
Մասիսի քաղաքապետի հայտարարած աճուրդում հաղթել են նրա որդին ու եղբայրը
Արարատի մարզում 2014թ.-ին 311 լոտ (232.33 հա) հող է վաճառվել, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, արարատյան դաշտավայրում մշտապես մեծ պահանջարկ ունեցող հողի վաճառքից ստացված եկամուտը 73%-ով նվազել է: Արդյունքում, համայնքները 66, 448 մլն դրամ պակաս են մուտքագրել բյուջե: Այդ ցուցանիշը հիմնականում գրանցվել է Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանի իրականացրած աճուդների արդյունքում, քանի որ լոտերի կեսից ավելին նա է վաճառել եւ հողերի մեծ մասը վաճառքի է դրել կադաստրային արժեքի 50%-ով:
Մասիսի քաղաքապետարանը 2014թ. միայն մայիսի 15-ին իրականացրած աճուրդում 100 լոտ հողատարածքից 92 լոտը աճուրդի էր դրել կադաստրային արժեքի 50%-ով: Աճուրդի կազմակերպիչն ու աճուրդավարը Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանն էր եւ նրա իրականացրած աճուրդում հաղթող են համարվել` որդին, եղբայրը, ընտանիքի այլ անդամներ:
Մասիսի քաղաքապետի որդին՝ Հովհաննես Հակոբյանն, այդ օրը 4 հողակտոր է գնել: Նույն տարվա մեջ հայտարարված մեկ այլ աճուրդով նա եւս 2 լոտ հող է ձեռք բերել:
Քաղաքապետի հետ նույն հասցեում բնակվող Կարապետ Հակոբյանը նույնպես գնել է 4 հողակտոր: Եվս 2 լոտ հողատարածք գնել է քաղաքապետի եղբայրը՝ Միշա Հակոբյանը:
Բոլոր լոտերը վաճառվել են մեկնարկային արժեքներին ավելացնելով 15,000 դրամ, այն դեպքում, երբ լոտերից յուրաքանչյուրի մեկնարկային գնի 5%-ով հաշվարկելու դեպքում, միայն մեկ քայլի հավելումը դրա կրկնակիից ավելին է կազմում: Այսինքն, իրականում համայնքային բյուջեին ավելի շատ վնաս է պատճառվել, քան կադաստրային արժեքի 50%-ով վաճառքի համար արված հաշվարկն է:
Քաղաքապետի ընտանիքի անդամների «մրցակիցները» մեզ հայտնի չեն, քանի որ քաղաքապետն այդ օրը թույլ չտվեց ներկա գտնվելու աճուրդին` հիշեցնելով Հողային օրենսգրքով ամրագրված աճուրդները փակ անցկացնելու մասին: Ի սկզբանե հայտնի էր, որ այդ աճուրդով քաղաքապետի շահագրգռվածությունը համայնքային բյուջեն հարստացնելը չէր: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված գրեթե անընթեռնելի հայտարարությունը, բնականաբար, գնորդներ գտնելու նպատակ չուներ: Դա պարզ էր ոչ այնքան վաճառքի դրված գույքի մասին ոչինչ չբովանդակող հայտարարությունից, որում նշված էր միայն լոտերի ծածկագիրը, այլեւ համայնքային սեփականության մեծ թվով հողերի համար սահմանված երբեմն աներեւակայելի ցածր արժեքներից:
Ճիշտ է, Հողային օրենսգրքի 67 հոդվածը սահմանում է, որ «... աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից...», սակայն դա չի նշանակում, որ մեկնարկային արժեքը կարելի է 50% սահմանել: Հատկապես, երբ հողի կադաստրային արժեքը չի փոփոխվել վերջին 20 տարում, համայնքները 100%-ից պակաս չեն սահմանում աճուրդի դրվող հողի մեկնարկային գինը: Էլ չասենք, որ կադաստրային արժեքը հողի հարկը հաշվարկելու բանաձեւն է ընդամենը (այդ մասին ավելի մանրամասնորեն ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ), իսկ աճուրդի դրվող գույքի մեկնարկային գինը որոշելու համար այն պետք է ներկայացվի անշարժ գույքը գնահատող մասնագետներին` գնահատելու համար:
Բավական չէ, որ Հողային օրենսգրքով հողի աճուրդը փակ է հայտարարված եւ բնակչությունից թաքցվում է այս ամենը, 2012 թ. մարտի 2-ին կատարված փոփոխությունը համայնքների ղեկավարներին արտոնեց առավել անկաշկանդ տնօրինել համայնքային ունեցվածքը:
Հողային օրենսգրքի 67 հոդվածից հանվել է աճուրդի կազմակերպչի ու նրա աշխատակազմի աշխատակիցների համար աճուրդներին մասնակցելու սահմանափակումը: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում պահպանված սահմանափակումը` «Սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը, ինչպես նաեւ աճուրդավարի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները եւ քույրերը», նույնպես չի վերաբերում համայնքային աճուրդներին:
Բայցեւայնպես, կա պատասխանատվության ենթարկելու նախադեպը. Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին դատապարտեցին նույն արարքի` կեղծ աճուրդների միջոցով իր եւ իր ընտանիքի անդամների անուններով ապօրինի հողահատկացումներ կատարելու համար: Նա իրեն՝ նվիրատվությամբ, իսկ կնոջն ու որդուն՝ կեղծ աճուրդների միջոցով, շուկայական արժեքից զգալի ցածր գներով հատկացրել էր հողեր, որով, նախաքննական մարմնի գնահատումով, զգալի վնաս է պատճառել համայնքին:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել