HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում տեղական ձեթի պակաս կա. արտադրությունը կտրուկ նվազել է

Հայաստանում  ձեթի արտադրության ծավալները կտրուկ կրճատվել են։ 2013 թվականին արտադրության այս ճյուղում գրանցված հաջողությունը, փաստորեն, երկար չտևեց։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ) 2014 թվականին հանրապետությունում արտադրվել է 3.96 հազ. տոննա ձեթ, որը 14.7%-ով պակաս է 2013-ի ցուցանիշից։ Արտադրության անկումը շարունակվել է նաև այս տարի։ Մասնավորապես, այս տարվա առաջին երեք ամսում  արտադրվել է 478 տոննա ձեթ, մինչդեռ 2014-ի նույն ժամանակահատվածում ավելի քան երկու անգամ (50.2%) ավելի շատ էր արտադրվել։

 Երկու տարի առաջ պատկերն այլ էր։  

 Անգամ 2013-ին գրանցված աճը չի կարելի միանշանակ մեծ հաջողություն համարել, քանի որ  տեղական արտադրությունն այդ տարի բավարարել է պետության ներքին պահանջարկի ընդամենը 13-15%-ը, մյուս տարիներին՝ ավելի քիչ մասը:

Հատկանշական է ձեթի արտադրության այս տարվա  կտրուկ անկումը 50.2%-ով։ Ըստ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ ձեթի արտադրության նվազման գլխավոր պատճառն այն է, որ այսօր ձեթ ներկրելն ավելի շահեկան է, քան տեղում արտադրելը։ Տեղում արտադրելու համար լրացուցիչ ծախսեր են հարկավոր՝  աշխատավարձեր, հարկեր, հումքի ներմուծում և այլն։ Այդ բոլորն անելու փոխարեն ավելի հեշտ է դառնում դրսից բերելն ու վաճառելը։ Արդյունքում՝ ավելանում է ներմուծումը, պակասում` տեղական արտադրությունը։

«Պատճառներից մեկն էլ երկրում ընդհանուր արտադրության նվազումն է, որն անդրադարձել է նաև այս ճյուղի վրա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վ. Սաֆարյանը։

Պատկերը փոխելու համար, ըստ նրա, կառավարությունը պետք է տեղական արտադրողի համար լրացուցիչ խթաններ ստեղծի՝ հավելյալ արտոնություններ, ավելացված արժեքի հարկի նվազում և այլն, որ շահավետ լինի տեղում արտադրությունը։ Խոսքը ոչ միայն ձեթ արտադրողների մասին է, այլև՝ հայրենական բոլոր ապարանքարտադրողների, ովքեր զբաղվում են հավի, կոշիկի, տրիկոտաժի և այլ ապրանքների արտադրությամբ։ Այսինքն՝ պետք է փոխվի տնտեսական ընդհանուր քաղաքականությունը։ Եթե տեղական արտադրությունը ծաղկի, ապա սպառողները, հատկապես սննդամթերքի հարցում, ըստ Վ. Սաֆարյանի, կնախընտրեն հենց տեղականը, քանի որ, որպես կանոն, այն միշտ ավելի որակով, անարատ ու թարմ է լինում։

Տրամաբանական է, որ այս դեպքում ձեթի ներքին պահանջարկը, որը Հայաստանում տարեկան 25-30 հազ. տոննա է, լրացվում է ներմուծման միջոցով։ ՀՀ մաքսային ծառայությունից տեղեկանում ենք, որ նախորդ տարի նեմուծվել է 23.1 հազ. տոննա ձեթ՝ 26 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով։ Ներկրվել է հիմնականում արևածաղկի, ինչպես նաև քրքումի և բամբակի ձեթ։ 2011-ին, երբ երկրում արտադրվել է  ընդամենը 700 տոննա ձեթ, ներմուծվել է 21 հազ. տոննա։

Հայաստանյան շուկայում գերիշխում է ռուսական ձեթի տեսականին։ Նախորդ տարի ներմուծված ձեթի ավելի քան 75%-ը եղել է ռուսական (17.4 հազ. տոննա)։ Մնացած 24%-ն ապահովել է Ուկրաինայից ներկրվածը (5.6 հազ. տոննա)։ Քիչ քանակությամբ ներկրվել է նաև Իտալիայից՝ մոտ 60 տոննա և Բելառուսից՝  մոտ 5 տոննա։ Հայաստանը նաև արևածաղկի սերմ է ներկրում՝ որպես ձեթի հումք: 2014-ին ներկրվել է 3.3 հազ. տոննա արևածաղկի սերմ՝ մոտ 4 մլն դոլար մաքսային արժեքով: Իսկ 2013-ին՝ 2.2 հազ տոննա: Սա էլ խոսում է այն մասին, որ տեղեկան ձեթի արտադրության համար պետք է փոխվի նաև հումքին վերաբերող տնտեսական քաղաքականությունը։

Ներկա դրությամբ Հայաստան արևածաղկի սերմ ներկրվում է հիմնականում Ռուսաստանից:

Հայաստան ձեթի ներմուծման շուկայում կան գերիշխող դիրք ունեցողներ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ արևածաղկի և եգիպտացորենի բուսական յուղի  (ձեթ) ներմուծման շուկայում իրացման ծավալներով 37.5%-ը գրավում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը, որին ինչպես հայտնի, պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այն գերիշխող դիրք ունի նաև  էթիլային սպիրտի, կարագի և բրնձի ներմուծան շուկաներում: Մյուս գերիշխող ունեցողը «Վեգեքոմ» ընկերությունն է, որը ներմուծում է ձիթապտղի բուսական յուղ (ձեթ) և գրավում է այդ շուկայի 66%-ը: Այն գերիշխող դիրք ունի նաև  պահածոյացված ձիթապտղի ներմուծման շուկայում:   

Արտադրության նման ծավալների պայմաններում Հայաստանից ձեթ չի արտահանվում. Մաքսային ծառայության՝ արտահանման վերաբերյալ ապրանքացանկում ձեթ չկա:

Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ Հայաստանում ձեթի արտադրությամբ զբաղվում է 3 ձեռնարկություն: Արևածաղկի ձեթ արտադրում է «Շող» ձեթի և յուղի կոմբինատը, իսկ կտավատի ձեթ՝ «Թության» և «Արտուշ Սանոսյան եւ որդիներ» ընկերությունները։ Վերջին երկուսի համեմատ «Շողի» արտադրական ծավալներն ավելի մեծ են, բացի այդ՝ այստեղ կիրառվում են եվրոպական տեխնոլոգիաներ և ժամանակակից սարքավորումներ։ «Շողը» համարվում է միջին ձեռնարկություն, իսկ մյուս երկուսը՝ փոքր: Այս ընկերությունն արատադրում է նաև յուղ, օճառ, մարգարին, մայոնեզ։

Հանրապետությունում գործում են նաև փոքր ծավալներով տնայնագործական արտադրամասեր, որոնց թիվը հստակ չէ, քանի որ դրանց մի մասը ժամանակ առ ժամանակ դադարեցնում են գործունեությունը, մի մասն էլ գրանցված չեն հարկային մարմիններում և այլն։

Երևանյան խանութներում մեր կատարած հարցումների արդյունքում պարզեցինք, որ շատ խանութներ «Շողի» ձեթ և յուղ չեն վաճառում։ Վաճառողներից մի քանիսը համոզված ասացին, որ այս ընկերության արտադարանքը եթե ողջ ամբողջությամբ, ապա հիմնականում առաքվում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանց, իսկ փոքր խանութները ոչ ստացել, ոչ էլ վաճառել են։ Համենայնդեպս, ներկա դրությամբ մեր այցելած 10 խանութներից ոչ մեկում չկար «Շողի» ձեթ և յուղ։ Իսկ Կոմիտասի պող., 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի»-ում «Շողի» ձեթի տեսականուց առկա էր միայն «Արևը»՝ փոքր, միջին և  մեծ տարրաներով։ Կար նաև հալած յուղի տեսականի։

Նշենք, որ  Լեռնային Ղարաբաղում  գործում է «Ռեյփսիդ» սահմանափակ ընկերության «Ոսկե կաթիլ» պիտակը կրող ձեթի գործարանը, որի արտադրության համար օգտագործվող հիմնական հումքն էլ արևածաղիկն է, ինչպես նաև կտավատը, հալածուկն ու ռաբսը: Այս գործարանի արտադրանքը սպառվում է հիմնականում Արցախում:

Պաշտոնական վիճակագրությամբ՝  Հայաստանում այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, արևածաղկի ձեթն էժանացել է 3.4%-ով, իսկ ձիթապտղինը՝ 0.3%-ով:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter