HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Շիրակում պետգնումների պայմանագրերը բաժին են հասնում իշխանությունների մտերիմներին ու ՀՀԿ անդամներին

Կառավարությունը «հրատապ ծրագրով» 2014 թ. Շիրակի մարզին հատկացրել է 660 մլն դրամ, որից 296,4 մլն դրամը՝ կրթական օբյեկտների հիմնանորոգման, իսկ 363,6 մլն դրամը՝ ճանապարհաշինության համար: Շիրակի մարզպետարանը բոլոր պայմանագրերը կնքել է բանակցային ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու: Արդյունքում պայմանագրեր են կնքվել այնպիսի ընկերությունների հետ, որոնց ղեկավարները կամ իշխող ՀՀԿ անդամ են, կամ էլ նրանց հետ մտերիմ հարաբերություններ ունեն:

«Ուստիան» ՍՊԸ-ի հիմնադիրները ամուսիններ են: Անուշավան Սիմոնյանը և Էլմիրա Կարապետյանը 95/5 հարաբերակցությամբ տնօրինում են ընկերության բաժնեմասը: Անուշավան Սիմոնյանը ՀՀԿ Ախուրյանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահն է, իսկ  կինը՝ Էլմիրա Կարապետյանը, եղել է Նոր Ախուրյան համայնքի հիմնական դպրոցի տնօրենը:

«Ուստիան» ՍՊԸ-ն 2014 թ. մոտ 20 մլն դրամի շինաշխատանքներ է իրականացրել Շիրակի մարզում:

Ընկերությունը 10,6 մլն դրամով մասնակի վերանորոգել է Բասեն համայնքի դպրոցի մարզադահլիճի տանիքն ու հատակը, իսկ 14,2 մլն դրամով վերանորոգել է Կառնուտ համայնքի դպրոցը:

Նշենք, որ նախորդ տարի «Ուստիան» ՍՊԸ-ին է վստահվել նաև Ազատանի գյուղապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները, որն արժեցել է 7,4 մլն դրամ:

«Շինկարկաս» ՍՊԸ-ն 11 մլն 620 հազար դրամով 2014-ին վերանորոգել է մարզի Հայկավան համայնքի դպրոցի տանիքը: Ընկերության հիմնադիրները նույն ընտանիքի անդամներ են՝ Դշխուհի Հարությունյանը և Ավետիք Հարությունյանը: Նրանք ընկերությունը իրար մեջ կիսել են 30/70 հարաբերակցությամբ: Ավետիք Հարությունյանը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի (նախկինում՝ Հայ-ամերիկյան տնաշինական միավորում) ղեկավարն է և մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանությունների հետ:

«Լևոն և Լիլիթ» ՍՊԸ-ի հիմնադիրը Արթիկի համայնքապետարանի ավագանու նախկին անդամ, Հյուսիսային համալսարանի Արթիկի մասնաճյուղի տնօրեն Դերենիկ Հովհաննիսյանն է: Նա 2010-ին ամբողջությամբ դուրս է եկել ընկերությունից և 100 % բաժնեմասը հանձնել է որդուն՝ Լևոն Հովհաննիսյանին:

«Լևոն և Լիլիթ» ՍՊԸ-ն 2014-ին 9,3 մլն դրամով վերանորոգել է Վարդաքար համայնքի մշակույթի տան տանիքը:

Մարզում ամենաակտիվը «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերը եղբայրներ են՝ Արմեն և Հովհաննես Տոնոյանները:

Այս ընկերությունը միայն 2014 թ. Շիրակի մարզպետարանի հետ կնքել է 120 մլն դրամի պայմանագիր: Այդ գումարով վերանորոգվել է Գյումրի համայնքի Շիրակացի փողոցը:

Նշենք, որ «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ-ն նախորդ տարիներին ևս մասնակցել է «հրատապ» ծրագրերին: Օրինակ՝ 2012-ին միայն այս ընկերության հետ կնքվել է 179 մլն դրամի պայմանագիր՝ Գյումրի համայնքի Մուսայելյան, Գորկու փողոցների վերանորոգման և  «Մուշ-2» թաղամասի նորակառույց դպրոցի հարակից ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար: Մարզում խոսվում է, որ նրանք ևս «պատահական» մարդիկ չեն:

Շիրակի մարզում տարիներ շարունակ պատկերը մնացել է նույնը: Նույն ընկերությունները գրեթե ամեն տարի պետգնումների պայմանագրեր են կնքում և պետբյուջեից գումարներ են ստանում: «Հետքը» դեռևս 2007-ին անդրադարձել էր այս ոլորտին: Պատկերը կարծես թե նույնն է՝ ամեն ինչ ձևական է, և գումարներ աշխատելու հնարավորություն է ընձեռվում «թիկունքով» ընկերություններին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter