HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Google-ը կփորձարկի ինքնագնաց մեքենաները Կալիֆորնիայի փողոցներում

Google ընկերության ինքնագնաց մեքենաներն արդեն պատրաստ են փորձարկման: Մեքենաները Կալիֆորնիայի փողոցներ դուրս կգան արդեն այս ամառ:

Փորձարկումները կարվեն իրական երթևեկության պայմաններում: «Մենք ցանկանում ենք իմանալ, թե ինչպես է հասարակությունը վերաբերում նման մեքենաներին, ինչպես են մարդիկ վարվում նրանց ներկայությամբ, ինչպես նաև հույս ունենք պարզել՝ ինչ մարտահրավերներ կան տեխնոլոգիայի ներդրման ճանապարհին, օրինակ՝ ինչպես կվարվի այն, եթե համակարգը հրամայում է կանգնել, բայց երթևեկությունը հակասում է դրան»,- Вести Экономика-ն մեջբերում է  Google-ի՝ ինքնագնացների համար պատասխանատու մենեջեր Քրիս Ուրմսընի խոսքը:

Ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինը անցյալ տարի հարավային Կալիֆորնիայում կայացած Տեխնոլոգիական կոնֆերանսի ժամանակ հայտնել էր, որ վերջնական տարբերակում մեքենան կլինի առանց ղեկի և ոտնակների: Կլինի միայն մեկ կոճակ՝ «Մեկնարկ/Կանգառ», և մեկ էկրան, որին կցուցադրվի երթուղին՝ ամենայն մանրամասնությամբ: Համակարգը կգործի Google քարտեզի օգնությամբ: Ամենուրեք կլինեն սենսորներ, որոնց հաղորդած տվյալները կհաղորդվեն հաշվողական կենտրոններ, կհամադրվեն GPS-ի ազդանշանների և տեղանքի եռաչափ քարտեզի հետ, որը շարունակ փոփոխվում է՝ հաշվի առնելով անգամ չնչին փոփոխությունները: Հետադարձ կապով ինքնագնացը կիմանա, օրինակ, խցանումների մասին կամ կդադարի աշխատել, եթե ոստիկանները անասարքության մասին հաղորդել են կենտրոն:

The New York Times-ը հավելում է, որ մեքենաներին անհրաժեշտ կլինի «էլեկտրոնային ուղեղ», որը կիմանա՝ ինչպես տեղաշարժվել մի աշխարհում, որտեղ վարորդները, անցորդներն ու հեծանվորդները անկանխատեսելի քայլեր են անում: Բացի այդ, կան նաև շրջանային տարբերություններ, օրինակ՝ Բոստոնի ու Լոս Անջելեսի միջև, որտեղ գործում են երթևեկության չգրված օրենքներ ու մշակութային առանձնահատկություններ:

Առայժմ այս մեքենաների արագությունը կսահմանափակվի 40 կմ/ժամով: Բացի այդ, փորձարկումների ժամանակ խցիկում կլինի նաև վարորդը, ով ամեն պահի կարող է ստանձնել ղեկավարումը: Մինչ այս փորձարկումներ էին անցել փակ ճանապարհներին, լուսաֆորներից ու այլ մեքենաներից հեռու: Փակ փորձարկումների վեց տարիների ընթացքում գրանցվել է 11 վթար: Ընկերությունը վստահեցնում է, որ ոչ ոք չի տուժել, իսկ ինքնավարման սկզբունքին հարմարեցված Lexus մեքենաներն ընդամենը քերծվածքներ են ստացել: Google-ը սա համարում է լավ արդյունք՝ հաշվի առնելով այն, որ ընդհանուր երթուղին կազմել է 2.7 մլն կմ, իսկ վթարներ տեղի են ունեցել նաև մարդ-վարորդների մեղքով:

Նախագծողների կարծիքով՝ այս նորարարությամբ հնարավոր կլինի նվազեցնել վթարների քանակը: Բացի այդ, մեքենայի դիմային մասի նուրբ մետաղը կարող է փրկել նրանց կյանքը, ովքեր պատահամամբ կհայտնվեն մեքենայի ճանապարհին: Սակայն որոշ ավտոարտադրողներ կասկածով են մոտենում նախագծին: Դետրոյթի ավտոբիզնեսի ներկայացուցիչները, ում հետ ընկերությունը բանակցություններ է վարել՝ տաքսիների ցանց ստեղծելու համար, ասել են, որ սերիական մեքենաներ թողարկելը մեծ ներդրումներ է պահանջում, իսկ իրենք չեն ցանկանում իրենց ապրանքանիշով արտադրել մի տրանսպորտային միջոց, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդկանց համար:

Մյուս կողմից՝ շվեդական ավտոարտադրող Volvo-ն այս տարվա սկզբին հայտարարել է, որ ինժեներները ստեղծել են «ամբողջական, արտադրության պատրաստ ինքնաղեկավարման մոդուլ», որը օգտագործում է մեծ թվով սենսորներ և տվյալների մշակման ամպային համակարգ: Ավտոարտադրողը Drive Me Volvo ծրագրով նախատեսում է մինչև 2017թ. գնորդներին առաջարկել 100 ինքնագնաց մեքենա:

Ինչպես գրում է CNN Money-ն, Google-ը միակ ընկերությունը չէ, որ աշխատում է այս տեխնոլոգիայի ներդրման ուղղությամբ: Նմանատիպ ծրագրեր ունեն նաև BMW-ն ու Mercedes-ը: Google-ը նախատեսում է, որ մինչև 2020թ. նախկին վարորդները կկարողանան սուրճ խմել կամ աշխատել համակարգչով մեքենայի ընթացքի ժամանակ:

Լուսանկարները՝ Forbes-ից  և NBCNews-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter