HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ դատավորը պատասխանող է. վերցրել է փոխառություններ և չի վերադարձրել

Արդարադատության խորհուրդը հունիսի 26-ին նիստ էր գումարել՝ քննության առնելով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը:  Դատավորը «մեղադրվում» էր դատական վեճը չհիմնավորված կարճելու, դատական ակտերը կողմին ուշացումով ուղարկելու, քաղաքացիներին ոչ պատշաճ ծանուցումների համար: ԱԽ-ն որոշել է կարճել վարույթը՝ կարգապահական վարույթի ընթացքի համար օրենքով սահմանված ժամկետները խախտելու հիմքով: 

Այս հարցը դեռ չավարտված կրկին «սև ամպեր» են կուտակվում դատավոր Իշխան Բարսեղյանի գլխին:

Դատավորին պարտավորեցնում են վերադարձնել պարտքերը

Բանն այն է, որ քաղաքացի Էդգար Մնացականյանը  ընդդեմ Իշխան Բարսեղյանի 2014թ. հուլիսի 4-ին հայցադիմում  է  ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝  խնդրելով պարտավորեցնել դատավորին վերադարձնել իր գումարները:

Էդգար Մնացականյանը դիմելով դատարան հայտնել է, որ իր և Իշխան Բարսեղյանի միջև 22.01.2014 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, ըստ որի՝ վերջինս իրենից ստացել է 35.000 դոլար և պարտավորվել է այն վերադարձնել մինչ 22.06.2014 թվականը, սակայն պարտավորության ժամկետը լրացել է, բայց պատասխանողը հրաժարվել է այն կատարելուց: Է. Մնացականյանը դատարանին խնդրել է Իշխան Բարսեղյանից հօգուտ իրեն բռնագանձել 35.000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները` սկսած 23.06.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը:

Ինչ-ինչ պատճառներով Էդգար Մնացականյանը 14.08.2014 թվականին հայցադիմումը հետ է վերցրել և դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ավագ Գաբրիելյանի) սեպտեմբերի 2-ին գործի վարութը կարճել է:

Մեկ այլ գործով էլ դատավորի դեմ նույն դատարանում հայց է ներկայացրել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ –ն: Բանկը հայտնել է, որ ընկերության «Նոր Նորք» մասնաճյուղի և Իշխան Բարսեղյանի միջև 26.02.2013թ. կնքվել է քարտային հաշվին վերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագիր, համաձայն որի՝ վարկառուին տրամադրվել է 1 մլն դրամ վարկ, տարեկան 22% տոկոսադրույքով

Իշխան Բարսեղյանը խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ սահմանված ժամկետում չի վերադարձրել վարկի գումարը և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարները, ինչի հետևանքով ձևավորվել են ժամկետանց պարտավորություններ՝ 1.177.791 դրամի չափով։

2014թ. նոյեմբերի 14-ին դատարանը բավարարել է բանկի հայցը:

Բանն այն է, որ դատավորները ներկայացնում են գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագիր և դատավոր Իշխան Բարսեղյանը 2014թ. հայտարարագրի իր եկամուտների ցանկում չի նշել 35.000 դոլար փոխառության գումարը: Իշխան Բարսեղյանը միայն նշել է տարեկան աշխատավարձը՝ մոտ 8.7 մլն դրամ:

Դատավորն ըստ էության թաքցրել է իր եկամուտները, սակայն օրենքը եկամուտները թաքցնելու, ոչ ճիշտ կամ միտումնավոր սխալ հայտարարագիր ներկայացնելու համար պատասխանատվություն չի սահմանում:

Արդարադատության նիստը դռնբաց էր 

Ինչ վերաբերում է հունիսի 26-ի նիստին, արդարադատության խորհրդի նիստերը սովորաբար դռնփակ են լինում, սակայն այդ օրվա նիստը, ինչպես վաղօրոք հայտարարվել էր, բաց էր: Ներկա էին փաստաբաններ, քաղաքացիներ, լրագրողներ, այդ թվում «Հետքի» թղթակիցը: Օրակարգում երկու հարց էր, որոնցից մեկը վերաբերում էր դատավոր Իշխան Բարսեղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն:

Դատավորին կարգապահական պատատասխանատվության հարց բարձրացրել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը: Այն մայիսի 11-ին դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում էր կայացրել: Հանձնաժողովը վարույթի համար որպես հիմք է ընդունել դատավորի կողմից 2014 թ.-ին քննված գործերով «Դատական պրակտիկայի ամփոփման արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ» տեղեկանքը, որը կազմվել է դատական դեպարտամենտի կողմից:

Հանձնաժողովի անդամ Ս. Թադևոսյանը ներկայացրեց գործի էությունը` նշելով, որ Իշխան Բարսեղյանը երեք խումբ դատավարական նորմեր է խախտել` անհիմն կարճել է երկու քաղաքացիական գործ, ժամանակին կողմերին չի ուղարկել դատական ակտերը (ուշացրել է 17 օր, 1 ամիս) և կողմերին պատշաճ չի ծանուցել դատական նիստերի մասին ու գործերի լսումը ավարտել: 

Փաստաբան Գնել Մուղնեցյանն, ով ներկայացնում էր դատավոր Իշխան Բարսեղյանի շահերը հարցեր էր տվել, թե ինչպես է կազմվել դատական դեպարտամենտի համապատասխան վարչության տեղեկանքը, ինչու է միայն Իշխան Բարսեղյանի մասով կազմվել, ինչն է պատճառը, որ նման կամայական մոտեցում է դրսևորվել մեկ դատավորի նկատմամբ, այն դեպքում, երբ, փաստաբանի խոսքով, իրենք ապացույցներ ունեն, որ այլ դատավորներ ևս օրենքով սահմանված ժամկետներից ուշ են ուղարկել կողմերին դատական ակտերը: Դատական դեպարտամենտի կողմից կազմված տեղեկանքի մասին հարցերին զեկուցող Ս. Թադևոսյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե ինչպես է կազմվել այն:

Ինչ վերաբերում է 2014թ.-ին 14 գործով վճիռները ուշացումով կողմերին ուղարկելուն, ապա դատավոր Իշխան Բարսեղյանն իր 30 էջանոց առարկություններում նշել էր ու բանավոր էլ խորհրդի նիստում ասաց, որ դա այլ անձանց խնդիր է և ոչ դատավորի: Իսկ զեկուցող Ս. Թադևոսյանը նշեց, որ դատավորը պարտավոր է իրականացնել հսկողություն այդ առումով: Բացի այդ, դատավոր Իշխան Բարսեղյանը նշել էր, որ գտնվել է արձակուրդում, ծրարներ չեն տրամադրվել ժամանակին, ծանրաբեռնված է եղել:

Իսկ կարճված երկու գործի մասով դատավորն ու նրա ներկայացուցիչը նշեցին, որ դրանք կարճվել են, քանի որ մեկնաբանվել է, որ վեճ չկա այն պատճառով, որ իրավահարաբերություն չկա: Իսկ այդպիսի մեկնաբանության հիմքն, ըստ դատավորի, վեճի կողմ հանդիսացողների գտնվելու վայրի չգոյությունն է եղել: Դատավորը նաև արձանագրեց, որ մայիսի 13-ին ստացել է միայն հանձնաժողովի որոշումը, իսկ կից նյութերը իրեն սահմանված կարգով չեն ներկայացվել ուսումնասիրելու համար: Ուստի դատավորն ու նրա ներկայացուցիչները պահանջում էին կարճել հանձնաժողովի որոշումը: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Անհրաժեշտ է ` ,,վեճի կողմ հանդիսացող, սակայն գտնվելու վայր չգոյություն ունեցող,, գիտական սահմանումը մտցնել նյութերի ֆիզիկայի նոր հայտնագործությունների ցանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter