HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլացման ծառայությունները 2015-ին դարձյալ կիրականացնի «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ-ն

Նորա Անանյան, Հերմինե Վիրաբյան

««Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն նպատակահարմար չի համարում մասնակցել թափառող կենդանիների վնասազերծման 2015թ. մրցույթին», - 2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բարձրացված հանրային դժգոհության ալիքը հանդարտվեց ընկերության տարածած այս հաղորդագրությունից հետո: Այս տարի, սակայն, թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլացման ծառայությունների իրականացման մրցույթում դարձյալ հաղթող է ճանաչվել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն:

Ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ այս տարի իրենք դիմել են միայն 3-րդ անգամ հայտարարված մրցույթին.
«Հայտերի բացակայության պատճառով մրցույթը երկու անգամ տեղի չի ունեցել: Երրորդ անգամ մենք եղել ենք միակ դիմողը: Խնդիրը կա, և պետք է իրականացվի պայքար: Մեր խոստմանը համաձայն՝ մենք չմասնակցեցինք, և, ի վերջո, հնարավորություն կար, որպեսզի բոլորը, այդ թվում և քննադատողները գային և մասնակցեին մրցույթին»:

Երևանի քաղաքապետարանի կողմից թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով մրցույթներ հայտարարվել են 2006 թվականից: 2009 թվականից սկսած՝ հայտարարված բաց ընթացակարգերին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ ներկայացված հայտերը բավարարել են մրցույթների հրավերի բոլոր պահանջները: Հանձնաժողովի որոշմամբ՝ ամեն տարի հաղթող է ճանաչվել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ–ն: Այս ընկերության հիմնադիրները եւ սեփականատերերը 2005-2007 թվականներին եղել են ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Սադոյանը եւ Դավիթ Ներսիսյանը, 2007-2012 թվականներին սեփականատեր է դարձել ՀՀԿ խորհրդի անդամ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, 2012-ից ընկերության 100% բաժնետեր է դարձել «Համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միհրան Փիլոսյանը: Նշենք, որ Ռուբեն Սադոյանը Փիլոսյանի ղեկավարած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

«Դինգո Թիմ» և «Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպությունները, որոնք բազմիցս հանդես են եկել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կատարած խախտումների մասին հաղորդագրություններով, քաղաքապետարանի հայտարարած մրցույթի բաց ընթացակարգերին երբևէ չեն մասնակցել: «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի ասելով՝ մրցույթին չդիմելու հիմնական պատճառը բաց ընթացակարգի պայմաններն են. «Ըստ մրցույթի՝ կենդանիների 80 տոկոսը պետք է քնեցվի, իսկ քնեցնելու համար համապատասխան դեղորայք դուրս չի գրվում: Քնեցումը կատարում են լիդոկայինով, որը, շան մոտ սրտի կանգ առաջացնելով, տանջամահ է անում: Իսկ եթե մենք համաձայնենք և դիմենք, անցնելու դեպքում պետք է ինքներս սպանենք այդ շներին: Մենք առաջարկեցինք՝ եթե լինի շների զանգվածային ստերջացման ծրագիր, այդ ժամանակ էլ կդիմենք»:


Ըստ Լիլիթ Գրիգորյանի՝ վնասազերծման մեթոդները սահմանում է քաղաքապետարանը: «Յունիգրաֆ-Իքս»-ն, այսպիսով, աշխատում է երկու մեթոդով՝ առողջ շների դեպքում՝ ստերիլացում (այլևս չեն կարող բազմանալ) և քնեցում` ագրեսիվ, վարակակիր շների դեպքում:

Մրցույթին չմասնակցելուց բացի, «Դինգո Թիմ» ՀԿ-ն հրաժարվել էր նաև թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի անդամ լինել: «Մեզ առաջարկեցին լինել հանձնաժողովում և վերահսկել մրցույթը: Մենք ուղարկեցինք մեր իրավաբանին՝ որպես ներկայացուցիչ: Հետո իմացանք, որ մեզ խաբել են. ինձ զանգահարեց առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալբերտ Հունանյանը և ասաց, որ «Փրկենք կենդանիներին» և մյուս ՀԿ-ներն արդեն ուղարկել են իրենց ներկայացուցիչներին, բայց հետո պարզվեց, որ նման բան չկա, բոլորը ամենասկզբից էլ հրաժարվել էին: Էականն այն չի՝ իրենք կային, թե ոչ, այլ այն` ինչու են իրենք ամեն խաբեության գնում, որպեսզի մեզ ներգրավեն այդ հանձնաժողովի մեջ: Իսկ վերջում կլիներ այն, ինչ լինելու էր, և ասելու էին, թե դուք եք վերահսկել»:

Բացի վերոնշյալ հանձնաժողովից, աշխատանքները համակարգելու համար գործում է նաև մեկ այլ՝ թափառող կենդանիների վնասազերծման տեխնիկական հսկողության  հանձնաժողով: «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին փոխանցվելիք գումարի չափը որոշում է հենց այս հանձնաժողովը փաստացի կատարված աշխատանքների ծավալների վերաբերյալ եզրակացության հիման վրա: Ըստ Լիլիթ Գրիգորյանի՝ այս տարի աշխատանքների իրականացման համար հատկացվել է մոտավորապես 119 միլիոն դրամ.
«2014 թ. 200 մլն դրամ է հատկացվել, սակայն ծախսվել է միայն մոտավորապես 182 մլն դրամը, չծախսված գումարը վերադարձվել է բյուջե, որովհետև Երևան քաղաքում այնքան թափառող կենդանի, որքան նախատեսված էր, անցած տարի չի հայտնաբերվել, այսինքն՝ թիվն էապես կրճատվել է, ինչը մեր գործունեության արդյունքն է»:


«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության  ներկայացուցիչ Նարե Արամյանը վերլուծել է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի 2014թ. հաշվետվությունը եւ հակառակ պատկերը ստացել:
«Թափառող կենդանիների վնասազերծում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 219 մլն 789 հազար դրամ՝ նախատեսված 220 մլն դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 99.9%, որի շրջանակում ստերիլացվել է 8.684 թափառող կենդանի (միավորի գինը էգերի համար 11.500 դրամ, արուներինը՝ 8,800 դրամ), քնեցվել է 270-ը (միավորի գինը՝ 3,900 դրամ), և վնասազերծվել 37,142 կենդանի (միավորի գինը 3,500 դրամ: Այսպիսով, եթե բաժանենք 46.096 շունը Երևանի մակերեսին, որը կազմում է 300,000քմ (5.314 մարդ/քկմ) և ենթադրենք, որ Երևանը լրիվ հարթ տարածք է, ընդհանրապես չկան շինություններ, ապա կունենանք 1-ական շուն յուրաքանչյուր 6 մետրի վրա: Եթե ընդունենք, որ «Յունիգրաֆ Իքս»-ը 1 տարվա ընթացքում աշխատել է 46.096 շան հետ և այդ թիվը բաժանենք 365 օրվա, ապա ստացվում է, որ նրանց կացարանում ամեն օր միջինում պետք է լինի 126 շուն, այնինչ նրանք բազմիցս հայտարարել են տարբեր հաղորդումների ժամանակ, որ շունն իրենց մոտ մնում է առնվազն 10 օր, ինչը նույնպես հանգեցնում է մի անիրական թվի»:

Թե տարեկան որքան է կազմում կենդանիների թիվը, որոշում է քաղաքապետարանը: Ըստ Նարե Արամյանի՝ կենդանիների գլխաքանակի մասին ներկայացված թիվը հաշվարկված չէ որևէ մասնագետի կողմից, քանի որ այդպիսի մասնագետներ Հայաստանում չկան:
« 2014 թ. աշխատանքներ են տարվել 36.000 կենդանու հետ, այն դեպքում, որ նախատեսված էր 46.000, սակայն այդքան շուն չի հայտնաբերվել, ստերիլացվել է 8680, քնեցվել 27.400 թափառող կենդանի»,- ասում է Լիլիթ Գրիգորյանը:
2015թ. աշխատանքների իրականացման համար տրամադրվել է 119 մլն դրամ:

Մեր այն հարցին՝ արդյոք «Յունիգրաֆ-Իքս»-ի գործունեության ընթացքում գրանցվել են խախտումներ կազմակերպության կողմից,  ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը պատասխանեց՝ ո'չ, ոչ մի խախտում:  Գործունեության խախտումների մասին վկայող լուսանկարների մասին խոսելիս նա նշեց, որ անձամբ ստուգել է և տեսել, որ դրանք համացանցից ներբեռնված լուսանկարներ են, որոնք կապ չունեն «Յունիգրաֆ-Իքսին» պատկանող տարածքի հետ:
 - Ես չգիտեմ Դուք  «Յունիգրաֆ-Իքսու՞մ» եք իրականացրել նկարները: Մե՞ր ճաղավանդակներից ներս:
- Այո, Ձեր պահակն ասում էր, որ մի գնացեք ներս, չի թույլատրվում, դա մեր տարածքն է:
- Հա՞: Ավելի լավ կլինի մենք միասին գնանք, և դուք ցույց տաք, թե որտեղ եք նկարել: Այդ լուսանկարները «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պատկանող տարածքում չեն արվել, և թե ինչ է կատարվում տարածքից դուրս, ես չեմ կարող ասել, ճաղավանդակներից անգամ երևում է, որ դա այդ տարածքը չէ:
Նման լուսանկարները, ինչպես նաև կազմակերպության գործունեության մասին հնչող տարբեր կարծիքները, Լիլիթ Գրիգորյանը չի ընդունում և պահանջում է ապացույցներ.
«Այդ բոլոր հայտարարությունները մերկապարանոց են՝ առանց փաստերի, խնդրում եմ խոսեք ապացույցներով»:


2014 թ. նոյեմբերի 4-ի գիշերը` 03:15-ին, Նազարբեկյան 3 հասցեում գտնվող իր տնակի առաջ Արմենուհի Մանուչարյանը լսել էր կրակոցներ, իսկ հետո շան ոռնոց: Դուրս գալով՝ իր վեց շներից մեկին գտել էր արդեն սպանված: Արմենուհին նշեց, որ երբ ինքը աղմուկից արթնացել էր և դուրս եկել, տեսել էր, որ շանը կրակած անհայտ անձը նստել է ՈՒԱԶ մակնիշի մեքենա և փախել. «Դեպքից անմիջապես հետո ահազանգեցի ոստիկանություն, ասացի, որ բնակելի թաղամասում կրակել են շանս, իրենք ասացին, որ կգան: Միայն հաջորդ օրը 13:00-ի հատվածում մի ոստիկան եկավ, հետո՝ ևս երկուսը: Տնակում եմ ապրում, շունս էլ հենց տնակի առաջ է պառկած եղել, բա որ պատրոնները տունս մտնեին ու ինձ վնասեին»:

Արմենուհու բնակութան վայրի մոտ գտնվում է «Գոլդեն սեքընդս» հյուրանոցը, որին պատկանող տեսախցիկները կարող էին ֆիքսած լինել դեպքը:
«Երբ ես ոստիկանության աշխատողներին հուշեցի, թե որտեղից կարող են վերցնել տեսաձայնագրության օրինակները, պատասխանեցին, թե դրա կարիքը չկա, քանի որ իրենք գիտեն, թե ով է եղել կրակողը»,-պատմում է Արմենուհին: 

Դեպքից 3 օր անց ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գ. Սարգսյանի որոշմամբ վարչական պատասխանատվության ենթարկվեց «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ-ի որսորդ Գագիկ Բաբկենի Պողոսյանը՝ ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, ըստ որի՝ հրազենից կրակելը բնակավայրում և դրա համար չհատկացված տեղերում արգելվում է, ինչն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ հրազենի և ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ Նշանակվել է տուգանք՝ 30.000 ՀՀ դրամի չափով:

«Երբ ես դիմել էի դատախազին ոստիկանության որոշումը բողոքարկելու համար, ինքը մերժել էր՝ հաշվի առնելով Գագիկ Պողոսյանի այն պատճառաբանությունը, թե ինքը իր աշխատանքը կատարելու ժամանակ հարձակման է ենթարկվել մի քանի շների կողմից և այդ պատճառով իր որսորդական հրացանով կրակել է»,- ասաց Արմենուհին:


 

Ի պատասխան ոստիկանության ներկայացրած ապացույցների՝ Լիլիթ Գրիգորյանն ասաց, որ Գագիկ Պողոսյանը կենդանու վրա կրակել է իրեն պատկանող հրազենից` իր անվտանգությունից ելնելով. «Նորից եմ կրկնում՝ «Յունիգրաֆ-Իքս»-ը հրազենով վնասազերծում չի կատարում։ Իսկ օրինախախտման համար նա օրենքով սահմանված կարգով տուգանվել է»։
Անասնաբուժական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ շունը սատկել էր հրազենային վնասվածքի հետևանքով առաջացած ներքին արնահոսությունից: Շան վրա հայտնաբերվել էր հրազենից ստացված 16 անցք:

Նշենք, որ ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տրամադրած տեղեկատվության՝ «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ-ն ՀՀ ոստիկանությունում որպես որսորդական տնտեսություն վարող կազմակերպություն հաշվառված չէ։ Նրան որպես իրավաբանական անձ զենք ձեռք բերելու և օգտագործելու թույլտվություն չի տրվել։
Փոխարենը զենք ձեռք բերելու և օգտագործելու թույլտվություն ունի «Յունիգրաֆ–Իքս» ՍՊԸ-ում որպես որսացող աշխատողը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ յուրաքանչյուր տարի քաղաքապետի որոշմամբ  ստեղծվում է թափառող կենդանիների վնասազերծման տեխնիկական հսկողության հանձնաժողով, որի կողմից մշտապես հսկողություն է իրականացվում մրցույթում (բաց ընթացակարգում) հաղթող ճանաչված կազմակերպության գործունեության նկատմամբ:  Ըստ հանձնաժողովի տեղեկատվության՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն մինչ օրս խախտում թույլ չի տվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter