HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվության աճի թողած հարցականները

Ազգային վիճակագրական ծառայության կախարդական փայտիկը տնտեսական աճ է նախապատրաստում այս տարվա համար 

Որքան էլ որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի, թե երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) աճել է, միևնույն է դա Հայաստանի քաղաքացուն ոչինչ չի տալիս, եթե նա իր կենցաղում բարեկեցության աճ չի նկատում: Այսինքն՝ եթե երկրում պաշտոնական կողմը պնդում է, որ տնտեսությունն աճ է գրանցել, ապա քաղաքացին դրան կհավատա միայն, եթե հասկանա, որ իր ունեցած 10 հազար դրամով ավելի շատ բան է գնում, քան նախկինում, որ իր աշխատավարձը բավականեցնում է մինչև մյուս ամսվա աշխատավարձ ստանալը ու ոչ թե մինչև ամսվա կեսը և այլն: 

Մայիս ամսվա համար էլ ՀՀ ԱՎԾ-ն ՏԱՑ-ի աճ է արձանագրել: Մասնավորապես, 2015 թվականի առաջին 5 ամսում՝ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2,7% աճ: Իսկ ամսական կտրվածքով՝ մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 7,1% աճ: 

Տարեսկզբից սկսած ունենք հետևյալ պատկերը. 

2015թ. հունվարին ՏԱՑ-ը 2014թ. հունվարի համեմատ աճել է 1,3%-ով 

Հունվար-փետրվարին  2014թ. հունվար- փետրվարի համեմատ՝ 2,5%-ով 

Հունվար-մարտին 2014թ. հունվար-մարտի համեմատ` 2,5%-ով 

Հունվար-ապրիլին 2014թ. հունվար-ապրիլի համեմատ` 2,7%-ով 

Մայիսին էլ, ինչպես նշեցինք, հնգամսյա աճը 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է  2,7 %։ 

Ինչպե երևում  է՝ ՏԱՑ-ի աճի տեմպերն արագացել են։ Տրամաբանական է, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա տարեվերջին կապահովվի բյուջեով նախատեսված 4,1% ՀՆԱ-ի ցուցանիշը, որը նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումն է։  Բայց, իրականում, գրանցված աճը մի շարք հարցականներ է թողնում։ 

Նախ հստակեցնենք, որ խոսում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին, որը շատ մոտ է ՀՆԱ-ի ցուցանիշին։ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) բնութագրում է երկրի տնտեսությունում արտադրված ապրանքների ու ծառայությունների (հանած միջանկյալ սպառումը) արժեքը` նախատեսված վերջնական սպառման, կուտակման և զուտ արտահանման համար: Իսկ ՏԱՑ-ը երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ է:  Ի տարբերություն ՀՆԱ-ի՝ ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում: 

Տնտեսական աճի ցուցանիշ ընդունված է համարել ՀՆԱ-ի աճը։ Այժմ ՀՆԱ-ն հաշվարկվում է եռամսյակային կտրվածքով։ Օրինակ՝  Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը 2015-ի առաջին եռամսյակում, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով, կազմել է 873,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելանալով 2,2 %-ով։ Իսկ ՏԱՑ-ը այս տարվա առաջին եռամսյակում, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,5%-ով։ Այսինքն՝ ՏԱՑ-ն արդեն իսկ պատկերացում է տալիս, թե առաջիկայում ՀՆԱ-ի ինչ ցուցանիշ ենք ունենալու։ 

ՏԱՑ-ի այս տարվա ցուցանիշներն աճել են տնտեսության որոշ ոլորտների հաշվին։ Մասնավորապես, հունվարին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ  աճ է գրանցվել բնակչությանը մատուցված ծառայությունների (3,8%), գյուղատնտեսության (1,8%), շինարարության (2,2%), ոլորտներում։  Հունվար-փետրվարին՝ ծառայությունների (4,6%), գյուղատնտեսության (3,6%), շինարարության (0,8%)։ Հունվար-մարտին՝ արդյունաբերության (2%), գյուղատնտեսության (4,5%), շինարարության (0,8%), ծառայությունների (3,9%) ոլորտներում։  Հունվար-ապրիլին՝ արդյունաբերության (4,2%), գյուղատնտեսության (4,8%), շինարարության (0,5%) և ծառայությունների (3,1%) ոլորտներում։ Հունվար-մայիսին՝ արդյունաբերության (4,5%), գյուղատնտեսության (6%), շինարարության (0,4%), ծառայությունների (3,8%)։ 

Ինչի՞ համար ենք մանրամասնորեն ներկայացնում այս ցուցանիշները։ Ցույց տալու համար, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի կարևոր բաղադրիչներից մեկը՝ առևտրի շրջանառությունը, այս ամբողջ ընթացքում շարունակաբար անկում է ապրել։ Հունվարին այն նվազել է 7,4 %-ով, հունվար-փետրվարին՝  6,9%-ով, հունվար-մարտին` 6,3%-ով, հունվար-ապրիլին` 7,6%-ով իսկ հունվար-մայիսին՝ 8,6%-ով։ Այսինքն՝ ստացվում է, որ տնտեսությունն աճում է, իսկ մարդիկ գնալով ավելի քիչ են առևտուր անում։ Սովորաբար, մարդիկ քիչ են առևտուր անում, երբ իրենց գնողունակությունը նվազում է։ Ու այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ ի՞նչ տրամաբանությամբ է բացատրվում այն, որ երկրի տնտեսությունն աճում է, իսկ մարդկանց գնողունակությունը՝ նվազում։ Եվ այդ միտումը շարունակվում է արդեն հինգ ամիս։ 

Կամ, ինչպե՞ս է ստացվել, որ երկրում աշխատավարձերը բարձրացել են, իսկ առևտրի շրջանառությունը նվազել է։ Ըստ ԱՎԾ-ի՝ հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173 հազ. ՀՀ դրամ, իսկ մայիսին՝ 183,5 հազ. դրամ։ Եթե հավատանք վիճակագրությանը, ապա՝ հինգ ամսում մեր երկրում միջին աշխատավարձը բարձրացել է 10,5 հազ. դրամով։ 

Կա մեկ այլ ուշագրավ ցուցանիշ։ Երկում տնտեսությունն աճում է, իսկ գործազուրկների թիվն՝ ավելանում։ Այսպես՝ այս տարվա հունվարին Հայաստանում գործազուրկների թիվը, նախորդ տարվա հունվարի համեմատ, աճել է 19,5%-ով, փետրվարին՝ 21,2%-ով, մարտին՝ 20,7%-ով, ապրիլին՝ 21,7%-ով: Մայիսի ցուցանիշը դեռևս հրապարակված չէ։ Ապրիլի դրությամբ Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է ավելի քան 74  հազ. մարդ։ 

Սա բերում է մեր այն մտքին, որը նշեցինք վերևում՝ Կառավարության ներկայացրած ցուցանիշները, այս դեպքում՝ վիճծառայության միջոցով, ոչինչ չեն տալիս մարդկանց, քաղաքացին չի կարող ուրախանալ ու հավատալ այդ թվերին, եթե իր կյանքի որակը, իր գնողունակությունը չեն բարձրացել։  Ու հայտնագործություն չէ՝ պաշտոնական թվերն հաճախ կամ երբեմն չեն արտացոլում երկրում իրական պատկերը։ Եթե այսպես շարունակվի, ապա Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կապացուցի միջազգային կազմակերպություններին, որ նրանք չափազանց հոռետես են եղել  Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումների հարցում ու ՀՀ բյուջեով նախատեսված  4,1% աճը կարձանագրվի։ Բայց քաղաքացին «նկարովի» տնտեսության կարիք չունի։ 

Ի դեպ, վերջերս Համաշխարհային բանկը կտրուկ նվազեցրել է 2015 թվականի համար ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը: Եթե հունվարին կանխատեսվում էր 3,3% աճ, ապա «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» վերջին զեկույցի համաձայն, կլինի 0,8% աճ: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի տնտեսության  համար առայժմ կանխատեսել է  1% անկում, Եվրոբանկը՝ 1,5%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter