
Ալավերդիում մկնդեղի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 28.6-50.4 անգամ
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտադրության հետևանքով առաջացած խարամի (սև ավազի տեսք ունեցող, ժողովրդakan լեզվով՝ «շլակի») թափոնակույտերի կարելի է հանդիպել Ալավերդու ներհամայնքային և շրջակա համայնքներ գնացող բոլոր ճանապարհների եզրերին, շենքերի և դպրոցների բակերում, Դեբեդի ափերին: Խարամի օգնությամբ ձմռանը երթևեկելի են դարձվում ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհները, իսկ գերեզմանատներում այն օգտագործվում է անցանկալի խոտածածկույթը ոչնչացնելու և մոլախոտերի աճը կանխելու համար:
«Արմենիան Քափըր փրոգրամ» ընկերությունում դժվար թե տեղյակ չեն խարամի վտանգներին: Այսուհանդերձ, ընկերությունը, օգտվելով բնակչության անտեղյակությունից, տարիներ շարունակ պղնձաձուլական գործարանում պղնձի արտադրության ընթացքում առաջացող խարամը համայնքից հեռացնելու և դրա վտանգներից բնակչությանը զերծ պահելու փոխարեն, այն պահեստավորել է գործարանի նախկին էլեկտրոլիզի արտադրամասի մասնաշենքում և բակում: Կամ կուտակում է Դեբեդ գետի ափինեւ ժամանակ առ ժամանակ էքսկավատորով այն լցնում գետը:
Էլեկտրոլիզի մասնաշենքում բաց վիճակում թափված խարամը քամիների միջոցով տարածվում է մասնավորապես Ալավերդու Էնգելս թաղամասի վրա, իսկ անձրևաջրերի հետ հոսում է Դեբեդ գետը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնը Ամերիկյան Բլեքսմիթ ինստիտուտի հետ 2013թ. հետազոտելով Ալավերդու բնապահպանական և առողջապահական ռիսկերը` հայտնել է, որ խարամը (շլակը) պարունակում է խիստ բարձր քանակով ծանր մետաղներ և չափազանց վտանգավոր է համայնքի բնակիչների, հատկապես՝ երեխաների առողջության համար:
«Մեր հետազոտության ընթացքում ստուգել ենք խարամի չորս նմուշներ, որի արդյունքում հայտնաբերել ենք, որ բոլոր նմուշներում կապարի քանակի առավելագույն խտությունը գերազանցել է 2.4-2.5 անգամ, արսենի (մկնդեղի) առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 28.6-50.4 անգամ, քրոմի քանակի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 15.5-94.7 անգամ»,-հայտնել է Ամերիկյան համալսարանի կենտրոնը: Ելնելով այս հետազոտության և միջազգային գրականության արդյունքներից՝ համալսարանի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնը դեռ 2013թ. առաջարկել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խարամը Ալավերդի համայնքից հեռացնելու և մեկուսացնելու համար, ինչպես նաև առաջարկել է արգելել խարամի հետագա օգտագործումը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել