HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնյաները «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում հէկեր են կառուցում

Մեծ պաշտոնյաների փոքր հէկերը

Սյունիքի մարզի «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում նախատեսվում է երկու փոքր հէկ կառուցել: Մեկն արդեն ստացել է բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, երկրորդի համար դիմել են, որպեսզի ստանան: Հէկեր կառուցողները պատահական մարդիկ չեն, և արգելավայրում տնտեսական գործունեություն իրականացնելու համար հատուկ որոշումներ են կայացվել նրանց համար:

«Քաջարանց» հէկ. երբ չեն պահպանվում հատուկ պահպանվող տարածքները

2014թ. ամռանը «Արև և ջուր» ՍՊԸ-ն բնապահպանական փորձաքննության է ներկայացրել «Քաջարանց» փոքր հէկի նախագծային փաստաթղթերը, որտեղ հստակ նշված է, որ «նախագծված փոքր հէկը գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրի արևմտյան մասում: Նախագծի համաձայն՝ «ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղադրված են արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքների հողերում կամ սահմանակից են այդ հողերին»:

«Քաջարանց» փհէկի 4 ագրեգատները ապահովելու են 3081 ՄՎտ դրվածքային հզորություն՝ 9825 մլն կՎտ/ժամ տարեկան միջին արտադրությամբ: Հէկի խողովակաշարն անցկացվելու է արգելավայրի ճամփեզրին զուգահեռ: Խողովակներով գետի ջուրը կանցնի ավելի քան 1.5 կմ երկարություն:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը, նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ և ստորագրությամբ, Սյունիքի մարզի «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում հէկ կառուցելու դրական եզրակացություն է տվել:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, սակայն, արգելում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք,
Հոդված
 18.

 Պետական արգելավայրի պահպանության ռեժիմը

1. Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

2. Յուրաքանչյուր պետական արգելավայրի խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ պետական արգելավայրի կանոնադրությամբ:

«Զանգեզուր» պետական արգելոցի կանոնադրությամբ ևս հաստատվում է, որ արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է ապառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Սրանից բացի, խախտվել է «Զանգեզուր» պետական արգելավայրի ռեժիմը: 

«Զանգեզուր» արգելավայրի կանոնադրություն, 3-րդ կետ.

Արգելավայրի տարածքում արգելվում է

2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն` բացառությամբ այն դեպքերի, երբ տարածաշրջանի բնակավայրերի բնակչության խմելու համար պահանջվում են ջրային ռեսուրսներ 

Նախարարությունն անտեսել է Կարմիր գրքում գրանցված կենդանիներն ու բույսերը

«Զանգեզուր» պետական արգելավայրը ստեղծվել է 2009թ. կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքի վրա: Ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշթղայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը, Ողջի գետի ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային ու հյուսիսային լանջերի վերին հատվածները: Արգելավայրը սահմանակից է Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջաններին: Այս տարածքում կան Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր և կենդանիներ, այդ թվում՝ բեզոարյան այծեր, մուֆլոններ և բազում այլ կենդանաբուսատեսակներ:

«Զանգեզուր» արգելավայրի կենդանական աշխարհն ընդգրկում է 61 տեսակի անողնաշար և 89 տեսակի ողնաշարավոր կենդանիներ: Դրանցից 25-ը գրանցված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում: 

Բեզոարյան այծը (Capra aegagrus Erxleben) Անտառակատուն (Felis silvestris Schreber)
Հայկական իժը կամ Ռադդեի իժը
(Vipera (Montivipera)raddei, Boettger
Հայաստանի էնդեմիկ` Հայկական լեռնատափաստանային իժը
(Vipera (Pelias) eriwanensis)

Առանձնապես հարուստ է նաև արգելավայրի բուսական աշխարհը: Հաշվարկվում են 13 տեսակի սնկեր և 696 տեսակի բարձրակարգ բույսեր, որոնցից 28-ը գրանցված են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում: Արգելավայրի բուսական աշխարհի ինքնատիպությունը պայմանավորված է նաև 57 էնդեմիկ բուսատեսակների առկայությամբ, որոնցից 8-ը Հայաստանի, 18-ը` Հարավային Անդրկովկասի, 13-ը` Անդրկովկասի և 18-ը` Կովկասի էնդեմիկներ են:

Մինչդեռ ԲՆ փորձաքննության եզրակացությունն այլ բան է արձանագրել. «Քաջարանց» փհէկի կառուցվածքների և շինհրապարակների տարածքում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենսաբազմազանության տեսակները բացակայում են, իսկ հանդիպող բույսերը և կենդանիներն ունեն տարածման մեծ արեալներ և ներկայացված են Քաջարանց գետի ողջ ավազանում»:

«Կապուտջուղ» փհէկը՝ Կապուտջուղ և Քաջարանց վտակների միացման կետում

Քաջարանց գետը, որի վրա նախատեսվում է կառուցել «Քաջարանց» փհէկը, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների Կեռմանի լեռնանցքի արևմտյան կողմից և Քաջարանից 1,5 կմ արևմուտք՝ աջից միախառնվելով Կապուտջուղ գետին` գոյացնում է Ողջի գետը: Երկարությունը` 10 կմ:

Հաջորդ հէկը «Արև և Ջուր» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել Կապուտջուղի վրա, որը սկիզբ է առնում Զանգեզուրի լեռներից և Քաջարանից 8 կմ արևմուտք՝ ձախից միախառնվելով Քաջարանց գետին՝ գոյացնում է Ողջի գետը: Կապուտջուղի երկարությունն էլ 9,5 կմ է:

Ապրիլի 30-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետարանում տեղի են ունեցել նույն՝ «Արև և ջուր» ընկերության նախաձեռնած «Կապուտջուղ» փհէկի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Մինչ այդ էլ՝ ապրիլի 15-ին բնապահպանական փորձաքննության նախնական գնահատմանն է ներկայացվել «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային նախագիծը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել «Կապուտջուղ» հէկին:

Նախագծվել է 1227 կՎտ դրվածքային հզորությամբ և 4.037մլն կՎտ/Ժ էլեկտրաէներգիայի արտադրողականությամբ փոքր հէկ: «Կապուտջուղ» փհէկի շենքը նախատեսվում է կառուցել Կապուտջուղ և Քաջարանց վտակների միացման տեղից մի փոքր վերև, Կապուտջուղ գետի աջ ափին: Խողովակաշարը ձգվելու է 1 կմ, որի մի մասն անցնելու է «Զանգեզուրի» արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքներով: Նախագծում նշվում է, որ «Կապուտջուղ» հէկը գտնվելու է «Զանգեզուր» պետական արգելավայրի արևմտյան մասում: Հէկի կառուցվածքները տեղադրված են լինելու արգելավայրի պահպանման գոտու հատուկ պահպանվող տարածքների հողերում կամ սահմանակից են այդ հողերին, և գործունեության իրականացումն առնչվելու է բնության հատուկ պահպանվող տարածքին:

Պատասխանատուները չեն ուզում պատասխան տալ 

 «Զանգեզուր» պետական արգելավայրի տնօրենից փորձեցինք ճշտել, թե ինչու է թույլատրվել հէկերի շինարարությունը արգելավայրում: Երբ նա լսեց մեր հարցը, ասաց՝ հարմար չի, փոքր-ինչ ուշ զանգեք: Բազմաթիվ «ուշ զանգերին» այլևս չպատասխանեց:

Արգելավայրի պահպանությունն իրականացնում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:  ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կիրակոսյանն էլ, զրույցի թեման լսելուց հետո, ասաց՝ գրավոր ուղարկեք հարցերը: Կարեն Կիրակոսյանին գրավոր հարցրինք, թե «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ը կամ «Զանգեզուր» պետական արգելավայրի տնօրինությունը համաձայնություն տվե՞լ է հէկի կառուցման վերաբերյալ, արդյոք հէկի շինարարությունը և հետագա գործունեությունը չի՞ վտանգում «Զանգեզուր» պետական արգելավայրի կենսաբազմազանությունը, այնտեղ առկա Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների գոյությունը: Կ. Կիրակոսյանը խուսափեց գրավոր հարցմանը պատասխանել՝ մեզ առաջարկելով հարցումն ուղղել բնապահպանության նախարարությանը:

ԲՆ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Խաժակ Աղաբեկյանը ամբողջ պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա է դրել: Խ. Աղաբեկյանը նշել է, որ «Քաջարանց» և «Կապուտջուղ» փոքր հէկերի ջրառի գլխամասային կառուցվածքները նախատեսել են տեղակայել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նշանակություն ունեցող հողերի վրա, որոնց կատեգորիան փոխվել է կառավարության 2011 թվականի երկու որոշումներով:

Կառավարությունը, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2011-ին որոշում է կայացրել պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.3 հեկտարը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար: Կառավարության երկրորդ որոշումը, որին նույնպես հղում է կատարվել պատասխանում, չի վերաբերում հատուկ պահպանվող տարածքներին, այլ հողերի կատեգորիայի փոփոխությանը Քաջարան քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.1 հեկտարի կարգը փոխելու վերաբերյալ է: Ընդ որում՝ ԲՆ աշխատակիցը «լղոզել է» կառավարության որոշումները և ապատեղեկատվություն տրամադրել «Հետքին»՝ երկու որոշումներն էլ վերագրելով Քաջարան գյուղական համայնքին պատկանող՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիայի փոփոխությանը:

Ինչ վերաբերում է մեր հարցին, թե արդյոք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ը կամ «Զանգեզուր» պետական արգելավայրի տնօրինությունը համաձայնություն տվե՞լ է հէկի կառուցման վերաբերյալ, նախարարությունը խուսափել է հստակ պատասխանից. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության գործընթացին մասնակցել և կարծիքներ են տրամադրել ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումները»: Թե ինչ կարծիքներ են եղել, նախարարությունը չի պատասխանել:

«Փորձաքննության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության է ենթարկվում փհէկի շինարարության և շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների, այդ թվում հատուկ պահպանվող տարածքների վրա: Դրական փորձաքննական եզրակացություն տրվում է այն նախատեսվող գործունեություններին, որոնց ազդեցությունը շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների վրա նորմայի սահմաններում է»,-գրել է Խ. Աղաբեկյանն իր պատասխանում:

Քաջարանի քաղաքապետի եղբոր կինը և հարկայինի աշխատակիցները 

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Արև և ջուր» ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. վերջին: Հիմնադիրները և ընկերության պաշտոնական բաժնետերերը սյունեցիներ են՝ կապանցի 25-ամյա Ալեքսեյ Արմենի Ավանեսյանը՝ 60%, 50-ամյա Անահիտ Խաչատրյանը և քաջարանցի 38-ամյա Լուսինե Ավետիսյանը` 20-ական %:

Ալեքսեյ Ավանեսյանը «Հետքի» հետ զրույցում գաղտնի էր պահում հէկի սեփականատերերի անունները՝ «պետք չէ» պատճառաբանությամբ: Նա վստահեցնում էր, որ որևէ պաշտոնյայի հետ հէկերն առնչություն չունեն, և մյուս բաժնետերերի հետ հէկեր կառուցելու միտքը ծագել է համատեղ քննարկման արդյունքում:

Իրականում հէկ կառուցողները պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են, որոնք թաքնվել են իրենց ընտանիքի անդամների, մասնավորապես՝ կանանց և երեխաների անունների հետևում:

Ալեքսեյ Ավանեսյանի հայրը՝ Արմեն Ավանեսյանը, աշխատում է Կապանի հարկային ծառայությունում: Ալեքսեյ  Ավանեսյանի մայրը (Արմեն Ավանեսյանի կինը)` Անտիկա Հակոբյանը, ընկերության տնօրենն է: Ընկերությունը գրանցված է Ավանեսյանների տան հասցեում:

Անահիտ Խաչատրյանը բժշկուհի է, ամուսինը՝ Դավիթ Հակոբյանը, աշխատում է ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզական վարչությունում:

Լուսինե Ավետիսյանն աշխատում է Քաջարանի կոմբինատում, Քաջարանի կոմունալ բաժնի պետ Վաչագան Գևորգյանի կինն է: Վաչագան Գևորգյանն էլ Քաջարանի քաղաքապետի եղբայրն է:

Արգելավայրի հողերը սեփականաշնորհվել են

Ալեքսեյ Ավանեսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեռևս որևէ շինարարական աշխատանք չի կատարվել: Բարձրադիր գոտում գտնվող «Քաջարանցի» շինարարությունը կսկսեն, երբ հալվի ձյունը:

«Որտեղ որ հէկը կառուցվելու է, կատեգորիան փոխվել է, հողերը տրվել են էներգետիկայի նախարարությանը: «Արև և ջուր» ընկերության կողմից էդ հողերը սեփականաշնորհվել են: Մենք ունենք սեփականության վկայականներ»,-ասաց Ալեքսեյ Ավանեսյանը: Խողովակաշարերի համար էլ սերվիտուտի պայմանագրերը կնքված են:

Այն, որ հէկերը կարող են Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ոչնչացման պատճառ դառնալ, Ավանեսյանի ասելով, իրենց զգուշացվել է այդ մասին: «Դրանց հետ կապված փորձաքննությունը մեզ զգուշացրել է ամեն ինչ: Մենք էլ ունենք կնքված փաստաթղթեր, որ պիտի մաքսիմալ այնպես արվի, որ չխոչընդոտվի, չաղտոտվի այդ ամենը, փորձաքննության հետ պայմանագրերով, ամեն ինչով նախատեսված մենք ամեն ինչ ունենք»,- ասաց Ալեքսեյ Ավանեսյանը:

Նախնական ծրագրերով՝ հէկերի շինարարության 90 տոկոսը վարկային միջոցներով են իրականացնելու: Ալեքսեյ Ավանեսյանի ասելով՝ սրանք հէկեր կառուցելու առաջին փորձերն են. «Պլաններ շուտվանից կային, ուղղակի համապատասխան միջոցներ չէինք գտնում, հետաքրքրվեցինք ու իմացանք, որ վարկով կարելի է անել, ու որոշեցինք հարմար տոկոսադրույքով վարկ վերցնել ու կառուցել»,-ասաց Ա. Ավանեսյանը:

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին փոխարինելու եկավ Արամայիս Գրիգորյանը, շրջակա միջավայրով մտահոգվողները հույս ունեին, որ ոլորտում դրական փոփոխություններ կլինեն:  Նախարարը փոխվեց, բայց շրջակա միջավայրի պահպանությունն այդպես էլ նախարարության համար գերակայություն չդարձավ: Գերատեսչության գործելաոճը, նոր նախարարի գլխավորությամբ, շարունակվում է «հին ու բարի ավանդույթներով»՝ նախապատվություն տալով անհատների կամ օլիգարխների տնտեսական շահերին: 

Նախարար Արամայիս Գրիգորյանի լուսանկարը՝ ԲՆ պաշտոնական կայքից

Մեկնաբանություններ (3)

Վեհարի
Հետևություն.` Օրենքը թղթի վրա գրված է մնում մինչ այն պահը, երբ այդ օրենքը սկսում է խանգարել օրենսդիրներից մեկի անձնական շահերին:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսպես ուղղակի չի կարող: Կամ օրենքը բոլորի՛ համար է, կամ էլ պիտի հայտարարեն,որ Հայաստանում օրենքը ընտրովի է գործում:
ՀԱԿԱՌԵԺԻՄ
Ընտրովի է գործում, դա վաղուց հայտնի է, էնքան ապացույց կա, վերցրու Վարդան պետրոսյնաի դեպքը, Յուրի Վարդանյանի տղայի դեպքը, էն մարդասպանների մասին էլ չեմ խոսում, որոնք պարզվում է դիմել են ինքնապաշտպանության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter