
Հարցադրումներ ֆոլաթթվի ալյուրի հարստացման շուրջ
Վահագն Աթոյան, բժիշկ
Ես ալյուրի մեջ ֆոլաթթվի ավելացման կողմնակիցների ու հակառակորդների դիրքորոշումները ավելի շուտ կգնահատեի որպես բժշկական տրամաբանության կողմնակիցների և անվերապահորեն ստատիստիկային հավատացողների վեճ: Բայց սա սիրողական կամ ակադեմիական վեճ չէ` վերաբերում է մեր երեխաներին, հարազատներին, հայրենակիցներին, բոլորիս (այդ թվում նաև բժիշկներին ու նրանց հարազատներին): Ոչ մեկս այս հարցից չենք կարող խուսափել՝ տանը, հյուր գնալիս, ռեստորանում, թե դպրոցի բուֆետում: Առավել ևս, եթե միջին եվրոպացին կամ ամերիկացին ճաշին ուտում է կես կտոր հաց, ապա հայը՝ կես հաց: Հետևաբար նաև նույն հարաբերությամբ ֆոլաթթու: Իսկ շատ մարդկանց ուտելիքը այսօր հիմնականում հենց հացն ու մակարոնեղենն է:
Ես անձամբ գտնում եմ, որ բժշկությունը, որպես գիտություն, ունի տրամաբանական հիմքեր, հիմնականում բացատրելի է, ինչպես բոլոր գիտությունները: Այն մետաֆիզիկա կամ կրոն չէ, չնայած այնտեղ կան նաև այդպիսի տարրեր:
Բերում եմ կոնկրետ հարցադրումներ և ակնկալում համանման պատասխան:
Ի՞նչ է մետոտրեկսատը, տրիմետրեկսատը, պեմետրեկսեդը, ալիմտան: Հակաուռուցքային պրեպարատներ են, որոնց ազդեցության մեխանիզմը հենց ֆոլաթթվի սինթեզի ընկճումն է, որպեսզի ուռուցքի աճը կասեցվի: Եվ երբ ուռուցքի դեմ պայքարում ենք ֆոլաթթվի քանակը իջեցնելով, լրիվ տրամաբանական է, որ ընդհակառակը, ֆոլաթթվի քանակի ավելացումը պիտի բերի ուռուցքի աճի խթանմանը: Գոնե ուռուցքով հիվանդների և դեռևս չախտորոշված, լատենտ հիվանդների մոտ:
Ի՞նչ են սուլֆանիլամիդները, ասենք բիսեպտոլը, կո-տրիմօքսազոլը, տրիմետոպրիմը: Զարմանալիորեն նույնպես ֆոլաթթուն ընկճող պրեպարատներ են, որոնք ընկճելով բակտերիաներում ֆոլաթթվի մետաբոլիզմը, կանգնեցնում են բակտերիաների աճը, ունենում են բակտերիոստատիկ էֆեկտ: Հիմա նմանատիպ հիվանդություններով հիվանդներին կամ հակում ունեցողներին ֆոլաթթու տալով ի՞նչ էֆեկտ սպասենք: Պարզ տրամաբանական հարց է:
Տրամաբանական է, որ անեմիայով հիվանդներին բուժում են էրիթրոպոեզը խթանելով, այսինքն արյան էրիթրոցիտները շատացնելով, այդ թվում նաև ֆոլաթթվով և երկաթի պրեպարատներով: Համաձայն եմ, որ անեմիայով հիվանդների մոտ կունենա դրական էֆեկտ: Միաժամանակ անտրամաբանական է, թե ինչու առողջ մարդուն էրիթրոպոեզը խթանող միջոցներ տալուց էրիթրոպոեզը չի խթանվի: Նախ այդ խթանումը կարող է խթանվել չափազանց, դառնալով ազդակ էրիթրեմիաների, արյան այլ սուր և խրոնիկ հիվանդությունների առաջացման, կամ արդեն հիվանդների հիվանդության սրացման պատճառ: Կան արդյո՞ք հետազոտություններ, թե ինչպես է ազդում ֆոլաթթուն ասենք էրիթրեմիայով հիվանդի վրա: Հացի վրա գրելու եք, որ էրիթրեմիայով հիվանդները չուտե՞ն:
Երկրորդ՝ արյան ձևավոր տարրերի նորմայից թեկուզ 5-10% ավելացումը հանգեցնում է արյան ռեոլոգիական հատկությունների վատթարացման, այսինքն մածուցիկության մեծացման, հոսունության դժվարացման: Դժվար չէ կանխատեսել, որ դա կբերի հիպերտոնիկ հիվանդության, իշեմիկ հիվանդությունների, ինֆարկտների, ինսուլտների աճի:
Ֆոլաթթուն նաև պոտենցում է էստրոգենների ազդեցությունը: Էստրոգենները դրանք կանացի հորմոններ են: Սովորաբար, այլ պարագաներում գիտենք, որ էստրոգենների ավելացումը կանանց մոտ բերում է հորմոնոկախյալ մի շարք հիվանդությունների աճի(նաև օնկոլոգիական), ինչպես նաև հոգեհուզական ոլորտի փոփոխման: Նման դեպքերում համապատասխան մասնագետները օգտագործում են էստրոգենները ընկճող միջոցներ, օրինակ՝ անաստրոզոլ, լետրոզոլ, էկսեմեստան, արոմասին և այլն: Տղամարդկանց մոտ էստրոգենները ընկճում են տղամարդկային հորմոնների ազդեցությունը, բերում են կազմվածքի և բնավորության ֆեմինիզացիայի՝ կանացիացման, ասենք կբերեն գինեկոմաստիայի (կրծքերի մեծացման), կանանց բնորոշ հատվածների ճարպակալման, մազածածկույթի նոսրացման, բնավորության մեջ առնականության պակասի, սեռական կողնորոշման շեղումների և այլն: Ուրեմն ո՞րն է այն հավատի հիմքը, որ հենց ֆոլաթթվով էստրոգենների ազդեցությունը ուժեղացնելիս նման երևույթներ հայերի մոտ չեն նկատվի:
Հավանաբար կարելի է նաև սպասել հեմոսիդերոզի և այլ մետաբոլիկ հիվանդությունների աճի:
Հայերի բիոքիմիան, մետաբոլիզմն ուրիշ չէ, և մասնավորապես ֆոլաթթվի հարցում: Եթե որևէ դեղ արտադրվում է, ուրեմն որոշակիորեն ապացուցվել է դրա էֆեկտիվությունը (հավանաբար նաև հենց նույն ստատիստիկայով), ունի սպառողներ Հայաստանում և այլ երկրներում, այլապես ոչ մեկին պետք չէր լինի արտադրել: Կարող ենք ուղղակի նայել Վիդալը կամ տարբեր երկրների ֆարմակոպեաներ: Բոլոր համապատասխան դասագրքերում մենք անցնում ենք ֆոլաթթվի նմանատիպ ազդեցությունները: Կամ բժշկությունը փոխեք, կամ այդ մոտեցումը: Հեչ իրար չեն բռնում: Noli nocere.
Ֆոլաթթուն ամենաուժեղ բիոլոգիապես ակտիվ նյութերից է և անպայման ունի ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի մոտակա և հեռակա ազդեցություններ: Այն անմիջապես ազդում է ԴՆԹ-ի, մեր գենետիկական ապարատի մետաբոլիզմի վրա: Դեռ ոչ բոլոր երևույթներն է մարդը հետազոտել, և հետազոտվածներից էլ ոչ բոլորն են հանրամատչելի: Բայց ինչքանով այն մեզ հասանելի է, բացասական կողմերը շատ ավելին են, քան օգուտը: Ի վերջո, անեմիաների և արատների դեմ կարելի է պայքարել հասցեական, և ավելի քիչ միջոցներով: Ախր մնացած ոլորտներում ձգտում ենք լինել հասցեական, որպեսզի միջոցները չփոշիանան: Դժվար պատկերացնելի է, նման կանխատեսումների իրականության դեպքում ինչպիսի սոցիալական աղետ է սպասվելու, նաև ինչպիսի հսկայական ծանրաբեռնվածություն է ընկնելու պետության վրա: Ոջիլի համար տուն ենք այրելու:
Բացատրեցի դիրքորոշումս հնարավորինս հանրամատչելի: Ես իմ փաստարկները բերեցի առարկայական, առանց անգլիացի գիտնականներին մեջբերելու, բոլոր տվյալները կան համընդհանուր հասանելի համարյա բոլոր աղբյուրներում, ցանկացած մեկը կարող է այստեղ ներկայացվող տվյալները ստուգել գուգլում՝ իմանալով միայն փնտրելու պարզագույն կանոնները:
Ու թող առաջինը քար նետեն նրանք, ովքեր անվերապահորեն հավատում են ստատիստիկային:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել