
Սփյուռքահայ գործարարն ասում է, որ կփակի կոմբինատը, եթե իրենց տուգանեն
Մարինե Մարտիրոսյան
Վահե Սարուխանյան
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը անցյալ տարի մի շարք խոշոր ընկերությունների դեմ լրացուցիչ վճարման ենթակա գումարների ակտեր էր կազմել: Դրանցից մեկը` 3,8 մլրդ դրամի չափով (մոտ 9,5 մլն դոլար), «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի վերաբերյալ էր: Վերջինս շահագործում է Կապանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը: Ընկերությունն իր դեմ կայացված ակտը վիճարկել է վարչական դատարանում: Գլխավոր տնօրեն, կանադահայ Հրաչ Ջաբրայանը անցյալ տարի հայտնեց, որ խնդրի շուրջ փորձել է հանդիպել ֆինանսների նախարարին, սակայն չի ստացվել, այդուհանդերձ, մտադիր է հարցը քննարկել երկրի նախագահի հետ: «Հետքի» հարցազրույցը Հրաչ Ջաբրայանի հետ այս եւ այլ հարցերի շուրջ է:
-Պարոն Ջաբրայան, ի՞նչ ընթացքում է Ձեր կոմբինատին ներկայացված 3,8 մլրդ դրամ պարտավորության դատական գործընթացը: datalex.am տեղեկատվական համակարգի համաձայն` վարչական դատարանում դեռ նախնական նիստեր են, չնայած գործը վարույթ է ընդունվել անցյալ տարվա հոկտեմբերին: Ինչու՞ է դատը ձգձգվում:
-Ես չեմ մասնակցել որեւէ դատական նիստի: Մեր փաստաբանների տեղեկացմամբ` հետաձգման պահանջը եղել է ֆինանսների նախարարության կողմից: Բայց գիտեմ, որ մայիսին կսկսվի դատաքննությունը:
-Այսինքն` հետ չեք կանգնել Ձեր պահանջից:
-Ինչու՞ պիտի կանգնեմ: Կասկած ունեցողը թող հետ կանգնի: Չեմ կարծում, թե Հայաստանում իմ չափ նպատակասլաց մարդ կա: Ես երբեք հետ չեմ կանգնել որեւէ բանից, ոչ էլ այս պահին հետ կկանգնեմ:
-Պարզեցի՞ք, թե կոնկրետ ինչ պատճառով է ծագել լրացուցիչ պարտավորությունը:
-Այո, մանրամասնությունններից տեղյակ եմ, բայց դրանք արծարծելն այս պահին ճիշտ չի լինի, քանի որ դատական պրոցես է սկսել: Սակայն այդ գումարից մոտ 4 մլն դոլարը տոկոսներ են:
-Ստացվե՞ց հանդիպել նախագահի հետ:
-Հանդիպել եմ նախագահի հետ, երեք անգամ` վարչապետի հետ, հանդիպել եմ նախարար Խաչատրյանին, Զախարյանին, Ճշմարիտյանին, մեր սեփականատիրոջը, Կանադայի պաշտպանության նախարարին, Կանադայի վարչապետին: Հստակ իմ տեսակետն եմ փոխանցել, որ այս ակտն անարդար է: Դատարանը պիտի որ արդար որոշում կայացնի, ու մենք հստակ հաղթելու ենք: Իսկ զրույցների մանրամասները կնախընտրեի, որ մամուլում չլինեին: Կարծում եմ` այդպես ճիշտ է:
-Բայց զրույցների ընթացքում դրական ակնկալիք ունեցա՞ք առ այն, որ նրանք ըմբռնումով են մոտեցել Ձեր տեսակետին:
-Ըմբռնումով մոտենալը միշտ եղել է: Ես միշտ ասել եմ, որ քաղաքական գործիչ չեմ, բայց երկրի նախագահն ինձ միշտ շատ լավ է ընդունել: Նույնը կարող եմ ասել վարչապետի մասին: Երբեք չի պատահել, որ դիմեմ իրենց, ու ինձ չընդունեն: Բայց չեմ ուզում բիզնեսը խառնել անձնական հարաբերություններին: Բազմիցս ասել եմ` եթե իսկապես սխալ ենք արել, պիտի այդ գումարը վճարենք, բայց ես հազար տոկոս վստահ եմ, որ նման բան չենք արել: Սակայն եթե ինչ-որ մի բան էլ արել ենք, այսպիսի գումարների չի հասնելու: Դա հաստատում եմ: Իրենք սրտացավ մոտեցել են իրավիճակին, բայց որպես երկրի ղեկավարներ, կարծում եմ, ճիշտ են անում, որ թողնում են` նորմալ պրոցեսով գնա հարցը:
Այստեղ ցավալին այն է, որ Հայաստանում որոշ նախարարություններ բիզնես-էթիկայի մոտեցում չունեն: Եթե ես լինեի ֆինանսների նախարարն ու տուգանելու լինեի երկրի ամենահզոր ընկերություններից մեկին, նախքան դա կզանգեի գլխավոր տնօրենին ու կասեի` պարոն Ջաբրայան, համեցեք, զրուցելու հարց կա, կտեղեկացնեի, կզգուշացնեի, որ հայտնաբերել ենք, ու այսպես է լինելու: Եվ ոչ թե այնպես, որ ես բազմիցս դիմեմ նախարարին, ու ինձ չընդունի: Բայց երբ վարչապետը զանգի ու ասի` Խաչատրյան, պարոն Ջաբրայանը ինձ մոտ նստած է, ուղարկում եմ Ձեզ մոտ, ընդունեք այս պահին, նախարարը հանդիպի ինձ: Ինձ համար ավելի հեշտ է հանդիպել երկրի նախագահին, վարչապետին, քան Գագիկ Խաչատրյանին: Դա անընդունելի է: Իմ զրույցը նախագահի ու վարչապետի հետ շատ ավելի արդյունավետ էր, քան նախարարի հետ: Եթե իմ ամենահասարակ բանվորը դիմի ինձ` հանդիպելու համար, կընդունեմ, չեմ ասում, թե դու հասարակ բանվոր ես, ես գլխավոր տնօրեն եմ, դու աղքատ ես, ես հարուստ եմ, չէ: Այսօր նույն այդ աշխատաոճը սպասում եմ նախագահից, վարչապետից, նախարարից:
-Մի շարք այլ կոմբինատներում եւս ֆիննախը լրացուցիչ չկատարված պարտավորություններ էր գտել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ախթալայում: Ու նշվում էր, որ խնդիրը ռոյալթիների հաշվարկման մեջ է:
-Հաշվարկման խնդիրն առաջանում է կառավարության ոչ հստակ մոտեցումից: 2012-ի հունվարին ռոյալթիների հաշվարկը փոխվեց: Այն իրականացվում է կառավարության տված բանաձեւով: Ես հանդիպել եմ տարբեր հանքարդյունաբերողների տնօրենների հետ, նրանցից ոչ մեկը պատրաստ չէ այլ ձեւով ռոյալթի վճարել, որովհետեւ անհնար է, որովհետեւ 10 հանքից 7-8-ը փակվելու է: Եթե նոր հաշվարկով պիտի լինի, առաջին փակողը ես կլինեմ: Ես չեմ կարող իմ վաճառքի 50 տոկոսը կառավարությանը վճարեմ. էլեկտրաէներգիան, աշխատավարձը, առօրյա ծախսերն ո՞վ պիտի վճարի: Ես պիտի անեմ:
ԶՊՄԿ-ի հետ ուղիղ զրույց չեմ ունեցել: Միայն պարոն Մաշադյանի (Ռաֆիկ Մաշադյան` ՖՆ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ- հեղ.) հայտարարությունը լսեցի, որ ԶՊՄԿ-ն համաձայնել է ու 10 մլրդ դրամ վճարել է: Եթե այդպես է, շնորհավորում եմ: Եթե ես էլ հսկայական վաճառքներ ու գերշահեր ունենայի, ես էլ պատրաստակամ կլինեի վճարել: Պիտի ընդունենք, որ Հայաստանի հանքարդյունաբերող ընկերությունների մեջ ԶՊՄԿ-ն մեկն է: Հզորությամբ, արտադրությամբ, վաճառքով Հայաստանում ոչ մեկ չի կարող մրցել Քաջարանի կոմբինատի հետ: Դա վատ չէ, շատ լավ է, բայցեւայնպես, եթե իրենք համաձայն են, չի նշանակում, որ մենք էլ պիտի համաձայնենք: Իրականությունն այն է, որ եթե իրենց պահանջով նոր գերավճարներ պիտի վճարենք, ստիպված կլինենք փակել հիմնարկը:
-Նախագահին, վարչապետին ասե՞լ եք, որ եթե իրավիճակն այսպիսին է, Դուք հստակ դիրքորոշում ունեք` փակել կոմբինատը:
-Վարչապետին հստակ ասել եմ, որ եթե այս 3,8 մլրդ-ը պիտի բռնագանձեն մեզնից ու նոր ռոյալթիներ պիտի հաշվարկեն, ես կփակեմ հիմնարկը: Նույնը ասել եմ ֆինանսների, էներգետիկայի նախարարներին: Սա ոչ շանտաժ է, ոչ էլ սպառնալիք, բիզնեսի որոշում է: Շահույթը պիտի համաչափ լինի ներդրմանը, արդարացնի այն: Այստեղ տարեկան ծախսում եմ 45-48 մլն դոլար, եթե իմ եկամուտը գոնե 60-70 մլն չլինի, ներդրումը չի արդարացվի: Իսկ անցյալ տարի մեր եկամուտը եղել է 38,5 մլն դոլար, ծախսը` 60 մլն դոլար, քանի որ մեծ ներդրումներ ենք արել: 2013-ին եկամուտը եղել է 44,5 մլն դոլար, իսկ դրանից առաջ` 74 մլն, որովհետեւ պղնձի ու ոսկու միջազգային գները շատ ավելի բարձր էին այդ ժամանակ:
Ոսկու գինը 29 տոկոս անկում է ունեցել 2012-ի դեկտեմբերից մինչ օրս, բայց մենք ոչ մի կրճատում չենք արել: Իսկ աշխատավարձերը 2011-ից մինչեւ հիմա բարձրացել են 38 տոկոսով:
-Իսկ ինչպիսի՞ն էր վարչապետի դիրքորոշումը:
-Բնականաբար, մտահոգ էր: Վարչապետը, իմ կարծիքով, հասկանում է ներկա իրավիճակը: Բայց մինչեւ մարդու կոշիկների մեջ չքայլես, չես կարող իմանալ նրա մոտեցումը, դրա համար չեմ ուզում մարդկանց քննադատել, մինչեւ չհասկանամ նրանց դիրքորոշումը: Կարծում եմ` նախագահն ու վարչապետը լուրջ մտահոգված են այս հարցով: Վերջին 3 տարիներին «Դանդին» վճարել է 45 մլն դոլար հարկ: Այսօր եթե «Դանդին» փակվի, ոչ ոք չի վճարելու այդ գումարը: Մենք տարեկան վճարում ենք մոտ 10 մլն դոլար աշխատավարձ, որ նույնպես վճարող չի լինելու: Այս հիմնարկին տարեկան 17-20 մլն դոլար կապիտալ ներդրում է պետք: Իսկապես հավատում եմ, որ շատ լավ է լինելու: Վարչապետին ասել եմ` թողեք աշխատենք, մինչեւ 2018 թ. այս հանքը հասցնելու եմ ոչ միայն միջազգային ստանդարտների, այլեւ գերազանցելու դրանք: Լավատես եմ:
-Որքա՞ն է նվազագույն աշխատավարձը:
-Նվազագույն աշխատավարձ ստանում են հավաքարարները` 100.000 դրամ (հարկերը ներառյալ, այսինքն` սա «կեղտոտ» աշխատավարձն է- հեղ.): Բարձագույնը շատ բարձր է: Միջին աշխատավարձը 257.000 է (հարկերը ներառյալ):
-Վերջերս արտադրամասեր փակվե՞լ են:
-Ոչ: Իմ` այստեղ գալու օրվանից ունեցել ենք 1200 աշխատակից, նպատակ ունենք մինչեւ տարեվերջ ավելացնել 65-ով, քանի որ որոշ բարելավումներ պիտի անենք հանքում, ու աշխատողների կարիք ունենք: Կարող է ներքին փոփոխություններ լինեն. մի բաժինը փակենք, բայց մարդկանց տանենք մեկ այլ բաժին: Այդպիսի փոփոխություններ եղել են, ու շարունակում եմ անել: Օրինակ` անցյալ տարի փակեցի տրանսպորտի բաժինը: Մենք հանքարդյունաբերող ընկերություն ենք, ի՞նչ գործ ունենք ավտոտրանսպորտի հետ: Նույն սերվիսը հիմա էլ մատուցում ենք մեր աշխատողներին, անվճար տանում-բերում ենք, բայց մենք չենք իրականացնում: Ժամանակ էինք վատնում, մտահոգվում էինք, թե ինչքան դիզել են գողանում, պահեստամասեր էինք փոխում:
-Երեկ իմացանք, որ շինվերանորոգման արտադրամասը փակել եք:
-Այդտեղ մենք ունեինք 19 աշխատակից: Որոշեցի, որ այդ բաժինը ոչ մի բան չի բերում մեր հիմնարկին: Բոլոր աշխատողներին առաջարկվելու է աշխատանք այլ բաժիններում, մինիմում նույն` 140.000-150.000 աշխատավարձով (հարկերը ներառյալ) կամ ավելի բարձր:
-Իսկ ինչպե՞ս եք լուծելու շինվերանորոգման խնդիրները:
-Դա մեր խնդիրն է, մենք կլուծենք: Ես ինչի՞ բաժին պահեմ, որ տարին երկու ամիս աշխատում է, տաս ամիս չի աշխատում: Մեզ ձեռնտու չէ: Եթե գլխավոր տնօրենը տաժանակիր աշխատում է, թող բանվորն էլ աշխատի: Որեւէ մեկը ծուլություն չպիտի անի այս հիմնարկում: Ես ասել եմ, որ իմ նպատակը մարդ կրճատելը չէ, այլ հիմնարկն արդյունավետ աշխատեցնելը:
-ԶՊՄԿ-ի ադմինիստրատիվ տնօրեն Վահե Հակոբյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ իրենց հաստիքակազմն ամբողջությամբ հագեցած է: Ինչո՞վ է պայմանավորված, որ Ձեր կոմբինատում ազատ տեղեր կան:
-Շատ բան է փոխվել վերջին 4 տարում այստեղ: Նոր տեխնիկայի, աշխատաոճի փոփոխության հետեւանքով նոր կադրերի պահանջ ունենք: Դրա համար ասում եմ, որ տակավին 65 հոգու կարիք ունենք: Բայց ոչ մեկից չեմ ընդունում, որ աշխատանքի ընդունվելիս ասում են` միայն ցերեկային հերթափոխ թող լինի, հանքում չեմ ուզում աշխատեմ, մինիմում 200.000 աշխատավարձ թող լինի եւ այլն: Նման մարդկանց կարիք ես չունեմ:
-Փաստորեն, 30-40.000 բնակչություն ունեցող քաղաքում 65 հոգի գտնելը խնդիր է դարձել:
-Անկեղծ եմ ասում` լուրջ խնդիր է: Չգիտեմ` ժողովրդի մի մասը չի ուզում աշխատի, մի մասը գուցե վախենում է իմ խստությունից, որովհետեւ իսկապես շատ խիստ եմ: Բայց դրա համար էլ հիմնարկը հիասքանչ արդյունքներ է տալիս վերջին 6 ամսում: Իսկապես դժվար է լուրջ կադրեր գտնել, որոնք պատրաստակամ են աշխատելու:
-Բայց, պարոն Ջաբրայան, 70-80.000 դրամով որեւէ երիտասարդ այսօր չի կարող աշխատել, Դուք էլ գիտեք, թե ինչ գներ ու թանկացումներ են:
-Մեզ մոտ 70.000 դրամ աշխատավարձ ստացող չկա: Ամենացածրը ստանում է հավաքարարը` 100-110.000 դրամ (շեշտենք, որ սա «կեղտոտ» աշխատավարձն է, որից պիտի հանվեն հարկերը- հեղ.): Հանքում աշխատող բանվորը փորձարարության շրջանում մինիմում ստանում է 150.000, իսկ եթե դառնա մեքենավար եւ այլն, մինիմումը` 215.000: Այսօր բանվոր ունեմ, որ ամեն ամիս ստանում է 1,5 մլն դրամ: Պրակտիկանտներին` intern-ներին, որ 2-3 ամսով են գալիս, 80.000 ենք տալիս: Քաղաքապետն ինձ ասում է` Հրաչ ջան, աշխատավարձերը ձեզ մոտ այնքան լավ են, ես չեմ կարողանում հավաքարար ճարեմ: Եթե որեւէ ընկերություն ինձնից շատ աշխատավարձ է տալիս, ես հրավիրում եմ բոլորին գնալ այդտեղ աշխատել:
-Ձեր նախկին ինտենսիվ այցերը համայնքային տարբեր հաստատություններ ու սոցիալական ծրագրերը կարծես չկան: Սա որեւէ կերպ կապվա՞ծ է միջազգային շուկայում մետաղի գների անկմամբ:
-2010-ին մեր սոցիալական փաթեթը կազմել է 111 մլն դրամ, 2011-ին` 136 մլն, 2012-ին` 196 մլն, 2013-ին` 180 մլն, 2014-ին` 180 մլն: Մինչեւ այս տարվա վերջ գումարը նույնանման կլինի: Ժողովուրդը վարժվել է Հրաչ Ջաբրայանին ամեն անգամ մի մանկապարտեզում, դպրոցում տեսնել: Այս մի քանի ամիսը քանի որ շատ զբաղված եմ եղել, չեմ կարողացել ժամանակ տրամադրել: Ներդրումները բացարձակապես չեն նվազել: Օրինակ` Ցեղասպանության հիշատակման միջոցառումների համար քաղաքապետարանին 3 մլն դրամ ենք փոխանցել: Վաղը միջոցառում է լինելու, որում հայտարարելու եմ նոր ծրագրերի մասին, թե ինչի վրա պիտի կենտրոնանք, որքան գումար պիտի ներդնենք առաջիկա ամիսներին: Ծրագրերի նվազեցում ընդհանրապես չկա, բայց, բնականաբար, եթե ֆիննախի հետ հարցը չլուծվի, մեր մոտեցումը կփոխվի, որովհետեւ չեմ կարող եւ 10 մլն դոլար տուգանք վճարեմ, եւ հիմնարկ աշխատեցնեմ, եւ սոցիալական ներդրումները շարունակեմ: Եթե պիտի անշնորհակալ լինեն ոչ պարտավորված սոցիալական ծրագրերին, չեմ անի: Սակայն կարծում եմ, որ լավ է լինելու, եւ եթե հնարավորությունները մեծանան, սոցիալական ծրագրերն էլ կշատանան:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել