
Սկսեց գլորվել 20-րդ տարին. տեսնես՝ ինչքա՞ն մնաց
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
20+20, թե՞ 40-20…
Հուլիսի 13-ից սկսեց պտտվել անազատության 20-րդ տարին. ապրածս տարիների կեսը անցկացրել եմ ճաղերից ներս: 20 տարեկան էի, երբ հայտնվեցի այստեղ, շուտով կդառնամ 40 տարեկան: Թվեր, գումարում, հանում… Բայց թվաբանական գործողությունների հետևում թաքնված է պայքար հանուն ճշմարտության բացահայտման: Ինքս էլ դեռ շատ «ինչուներ» ու «ինչպեսներ» պիտի բացահայտեմ 20 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության հետ կապված: Երկու փախուստների նպատակը հենց դա էր, բայց ժամանակս չհերիքեց… սակայն վաղ, թե ուշ ճշմարտությունը դուրս կգա ջրի երես: Հավատում եմ… գիտեմ:
Երբ ինձ փակեցին բանտում, առաջին օրերին մտածում էի, որ շուտով տուն կգնամ, հո՞ չեն կարող սպանություն չգործած մարդուն դատել սպանության հոդվածով: Բայց կամաց-կամաց լավատեսությունս սկսում էր խամրել: Իսկ երբ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանը սկսեց փոխել ցուցմունքներն ու աստիճանաբար մեղքը բարդել ինձ վրա, հասկացա, որ ծուղակի մեջ եմ:
Անկախ իմ հանդեպ տեղի ունեցած ճչացող անարդարությունից, անկախ այստեղ՝ բանտում կրած տանջանքներից, իմ կյանքը երբեք ավարտված չեմ համարել: Միշտ մտածել ու մտածում եմ, որ առջևում դեռ բուռն կյանք ունեմ ֆիզիկական ազատության մեջ, որ իմ գիտելիքներով դեռ շատ անմեղների պիտի օգնեմ դուրս գալ ճահճից: Ամեն դեպքում, թվերի լեզվով ասած՝ 40-20 չէ կյանքս, այլ 20+20... այստեղի տարիները նույնքան իմն են, որքան ֆիզիկական ազատության տարիները: Ճակատագրի մարտահրավերը ես ընդունել եմ ու ելքեր եմ փնտրում: Այդպիսի փորձերից մեկն էլ փախուստի փորձն էր, որի մասին սկսել էի պատմել նախորդ նամակումս:
Կանգ առանք այնտեղ, որ սկսեցի պատը թրջել ու ծակեր բացել: Երբ մութն ընկավ, գեներալի սիմուսի «նվիրած» բզով սկսեցի թրջված ծեփերը քանդել: Զբոսախցից բերած մետաղական երկար ձողն էլ օգտագործում էի որպես հրման կետ: Դնում էի փորածս քարերի արանքը, ոտքերով ու ձեռքերով ուժ տալիս, որ տեղից շարժեմ ու դուրս բերեմ քարերը: Տեսնելով, որ ահագին բարդ պրոցես է, հասկացա, որ 3 գիշերվա ընթացքում չեմ կարող հասցնել: Խցակիցներս պառկել էին, ոչ մեկը չէր օգնում: Միայն մեկ-մեկ ասում էին անգիր արածի պես՝ լույսը շուտ ա բացվելու, չես հասցնի:
Թվաց՝ անգամ լույսն է իմ դեմ աշխատում. լուսացավ: Արագ սավանս հանեցի նառի վրայից ու կպցրեցի պատին՝ փորածս տեղի վրա: Թղթի կտորներ սարքեցի, մատներս մրոտեցի ու քսեցի սավան-պատին: Հետո ջրի հետքեր նկարեցի սավանի վրա: Հնարավորինս ուզում էի բերել պատի բնական նախին տեսքին, որ «վոլչոկից» նայող հսկիչը չկասկածի, թե մի բան այն չէ:
Բայց թարսի պես դուռը բացեցին ու բանտի աշխատակիցները մտան խուց, չնայած օրը շաբաթ էր (շաբաթ-կիրակի չէին մտնում): Նրանք սկսեցին մուրճով պատերը ստուգել, ինչպես սովորաբար անում էին ամեն օր, բացի հանգստյան օրերից: Շունչս պահած սպասում էի, մտածում էի, որ շուտով բռնվելու եմ: Հենց մոտենում էին սավանե պատին, հասկանում էի՝ կորած եմ: Խցակիցներս լուռ նայում էին ինձ: Մեկ էլ աշխատակիցներից մեկը մուրճով ուժեղ խփեց սավանից «պատին»: Սավանը վայրկյանում գետնին ընկավ, իսկ հետևում իմ մի գիշերվա տանջանքն էր.
- Ո՞վ ա արել,- հարցրեց խուզարկողը:
- Ես,- միանգամից առաջ եկա:
- Օգնե՞լ են,- գլխով ցույց է տալիս 3 խցակիցներիս:
- Մենակ եմ արել, որ դուրս գամ ազատություն, ես պատանդ եմ, ինձ սխալ են դատել, ես մարդ չեմ սպանել,- արագ-արագ ասում էի ես:
Մինչ ես փորձում էի պատ քանդելու պատճառների մասին խոսել, ձեռքերս մեջքիս կողմն արեցին, ձեռնաշղթաներ հագցրին ու տարան առաջին հարկում գտնվող կեղտոտ «բոքսեր» կոչված տեղը: Գցեցին հատակին,՝առանց ձեռնաշղթաները հանելու, ոտքերով ու ձեռքերով խփում էին: Չգիտեմ՝ ինչքան էին ծեծում, երբ մեկը մոտեցավ դռանը.
- «Կարմիր Խաչից» մարդիկ են եկել, վերջացրեք, հեսա ձեններդ կլսեն, կմոտենան էս դռանը, գլխացավանք պետք չի մեզ:
Ծեծողները կանգ առան մի քանի րոպե: Միջանցքում մարդկանց ձայներ լսվեցին: Աղոթում էի, որ մեր դռան մոտ կանգնեն, դուռը խնդրեն բացել: Բայց՝ ոչ, վայրկյաններ անց մարդկանց ոտնաձայները հեռացան: Ծեծողների մոտ 10 հոգանոց «բրիգադը» շարունակեց իր սև գործը այս անգամ է՛լ ավելի թափով: Նրանցից մեկը գրպանից հանեց որսորդական դանակը, մոտեցրեց ոտքիս.
- Սրա ոտի ջիլը պիտի կտրեմ, որ էլ չփախնի:
- Հո՞ գիժ չես, դատի կտա, քեզ կդատեն,- ասաց մեջներից մարդ մնացածը:
Մի պահ մտածելուց հետո դանակը շուռ տվեց ու կոթով մի քանի անգամ ուժգին հարվածեց աջ ոտքիս կոճիս: Գոռում էի… ոտքի վրա չէի կարողանում կանգնել: Քարշ տալով՝ տարան պատժախուց: Դեմքս ամբողջովին արյունոտված էր, քունքիս մոտ խորը բացվածք կար, չէի կարողանում շնչել, քանի որ քացիներով խփել էին կողոսկրերիս: Պատժախցում նույնիսկ նառը չբացեցին, որ պառկեմ: Նստեցի ուղիղ սառը հատակին ու այդպես մնացի մինչև առավոտ:
Մի քանի օր անց պատժախցից ինձ տանում էին «Նուբարաշեն» կլոր գերեզմանոցի դահլիճ, որտեղ Գորիսի բանտից կատարած փախուստի գործով առաջին դատական նիստը պիտի կայանար: Քնձռոտ սպեցովկայով, դեմքս ուռած, կապտած՝ մտցրեցին դահլիճ: Հարազատներս ինձ այդ վիճակում տեսնելով՝ մեծ աղմուկ բարձրացրեցին…
Թե ինչո՞ւ հրաժարվեցի բողոքել բանտի աշխատակիցների խոշտանգումների դեմ, ինչպե՞ս շարունակվեց դատական նիստը, ի՞նչ նկարեցի դատավորի համար, կպատմեմ հաջորդ նամակում…
Մեկնաբանել