HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մհեր Ենոքյանը բողոքարկում է դատախազության մերժումը. «Գալու եմ ձեզ մոտ» (տեսանյութ)

«Հետքի» բանտային թղթակից, 19 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին հանդիպեցինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի երկրորդ հարկում` դահլիճում, որտեղ սովորաբար տեղի են ունենում արտագնա դատական նիստերը: Լրագրողներին թույլատրվեց տեխնիկայով բարձրանալ դահլիճ, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ թույլատրեց տեսանկարահանել ու լուսանկարել ողջ նիստի ընթացքը: Դահլիճ մտնող յուրաքանչյուր քաղաքացու Մհերը ժպիտով ողջունեց, այնուհետև նախապատրաստվեց բողոք-ելույթի համար հատկացված իր ժամանակին: 

Նա դատարանում վիճարկում էր Գլխավոր դատախազության` 19 տարվա վաղեմության քրեական գործը նոր երևան եկած հանգամանքներով չվերաբացելու որոշումը: Ենոքյանը խնդրեց դատարանին վերացնել գլխավոր դատախազության մերժման որոշումներն ու պարտավորեցնել այդ մարմնին վերաբացման վարույթ հարուցել:

«Նույնիսկ զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, եվրոպական պետություներում ամիսը մեկ դատական գործեր են վերաբացվում, ցմահ դատապարտված մարդիկ անմեղ են ճանաչվում, դատավորներն, ովքեր սխալ են գործել, ներողություն են խնդրում: Հայաստանում մահապատիժը վերացվեց, փոխարինվեց ցմահ ազատազրկման, բայց առայժմ որևէ գործ չի վերանայվել: Ստացվում է, որ Հայաստանում դատական սխալ չի եղել, ՀՀ դատաիրավական համակարգը երբեք անմեղ մարդու չի դատապարտել»,- ցմահ դատապարտյալն այսպես սկսեց այն բողոքի ներածական մասը, որով դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը մահապատժի է դատապարտվել 1996 թ-ին` մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ: Թե՛ դատարանում, թե՛ մինչ օր պնդում է, որ մարդ չի սպանել: Նա տվել է նույնաբովանդակ ցուցմունքներ, որ փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մեղադրանքի ու դատավճռի հիմքում ընկած է գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի մի քանի անգամ փոփոխված ու իրարամերժ ցուցմունքներից վերջինը: Սկզբում Արամ Հարությունյանն ընդունել է, որ կատարել է սպանություն, ապա աստիճանաբար մեղքը բարդել է Ենոքյանի վրա: Չնայած այն հանգամանքին, որ քրեական գործի հարուցման որոշման մեջ նշված է, որ հենց Արամ Հարությունյանի հայտնածի հիման վրա է հարուցվում գործը, ըստ որի ինքն իր բնակարանում սպանություն է կատարել:

Այս գործով նախաքննությունն ու դատավարությունը տևել են ընդամենը 4 ամիս: 3 հատորանոց քրեական գործով չեն կատարվել անհրաժեշտ փորձաքննություններ` դատահոգեբանա-հոգեբուժական, մատնադրոշմային, քննչական փորձարարություն և այլն: Արամ Հարությունյանն ու Մհեր Ենոքյանը դատապարտվել են 1961 թ.-ի ՔՕ 99-րդ հոդվածի 1-ին ու 6-րդ կետերով: Արամը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատության մեջ է 2011 թ-ից: Իսկ Մհերը դատապարտվել է մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի հրամանագրով 42 մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Դատարանը հաստատված է համարել, որ կատարվել է կանխամտածված ու շահադիտական սպանություն:

«Բայց որևէ ապացույց, քան Արամ Հարությունյանի` իրական մարդասպանի իրարից տարբերվող ցուցմուքններն են, չեք գտնի այս գործում»,-ասաց Ենոքյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանին ցմահ դատապարտյալը ներկայացրեց, որ 1996 թ-ից պարբերաբար դիմել է գլխավոր դատախազություն իր քրեական գործի վերաբացման խնդրանքով, սակայն պատասխանները կրկնել են մեկը մյուսին` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Եվ ահա 2012-ին նրա փաստաբան Վահագն Մանուկյանը, ով դատախազության երբեմնի քննիչ է եղել, սկսել է իր սեփական քննությունը` հայտնաբերելով, որ իրեղեն ապացույցների ներկայացման ժամանակ երկու ընթերականերից մեկը գոյություն չունեցող անձ է եղել, մյուսն էլ ցուցմունք է տվել, որ 1996 թ-ի հուլիսի 12-ին չի եղել Նոր Նորքի ոստիկանությունում: Սակայն այս հիմքերը գլխավոր դատախազությունը բավարար չի համարել վերաբացման վարույթ սկսելու համար:

Իսկ անցյալ տարի Ենոքյանի ներկայացուցիչները դիմել են Նիդերլանդներում գործող IFS փորձագիտական կենտրոն: Դատական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Ս.Ջ.Մ. Էյքելենբում-Շիլվիդը տվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որը հիմնված է 2010 և 2014 թթ.-ի գիտության վերջին նվաճումների վրա: Ենոքյանի փաստաբաններ Լևոն Բաղդասարյանն ու Սեյրան Գրիգորյանը դիմել են դատախազություն այդ հիմքով գործի վերաբացման խնդրանքով: Սակայն թե՛ դատախազության մերժման որոշման մեջ, թե՛ դատախազ պարոն Չարխիֆալաքյանն իր բանավոր խոսքւմ նշեց, որ եզրակացության մեջ հետևություններ ու ենթադրություններ են:   

«Ո՛չ, հարգելի դատարան, փորձաքննության մեջ ենթադրություններ չեն, այդ ինձ են մահապատժի դատապարտել ենթադրությունների հիման վրա: Իսկ ի՞նչ հանգամանքներ պիտի լինեն, որ գլխավոր դատախազությունը համարի բավարար, ինձ ասեք իմանամ: Դատախազությունն ասում է` գնա ցմահ նստի, չենք վերանայում, նոր երևան եկած հանգամանք չի»,-ասաց Ենոքյանը` նշելով, որ որպես ապագա իրավագետ, կատարել է որոշակի իրավական վերլուծություն քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նոր երևան եկած հանգամանքների հիմքով գործերի վերաբացման հնարավորությունների ու խոչընդոտների վերաբերյալ:

«1996 թ-ին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի, բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Սա, այնուամենայնիվ, կարող էր ապացուցել կատարվածը և որ սցենարն ավելի հավանական էր, որ ճշմարիտ էր: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել բացարձակապես ի վնաս Ենոքյանի է: Դատավճռից այն տպավորությունն ենք ստանում, որ Ենոքյանի դատապարտումը հիմնված է այն փաստի վրա, որ նա հրաժարվել է ընդունել Հարությունյանի կողմից հորինված սցենարը: Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարրեր նրա ցուցմունքներում»,- նշված է IFS դատափորձագիտական կենտրոնի եզրակացության մեջ:

Ենոքյանը նշեց. «Այն, որ այս նոր երևան եկած հանգամանքը դատական ակտ կայացնելիս անհայտ է եղել, ակնհայտ է, քանի որ այն հիմնված է 21-րդ դարի արդի դատաբժշկական գիտության տվյալների վրա և միանշանակ հերքում է 20-րդ դարում որպես ապացույց մահապատժի դատավճռի հիմքում դրված փորձագետի եզրակացությունը ու ցուցմունքը կապված արյան ցայտելու դրվագի հետ»:

Սակայն դատախազ Չարխիֆալաքյանը նկատեց, որ դատաբժշկի եզրակացությունը չի կարող նոր երևան եկած հանգամանք լինել. «Չի կարող սա հիմք հանդիսանալ վերաբացման վարույթ հարուցելու համար: Պետք է լինեն անհերքելի և պատշաճ հանգամանքներ դրա համար: Գտնում եմ, որ դատավճիռը օրինական է, ուստի այն վերացնելու հիմքեր չկան, ուստի միջնորդում եմ մերժել Ենոքյանի բողոքը»,-ասաց դատախազը:

Մհեր Ենոքյանը միջնորդեց որպես իր ներկայացուցիչ ներգրավել «Լև Գրուպ» փաստաբանական ընկերության տնօրեն Լևոն Բաղդասարյանին: Միջորդությունը բավարարվեց: Հաջորդ նիստը կշարունակվի նույն վայրում հոնիսի 15-ին, ժամը 11:00-ին:

Հ.Գ. Դատական նիստի ավարտից հետո Մհեր Ենոքյանին ուղեկցեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում գտնվող իր խուցը: Մի խումբ արվեստագետներ և լրագրողներ հավաքվեցին բանտի շենքի դիմաց ու փորձեցին քաջալերել ցմահ դատապարտյալին, ինչին ի պատասխան լսվեց. «Գալու եմ ձեր մոտ»:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (7)

Գևորգ
Հնարավոր չի՞ Եվրոպական դատարան դիմել:
Մանյա
Ազատություն` Մհեր Ենոքյանին. Այս պայլուն մտքի տեր, տաղանդավոր երիտասարդն արժանի է հարգանքի և հիացմունքի: Ես հավատում եմ Մհերին, նա չէր կարող մարդասպան լինել: Թող հաղթի արդարադատությունն ու թող Մհերն ազատվի դատարանի կոմից կայացրած անհիմն ու անարդար վճռով` ցմահ բանտարկությունից:
Վեհարի
Ապրես Մհեր, գիտեինք որ անմեղ ես, բայց այսօր Դու ապացուցեցիր, որ խորհրդային ժամանակներից մինչ օրս հայաստանի դատաիրավական ամբողջ համակարգը օրենսդիրներն այնպես են կառուցել, որպեսզի ավելի հաճախ անմեղները հայտնվեն բանտերում իսկ ավելի մեծ հանցագործները բարձր պաշտոններում: Քո բերած հիմնավոր փաստարկների դեմ դատախազ Չարխիֆալաքյանի բերած տվյալները պարզապես տրամաբանությունից զուրկ են, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը քեզ /և շատերին/ հանցավոր անօրինություններով է շարունակում պահել բանտում: Շնորհավորում եմ` ըստ օրենքի Դու ազատ ես և եթե վաղը դատավորը համարձակվի արդարացման Դատավճիռ չկարդալ, դրանով ամբողջ աշխարհին կապացուցի այն ակնհայտ փաստը, որ իշխանությունը հայաստանում հանցագործների ձեռքերում է: Քո այս ելույթը կարելի է համարել իրավաբանի դիպլոմային աշխատանքի փայլուն պաշտպանություն:
Karen
Мгер Да Беги ты еще раз, этим душегубам ты все равно ничего не докажешь. Границу с Грузией за 200 долларов помогут пересечь да и сам можеш. И вуаля- новая жизнь! Тебе ли не знать:):):)
Zaruhi
Հարգելի Գևորգ, մինչև երկու հազար երեք թվականը քննված գործերով հնարավոր չէ դիմել ՄԻԵԴ, այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն չի եղել ԵԽ անդամ պետություն: Սակայն հնարավոր է նոր երաև եկած հանգամանքներով դատական տեղական ատյաններն անցնելուց հետո վիճարկել հարցը նաև ՄԻԵԴ-ում:
Գրիգոր Թորոսյան
Անսխալական հայոց (չ)արդարադատություն, թող բոլոր աշխարհի իրավաբանները գան Հայաստանում թրեյնինգ անցնեն, որ մերոնց պես կյանքում ոչ մի դատական սխալ թույլ չտան..........................
President
Ամբողջ խնդիրը հանգում է, ի վերջո, մեղավոր ` դատախազներին ու դատավորներին սխալ դատական ակտ կայացնելու համար պատասխանատվության ենթարկելուն: Ոչ մի դատական ակտ չի կարող վերանայվել, քանի դեռ այդ սկզբունքային հարցը չի լուծվել: Իսկ Չարխի հետ իրավաբանության բանավեճի բռնվելը նույնն է, թե քվանտային ֆիզիկայի մասին խոսես... անհույս է: Բացարկ հայտնի դատախազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter