HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանուհի Թովմասյանի երկրորդ նամակը Մհեր Ենոքյանին

Բարև, Մհեր ջան։

Ինչ լավ անունով են ծնողներդ կոչել քեզ։ Գիտես, չէ՞, ի՜նչ անհամեբերությամբ են նրանք սպասում վերադարձիդ ․․․Մենք էլ․․․

Անցնեմ քո հարցազրույցին՝ դեռ առաջին հարցդ եմ պարպում։

Առաջին նամակում պատմեցի Արամ պապիս մասին, հիմա պատմեմ՝ ինչպես գտա Լեռ Կամսարին, ինչպե՞ս վերադարձա իմ արմատներին։

Արամ պապիս գիտեի և սիրում էի ծնված օրվանից, իսկ Լեռ Կամսարին հանդիպեցի 12 տարեկան հասակում, երբ նա նոր էր մահացել։ Դպրոց գնալու ճանապարհին Լենինի հրապարակի կրպակում հանկարծ տեսա նրա «Մարդը տանու շորերով գիրքը»։ Զարմացա ու արմացա, քանի որ գիտեի, որ գիրքը արգելանքի տակ էր, որը և դարձել էր նրա մահվան պատճառը։ Պարզվեց, որ կրպակներին և գրադարաններին բաժանելուց հետո են գլխի ընկել, որ պետք է կանխել գրքի տարածումը։

Բնականաբար գնեցի գիրքը, որ տանեցիներին ուրախացեմ և բնականաբար էլ որոշեցի կարդալ, որ տեսնեմ ինչ վտանգավոր բան կար գրքում, որ վախեցրել էր կառավարությանը։

Հիասթափությունս և ապշանքս մեծ էր։ Գիտեք Ամերիկան, Անգլիան կամ մի ուրիշ երկիր էլի նեղանալ կարող էր, բայց ա՜խր Սովետը հեչ խռովելու տեղ չուներ (Գլավլիտը հավեսով էր աշխատել)։

Կարդացի, կարդացի ուշադիր և զգացի, որ հոգումս բան չչխկաց։ Այդ տարիքում տարված էի պատմահայրենասիրական գրականությամբ և ֆելիետոնի ժանրը առանձնապես չհուզեց ինձ։

Երկրորդ հանդիպումս արդեն հիասթափեցնող էր։

Երբ պապս մահացավ, ես ականատեսն էի մի շատ տարօրինակ և ցավալի իրողության։ Տանեցիները թողել էին նոր հոգին ավանդածի սնարը և մտած հարևան սենյակում ինչ-որ գզրոցներ էին դատարկում։ Քիչ հետո դուրս եկան մի հնամաշ սև գույնի ճամպրուկով և հանձնեցին բարեկամներից մեկին, ով շուտափույթ անհետացավ։ Միայն դրանից հետո լուր տվեցին բոլորին, որ Լեռ Կամսարը վախճանվեց։

Արցունքների միջից հետաքրքրվեցի մորիցս, թե դա ինչ էր։

-Դա մեր հարստությունն է, մեր գանձը,- խորհրդավոր ասաց նա։

«Տես է՜, ինչ խորն է վանեցիների հոգին,  մտածեցի, ապրում են թշվառության մեջ՝ ունենալով մի ամբողջ ճամպրուկ ոսկի։ Երևի Վանից են բերել»։

Թաղումից հետո սկսվեց գանձերի իմ որոնումը։ Ճամպրուկը գտա Շուշան մորաքրոջս տանը։ Պարանով կապված էր և կնքված։ Պատռեցի կնիքը, մի կերպ փոքրիկ արանք բացեցի և ձեռքս սլլացրի ճամպրուկի մեջ և սկսեցի շոշափել։ Չէ, սա ոչ ոսկի է, ոչ էլ զարդեղեն։ Ուրեմն, թղթադրամներ են` անցավ մտքովս։ Բայց պետք էր տեսնել ու համոզվել։ Մի կերպ ձեռքս ընկածը դուրս հանեցի նեղ արանքից։ Սառը ջուր լցվեց գլխիս` ընդամենը գրված թղթի պատառիկներ էին։ Ահավոր հիասթափված ուզեցի նորից հետ ճխտել  դրանք, որ չբռնվեմ։ Մեկ էլ մտքովս անցավ` կարդամ, գուցե գրված է Վանում թողած մեր հարստության տեղը։

Հազիվ կարդում եմ ձեռագիրը՝ «Պրոլետարիատը մի կեղտոտ քուրջ է, որի ծալքերում բնակռած Լենինի և Ստալինի նման պարազիտներ ծծում են իր իսկ արյունը։

Դե գնա՛, պրոլետարիատ, ու ողջ կյանքումդ մարմինդ քորի»։

Ո՜վ սարսափ, սա ի՞նչ է։ Երևի պատկերացնում ես, թե ինչ կարող էր զգալ Լենին պապիի ազնիվ հոկտեմբերիկ սանիկը։ Մի մոռացիր, որ դեռևս 1965 թիվն էր։ Դողալով շրջում եմ  թերթիկը՝ ««Հոկտեմբերյան հեղափոխության» հեղինակ Լենինը իսկապես որ աղվես է եղել, համաշխարհային աղվես, եթե կարելի է այսպես ասել։

Եվ իսկապես։ Ռուս ժողովուրդը, որ այդ հեղափոխությունը կատարեց` խոմ չվերցրե՞ց Լենինի գրած հիսունհինգ հատորները կարդաց, համոզվեց սոցիալիզմի անհրաժեշտությանը ու նոր զենք վերցրեց։ Ո՛չ։ Լենինը ուղղակի խաբեց բանվորին ու գյուղացուն։ Խոստացավ վերջ տալ պատերազմին` դրանով զինվորին խաբեց, ասաց հողը գյուղացուն` դրանով էլ գյուղացուն խաբեց։ Հետագայում ո՛չ զինվորը խաղաղություն ստացավ, ո՛չ գյուղացին` հող։ Զինվորը կանչվեց երկարատև եղբայրասպան պատերազմի, իսկ գյուղացուն ոչ միայն հող չտվեց, այլև ունեցածն էլ ձեռքից խլեց և կոլխոզ քշեց ձրի աշխատելու։

Ահա՛ քեզ «հոկտեմբերի» տված բարիքը։

Ասացե՛ք, որ շունշանորդի աղվեսն այսպես անողորմ խաբեց իր զոհին։ Ուրեմն, ասենք.

-Այո՛, Լենինը համաշխարհային աղվես է. նրան պակասում է միայն փառահեղ համաշխարհայինպոչ»։

Վա՜յ, Լեռ Կամսար,վա՜յ, էս ի՞նչ ես գրել Լենին պապիիս մասին` հուզվեցի ես։ Եվ հլա հոժա՞ր չես, որ 20 տարով աքսորել են քեզ` շնորհակալություն պետք է հայտնես, որ չեն գնդակահարել։

Նայեցի կրծքիս կպցրած Վոլոդյա Ուլյանովի ոսկե գանգուրներին։ Եվ մեջս զարթնեց Պավլիկ Մորոզովի ախտանիշը (ճիշտ կլիներ գրել աղտանիշը)։ Գոհություն Աստծո, որ խեղճ Արամ պապս կենդանի չէր։ Թե չէ կբղավեի` այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև…, և կփռեի նրա ուրացող լեշը… Տեսնում ես, չէ՞, թե ինչպիսի զոմբիներ էր պատրաստում սովետական դպրոցը։

Մհեր ջան, Լեռ Կամսարի նկատմամբ ատելությունս ավելի խորացավ, երբ հայրս մեր նոր ստացած բնակարանի առաջին «կահույքը»՝ «Օպտիմա» գրամեքենան գնեց և չգիտես ինչու տեղավորեց հենց իմ ննջասենյակում։ Սկսվեց տարտարոսի իմ տանջանջները։ Մինչև ուշ գիշեր  չը՛խկ, հա չը՛խկ։ Հոր ձեռագրերը տպում էր 7 օրինակով և թաքցնում  տարբեր տեղերում։ Աչքը վախեցած էր, մտածում էր բռնագրավելուց հետո, գոնե մի օրինակը փրկվի։ Լեռ Կամսարի բանտարկվելուց հետո հայրս թողել էր դպրոցը, որպեսզի մոր հետ կարողանար պահել քրոջը և եղբորը։ Հետևաբար ունենալով 4-րդ դասարանի կրթություն նա բնականաբար պետք է հարցներ ամեն բառի ուղղագրությունը։ Ուղղագրություն հարցնելը գլուխը քարը` ես պետք է իմանայի բոլոր երկրների վարչապետների, քաղաքական գործիչների անունները, Սովետ Միության  կոմկուսի բոլոր ժամանակների  քարտուղարների անունները։ Պետք է յուրացրած լինեի ոչ միայն Աստվածաշունչը և հունական դիցաբանությունը, այլև համաշխարհային փիլիսոփայությունը մարքսիզմ-լենինիզմի հետ միասին։ Էլ չերկարացնեմ՝ գրել էր ամեն ինչի և բոլորի մասին։ Ուղղակի խենթանալիք էր։ Տարեց-տարի սպասում էի, երբ կվերջանա այս զուլումը, երբ հանկարծ մեկ օր հայրս հայտարարեց.

- Փոխանակ անօգուտ թափառլու` տար պապիդ գրվածքները և փորձիր տպագրել մամուլում։

- Եթե արժեքավոր լինեին, ինձ չէին սպասի` վաղուց արդեն հրատարակած կլինեին,- նետեցի ես։

Հայրս սփրթնեց իմ անպատկառ հայտարարությունից, և եթե չասեի դրությունը փրկող նախադասությունը, երևի թե կաթվածահար լիներ։

- Լավ, լավ , նյութեր տուր, «Ավանգարդը» ճամփիս է, կտամ, կանցնեմ։

Վերցնելով նյութերը, որոշեցի սրբագրել, նոր տանել, հաստատ իմանալով, որ մեքենագրելուց բավականին սխալներ արած կլիներ։ Մեկ սխալ, երկու, երեք, տասներեք` մեկ էլ հանկարծ նկատեցի, որ այլևս վրիպակները ինձ չեն հետաքրքրում` միտքս մեկեն բռնեց տողի պոչը և գնա՜ց, գնա՜ց, գնա՜ց… ու ընկավ Լեռ Կամսարի աշխարհը։ Երևի նույն զգացողությունը ունեցա` ինչ որ Կոլոմբոսը Ամերիկան գտնելիս։ Արդեն գանգատուփումս ունեի համալսարանական պարտադիր և ցանկալի գրականության մաղուցքը։ Արդեն թացը չորից մի փոքր զանազանել գիտեի, բայց սա հայտնություն էր։ Անվախ մտածողություն,  անբռնազբոս  խոսք, անկաշկանդ գրելաձև առանց լեզվական խրթին սեթևանքների` պարզապես մի զվարճալի զրուցակից, որ քեզ ամեն տեսակի կապանքներից ազատում է խնդմնդալով և դարձնում ազնիվ, շիտակ, մարդկային, անվախ, արդարամիտ և խելացի։

Ահա այսպես փոքրիկ զոմբին գտավ իր մեծ ճշմարտությունը և դարձավ ազա՜տ, ազա՜տ, երիցս ազատ մարդ…

Լեռ Կամսարն աստիճանաբար պոկեց ինձ գորշ ամբոխից և դարձրեց ինքնուրույն մտածող, անկախ մի անհատ, ում այլևս ուղեղի լվացում չի սպառնա։

Այսօր Լեռ Կամսարի գիրը կարող է արձագանքել  տվյալ օրվա հրամայականին։ Գրվածքներ ունի ցանկացած ժամանակի և իրավիճակի համար։ Նոր օրհներգ են ուզում ընդունել` ունի «Ազգային հիմնը», Կովկասում խառնաշփոթ է` խնդրեմ լիքը նյութեր, Ամերիկան նավթի համար խառնում է աշխարհը` Լեռ Կամսարն արդեն դա կանխատեսել էր, Քաղաքապետարանը ընդամենը «մեկ պատուհանով» է ուզում տանջել ժողովրդին` համեցեք։ Լենինին հրապարակում իջեցրին պատվանդանից` դրա մասին էլ ֆելիետոն կա, և այլն, և այլն։

Իսկ իր կյանքի վերջին նովելով զգուշացնում է հայ ժողովրդին, թե ինչ կլինի, եթե մեր տարածաշրջանում  ռուսն ու թուրքը դերակատարություն ունենան։

Դա բնավ չի նշանակում, որ Լեռ Կամսարը Նոստրադամուսն է։ Ուղղակի ծերուկ մոլորակը, որոշ վերապահումով,  նույն տրորված արահետներով է պտտվում իր առանցքի շուրջը։ Դարերի պատմությունը արդեն իսկ ապրված օրերի կրկնությունն է։ Աշխարհն ունի իր քարացած Սահմանադրությունը, որով միշտ առաջնորդվում է։

Այսօր այսքանը, սիրելի բարեկամ…

Մնամ քեզ սպասող՝ Վանուհի

                                                                          

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Վանուհի ջան, շատ շնորհակալ ենք պապիտ ոսկիներից մեզ հասած պատառներից: Գիտե՞ս, հումորն ու միտքը տեղում էր, այնպես որ մի պահ ինձ թվաց թե Լեռ Կամսար եմ կարդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter