HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ո՞ւմ համար է եկամուտ ապահովելու Մեծամորի համայնքապետարանի հայտարարած աճուրդը

Մեծամոր գյուղական համայնքում ապրիլի 3-ին արդեն երրորդ անգամ աճուրդի էր դրվել համայնքապետարանի ծառայողական` 2005թ. արտադրության 08 UO 12 պետհամարանիշի ՎԱԶ 21150-199 մարդատար մեքենան: Չնայած բավականին գայթակղիչ գնային առաջարկին` վաճառքի մեկնարկային գին էր սահմանվել 384,000 դրամը, ինչպես պարզվեց համայնքապետարանի աշխատակիցների հետ զրույցից, հայտատուներ չէին եղել ոչ այդ օրվա, ոչ էլ դրան նախորդող երկու աճուրդների ժամանակ:

Էջմիածին քաղաքում գործող անշարժ գույքի գնահատման «Արագիլ» ՍՊԸ-ն Մեծամորի համայնքապետարանի պատվերով 2014թ·-ի նոյեմբերի 27-ին մեքենայի շուկայական գնահատում է կատարել եւ 10 տարվա արտադրության ավտոմեքենան գնահատել է 600,000 դրամ: http://www.auto.am/ կայքում նշված մակնիշի, 2005թ·-ի, նույնիսկ 2004թ· արտադրության ավտոմեքենաների արժեքը 2,5-3 անգամ ավել է գնահատված: Տվյալ դեպքում, գնահատողի անաչառությանը կասկածելու իրավունք չենք վերապահում մեզ, քանի որ ավտոմեքենան տեսնել չհաջողվեց: Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գրիգորյանի ասելով՝ «կարծեմ գյուղապետի տան բակում է կանգնեցված», իսկ գյուղապետ Էդվարդ Միրզոյանը գյուղում չէր: Սակայն «Հայաստանի հանրապետություն» օրաթերթի փետրվարի 4-ի համարում հրապարկված աճուրդի մասին հայտարության մեջ նշված է· «Լոտը գտնվում է նորմալ վիճակում ···»:

Աճուրդի կազմակերպիչը՝ Մեծամորի համայնքապետարանը, մեքենան  աճուրդով վաճառելու մասին հայտարարել էր 2015թ. հունվարի սկզբներին: Անահիտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ աճուրդին մասնակցելու հայտեր չէին ներկայացվել: 2015թ. հունվարի 20-ին, համայնքի ղեկավարը որոշում է կայացրել համայնքի սեփականություն հանդիսացող ծառայողական մեքենայի համար հայտարարված աճուրդը համարել չկայացած:

Որոշման մեջ կրկնակի աճուրդ-վաճառք հայտարարելու եւ կրկնաճուրդի ժամանակ մեկնարկային արժեքից 20% նվազեցնելու մասին ոչինչ չի ասվում, ինչը նախատեսված է Կառավարության 13 հունիսի 2003 թվականի N 882-Ն՝ հիմնարկներին եւ կազմակերպություններին ամրացված գույքի օտարման մասին որոշման 19 կետով·  «Գույքը չվաճառվելու դեպքում այն ներկայացվում է նոր աճուրդի (մրցույթի), եթե օտարման մասին որոշմամբ նման բան նախատեսված է, որի ժամանակ գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը նվազում է օտարման մասին որոշմամբ հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ սահմանված չափով, իսկ այդպիսի չափ սահմանված չլինելու դեպքում` վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 20 տոկոսի չափով»:

Ամեն դեպքում, այս տարվա մարտի 3-ին հայտարարված կրկնաճուրդի ժամանակ ավտոմեքայի մեկնարկային արժեքը 20%-ով նվազեցվել էր` 600,000-ից իջեցնելով 480,000-ի: Ապրիլի 3-ին հայտարարված երրորդ աճուրդում մեքենայի մեկնարկային գինը դարձյալ նվազեցվել էր 20%-ով եւ վաճառքի գին էր հայտարարվել 384,000 դրամը: Սակայն աճուրդներից ոչ մեկի ժամանակ, ինչպես տեղեկացրին մեզ համայնքապետարանում,  մասնակցության հայտեր չէին գրանցվել: 

Մեր հարցին, թե գյուղի բնակիչները տեղյա՞կ էին համայնքապետարանի ծառայողական մեքենան վաճառելու մասին, աշխատակազմի քարտուղարը պատասխանեց, որ այդ մեքենան ճանաչողները չէին գնի, այն օգտագործման համար պիտանի չէ: Բավարար իրազեկում ապահովե՞լ են աճուրդի մասին, մեր հաջորդ հարցին, Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը հայտնեց, որ  աճուրդի մասին հայտարարությունը հրապարակել են «Հայաստանի հանրապետություն» օրաթերթում եւ azdarar.am-ում: Օրաթերթում հայտարարությանը ծանոթացել էինք, սակայն նշված կայքում այդ մասին հայտարարություն չի տեղադրվել:

Համայնքի վարչական շենքի առջեւ տեղադրված ցուցատախտակին, որը համայնքի բնակչությանն իրազեկելու լավագույն միջոցն է, նույնպես հայտարարություն չէր փակցվել: Փոխարենը փակցված էր մասնավոր անձի տան վաճառքի մասին հայտարարությունը, ինչը նշանակում է, որ ցուցատախտակն, իբրեւ տեղեկատվական գործիք, կիրառելի եւ ընդունելի է համայնքի բնակչության շրջանում:

Թե ինչ է լինելու մեքենայի ճակատագիրը, Անահիտ Գրիգորյանի ասելով՝ քանի որ մեքենան որպես լոտ չվաճառվեց, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը աճուրդային հանձնաժողովը կհավաքվի եւ արձանագրություն կկազմի մեքենան խոտանելու մասին: Այժմ խոտանված մեքենան մաս-մաս կվաճառվի՝ իբրեւ պահեստամաս:

Նշենք, որ մեքենան խոտանելու մտադրությունն ավելի վաղ է եղել: Գործում առկա է համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած հանձնաժողովի դեռեւս 2014թ. օգոսոտոսի ուսումասիության արդյունքում կազմված արձանագրությունը, որում նշվում է· «Ուումնասիրությունից պարզվեց, որ նշված մեքենան պիտանի չէ հետագա օգտագործման եւ ենթակա է դուրս գրման»: Հանձնաժողովի անդամները համայնքապետարանի աշխատակիցներն են:

Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու հիմնական նպատակը գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին համայնքային բյուջեում եկամուտներ ապահովելն ու ավելացնելն է։ Այսպիսի աճուրդներ «կազմակերպելով», արդյոք, Մեծամորի համայնքապետարանն ա՞յդ նպատակն է հետապնդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter