HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարգո Ղուկասյան. «Անվերնագիր…1915»

սկիզբը

Սեբաստիայի գավառի ոչ միայն քաղաքներում, այլ նաև գյուղերում չէր հանդիպում այնպիսի շինություն` եկեղեցի լիներ, դպրոց թե կամուրջ, որի վրա գրված լիներ` կառուցվել է այսինչ բարեգործի միջոցներով: Ոչ: Այդպիսի հասկացողություն չի եղել: ժողովուրդն ինքն էր իր բարեգործը, ունևոր դասը առավել ևս` ով որքան կարող էր:

Եվ կառուցում էին հայ ճարտարապետության երևելիների շարքերն համալրող կոթողներ: Սեբաստիայի Ս.Աստվածածին տաճարում հնչում էին Թորգոմ Արքեպիսկոպոս Գուշակյանի քարոզները` պերճախոս և ազդեցիկ: Առաքել Պատրիկը գրում է.

«Հայության տարագրությունից հետո Ս.Աստվածածին եկեղեցին մնում էր իբրև ամբաստանող վկա` կատարված դիվային գործողության: Թուրքերի համար այդ անհանդուրժելի էր: Ուստի, մի քանի տասնամյակ անց, ուժանակով քանդեցին զայն»:

Երբ մի քանի հայեր մորմոքելով շրջում էին ավերակի մեջ, գտան թիթեղյա մի փոքր տուփ, որի միջից դուրս եկավ հետևյալ գրությունը.

«Շնորհոքն Աստծոյ Սեաստիոյ քաղաքեն Շիմշիտյան Մահտեսի Գալուստի որդի Ոսկանս` 23 տարեկան հասակիս մեջ` միմիայն Աստծոյ անհուն ողորմածութեամբ, ինքնաջան աշխատութեամբս ըստ բավականին արժանացա նկարիչ անունը կրելու. և ապա ձեռնատվությամբ և արդեամբ բարեպաշտ ժողովրդոց, նկարել և ըստ կարի պայծառացնել սկսայ տկար գրչովս, և դողդոջուն մատամբքս. հարկավ պիտի անցնին տարիներ և այս Ս.Եկեղեցիս կայ և պիտի մնայ անշարժ, յայնժամ այս մատունքն ալ պիտի չորացած լինին, կաղաչեմ ի սեր Աստծոյ, հաճեցեք տալ զողորմիս ծնողացս և մեղապարտիս, չմոռանալով հիշել նաև հեգ եղբայրս, Մարտիրոսը, երբ հանդիպիք գրությանս, ողջմամ մնայք ի տեր»(Յամի Տեառն, 1891):

Եզակի հիշատակարան` Ոսկան նկարչի կողմից: Նա այնքան խորը հավատ է ունեցել, որ գրել է. «...պիտի անցնին տարիներ և այս Սուրբ եկեղեցիս կա և պիտի մնա անշարժ»: Թուրքերը, սակայն, որքան էլ փորձեցին հետքը կորցնել, չկարողացան, նույնիսկ պայթեցնելուց հետո: Թիթեղյա տուփը պահպանեց այս հուզիչ գրությունը, որն ահա ես էլ փոխանցում եմ քեզ, իմ ընթերցող:

Այդ թղթիկը տուփի մեջ` պատմության կենդանի մի դրվագ է այն ժամանակների մասին, երբ բուն հայրենիքում, իրենց հողի վրա հոգևոր կենտրոններն ամենագեղեցիկ միջավայրերն էին: Եկեղեցին ինքն արդեն`ճարտարապետական հոյակապ այդ հուշարձանը, դեպի իրեն էր ձգում: Ներսում երաժշտություն կար, շքեղ խոսք` հայոց ոսկեղենիկ լեզվով: Պատերին նկարներ կային: Մագաղաթյա մատյանների համար` զարդաքանդակ գրակալներ: Ավետարանները սրբություն էին և կարդալիս ժանեկազարդ թաշկինակով էին բռնում:

Այնտեղ հոգևոր կապ էր ստեղծվում թե Աստծո, թե միմյանց միջև... Իսկ Վահան Թեքեյանը կասի` Եկեղեցին հայկական ես աչքս գոց կտեսնեմ...

***

Եկեղեցին հայկական բարձր բերդն է հավատքին...

***

Եկեղեցին հայկական մեծ վարագույր մ’է բանված...

***

Եկեղեցին հայկական ծովուն դիմաց ալեկոծ նավահանգիստ մ’ է խաղաղ...

***

Օտար ճանապարհորդներից շատերը նկատել են, որ Սեբաստիայի գավառի տարածքում հանդիպում էին եկեղեցիներ և վանքեր, որոնց դռները շատ նեղ ու ցածր էին: Այն աստիճանի ցածր, որ մարդ ներս մտնելիս ստիպված էր գլուխը խոնարհել: Ինչո՞ւ:

Հայկական աղոթատեղիները աղտոտումից պաշտպանելու նպատակ էին հետապնդում: Թուրք ավազակները, ենիչերիները, խաժամուժ ամբոխը եկեղեցիների մոտով անցնելիս, երբ դադար էին առնում, «իրենց ձիերը`ի նախատինս, անշուշտ, հայության, եկեղեցին կքաշեն եղեր: Ասոր առաջքը մասամբ առնելու համար խորհեր են դուռները նեղ ու փոքր շինել»:

Քանի՞ ուղղությամբ պայքարեին: Քսաներորդ դարասկզբին հատկապես, երբ թուրքերը բացահայտ ծրագրավորված հայաջինջ քաղաքականություն էին վարում, նրանց վարքը նման էր կատաղի քամու, որ մշտապես փոխվում էր փոթորկի, մտնում ծակ ու ծուկ, ամեն անկյուն, ինչը որ հայկական էր, ավերում, քանդում էր անխտիր, հրկիզում ու ոչնչացնում բնակիչների ունեցվածքը:

Հրդեհները, որ բռնկվում էին այս ու այնտեղ, սովորական երևույթ էին: 1914 թվականին, երբ Առաքել Պատրիկն ուսուցիչ էր Թոխաթում, ականատես է եղել առևտրական տների հրդեհին: Մայիսմեկյան գիշեր էր: Միանգամից մի քանի տեղ տներ ու խանութներ էին բռնկվել: Նախօրոք թուրքական կառավարությունը ջուրը կտրել էր տվել:

«Այդ տագնապալի պահին ահա մրրիկի պես հայտնվեցավ հայոց կորովի առաջնորդ Շավարշ Ծայրագույն վարդապետ Սահակյանը, մտրակը ձեռքին: Անիկա այդ գիշեր քաղաքեն մեկ ու կես ժամ հեռու Հովհաննես Աննա վանքը կգտնվեր, ուրկե եր կնշմարե քաղաքին վրայեն բարձրացող կարմիր ցոլքերը, անմիջապես կնետվի իր «Սևուկ» նժույգի կռնակին և հևիհև վազքով կհասնի քաղաք, կը հաջողի ջուրը հասցնել տալ. մտրակը մերթ շաչեցնելով, հրշեջները կմղե գործունեության ու իր ձեռք առած այդ խրախուսիչ միջոցներուն շնորհիվ կհաջողի հրկիզումե փրկել գեթ ազգային կալված եղող քանի մը խանութներ»:

Քսանմեկ ժամ տևած հրդեհն այրել էր 85 խանութ, 45 տուն, 3 խան:

***

Ձուլման, առավել ևս, բնաջնջման դաժան քաղաքականություն որդեգրած թուրքական իշխանության մեջ հայերի կրոնասիրությունն ազգապահպանության կարևոր գործոն էր: Փաստեր կան, որոնք զարմացնում և հիացնում են: Օրինակ, այս մեկը.«Ամեն տուն պետք է ունենար իր Աստվածաշունչը: Եղայրները, երբ հարկ համարեին բաժանվել, առանձին տուն-տեղ ըլլալ, գույքերը հավասար մասի կբաժնեին, իսկ երբ կարգը կու գար հորենական տունը բաժնելու, տունը մեկ կողմ, իսկ Աստվածաշունչը մյուս կողմ կդնեին: Վիճակը որ մեկուն էլլեր, աժանքի հարցը վճռված կըլլար»:

Սեբաստիայի գավառում տարածված ազգանուններից շատերը նույնիսկ նրանց կրոնասիրության ու պաշտոնի մասին են վկայում: Մեջբերում եմ մի քանի ազգանուններ, որոնց հանդիպելիս ուրախության և մի գեղեցիկ, թանկագին բան գտած մարդու զգացում եմ ունեցել: Օրինակնե՞ր, խնդրեմ: Գմբեթյան: Պատրիարքյան: Գուշակյան: Տաղավարյան: Լուսարարյան: Օրհնածյան...

***

Ժողովրդի մեջ շատ հնուց ընդունված էր` եթե Սուրբ Հովհաննես եկեղեցու բանալին Ծաղկազարդի իրիկունը դռնաբացեքի արարողությունն ավարտելուց հետո մտցնեն կապույտ հազով հիվանդ երեխայի բերանը`կառողջանա: Առաքել Պատրիկի տատը մանուկ Առաքելին տարել է այդ եկեղեցին, որը թուրքերը դարձրել էին մահմեդական աղոթատեղի, պահակին նվեր է տվել` բախշիշ, որպեսզի դուռը բանա: Ներսում տատը երեխային նստեցրել է մի քարի վրա և նվիրական բանալին, ինչպես Պատրիկն է գրում` «խոթել է բերանաս, աղոթք մը մրմնջալով, որպես բժշկություն կապույտ հազի...»:

Պարզվում է, որ այդ սովորույթը ոչ միայն Սեբաստիայի, այլև Արևմտյան Հայաստանի այլ գավառներում էլ է ընդունված եղել: Պարզվում է, որ ո’չ միայն կապույտ հազի, այլև չխոսող, կամ ուշ խոսող երեխայի դեպքում էլ է եղել... Հերթական օրինակը մեջ եմ բերում տրապիզոնցի Լևոն Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» գրքից:

«-Աստծո բանալին ացավ նրա բերանը, -ասաց Տեր Շահեն ինձ ժպտալով: – Նա մեր եկեղեցու դռան բանալին բերանս էր դրել, երբ ես երեք տարին թևակոխել էի ու դեռ խոսել չէի սովորել: Մի հրաշք կատարվեց դրանից հետո»:

***

Ախ, իմ փոքրիկ Սոխակերաց վանք: Իմ հարազատ, հեռու, բայց նաև մոտ: Ուզում եմ քեզ սիրտս բացել: Ասում ենք, չէ՞, Եղեռնից մոտ հարյուր տարի է անցել, և դարձյալ տեղի ունեցածի մրմուռը թարմ է. ինչպե՞ս... Երեկ եղածի պես: Սակայն ինչո՞ւ հարյուր: Թանկ պատառի էր նման մեր հազարամյակների Հայրենիքը: Եվ ինչ խաչմերուկ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ընկած երկրների միջև: Եվ դրա համար էլ ոտքի կոխան էր:

Այ իմ ժայռափոր վանք, արդյո՞ք երբևէ մենք, ազգովի, կհասկանա՞նք և կմասնակցե՞նք ուժեղ, նվիրական, արդար, արդար` շեշտում եմ, պետականություն ստեղծելու գործին: Արդյո՞ք մենք կթոթափենք շահի գերակայությունը, որը ոչ երկրի պետերին, ոչ էլ սեփական ազգաբնակչությանը պաշտպանելու ուժ և կարողություն չունի:

Ոտքի կոխան, էէէ երբվանից: Ժամանակ չեմ նշում: Միշտ էլ մեզ պատկանող թանկ պատառը, հողը սիրող և հողը ծաղկեցնող մեր ազգը բարիքներով լցնում էր իր ապրած վայրը: Եվ տարածքն իր ամեն ինչով`բնությամբ, օդով ու ջրով, արագահոս գետերով և խմելու զուլալ ջրերով...

Ախ, որքան սիրուն էր մեր հայրենիքը, և, ինչպես Երկիր, Էրգիր կորցրածներն են ասում` շաքարը մնաց շան բերան: Հատ ու կենտ Երկրում ծնվածներ դեռ կան: Շուտով նրանք էլ չեն լինի: Մնում է, որ մենք մեր հոգու և սրտի մեջ պահենք: Մեր հիշողությունը վառ թող լինի և երբեք չմոռանանք, որ մեր պահանջատիրությունը ոչ տարի, ոչ էլ դար է ճանաչում: Բայց նաև չմոռանանք, թե ով է մեր թշնամին: Հիմա էլ, տեսնո՞ւմ եք, շատ լավ իմանալով, որ Արցախը բնիկ հայկական հող է, և այն էլ շատ փոքր, վերևից` ազերիները, ներքևից` թուրքերը (որ մի սանրի կտավ են), սեղմում են ու չեն ուզում հանդուրժել, քանզի իրենք էլ լավ գիտեն` Արցախը սովետի կամայականությունների պատճառով է մտցվել Ադրեջանի իշխանության տակ:

Հիմա էլ, տեսնո՞մ եք, վերևից` ազերիները, ներքևից` թուրքերը (որ մի արմատից են) ինչպես են սեղմում ու չեն հանդուրժում իսկական տիրոջը: Իսկ աչքը տեսածից է վախենում: Դեռ երեկ էր, որ Նախիջևանն իրենցով արեցին, օրը ցերեկով, «հզոր» Սովետի թողտվությամբ... Եվ քերում են այդ գեղեցիկ և հուշարձաններով հարուստ երկրամասի երեսից ամենայն ինչ, որ հայկական է, որ հիշեցնում է իր իսկական տերերին: Որովհետև իրենցով անելու, իրենց խնդիրները լուծելու մեջ հետևողական են: Դա նրանց արյան մեջ է: Եվ ինչքան վատ է, որ Նախիջևանի հարցում մենք լռեցինք այն ժամանակ: Եվ լռում ենք այժմ:

Այ իմ փոքրիկ Սոխակերաց վանք, որ կայիր Սեբաստիա քաղաքից մի քանի կիլոմետր արևմուտք, Խնդրակատար Ս.Աստվածածին վանքի մոտակայքում, Ալիս գետի ձախակողմյան վտակներից մեկի ակունքին մոտ` որտեղից էլ հենց բխում էին կարկաչուն, մարգարիտների նման վետվետացող աղբյուրներն ու առվակները, և որոնց շուրջը զառ-վառ ծաղիկներ կային: Այդ ինչպե՞ս էր հաջողվել Սեյֆե լեռան կրաժայռերի մեջ փորել երկու խոշոր այրերը` խորաններով, մուտքերով, որոնցից մեկի վերևում էլ մեսրոպյան տառերով արձանագրություն թողնել` ԽԷ թվական:

Չեմ ասում, թե ժլատ եք եղել, որ ժայռի ճակատին փորագրել եք ընդամենը երկու տառ: Չէ՞ որ դրանք այնպիսի արժեքավոր տառեր են` այբբենագիր թվանշաններ, որոնցից իմանում ենք շինության ժամանակը` 598 թ.: Եվ վերջում` Սոխակերաց: Ինչո՞ւ: Քանզի միաբանները սնվում էին միայն հացով ու սոխով: Սակավապետ, այց ինչ նվիրյալ: Ամուր իրենց հավատքին և մխիթարող իրենց հոտին:

(Եվ... Սեբաստիայի նահանգում 219 եկեղեցի է եղել, 204 դպրոց և 225000 մարդ): 

ԱՆՑՅԱԼԸ` ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Նա, ով ցանկանում է ապրել, պետք է ձգտի հաղթել (Քսենոփոն)

Թշնամին միայն զարկողից կվախենա ու կպատկառի (Ավետիք Իսահակյան)

 Հեշտ չէ մարդկանց ճանաչելը, իմանալը` ինչ կա նրա մտքում, հոգու մեջ, ինչ կա սրտում` այդ մեծ գաղտնարանում, որտեղ նստվածք են տվել անցյալ կյանքի ելևէջները, տառապանքները, գտածն ու կորցրածը: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով էր նա գաղտնապահ: Կամ, ավելի ճիշտ, ինչո՞ւ չէր ցանկանում պատմել իր անցյալի մասին: Եթե չասենք, որ բացահայտ խուսափում էր:

Հիմա եմ հասկանում` շատ տարիներ անց` չէր ուզում նոր փորձանքների, նոր դառնությունների դռներ μացել: Այն տարիներին շրջապատում, օդում նույնիսկ վախ կար: Այդ էր, որ չէր թողնում հաղորդակցվել, սիրտը դատարկել: Ինքնամփոփ, ինքն իր անցյալի և ներկայի հետ էր:

Այդ անձն իմ սկեսրայրն էր, Ղուկաս Հովսեփի Խաչատրյանը, ծնված 1885 թ., Սեբաստիայի բավառի Իշխան գյուղում: Գերդաստանը մի քանի ճյուղից էր բաղկացած, բոլորն էլ Խաչենք էին կոչվում: Այդ մասին կվկայի նաև որդին, Ղազարոսն իր «Հիշատակարանում», որը ձեռագիր վիճակում ինձ կհասնի Փարիզից, շատ ուշ, 2009 թ., սեպտեմբեր, այն ժամանակ, երբ ոչ միայն հայրը` Ղուկասը, այլև որդին` Ղազարոսը, հուշերի հեղինակը, վաղուց վախճանված կլինեն:

Մի քիչ մանվածապատ ստացվեց, բայց ոչինչ, շուտով ամեն ինչ կհստակվի: Եղեռն ապրած մարդկանց, աշխարհով մեկ ցրված, բաժան-բաժան եղած ընտանիքների մասին հեշտ և պարզ պատմել`չհավատաք, թե որևէ մեկին հաջողված լինի:

Սակայն մի բան նրանց համար` սեբաստացիների, քաղաքում թե շրջակա գյուղերում ծնվածների, արևի լույսի պես պարզ էր և հիշելի` իրենք ունեցել են թագավոր, անունը Սենեքերիմ է եղել: Ե՞րբ, եթե հարցնի որևէ մեկը, առանց տատանվելու սեբաստացին կասի` մի հազար տարի առաջ: Իսկ Իշխանի բնակիչները` իշխանացիները, բոլորից մի առավելություն ունեն` մեր գյուղը, կասեն, համարյա կպած է թագավորանիստ քաղաքին, անունն էլ է վկայում` Իշխան, թագավորական հանգստավայր է եղել:

***

Իսկ հիմա... 1915-ից մի տարի հետ գնանք: 1914 թվականն էր, Ղուկաս Խաչատրյանը, Իշխան գյուղի բնակիչ, բնիկ իշխանցի, 29 տարեկանում զորակոչվում է թուրքական բանակ, թողնելով ընտանիքը, բաղկացած տասը անձից, որոնցից հինգը իր զավակներն էին` երեք տղա և երկու աղջիկ:

Ընտանիքի բոլոր անդամները կարծես ջուրն էին մաղվել: Երեխաները քաշքշում էին հոր շորերից: Իսկ նա` Ղուկասը, մեկ առ մեկ համբուրեց բոլորին և ասաց, որ հավանաբար այս կռիվը երկար չի տևի, և ինքը շուտով կվերադառնա: Իսկ հետո... Կանցնի մեկ տարի: Ընտանիքը ոչ մի լուր չի ստանա նրանից, մայրը կխփի ծնկերին և կասի` ո՞ւր տարին, ի՞նչ արին, վայ մանչս, իմ մանչս...

Վրա էր հասել 1915 թվականը: Սպանդ: Ի՞նչ էր դա: Ղուկասը այդ մասին է¯է երբ էր լսելու: Իր ծնողների, կնոջ և հինգ զավակների քաշածներն ինչքան ժամանակ էին մութ մնալու նրա համար: Ցավալի է, բայց փաստ, այս ընտանիքում ևս, ինչպես և Ալմաստի, եղել է մի երեխա, որի անունը նույնպես մոռացվել է:Ուրեմն իմացեք, Եղեռնի հարվածի ուժգնությունից շատ մանուկների, պատահել է, նաև մեծերի անուններն են ջնջվել ու մոռացվել ոչ միայն եղբայրների ու քույրերի հիշողությունից, այլև փաստեր կան` նաև ծնողների:

Բռնի տեղահանությունը` տունը, գյուղը, քաղաքը կորցնելը, մի խոսքով, Հայրենիքից զրկվելը այնպիսի մի երևույթ է, կայծակի այնպիսի հուժկու հարված, ինչը ժամանակակից ընդունված տերմինով կոչվում է սթրես: Այդ հարվածը ոմանց հասցրել է խելագարության, ոմանց` ջղերի պրկման, որ ուղեկցվել է ամբողջ կյանքում կամ էլ` հիշողությունից ջնջել է արյունակցի, հարազատի պատկերն ու անունը: Այսպես ուրեմն` Ղուկաս Խաչատրյանը 1914 թ. զորակոչվեց թուրքական բանակ: Այդ թվականից ոչ ընտանիքը և ոչ Ղուկասը միմյանցից լուր չառան, մինչև... Անցնելու էին տարիներ...

***

Առաքել Պատրիկը վկայում է.

«Ալիսի հովտի մեկ ծայրեն մյուսը վառվող ծուխը կբարձրանար երկինք: Ամենքն ալ ճամփա ելած էին Ալիսին հետ, անոր գալարումներուն ու պրկումներուն մեջ փոշու ամպեր կμարձրանան որպես հեծեծմունք և կարավանը կշարժի»:

Այս անգամ Ալիսի ջուրերուն հետ ճամփա էր ընկել Խաչենց գերդաստանը: Ալիս, հայաստանյան դժբախտ գետ, որ ականատեսն էր երկու ափերի հայկական գյուղերի և Սեբաստիա` մեծ և բարգավաճ քաղաքի ավերին ու հայաթափմանը: Ալիս. Քանի՞ տարբերակով ես հայտնի, քանի՞ ձևափոխումներով: Ալիս, Ալիոս, Ալյուս, Հալիս, Լալիս... Նրան կպան և պոկ չեկան նաև թուրքական ձևերը, որոնցից մեկը բավական է համոզվելու համար, թե այդ լեզուն որքան խորթ է հնչում մեր ականջին` Գզըլըրմագ, և այլ նմանատիպ տգեղ հնչմամբ մի քանի անուններ:

Ալիս, թերևս ալ, կարմիր բառից է: Գետը սկիզբ էր առնում լեռներից, որոնք հարուստ էին երկաթահանքերով և կարմրավուն հողով: Դրանք էին պատճառը, որ ջուրը պղտոր էր, կարմրին խփող: Սեբաստիայի, ինչպես և գավառի գյուղերի հողերն այդ ջրով էին ոռոգվում: Եվ, վերջապես, որքա¯ն սիրված և տարածված էր Ալիս անունը Սեբաստիայի նահանգի հայերի մեջ, հատկապես տարագրությունից հետո:

Գետը կորցրել, անունն էին տարել իրենց հետ, ամուր պահել իրենց սրտերում և չէին ուզում բաժանվել նրանից: Ինչպես որ Բասենում շատ գործածվող մի առած է վկայում`. ջաղաչը կորցրել, չախչախը ման գուքան: Նույնն է: Երկուսն էլ հարմարվում են երկիր և այլատեսակ թանկագին կորուստներ փնտրողներին: Ալիս. հիմնականում աղջիկներին էին պարգևում այդ անունը, բայց պատահում էին դեպքեր, որ տղաներին էլ էին Ալիս կոչում: Ես ճանաչում էի մի տղամարդու` Ալիս Մարջանյան, որն աստղագետ Վիկտոր Համբարձումյանի տեխնիկական գծով օգնականն էր: Մի անգամ նրան հարցրի. Չէ՞ որ Ալիսը աղջկա անուն է:

-Ոչ, ի՞նչ եք ասում,- պատասխանեց,- Ալիսը գետ է Արևմտյան Հայաստանում, մեր կորցրած ջրառատ գետերից մեկը, ի հիշատակ որի ծնողներս ինձ Ալիս են կոչել: -Հետո ավելացրեց,- թեև մենք կարսեցի էինք:

Դա շատ շուտ էր, առնվազն չորս տասնամյակ սրանից առաջ: Այն տարիներին ո՞վ կմտածեր, որ կգա ժամանակ, երբ ես մտքով կթափառեմ Ալիսի հովտում, հոգուս խորքում կափսոսամ, որ չեմ անցել նրա տասը, տասնհինգ կամարանի կամուրջներով, չեմ այցելել նրանից ոչ հեռու գտնվող «Իշխան թագավոր» սրբավայրը, որտեղ տարվա մեջ մեկ անգամ, գարնանը, ուխտի են գալիս մոտակա գյուղերի և Սեμաստիա քաղաքի բնակիչները` մեծով ու փոքրով: Եվ այդ է, որ Ղուկասի մտքում անջնջելի էր մնացել... Ուխտը կոչվում էր «Հավթռունք»:

Թռչուններին` հավ, աքլոր, թե աղավնի, ոչ թե մորթելով էին սրբերին նվիրաբերում, այլ բաց էին թողնում ազատ բնության մեջ` թող թռչեն, երթան, ապրեն ու բազմանան, զարդարեն մեր կանաչ, ծաղկուն հանդերը, ձորերն ու գետափերը: Ղուկաս հայրիկը զատիկի կամ մեկ այլ կրոնական տոնի ժամանակ հիշում էր «Հավթռունքը»: Նա ձեռքի մի շարժում ուներ, մատները խաղացնելով ափը բարձրացնում էր վեր, իբր` թռեք, գնացեք, ապրեք... Ղուկասը խուսափում էր հավ մորթելուց: Չէ՞ որ կես դար առաջ մեր խանութներում մորթած,  մաքրած հավեր չէին վաճառում: Եվ մենք, օրինակ, կրակն էինք ընկնում:

Հավի ոտքերից բռնած, դուրս էինք գալիս μակ, մի «սրտոտ» տղամարդու փնտրում... Թերևս «Հավթռո՞ւնքն» էր պատճառը: Ուխտատեղին ժայռափոր անձավ էր, կենտրոնում սեղանաձև մեծ ժայռաբեկոր կար, որի վրա էին մոմերը վառում և խունկ ծխում: Չենք տեսել: Ափսոս: Մեր Հայրենիքից ինչքան բան չե’նք տեսել: Սակայն լավ է, որ գոնե լսել ենք կամ կարդացել: Եվ հիմա մտքով ես այնտեղ եմ, մեր կորցրած հարազատ հողի փոքր պատառիկներն եմ հանձնում թղթին: Դա ինձ որքան որ բավականություն, նույնքան էլ ցավ է պատճառում:

Եվ ասեմ քեզ, Ղուկաս հայրիկ, լավ էր, որ դու չիմացար, թե Խաչենց գերդաստանի տարբեր ճյուղերը և մյուս բոլոր իշխանցիք, երբ եկան հասան Եփրատի ճյուղերից Թոխմա գետի ափը... Այնտեղ քառասունաչքանի կամուրջ կար` Սվազ-Մալաթիա գիծը կապող, մինչև այդտեղ և դրանից հետո ինչպես մարդաթափ եղան... Համարյա թե աշնան տերևաթափի նման... Թե՞ ես խոսում եմ ընթերցողի հետ, կրկնելով մի μառ` չմոռանաս, չմոռանաս...

***

Մի անգամ Ղուկաս հայրիկին հարցրի.

-Ձեր` Իշխանի գյուղում, μացի հողը մշակելուց և անասնապահությունից, ուրիշ ի՞նչ զբաղմունք ունեիք:

Դեմքին ժպիտ երևաց, ուրախացավ ինչպես մի լավ բան հիշելիս, ասաց.

-Մեր գյուղի մոտ գիտե՞ս ինչքան աղ կար: Չոր աղ չէր, աղի աղբյուրներ էին:

-Այդ աղբյուրները որտեղի՞ց էին բխում:

-Մեր սարերից ու ձորերից, որտեղի՞ց: Տան աղը երբ կվերջանար, մեր կանայք կժերով աղջուր կբերեին ճաշ եփելու, հաց թխելու համար, մինչև տղամարդը չոր աղը հասցներ:

-Ափսոս, -ասացի,- ինչ կար-չկար ձեռքից տվել ենք:

Տեսա, որ տրամադրությունը փոխվեց, հարցրի.

-Աղաջրից ինչպե՞ս էիք չոր աղ ստանում:

Պատմեց.

– Աղի գործն ամառներն էր սկսվում, տաք ժամանակ, մինչև սեպտեմբեր: Հարմար տեղերում ավազաններ էինք շինում, աղջուրն առվակներով հոսեցնում այնտեղ: Լեռներից, ժայռերի արանքից էր բխում, գալիս ու գալիս էր... Տասը, տասնհինգ օր աղաջուրը մնում էր արևի տակ: Ջուրը պետք է գոլորշիանար: Աղը նստում էր տակը, մաքուր, սպիտակ...

– Իսկ տարվա մյուս ամիսներին աղջուրն ի՞նչ էր լինում:

– Հոսում կորչում էր, – ասաց:

– Ափսոս, հիմա որ լիներ...

***

Իշխան, որ ավելի հաճախ Իշխանի է կոչվել: Նաև`Իշխանիկ: Անունները նույնիսկ խոսում են այն մասին, թե բնակիչները որքան են սիրել իրենց հնադարյան բնակատեղին: Բայց գիտե՞ք, թե որքան հիշարժան վայրեր ուներ: Թվեմ: Բորի ջերմուկ, Սոխտա Պողանի Բուռ, Բերդընկալի քար, Ծաղկաչայիր, Ծակ քար, Մենծ դուռ, Արեգին քար, Աղ Ծով, Քար կյյած տևէ... Վերջինիս հետ կապված ավանդությունը վկայում է.

Ուղտապանն իր քարավանով անցնելիս է լինում, սաստիկ ծարավում է, աղոթում է Աստծուն, ասելով.

– Տեր, եթե ջուր բխեցնես այս ժայռերեն, ուղտերիցս մեկը քեզի կզոհաբերեմ:

Ինչ կասեք` հրաշք է կատարվում, ջուրը բխում է, սակայն ուղտապանը, ծարավն հագեցնելուց հետո, մի ուղտ զոհաբերելու փոխարեն քարի վրա մի տգեղ միջատ է ճզմում: Այդ ժամանակ ձայն է լսվում.

«Անիծյալ լինես», և իսկույն ուղտապանն իր ուղտերով քարանում է:

Այդտեղից էլ` «քար կյյած տևէ»... Այդտեղից էլ` եթե երբևէ մենք անցնենք այդ տեղով, կտեսնենք քար դարձած ուղտերի քարավանը: Ասեմ նաև` Բասենում էլ, իմ ծնողների հայրենիքում, մի ճանապարհ կար, որ կոչվում էր Դավա բոյնու, այսինքն` ուղտի վիզ: Հարցնում էի. Ինչո՞ւ ուղտի վիզ: Մայրս ասում էր. դե գիտես, մերը ժայռոտ ու լեռնոտ երկիր էր: Նայում էիր էդ ժայռերին ու քեզ թվում էր, թե մարդու ձեռքով շինած արձաններ են: Մի տեղ էլ կար` իրար ետևից ուղտեր էին շարված, քարից, կլոր վզերով: Խոսքն ընդհատում է, հարցնում.

– Դու ուղտ տեսած կա՞ս:

– Այո, տեսել եմ:

– Որ տեսել ես, էլ ի՞նչ ես հարցնում` գլուխները բարձր, վիզները երկար, աստիճանաբար կլորանում է: Ու էդպես քարացել, մնացել էին: Դժվար ճամփա էր, հարամիքը շատ էին: Մեր գյուղի տղամարդիկ մենակ չէին գնում, գրպաններում էլ անպայման դանակ կամ մաուզեր պետք է լիներ:

– Մաուզե՞ր:

– Հա, մեր տղամարդկանց մոտ մաուզեր կար... Է, որտեղից` ուր: Քիչ առաջ Սեբաստիայի գավառում էինք, հիմա անցանք Բասեն: Հենց միայն անունները ձգում են ու կանչում: Ուզում ես խոսել, սրտի հովանք է, կրկնել այդ անունները, որ մինչև մահ գերեզման ուղեկցելու են քեզ:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter