HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Նաիրա Զոհրաբյանին

Հարգելի տիկին Զոհրաբյան,

Ձեզ եմ դիմում, որպես ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի, ով բազմիցս հայտարարել է, որ երկրում կուտակված լրջագույն խնդիրներին ԲՀԿ-ն փորձելու է լուծումներ գտնել և այդ նպատակով գործելու եք կոնստրուկտիվ դաշտում, այսինքն, փորձելու եք այլ քաղաքական ուժերի հետ համագործակցել, գտնել համագործակցության նորմալ, առողջ եզրեր՝ հանուն երկրի շահի: Միևնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարությունը բազմիցս է իր մտահոգությունը հայտնել, որ մեր պետականության անվտանգության հարցում լրջագույն խնդիր է տեսնում, այսպես ասած,  մեր իրականության մեջ տիրող «բանկային բարքերը», որոնք, ներկայիս ծանր տնտեսական պայմաններում, խթան են հանդիսանում գործարարների ունեզրկմանը, մեր հայրենակիցների արտագաղթին և այլ ծանր հետևանքների:

Կիսելով «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարության այդ մտահոգությունը, որպես ՀՀ քաղաքացի, դեռևս 2014թ. սեպտեմբերին, բաց նամակով դիմել եմ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ,  ՀՀԿ խմբակցության անդամ, պարոն Կորյուն Նահապետյանին: Սակայն իմ դիմումի հետագա ընթացքի մասին որևէ տեղեկություն չունեմ:

Ամեն դեպքում, գտնում եմ, որ խնդիրը պետք է ներկայացվի կոնկրետ օրինակով, այն քննարկման առարկա դառնա և օր առաջ պետք է խնդրին լուծում տալ, քանի որ մեր քաղաքացիների մեծ մասը` արժանապատվությունը ոտնահարված, հոգեպես ընկճված, բանկային բեռի ծանրության տակ, հուսահատ, հրաշքի են սպասում, այն դեպքում, երբ` քաղաքական կամքի դեպքում հնարավոր է խնդրին լուծում տալ` ի կատարումն ՀՀ Սահմանդրության 1.-ին, 3-րդ, 14-րդ, 31-րդ հոդվածներով հռչակված դրույթների պահանջների:

Տեղեկացված եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հարցն ամբողջ խորությամբ ուսումնասիրել է, իր շարքերում ունի իրավաբաններ և տնտեսագետներ, որոնք ունակ են խնդրի լուծման համապատասխան առաջարկներ ներկայացնել:

Կոնկրետ իմ կողմից ներկայացվող դեպքը վերաբերվում է պարտավորության դիմաց «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից «Միլլար» ՍՊԸ-ին պատկանած անշարժ գույքի բռնագանձմանը, ինչի մասին անդրադարձ է եղել նաև ԶԼՄ-ներում:

 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, Բանկի վարչության նախագահի 15.05.2013թ. որոշման հիման վրա, բռնագանձում է տարածել գրավի առարկա հանդիսացող, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեում «Միլլար» ՍՊԸ-ի պատկանած անշարժ գույքի վրա և այդ գույքերն անցել են բանկին ի սեփականություն:

Առաջին հայացքից այդ բռնագանձումն օրենքով սահմանված օրինական գործընթաց է, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդված 2-րդ  մասի, նույն օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի լույսի ներքո, այն` իրականում բանկի կողմից սովորաբար իրականացվող ապօրինություն է: Մասնավորապես, գրավի առարկայի բռնագանձում իրականցնելը, գործող օրենսդրության համաձայն իրականացվող օրինական գործարք կարող էր հանդիսանար, եթե` գույքը գրավառուին ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ այն անկախ գնահատողի կողմից գնահատվեր, որոշվեր դրա ողջամիտ /լիկվիդացիոն/ շուկայական արժեքը և տվյալ պահին գրավով ապահովված պարտավորության չափը, այդ մասին ծանուցվեր գրավատուն և դրանից հետո միայն իրացված գույքի արժեքի հաշվին իրականացվեր առկա պարտավորության մարում:

Հակառակ նշված օրենսդրական պահանջների`

  1. Բանկն իր համար արձանագրում է «Միլլար» ՍՊԸ-ն պարտավորության չափը, այդ գումարի չափով գրավի առարկայի կեղծ գնահատում է պատվիրում, այսինքն` ապօրինի գործարքի մեջ է մտնում գնահատող կազմակերպության հետ, որն էլ նույն օրը տրամադրում է բանկի կողմից պատվիրված թվերով թվով 34 անշարժ գույքի գնահատման մասին երկու էջանոց մի ցուցակ և «Միլլար» ՍՊԸ-ի պարտավորության չափի կրկնակի շուկայական արժեք ունեցող գույքի նկատմամբ բանկի իրավունքները գրանցելու դիմում է ներկայացվում կադաստր:
  2. Կադաստրն իր հերթին, որևէ տեղեկություն չունենալով տվյալ պահի դրությամբ պարտապան-գրավատուի պարտավորության չափի և գրավի առարկայի ողջամիտ շուկայական արժեքի մասին, մեխանիկորեն իրականցնում է գրավի առարկայի նկատմամբ բանկի սեփականության իրավունքի գրանցումները:

Այդ ամենի մասին պարտապան-գրավատու «Միլլար» ՍՊԸ-ն որևէ կերպ չի տեղեկացվել: Ավելին ասեմ`բանկի կողմից բռնագանձված, այսինքն` բանկի անվամբ գրանցված անշարժ գույքերի թվով 30 սեփականության վկայականներն առ այսօր գտնվում են «Միլլար» ՍՊԸ-ում:

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս կադաստրի, ՀՀ Սահմանադրության և օրենքների իմաստով հանդիսանում է սեփականատիրոջ իրավունքների երաշխավոր-պաշտպանը, սակայն փաստացի` գույքի սեփականատերը, ով նվազագույն աշխատավարձի չափով անհիմն սահմանված անհեթեթ վճարի դիմաց կադաստրից ստացել է գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքները գրանցված լինելու մասին վկայական,  օրերից մի օր կարող է տեղեկանա, որ իր գույքն անցել է գրավառուի կամ գրավառուի կողմից նշված երրորդ անձին ի սեփականություն:

 Սա հակասահմանադրական, կողուպցիոն երևույթ է և ենթակա է օրենսդրական կարգավորման:

 Շուրջ մեկ տարի պահանջվեց, որ դատական կարգով հնարավոր եղավ բանկից հարկադրաբար (ապացույց պահանջելու մասին դատարանի որոշման հիման վրա) ստանալ «Միլլար» ՍՊԸ-ի պարտավորության և գրավի առարկա գույքի բռնագանձման վերաբերյալ տեղեկատվությունը, որն, ըստ էության, բանկն ի սկզբանե պարտավոր էր տրամադրել պարտապան և գրավի առարկայի սեփականատեր «Միլլար» ՍՊԸ-ին: Բանկի, կադաստրի կողմից տրամադրված փաստաթղթերի  ուսումնասիրությունից պարզվեց մի շարք ապօրինություններ, ինչի վերաբերյալ կից ներկայացնում եմ տեղեկանք:

Բանկի կողմից «Միլլար» ՍՊԸ-ի իրավունքների ոտնահարման փաստերից ամենաէականն այն է, որ բռնագանձված գույքի ողջամիտ (լիկվիդացիոն) շուկայական արժեքը 848.951.000 ՀՀ դրամով ավելին է, քան բանկի կողմից դրանք բռնագանձելու արժեքը, ինչը հիմնավորված է դատաապրանքագիտական փորձաքննության արդյունքներով: Այսինքն, բանկի կողմից «Միլլար» ՍՊԸ-ին պատճառվել է առնվազն 848.951.000 ՀՀ դրամի վնաս և այդ չափով գումար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, բանկը պարտավոր է վերադարձնել «Միլլար» ՍՊԸ-ին: Նշված խախտումների բացահայտումից հետո էլ Բանկը հրաժարվում է օրենքով սահմանված իր այդ պարտականությունը կատարել: Դատական կարգով հնարավոր արդյունքի հասնելու համար ամիսներ ու տարիներ են անցնում և, այդ իմաստով, մեր երկրում դատական պաշտպանությունը` խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց չի հանդիսանում, առավելևս, երբ պատասխանող կողմը բանկ է, որի կողմից ապօրինություններն իրականցվում են հենց այն հաշվով, որ տուժածների մեծ մասը դատարան չի դիմում, իսկ դիմելու դեպքում, դատարանները, բանկերի հետ ձեռք բերված ներքին պայմանավորվածության հիման վրա, ամեն ինչ անում են, որպեսզի վճիռն ի վնաս բանկի չկայացվի:

Բանկի ապօրինություններից տուժածները հիմնականում դատական պաշտպանության չեն դիմում այն պարզ պատճառաբանությամբ, որ` մինչ բանկի կողմից գրավի առարկայի բռնագանձում  իրականացնելը, բանկն օրական 0,1-0,2 տոկոս տույժերի կիրառմամբ պարտապանի բոլոր դրամական միջոցները արդեն մսխած է լինում և անվճարունակ պարտապանն արդեն փաստաբանին վճարելու գումար անգամ չի ունենում: Բացի այդ, եթե տուժած անձը քաղաքացի է և բանկը բռնագանձում է տարածում տվյալ անձի բնակարանի վրա, ապա` տնանկ տուժած անձը, այլևս դատական կարգով իր խախտված իրավունքները պաշտպանելու մասին չի մտածում, ինչը կարող է մեկ տարի և ավելին տևել, հաշվի առնելով, որ դատաապրանքագիտական փորձաքննություն պետք է նշանակվի և, լավագույն դեպքում, մի քանի հազար ԱՄՆ դոլար կստանա, այդ գումարն էլ պետք է վճարի փաստաբանին: Միևնույն է իր բնակարանը հետ չի բերի: Նման պայմաններում «օջախը կորցրած» տուժած անձը, լավագույն դեպքում, մտածում է արտագնա աշխատանքի կամ ընտանիքով արտագաղթելու մասին, քանի որ մեր երկրում ամեն ինչ 0-ից սկսելը գրեթե անհնար է:

Այս կերպ մեր ազգաբնակչությունը սնանկանում է, իսկ բանկերը նրանցից յուրաքանչյուրից ստացած ապօրինի եկամուտներով նորանոր մասնաճյուղեր են բացում և բարգավաճում:

«Միլլար» ՍՊԸ-ի պարագայում էլ ընկերությունը սնանկացել է, իսկ բանկը` «Միլլար» ՍՊԸ-ի գույքի հաշվին 2.000.000 ԱՄՆ դոլարով ավելի շահույթ է ստացել, ընդ որում` այդ շահույթը հաշվապահական ձևակերպում չի ստացել, քանի որ բռնագանձված գույքերի արժեքն այդ գումարի չափով պակաս են ձևակերպված: Այդ գույքերի հետագա վաճառքի արդյունքում բանկը հավելյալ եկամուտներ է ստանում առ այսօր: Օրինակ, ըստ կադաստրային փաստաթղթերի, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/3 հասցեում «Միլլար» ՍՊԸ-ի պատկանած թիվ 15 բնակարանը 29.06.2013թ. բանկը բռնագանձել է 46.990.000 ՀՀ դրամ արժեքով և 3 շաբաթ անց այն վերավաճառել է 54.397.000 ՀՀ դրամով արձանագրելով 7.698.000 ՀՀ դրամ հավելյալ եկամուտ: Այն դեպքում, երբ դատական կարգով իրականացված դատաապրանքագիտական փորձաքննությամբ այդ նույն գույքի լիկվիդացիոն արժեքը կազմում է 65.203.908 ՀՀ դրամ: Այսինքն` բռնագանձման իրական արժեքը 65.203.908 ՀՀ դրամ է, սակայն այն բռնագանձվել է 46.990.000 ՀՀ դրամ արժեքով, այսինքն` մի բնակարանի օրինակով կարող ենք արձանագրել 18.213.908 ՀՀ դրամի տարբերություն: Սա եղելության մասին փաստող ընդամենը մի օրինակ է: Այս գործով առկա է նաև օրինակ, որտեղ բռնագանձման արժեքի և փորձաքննությամբ արձանագրված լիկվիդացիոն արժեքի տարբերությունը բերված օրինակից մի քանի անգամ ավելին է:

Հարգելի տիկին Զոհրաբյան«Միլլար» ՍՊԸ-ի գույքի բռնագանձման պատմությունը  «բանկային բարքերի» վառ օրինակ է առ այն, թե` ինչպես են սնանկանում գրավատուները և ինչպես են հարստանում բանկերը: Հուսով եմ, որ այս գործով ներկայացված փաստերն առիթ կհանդիսանան և կնպաստեն «բանկային արատավոր բարքերի» խնդիրը Ձեր կողմից քննարկման առարկա դարձնելու և լուծումներ գտնելու համար:

Հարգանքով` Լեռնիկ Հովհաննիսյան, փաստաբան    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter