HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան արտեզյան ավազանի տարածքում ստորերկրյա ջրերն անհավասարաչափ են շահագործվում

Եթե այսպես շարունակվի, մոտ 10 տարի հետո ինքնաշատրվանվող արտեզյան հոր այլեւս չի լինի

Կառավարությունն այս տարվա ամռանը որոշում է կայացրել' մոտ 250 մլն դրամ տրամադրել 3 տարվա ընթացքում Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները վերագնահատելու համար: Հետազոտությունները կսկսվեն հունվարի 1-ից, երբ ֆինանսավորումն արդեն հատկացված լինի: «Հետքն» արդեն անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրերի սպառման վտանգին եւ ձկնաբուծական տնտեսությունների կողմից առանց ջրաչափի քաղցրահամ ջրերի օգտագործմանը:

Բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է իրականացնելու ուսումնասիրությունը եւ վերագնահատումը: Մոնիտորինգի կենտրոնը գործում է 4 տարի: Ջրային պաշարների եւ նախատեսված ուսումնասիրության շուրջ զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչատուր Ղարաբաղցյանի եւ հիդրոերկրաբանական բաժնի պետ, գլխավոր հիդրոերկրաբան Հովիկ Աղինյանի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում Արարատյան դաշտավայրի քաղցրահամ ջրերի պաշարները:

 Հ. Աղինյան: Հայտնի է, որ Արարատյան արտեզյան ավազանը բնորոշվում է իր բարդ երկրաբանական կառուցվածքով: Մեզ համար պարզ է, որ Արարատյան արտեզյան ավազանում որակյալ ստորերկրյա ջրերը տեղադրված են նրա հյուսիս-արեւմտյան մասում կամ Հրազդան-Մեծամոր միջգետային տարածքում: Մնացած տեղամասերում' դեպի հարավ-արեւելք, ունենք 1 գրամ/ լիտրը գերազանցող ընդհանուր հանքայնացման ստորերկրյա ջրեր, որոնք օգտագործվում են ոռոգման եւ տնտեսական այլ նպատակներով: Բացի որակից' յուրաքանչյուր սուբյեկտ կամ օբյեկտ, իրավաբանական կամ ֆիզիկական անձ աշխատում է ստորերկրյա ջուրն օգտագործել այն տեղամասերում, որտեղ հեշտ է ստացվում, տնտեսապես ձեռնտու է, այդ իսկ պատճառով որակյալ ջրերի տարածման շրջանում ունենք ինքնաթափ գոտիներ, այսինքն' պոմպի տեղադրման, էներգիայի ծախսի կարիք չկա: Բայց դրանք հետզհետե գնում են դեպի սպառում, որովհետեւ այդտեղ ավելի հեշտ են ստացվում ջրերը, եւ այդտեղ կենտրոնացվեցին նաեւ ձկնաբուծական տնտեսությունները: Դրանք Գայ-Հայքաշենի նախկին հանքավայրի տարածքում են, Հովտաշատ, Հայկաշեն, Արաքս, Ջրառատ, Ապագա, նույնիսկ որոշ տեղամասերում' Առատաշենում, արդեն իջել են, եւ այլեւս շատրվաններ չկան: Նույնիսկ երկրի մակերեւույթից 40 սմ ցածր են իջել, իսկ մի ժամանակ շատրվանել են: Այսինքն' Արարատյան արտեզյան ավազանի տարածքում ստորերկրյա ջրերն անհավասարաչափ են շահագործվում:

Անհավասարաչա՞փ, թե՞ անխնա:

Չէի ասի' անխնա, կասեի' անհավասարաչափ, այսինքն' չափից, նորմայից դուրս: Սովորաբար, մենք պետք է ունենանք ջրառի քարտեզներ: Այսօրվա հետազոտությունների հիմնական իմաստն այն է, որ իմանանք' ինչ չափով ինչ ջրառ է կատարվում: Աշխարհում չկա այդպիսի մի տարածք, որտեղ 1 ք/կմ-ից ջրառը կազմի ավելի քան 1000 մ/վ: Այդտեղ են կենտրոնացվել ձկնաբուծական հիմնական տնտեսությունները: Եվ տնտեսական շահավետ նկատառումներով այդ տեղամասում են քաղցրահամ ջուրն օգտագործում, որը տեղիք է տվել ստորերկրյա ջրերի սպառմանը: Վտանգ է սպառնում նաեւ մեր հետագա սերունդներին, քանի որ դա միակ հեռանկարային որակյալ ջրերի հանքավայրն է, որը կարող էր օգտագործվել խմելու ջրամատակարարման համար: Այդ իսկ պատճառով այդ հետազոտությունները նախատեսվել են, եւ անհրաժեշտություն էր, ուղղակի օրական պահանջ' մեր հետագա սերնդին բավարարելու եւ հանքավայրը պահպանելու համար:

Ինչո՞ւ է վերագնահատվում 25 տարին մեկ, այլ ոչ թե, ասենք, 5:

 Խ. Ղարաբաղցյան: Պետք է պատճառ լինի, գիտականորեն պիտի հիմնավորվի, պրակտիկորեն պետք է երեւա, որ այդտեղ ջրերը պակասեցին, ջրերը փոխվեցին, հանքայնությունը փոխվեց: Այսինքն' ինչ-որ լուրջ փոփոխություն պետք է լինի, որ առաջանա վերագնահատման անհրաժեշտություն:

Հիմա՞ է միայն առաջացել:

Մեր հիդրոերկրաբանների կարծիքով' առաջացել է, որի մասին Կառավարությունը գիտի եւ որոշում է կայացրել: Հիմա ֆինանսական աղբյուրներն են փոփոխվում, դրա համար ձգձգվում է, վերագնահատումը կարվի արտաքին միջոցների եւ այլ աղբյուրների հաշվին: Ուսումնասիրությունները դաշտային պայմաններում տեւում են առնվազն մեկ տարի, որպեսզի ընդգրկվեն սեզոնային բոլոր ցիկլերը, որովհետեւ բոլոր կարգի արտեզյան ստորերկրյա ջրերը ունենում են նվազագույն եւ առավելագույն քանակ (դեբիտ), ասենք' աշնան, գարնան, ձմռան սեզոններին: Ստորերկրյա ջրերը Աստծու տված են, մեծ մասը' 80-90 տոկոսը, գալիս է երկնքից' անձրեւներից, ձնհալից եւ այլն, մնացած մասը' մակերեւութային ջրերի ինֆիլտրացիայից: Դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարել: Այդ ուսումնասիրություններից հետո նոր վերագնահատվում են պաշարները: Սովետական տարիներին 400-600 հորատանցքեր են ուսումնասիրվել. ինչքան շատ լինեն ուսումնասիրության կետերը, այնքան ավելի պարզ կլինեն արդյունքները: Այսօրվա դրությամբ, ֆինանսական պատճառներով ամբողջ հանրապետությունում ընդամենը 63 հորատանցք է ուսումնասիրվելու, իսկ միայն Արարատյան դաշտավայրում կա մոտ 4000 հորատանցք: Հիդրոերկրաբանությունը շատ թանկ հաճույք է. մարդկանց ամեն քայլը փող արժե: Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր հորատանցքում ուսումնասիրվում կամ գրանցվում է ջրի դեբիտը' քանակը, ջրի ջերմաստիճանը, լաբորատոր ուսումնասիրության համար նմուշառում է կատարվում' պարզելու ամբողջ 500 մետր շառավղով տեխնածին ազդեցությունն այդ ջրերի վրա:

Եթե այսպես շարունակվի, քանի՞ տարի հետո կսպառվի քաղցրահամ ջրերի պաշարը:

Հ. Աղինյան: Եթե այսպես շարունակվի, երեւի թե մինչեւ 10 տարի ինքնաթափը կկորցնենք: Բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ հորիզոնները կսպառենք, եւ այլեւս ջուր չի լինի: Կլինեն, բայց, սպառման վտանգից բացի, որակի վտանգ է սպառնում: Եթե տեղում ջուրը հանում են, կողքերը բարձր հանքայնացման ջրեր են, այստեղ ինչ-որ փոս առաջացավ, բարձր հանքայնացման ջրերը կգան, կլցվեն այստեղ: Խնդրեմ, կորցրինք:

Ավելի վտանգավոր վիճակում ո՞ր տարածքն է եւ ո՞ր մարզը:

Արմավիրի մարզի Արմավիրի իջվածքը կամ Հրազդան-Մեծամոր միջգետային տարածքը: Արարատյան արտեզյան ավազանի պաշարները վերջին անգամ հաստատվել են 1985 թվականին: Ընդհանուր առմամբ, շուրջ 93 խմ/վ, որից կարելի էր շահագործել 74 խմ/վ-ը, մնացածը կոչվում էր հեռանկարային, ուղղակի հետագայի ուսումնասիրության համար: Ընդ որում' 74 խմ/վ-ից հաշվարկված են մինչեւ 1 գ/լ, 1-3 գ/լ եւ 3 գ/լ-ից բարձր հանքայնացման ջրեր, այսինքն' մինչեւ 1 գ/լ-տ (խմելու ջուրը) բավականին սահմանափակ քանակ էր կազմում: Զարմանալի զուգադիպությամբ մեր ձկնաբույծներն ու իրենց ձկներն էլ են այս քաղցրահամ ջրերը սիրում: Այդ իսկ պատճառով քաղցրահամ ջրերը շատ են շահագործվում: Եթե վերցնենք տոկոսային հարաբերությամբ խմելու, ոռոգման եւ ձկնաբուծության համար, ճնշող եւ առյուծի բաժինը գնում է ձկնաբուծությանը:

Այս վտանգավոր վիճակին ձկնաբույծնե՞րն են հասցրել, թե՞...

Այս վիճակին հասցրել է ոչ մասնագիտական մոտեցումը: Յուրաքանչյուր հորատանցք կամ ջրառն առնելու համար պետք է հիդրոերկրաբանի մասնակցությունը եւ կարծիքը լինի' կարելի՞ է, թե՞ չէ:

Խ. Ղարաբաղցյան: Խորհրդային կարգերից հետո, երբ փոխվեց երկրի կարգավիճակը, շատ ծառայություններ վերացան, այդ թվում վերացավ նաեւ հիդրոերկրաբանական մոնիտորինգի ծառայությունը, որի անհրաժեշտությունը կար եւ զգացվեց: Առանց հիդրոերկրաբանի միջամտության եւ եզրակացության' այլեւս ոչ մի հոր չի հորատվում: Վերջին երեք ամսում դա արգելվել է:

Չորս տարի է' գործում եք, ուրեմն ինչո՞ւ էին նախկինում հորատում' առանց այդ եզրակացության:

Առաջին երկու տարին մենք կազմավորման փուլում էինք, դրան հասնելու համար ստեղծվել են փաստաթղթեր, Կառավարության որոշում է ընդունվել: Երեք ամիս առաջ, երբ ամեն ինչ որոշվեց, այդ օրվանից ոչ մի հորատանցք առանց մեր եզրակացության չի եղել: Մենք հասել ենք նրան, որ մեր մասնագետների խոսքն անցնում է, բայց դեռ 50 տոկոսով, կամաց-կամաց կսովորեն: Իսկ մյուս 50-ն անցնում է' ում խոսքը որ պատահի: Դուք էլ, լինելով լրագրող, կարող եք գնալ եւ ասել, թե ինչու այստեղ չի արգելում:

Գործող ձկնաբուծական տնտեսությունների հորատանցքերն է՞լ եք ուսումնասիրելու:

Գնալու եւ չափումներ ենք անելու, թե քանի լ/վ ջուր է հոսում, նմուշ ենք վերցնելու լաբորատոր հետազոտության համար, որպեսզի հետագայում տանք, թե որ մակերեսի վրա որքան ջրառ է կատարվում: Եթե այս մեկում 30 լ/վ է, մյուսում' 1000 լ/վ, մենք առաջարկություններ կանենք, թե որտեղ սահմանափակել, որտեղ' արգելել:

Ի՞նչ լուծում եք առաջարկում:

Հ. Աղինյան: Կառավարությունն արդեն արգելել է ինքնաթափի գոտում հորատելը: Ճիշտը կլինի այն, որ արտեզյան ավազանի հանքավայրը հավասարաչափ շահագործվի: Բայց կախված արտադրական ուժերից եւ տնտեսական ճյուղերից' մի տեղ շատ են կենտրոնացված, հետեւաբար այնտեղ շահագործումը շատ կլինի, մի տեղ' քիչ, հետեւաբար քիչ կօգտագործվի: Եվ պետք է շահագործել' կախված որակից, եթե որակյալ ջրեր ունենք, ուրեմն պահենք խմելու համար: Դրա փոխարեն մենք ունենք երեք հորիզոն. եթե որակյալ ջրերը տեղադրված են ստորին հորիզոնում, այսինքն' երրորդ հորիզոնում, ապա գրունտային հորիզոնը կարելի է ոռոգման համար օգտագործել:

Հովտաշատ, Հայանիստ, Գրիբոյեդով եւ այլ գյուղերում արդեն ահազանգում են, որ ջուր չունեն:

Այդ գյուղերում այնքան ջուր կա, որ մեկ կմ անցնելուց հետո միայն կարող ենք ցամաքուտ հասնել, այնքան ջուր կա' ցամաքային եւ գրունտային, ուղղակի պետք է պոմպեր օգտագործեն, էլեկտրաէներգիա պետք է ծախսեն, իսկ ինքնաթափ օգտագործելու համար պոմպի կարիք չկա, եւ էժան է: Իսկ նրանք չեն մտածում, որ այդ խորը հորիզոնի ջուրը խմելու համար պետք է պահեն: Ջուրը պետք է նպատակային օգտագործել: Այո, ավելի լավ է գրունտային ջրերը պոմպերով օգտագործել, քան թե մեր սերունդները վաղը կամ մյուս օրը մնան առանց խմելու ջրի: Դրենաժային կանալներում լիքը ջրեր են, որոնք պետք է ոռոգման համար օգտագործվեն:

Մոտավորապես որքա՞ն են նվազել ջրի պաշարներն Արարատյան դաշտավայրում:

Չի կարելի ասել, որ նվազել են: Պաշարները նորմայից շատ հանելու պատճառով սպառվում են: Յուրաքանչյուրը, այդ թվում նաեւ ստորերկրյա ջուր, ունի նորմայի չափ: Եթե չափն անցնում ենք, այն սկսում է հյուծվել: Չեմ կարող ասել, թե ինչքան է հյուծվել Արարատյան դաշտավայրը. դա ցույց կտան մեր ուսումնասիրության արդյունքները: Բավականին մութ է մեր ապագա ջրամատակարարման պատկերը. եթե հանկարծ մեր պլանավորող օրգաններն ասեն, թե 2050-ին տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ ավելացնեն 50 կամ 20 մ/վ ջուր, դա բավականին բարդություններ կառաջացնի: Այդ իսկ պատճառով մենք այսօրվանից պետք է մտածենք մեր վաղվա մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter