HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Facebook-ն անցնում է ամբողջական հոդվածների հրապարակմանը

Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է անմիջապես իր հարթակում տեղադրել լրատվամիջոցների հրապարակումները: Ինը արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ BBC-ին, The New York Times-ը և The Times-ը, պայմանագիր են կնքել սոցցանցի հետ: Նրանցից մի քանիսը Facebook-ում փորձնական հոդվածներ կտեղադրեն չորեքշաբթի:

Հիշեցնենք, որ մինչ այժմ լրատվամիջոցները սոցցանցի լսարանի և իրենց կայքերի միջև կապը պահպանում էին սոցցանցում ստեղծված խմբերի միջոցով, որտեղ տեղադրվում էր բուն հրապարակման հղումը: «Փաստորեն, Facebook-ը կդառնա զանգվածային տեղեկատվության ևս մեկ միջոց, ոչ թե կլինի պարզապես հղումներ հավաքող»,- գրում է Вести Экономика-ն:

Այս նորարարության գլխավոր առավելություններից է համարվում այն, որ զգալիորեն (գրեթե 10 անգամ) կնվազի տեղեկատվության բեռնման ժամանակը, քանի որ ամբողջը, այդ թվում՝ բարձրորակ լուսանկարներն ու տեսանյութերը, տեսանելի կլինեն սոցցանցում, և այլ կայք տեղափոխվելու կարիք չի լինի: Սա առաջին հերթին ուղղված է սմարթֆոններին, որոնց համար էլ փորձարկվում են առաջին հրապարակումները: Ընկերությունը նշում է, որ հարթակների թիվը հետագայում կավելանա:

Տեղեկատվամիջոցների համար սա լավագույն տարբերակը չէ: The New York Times-ը մեջբերում է The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեյմս Բենետի կարծիքը, թե սոցիալական ցանց տեղափոխվելը կնշանակի «կորցնել հսկողությունը սեփական բովանդակության տարածման ուղիների նկատմամբ»: Facebook-ը պարբերաբար փոխում է օգտատերերի լրահոսում հայտնվող նորությունների բնույթը. երբեմն դրանք որակյալ բովանդակությամբ լուրերն են, երբեմն՝ կատուների լուսանկարները, իսկ վերջին փոփոխությամբ էլ առաջնահերթություն է տրվել ընկերների ու ընտանիքի անդամների անձնական գրառումներին:

Այս քաղաքականությունից մեծ վնասներ է կրել, օրինակ, օնլայն խաղեր ստեղծող ամերիկյան Zynga ընկերությունը, որը համագործակցում էր Facebook-ի հետ և նկատելի կորուստներ ունեցավ, երբ սոցիալական ցանցը որոշեց լրահոսում չներառել ընկերների խաղային ակտիվությունը:

Այս պարագայում խոշոր մեդիա ընկերությունների կողմից Facebook-ի հետ համագործակցելու գլխավոր խթան է եղել վերջինիս 1.4 մլրդ ակտիվ օգտատերերի շուկան, որը կարող է ընթերցողների թվի նկատելի աճ ապահովել: Մինչ այժմ Facebook-ին The Times-ը պարտական էր իր այցելուների թվի մինչև 16%-ի, իսկ National Geographic-ը՝ մոտ 25%-ի համար: Ընկերություններն այժմ կարող են Facebook-ում տեղադրել իրենց գովազդը և ստանալ ողջ հասույթը կամ սոցցանցին վստահել գովազդների վաճառքն ու տրամադրել նրան հասույթի 30%-ը:

Առայժմ ընկերությունները շաբաթական մի քանի հրապարակումներ կներկայացնեն Facebook-ում: Հետագայում գուցե նախաձեռնությանը միանան նոր տեղեկատվամիջոցներ: Ներկայում Facebook-ի հետ համագործակցող ընկերություններից 5-ը՝ BuzzFeed, National Geographic, The Atlantic, NBC News և The Times, ամերիկյան են, իսկ 4-ը՝ The Guardian, BBC News, Bild և Spiegel Online, եվրոպական:

Լուսանկարը՝  blogs.wsj.com-ից  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter