HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայկական կապի գաղտնիքները-2

(սկիզբը)

Տեղական եւ ԱՊՀ-ի հետ կապը կոմպյուտերացված է: Իսկ արտասահմանի հետ կապը չի արվում, չնայած ամեն ինչ կա՝ սարքավորումները բերվել են վաղուց: Մինչեւ օրս միջազգային խոսակցությունների մուտքագրումը արվում է ձեռքով: Սա մի ոլորտ է, որտեղ պտտվում են «ԱրմենՏելի» ստվերային փողերը:

Այս աշխատելաոճը սկսել է կատարելագործվել դեռեւս հայ-ամերիկյան «ԱրմենՏելում»: Երկու տարի առաջ տեղի ունեցավ մի միջադեպ. 2000 դոլարի անդորրագիր էր ներկայացվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Խոսակցությունները ձեւակերպված էր Իրանի եւ Քուվեյթի հետ: Իհարկե, ամերիկացիները չմուծեցին, նրանք այդ երկրներ չէին կարող զանգել: Կապավորներն ասացին, որ թյուրիմացություն է եղել: Բաժանորդները բողոքում են, սակայն գրեթե ոչինչ չի փոխվում: «ԱրմենՏելի» միջին օղակի պաշտոնյաներից մեկը, չցանկանալով նշել իր անունը, ասաց, որ բաժանորդների բողոքների 40 տոկոսը համապատասխանում է իրականությանը: 1998 թ. սեպտեմբերին կայացած մամուլի ասուլիսին նախարար Արտակ Վարդանյանը ասաց. «Կասկածելի է ներկայացվող հաշիվների հավաստիությունը: Գնալով ավելի մեծ բողոքներ է այսօր առաջանում: Անջատումներից հետո, չգիտեք ինչու, որոշակի այլ գործողություններ են պահանջվում բաժանորդներից: Բացի գումարներ մուծելուց, բազում տեղեր պիտի մտնես»: Պայմանագրի մեջ բաժանորդների շահերի մասին հիշատակում անգամ չկա: Իսկ հիմա, չգիտես ինչու, մեր պաշտոնյաները սկսել են խոսել դրա մասին: «ԱրմենՏելի» վրա ճնշում գործադրելու ոչ մի մեխանիզմ չկա: Միայն այստեղից կարելի է դատել գործարքի փայլուն, բավարար կամ անհաջող լինելու մասին:

Ըստ նախարար Արտակ Վարդանյանի՝ «զանգում ես ու միանում» ցուցանիշը Հայաստանում ընդամենը 30 տոկոս է: Արդեն մեկ տարի է՝ հույները Հայաստանում են, սակայն մինչեւ օրս չունեն ընդհանուր զարգացման կոնցեպցիա, չեն մշակել կառուցվածք: Ավելացնեմ նաեւ, որ հույները Հայաստանի կապի համակարգը ուսումնասիրում են 1995 թ-ից: Սեպտեմբերի 3-ից-5-ը խափանվել էր «Արմինկո»-ի էլեկտրոնային կապի ծառայությունը: Հայաստանի մոտ 2000 բաժանորդ զրկվել էր դրսի աշխարհի հետ կապվելու հնարավորությունից: Պատճառը «Արմինկո»-«ԱրմենՏել» ոչ հստակ հարաբերություններն են եւ փոխադարձ պարտավորությունները: 1997 թ. գործարքից հետո 15 տարով «ԱրմենՏելին» է հանձնված բոլոր տեսակի գծերը տնօրինելու մենաշնորհը: «ԱրմենՏելին» ձեռնտու է, որ «Արմինկո»-ն եւ մնացած նմանատիպ կազմակերպությունները չլինեն: Իրականում այդ կազմակերպությունների կապուղիները անօրինական են: Սա է փաստը:

Ազատականության մասին խոսող մեր այրերը այնպիսի մի գործարք են կնքել, որ այդ բնագավառում որեւէ մեկը չի կարող ոչինչ անել, մրցակցության դաշտ ստեղծվել չի կարող: Բավական է բերենք մի փաստ՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում այս ոլորտում մենաշնորհ ունենալը: Վրաստանում ինտերնետի գծին միանալու 11 ելք կա, Ադրբեջանում՝ 7: Հայաստանում միակ ելքը «ԱրմենՏելն» է: Բոլոր իրավունքները 15 տարով տրված է հունական OTE-ին:

Հայաստանի իշխանավորները հասկացել են, որ թույլ են տվել սխալներ եւ գործարքի մեջ կան շատ անհաջող կետեր: Բայց դրա մասին, ըստ երեւույթին, բարձրաձայն ասել չեն կարող, թերեւս այն պատճառով, որ մրցութային հանձնաժողովի նախագահը ներկայիս վարչապետ Արմեն Դարբինյանն էր: «Սա իսկապես հրապուրիչ ոլորտ է»,- ասում է նախարար Արտակ Վարդանյանը: Վաճառքից մեկ տարի անց մեր պաշտոնյաները հանկարծ զգացել են հայկական կապի հրապուրանքը: «ԱրմենՏելի» եւ OTE-ի ղեկավարությանը կառավարության հասցեագրած կոշտ նամակներից հետո փոխվեց «ԱրմենՏելի» վարչության անդամների կազմը: Բայց դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց: «

ԱրմենՏելի» կողմից չարաշահումները չեն ավարտվում բաժանորդների վրա ավել գումարներ գրելով: Չարաշահումների բազմաթիվ փաստեր կան նաեւ նոր հեռախոսահամարներ տրամադրելու ոլորտում: Մամուլի վերոնշյալ ասուլիսին Արտակ Վարդանյանը լրագրողներիս օգնությունը հայցեց այդ չարաշահումները վերացնելու համար: Նրա համար էլ, երեւի, Հայաստանում իրավապահ մարմիններ չկան: Արտակ Վարդանյանի ցանկացած մամուլի ասուլիսից հետո կարելի է մի քանի քրեական գործեր հարուցել: Նա բազմաթիվ մեղադրանքներ է արդեն ներկայացրել վերջին վեց ամիսների ընթացքում: Իրավապահ մարմինները առայժմ լռում են: Ըստ երեւույթին նրանք դեռ նոր հրահանգ չեն ստացել:

Դեռեւս երկու տարի առաջ «ԱրմենՏելի» տնօրեն նշանակվեց իրավաբան Վահրամ Սողոմոնյանը: Համակարգում պրոֆեսիոնալ կադրերի համատարած կրճատմանը զուգահեռ, «ԱրմենՏելում» տեղավորվեցին ներսի բարձրաստիճան ղեկավարների բարեկամները: Վարչության եւ բաժնի պետերի պաշտոններում հայտնվեցին Վ. Սողոմոնյանի եղբայրը, քույրը, աները, փեսան...

Հեռուստատեսությամբ աընդհատ ռեկլամվող «GS» էլեկտրոնային ապրանքերի խանութը ղեկավարում էր նախարար Գրիգոր Պողպատյանի փեսան: Մյուս փեսան ղեկավարում էր «Ինֆոկոմը»: Պողպատյանի խնամիներից մեկը «ԱրմենՏելի» փոխնախագահն էր: Նախարարի բազում բարեկամներ այս համակարգի տարբեր օղակների ղեկավարներ էին: Մեկ տարի առաջ ձերբակալվեց Վ.Սողոմոնյանը: Մեկ ամիս հետո իրավապահ մարմինները նրան ազատ արձակեցին: Հետո Վ.Սողոմոնյանը լքեց Հայաստանը: Ինչու էր ձերբակալվել «ԱրմենՏելի» նախկին տնօրենը, հայտնի չէ: Հնարավոր չէ պարզել նաեւ այն տեղեկությունը, ըստ որի մեկ տարի առաջ պետությանը հասցրած վնասները փոխհատուցելու համար կապի նախկին նախարարը 2 մլն դոլար է մուտքագրել պետական բյուջե:

 ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության մասին օրենքի 7-րդ կետով արգելվում է կառավարական կապի ապապետականացումը: Սակայն պարզվում է, որ մեր կառավարական կապն էլ OTE-ի սեփականությունն է: Այն այսօր սպասարկում է «էլինետ» հայկական ձեռնարկությունը, որը մինչեւ այս տարվա սկիզբը կառավարական կապը սպասարկելու պայմանագիր ուներ «ԱրմենՏելի» հետ: «Էլինետը» արդեն զգուշացվել է, որ իր հետ այլեւս պայմանագիր չի կնքվի: Ասում են՝ հույները ամեն ինչ անում են, որպեսզի մեր կառավարական կապը ավելի հստակ լսելի եւ անխափան լինի: Նրանց հաստատ դա կհաջողվի: Երեւի ուշադիր կլսեն։ Հատկապես կառավարական կապը։

Հայաստանում բջջային հեռախոսակապով սխալանքների տոկոսը 7-ին մոտ է: Միջազգային ընդունված չափանիշներով սխալանքները չպետք է գերազանցեն 2 տոկոսը: Բարձր տոկոսի պատճառը կայանների պակասն է: Մեկ կայանը ծածկում է 2-3 կմ շառավղով տարածք: Հայաստանի բջջային հեռախոսակայանների տեխնիկական սպասարկողը ԻտալՏելն է: Երեւանից 10 կմ հեռանալու դեպքում եւ քաղաքի մեջ կան վայրեր, որտեղից զանգել հնարավոր չէ: Իտալացիների նախագծով պետք է լիներ 23 հաղորդիչ կայան: Տեղադրվել է ընդամենը 11-ը: Չնայած ըստ պայմանագրի այդ աշխատանքները պետք է ավարտվեին մեկ տարի առաջ:

Հայ բաժանորդները բջջային հեռախոսների համար միջազգային գներից ավելի բարձր վճարումներ ունեն: Իմիջիայլոց, բջջային հեռախոսահամարները սկսվում են 40-ով, որը քաղաքի սովորական կայաններից մեկն է: Սակայն քաղաքում զանգելու համար պետք հավաքես 8-21, որի համար վճարվում է միջքաղաքային հեռախոսագին:

Հույները մեծ հույսեր են կապում նաեւ կաբելային հեռուստատեսության հետ, որի էքսկլյուզիվն էլ 15 տարով իրենց է պատկանում: 1997 թվականին «ԱրմենՏելի» համախառն եկամուտը կազմել է 47 մլն դոլար: Այս տարվա երկու եռամսյակում հասել է 34 մլն-ի:

Դեկտեմբերին «ԱրմենՏելի» ղեկավարությունը հայտնեց, որ 1998 թվականի համախառն եկամուտը կազմել է 50 մլն դոլար: Հունահպատակ Ոսկերչյանի՝ «ԱրմենՏելի» գործադիր տնօրեն դառնալու պատճառը հայ լինելն էր։ Նա OTE-ի պահեստամասերի պատասխանատուն էր (պահեստապետ): Հույները դժգոհ են նրա աշխատանքից: Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս նրան կփոխարինի նոր՝ հույն գործադիր տնօրենը: Գլխավոր տնօրենի տեղակալը եւ ադմինիստրացիայի ղեկավարը Գագիկ Մկրտչյանն է: Նա քաղաքային հեռախոսային ցանցի կադրերի բաժնի պետն էր: Մինչ այդ դատավոր էր, հեռացվել է համակարգից: 1997-ին նա դարձավ «ԱրմենՏելի» կադրերի բաժնի պետ: Հույները նրան նշանակեցին գլխավոր տնօրենի տեղակալ: Միակ տեղակալն է:

«ԱրմենՏելի» շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Խորհրդարանականները կփորձեն առիթը բաց չթողնել եւ մի շտրիխ էլ ավելացնել իրենց նախընտրականներին: Ամենայն հավանականությամբ, մի քանի ամիս անց րոպեավճարը կսկսի գործել: Հունական OTE ընկերությանը 15 տարով տրված բոլոր տեսակի իրավունքները իսկապես բացառիկ են: Շարժվելու տեղ չկա: Այս անգամ հայ իշխանավորների խնդրանքին հունական կառավարությունը ընդառաջեց: Հաջորդ «անգամը» պարզապես չի լինելու: Իսկ որ սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ հեռախոսից օգտվելու հնարավորությունները, կարծում եմ, ոչ թե Հունաստանի, այլ Հայաստանի իշխանությունների գործն է:

Էդիկ Բաղդասարյան,  հեռուստալրագրող

«Առավոտ», 1999,  հունվարի 21

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter