HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բժշկական կենտրոնը պարզաբանում է

Ալավերդու բժշկական կենտրոնը պարզաբանում է ուղարկել «Հետքի» խմբագրություն մարտի 6-ին հրապարակված «Քաղցկեղային և նախաքաղցկեղային հիվանդությունների շարունակական աճ Ալավերդիում. թվերը սարսափելի են» հոդվածի կապակցությամբ: Ստորեւ` պարզաբանումն ամբողջությամբ:

«Hetq.am կայքում 2015թ. մարտի 6-ին Լարիսա Փարեմուզյանի «Քաղցկեղային և նախաքաղցկեղային հիվանդությունների շարունակական աճ Ալավերդիում. թվերը սարսափելի են» հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ թղթակցի կողմից եղել են սխալ մեկնաբանություններ: Ալավերդի քաղաքում բնակվող 8394 կնոջից հետազոտվել է 550-ը, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Իրականացված նախնական սկրինինգների, ուղղակի դիմումների ձևով այցելած կանանց մոտ հայտնաբերված չնչին փոփոխությունների ու բողոքների դեպքում նրանք լրացուցիչ ենթարկվել են համապատասխան գործիքային հետազոտությունների:Արձանագրված փոփոխությունների զգալի մասը ոչ թե հիվանդություններ են, այլ տարիքային և կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի հետ կապված փոփոխություններ են: Օրինակ` արձանագրվել է դիֆուզ-ֆիբրոզ մաստոպաթիաների և դիֆուզ-գեղձային փոփոխությունների 299 դեպք, որից 180-ը՝ 50-65 տարեկան կանանց շրջանում: Նորմայի սահմաններում կանանց թիվը եղել է 85-ը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաստոպաթիան կնոջ մոտ նախաքաղցկեղային վիճակ չէ: Արդեն տարիներ շարունակ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող չափորոշիչների համապատասխան անհրաժեշտ հետազոտություններ են իրականացվում ոչ միայն նորագոյացությունների, այլև մի շարք այլ հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման նպատակով: Իսկ իրականացված լրացուցիչ հետազոտության ժամանակ հայտնաբերված կրծքագեղձի 8 չարորակ նորագոյացություններից միայն մեկ կնոջ մոտ է եղել համեմատաբար ուշացած դեպք: Փաստորեն, «Ալավերդի համայնքի 2015թ. բնական միջավայրի պահպանման ու բնակչության առողջության վերականգնման» ծրագրով առաջին անգամ կանանց շրջանում իրականացված բժշկական հետազոտությունների շնորհիվ հնարավոր եղավ քաղցկեղը վաղ հայտնաբերել: «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ուռուցքաբանական կաբինետում 2014թ. գրանցվել է չարորակ նորագոյացությունների ոչ թե 733 դեպք, այլ՝ ընդամենը 110 առաջնակի հիվանդներ: Դիսպանսեր հսկողության տակ է եղել 594 հիվանդ: Տարիներ շարունակ առաջնակի հիվանդների թիվը եղել է 110-120: Հաշվառման մեջ գտնվող հիվանդների թվի «աճը» ոչ թե հետևանք է հիվանդների թվի փաստացի ավելացման, այլ հիվանդության վաղաժամ հայտնաբերման ու ժամանակին իրականացված բուժման արդյունքում հիվանդների կյանքի տևողության երկարացման:

Տնօրեն` Ս. Մոսինյան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter