրացնողների իրավագիտակցության և նրանց պարտականության ապահովումն է: Սրա նկատմամբ պիտի լինի համապատասխան մոնիթորինգ: Եվ ներքևում` ընդհանուր իրավագիտակցությունը: Այս ամենը պիտի ներդաշնակ լինեն: Բայց ինչպե՞ս ներդաշնակեցնել: Պարզ օրինակ` մարդը վատ է զգում, եթե չփորձի գնահատել, կանխել խախտված հավասարակշռությունը օրգանիզմում, ապա հետագայում այն կարող է բերել արդեն ֆունկցիոնալ հավասարակշռության խախտման, որից հետո կարող է հասնել մի վիճակի, երբ հնարավոր չլինի վերականգնել օրգանիզմը: Հասարակությունն էլ դինամիկ, ներդաշնակ օրգանիզմ է, և եթե մի տեղ խախտվում է հավասարակշռությունը, հասարակությունը պիտի ունենա իր իմունային համակարգը:

- Իսկ ի՞նչ է պատահել հասարակության ինքնապահպանման բնազդի հետ:

- Խնդիրը չի կարելի ընկալել զուտ բնազդով: Երբ աշխատում էի իմ դոկտորական թեզի վրա, այդ ժամանակ ինձ այդ հարցը չափազանց հետաքրքրեց, որ ցանկացած օրգանիզմ ունի իր ինքնապաշտպանական համակարգը: Դա գործում է գիտակցական, ենթագիտակցական, ավտոմատ: Եվ արդյո՞ք հասարակությունը չպիտի ունենա իր ինքնապաշտպանական նման համակարգը: Գրեթե բոլոր աշխատանքներս դադարեցրեցի ու հրավիրեցի բժիշկների, միկրոկենսաբանների, որոնք զբաղվում էին իմունային համակարգով: 6 ամիս գիշեր-ցերեկ զբաղվել եմ դրա ուսումնասիրությամբ: Այո, հասարակությունը պիտի ունենա իմունային համակարգ, որի խնդիրը հետևյալն է՝ բացահայտել ֆունկցիոնալ խախտումը, գնահատել բնույթը և քայլեր ձեռնարկել դրա վերականգնման համար: Ենթադրենք՝ մարդու մատը փուշ է մտել: Նյարդային համակարգը իմունային համակարգին ահազանգում է: Տեղի իմունային բջիջները պետք է բացահայտեն, թե ինչ է տեղի ունեցել, գնահատեն փոփոխության աստիճանը և ուղարկեն իմունային քիլերներին սրա դեմ պայքարելու: Երբ սկսում է տաքությունը բարձրանալ, այնտեղ պատերազմ է իմունային բջիջների և վիրուսի կամ այլակերպված բջիջների միջև: Բժշկի եթե դիմեք, նա երկու ֆունկցիա է կատարում՝ կամ խթանում է իմունային բջիջները կամ հակաբիոտիկներով թուլացնում վիրուսը: Եթե տեսնում է, որ ճար չկա, ասում է՝ պիտի կտրեմ-գցեմ: Հասարակությունն էլ չի կարող այլ կերպ լինել:

- Իսկ բժիշկ- դատարանները հիմա ի՞նչ են անում:

- Այսօր այդ ֆունկցիան ոչ ոք չունի…

 - Դատարաննե՞րը…

 - Ունեն մասնակի: Այս խնդիրը եվրոպական մակարդակում գերսրվեց առաջին համաշխարհային պատերազմի շրջանում ու դրանից հետո: Տեսան, որ սոցիալական կատակլիզմներ են առաջանում, և մարդիկ սկսում են դրա հետևանքների հաղթահարմամբ զբաղվել: Արդյո՞ք հնարավոր չեն մեխանիզմներ, որ դրանք կանխարգելվեն: Եթե կուտակվեց բացասական հանրային էներգիա, հավաքվում է կրիտիկական զանգված, և պայթյունը անխուսափելի է դառնում: Այդ զանգվածը հավաքվում է սահմանադրական արժեբանության, հավասարակշռության խախտումից: Եթե հասարակությունը չունի այդ հավասարակշռության խախտումը բացահայտող, գնահատող ու վերականգնող համակարգ, սոցիալական կատակլիզմները անխուսափելի են: Եվ առաջին անգամ Հանս Քելզենը առաջ քաշեց գաղափար, թե ինչու պետությունը սպասի և միայն հետևանքները վերացնի, արդյո՞ք չենք կարող անել մի բան, որ հակասահմանադրական օրենքը, հակաօրինական գործողությունները չիրականանան մինչև փորձենք ինչ-որ բան կանխել: Առաջ քաշվեց ՍԴ ստեղծելու նպատակը: Առաջին ՍԴ-ն ստեղծվեց 1920թ. Ավստրիայում: Իսկ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո սնկի պես աճեց ՍԴ-ների թիվը: Այսօր 120-ից ավելի երկրներ ունեն այս ինստիտուտը: Նպատակը մեն է՝ ժամանակին գտնել, գնահատել, կանխել անհավասարակշռության հետևանքները: Եթե այդ ինստիտուտը զարգացման առաջին շրջանում մեծ դերակատարություն ունեցավ, ապա հիմա զարգացման տեմպն այնքան է մեծացել, որ դիսկրետ լուծումները գերխնդրի լուծում չեն ապահովում: Տեսեք՝ ովքեր են մեզ մոտ դիմում ՍԴ` Հանրապետության նախագահը, սակայն վերջին 7-8 տարում որևէ օրենքի սահմանադրականության հարցով մեզ չի դիմել: Ի՞նչ է, մեր բոլոր օրենքները գերսահմանադրակա՞ն են: Միայն 6 տարում օրենքների 142 դրույթ ենք հակասահմանադրական ճանաչել, որն ավելի շատ է, քան Վրաստան, Ադրբեջան, Բալթյան բոլոր երկրները միասին: Դա վկայում է նաև մեր օրենքների որակի մասին: Կառավարությունը մեզ կարող է դիմել, բայց ընդհանրապես որևէ դիմում չենք ստացել: Դատարաններից ստանում ենք տարեկան 1-2 դիմում: Գլխավոր դատախազից վերջին 4-5 տարիներին որևէ դիմում չենք ստացել: ՏԻՄ-երը 2006-ից իրավունք ունեն դիմելու ՍԴ, սակայն որևէ դիմում չենք ստացել: Ստացվում է` մի քիչ ակտիվ են Օմբուդսմենը և քաղաքացիները: Եվ նրանք դիմում են այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Ի՞նչ անել, որպեսզի ոչ թե խնդիրների հետևից վազել, այլ սահմանադրական այնպիսի վերահսկում լինի, որ կարողանանք կանխել բացասական էներգիայի հետևանքով գոյացող կրիտիկական զանգվածի հավաքումը: Ես առաջարկել եմ կոնկրետ մեթոդաբանություն, որով հնարավոր է ժամանակին բացահայտել ու կանխել սահմանադրական հավասարակշռության խախտումը:  

 - Պարոն Հարությունյան, իսկ Հայաստանում ինչ-որ մեկին առաջարկե՞լ եք այդ մեթոդաբանությունը ներդնել:

 - Ես չեմ ընդունում, որ ինչ-որ մեկին առաջարկել…

 - Նկատի ունեմ՝ քննարկե՞լ եք:

 - Առաջին հերթին, քննարկել եմ մասնագիտական մակարդակում: Եվ նախագահի հետ երկար զրույցի ընթացքում առաջարկել եմ, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանում ներդրվի այդ մեխանիզմը: Կոչվում է սահմանադրականության դիագնոստիկայի մեթոդաբանություն, որն իրականացվում է անընդհատ: Դա չի կարող իրականացվել զուտ պետական իշխանության միջոցով, այլ հատուկ դերակատարություն ունի քաղաքացիական հասարակությունը:

- Բայց արդյո՞ք Ձեր նշած հիվանդությունները չեն առաջանում հասարակության մեջ, երբ, օրինակ, 1000 դատապարտյալից պայմանական վաղաժամկետ ազատվում են մի քանիսը` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին, Յուրի Վարդանյանի որդին...

- Անառարկելի է: Միանշանակ, եթե օրենքի նորմը հասցեական է կիրառվում, նշանակում է հիվանդ իրականություն է: Ինչպե՞ս անել. ոչ թե ողբալ, այլ բուժել: Ինչպե՞ս բուժել: Ես իմ տեսլականը ներկայացրեցի: Ես չեմ բացարձակացնում միայն մեխանիզմների դերը, դրան համարժեք շեշտում եմ սուբյեկտների դերը: Պիտի ներդաշնակություն ապահովենք մեխանիզմների, դրա իրացման հնարավորությունների և դրա կատարողների միջև: Եվ պիտի ունենանք մոնիթորինգի մեխանիզմ: Մոնիթորինգի մեջ Ձեր այսօրվա դերը անհույս ճիչի տպավորություն է թողնում, վաղը իմ պատկերացրած մոդելում լինելու է վճռորոշ:

- Ե՞րբ կլինի, որ օրենքը միատեսակ կիրառվի և՛ իմ, և́ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ:

- Երբ մենք կարողանանք ասել, որ անհրաժեշտ և բավարար հիմքեր ենք ստեղծել իրավական պետություն կոչվելու համար:

-Պարոն Հարությունյան, ի՞նչ եք կարծում՝ մեր բանտերում կա՞ն անմեղ մարդիկ:

- ԱՄՆ դատական համակարգը ինչ-որ տեղ էտալոնային է ինձ համար` ոչ միայն գրքերից կարդացված, այլ ԱՄՆ-ում իրավախախտը, երբ հայտնվում է դատախազի ուշադրության կենտրոնում, իր հետ բարձրացել եմ մինչև Գերագույն դատարան: Բոլոր օղակներում եղել եմ մի նպատակով. ուզում էի տեսնել` ո՞րն է այդ համակարգի կատարելության գաղտնիքը: Եվ համոզվեցի, որ աշխարհում չկա մեկ այլ երկիր, որն այդքան կատարյալ արդար դատական համակարգ ունենա: Բայց վերջերս մի փաստի ծանոթացա: Մարդուն, ում դատապարտել էին ԱՄՆ-ում, 40 տարի անց պարզվել է, որ անմեղ է:

- Միայն ԱՄՆ-ում արդեն 326 նման դեպք կա:

- Այդ դեպքին ծանոթանալուց հետո երբեք չեմ կարող բացասական պատասխանել Ձեր հարցադրմանը: Չեմ կարող թեկուզ չնչին համոզվածությամբ ասել, որ չկան այդպիսիք: Այո, հնարավոր է, շատ հնարավոր է, որ լինեն: Մանավանդ, որ դա պայմանավորված է ոչ միայն մեր համակարգի անկատարությամբ, այլև հայեցողության սահմանների անհստակությամբ: Ինձ` որպես սահմանադրագետի մտահոգում են իրավունքի գերակայության սկզբունքը և պետական իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Հենց այս թեմայով կոնֆերանս հրավիրեցի երկու տարի առաջ: Լրջագույն պրոբլեմ է նաև միջազգային ասպարեզում: Ի՞նչ է իշխանություն իրականացնողի հայեցողությունը: Այսօր դա սուբյեկտիվ ինքնադրսևորում է, որը սահմաններ չունի նույնիսկ դատական պրակտիկայում: Դատական հայեցողությունը շատ հստակ հասկացություն է: Ընտրություն կատարելու հնարավորություն է օրինական տարբերակներից: Եվ դա պիտի հիմնավորված լինի: Սակայն, սոցիալական ներազդեցությունների ակումուլյացիա է տեղի ունենում: Հայաստանում չես գտնի մեկին, որ դուրս լինի այդ ազդեցություններից: Ինչպիսին էլ լինի դատավորը, սուբյեկտիվ ներազդեցությունը չի կարելի բացառել: Վրացիները, օրինակ, գնացին ամերիկյան մոդելը պատճենելու ճանապարհով: Երդվյալների մեխանիզմը դրեցին: Հիմա Վրաստանում բաժանվել է 2 բևեռ. քաղաքացիների 60 տոկոսը կարծում է, որ դա հիմարություն է, 40 տոկոսն ասում է, որ արդարացնում է իրեն: Մենք չենք բացառել սահմանադրական բարեփոխումներում դրա անդրադարձը, բայց Վենետիկի հանձնաժողովից խորհուրդ չեն տալիս՝ ասելով, որ այդ ինստիտուտի բացասական կողմերն ավելի շատ են, քան դրականները: Դու չես կարող գտնել 6 կամ 12 մարդ, ովքեր անաչառ կլինեն մեկ այլ քաղաքացու նկատմամբ, չես կարող բացառել քավորսանիկական, խնամիական բոլոր կապերը:

- Բայց արդյո՞ք մեկ դատավորի վրա ներազդելը ավելի հեշտ չէ, քան 6 կամ 12 այլ քաղաքացիների:

- Բնականաբար: Իմ անձնական տեսակետն է, որ առավելապես ծանր հանցագործությունների պարագայում անթույլատրելի է միանձնյա քննությունը: Եվ երբեք մենք չենք կարող խուսափել թե՛ դատական սխալից, թե՛ սուբյեկտիվ ներազդեցությունից: Սա պետք է լինի կոլեգիալ դատավարություն՝ նվազագույնը 5 դատավորով Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի կարգով, և Վճռաբեկ դատարանը դառնա բողոքարկման ինստիտուտը: Տվյալ պարագայում մենք կխուսափենք սուբյեկտիվ ակումուլյացիայից, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter