
Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի դատական նիստը հետաձգվեց. Գագիկ Շամշյանը ծանուցված չէր
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Զարուհի Նախշքարյանի, մեկնարկեց նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանի հայցադիմումի քննությունը՝ ընդդեմ գործարար Փայակ Հայրապետյանի:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետը պահանջում է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ որպես բարոյական վնասի հատուցում և դատական ծախսերը` ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: Այս գործով երրորդ անձ է Գագիկ Շամշյանը:
Դատավորը ներկայացրեց, որ Գագիկ Շամշյանին ուղարկված գործի նյութերն ու ծանուցագիրը հետ է վերադարձել՝ «տեղափոխված է» գրությամբ: Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտնելով իր դիրքորոշումը նշեց, որ դատական նիստը հնարավոր է շարունակել առանց երրորդ անձի ներկայության:
Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը նշեց, որ Գագիկ Շամշյանին պատշաճ ծանուցելը պարտադիր է, նա պետք է ներկայացված լինի դատաքնությանը, քանի որ վերջինիս ղեկավարած լրատվամիջոցում է հրապարակվել Փայլակ Հայրապետյանի հարցազրույցը, ինչն էլ հանդիսացել է վեճի առարկա: Փաստաբանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գագիկ Շամշյանը պատշաճ ծանուցվի:
Դատարանը հետաձգեց առաջին նախնական դատական նիստը՝ հայցվոր կողմին հորդորելով գտնել երրորդ անձի հաշվառման կամ բնակության հասցեն:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը զրպարտչական է համարում լրատվամիջոցում հրապարակված Փայլակ Հայրապետյանի այն խոսքը, որ «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»: Ինչպես նաև այն, որ հոդվածում նշվել է, թե «նա նաև պատմել էր (Փայլակ Հայրապետյանը,-հեղ.), որ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009թ-ին` էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի` Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 մլնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով` ադամանդի հումքով, իսկի 100 մլնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեն աշխատել: Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խարդախությանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչև 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում` Սիրերա Լեոնե պետությունում, ոսկու և ադամանդի հանքեր ունի»:
Հաջորդ նախնական դատական նիստը կկայանա հուլիսի 15-ին:
Մեկնաբանել