
Նաիրիտցիները Երվանդ Զախարյանից պարզաբանումներ են պահանջում իրենց պարտադրվող պայմանագրի վերաբերյալ
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցներին ստիպում են պահանջի իրավունքի զիջման պայմանագիր կնքել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հետ, որպեսզի վճարեն նրանց աշխատավարձը:
Համաձայն նշված պայմանագրի՝ գործարանի աշխատակիցները զիջում են «Նաիրիտ -2 »-ին դրամական պահանջի իրավունքը՝ լրիվ ծավալով, ներառյալ օրենքի կամ պայմանագրի հիման վրա հաշվարկված կամ հաշվարկելի տույժեր, տուգանքներ և աշխատակիցների կողմից ներկայացված կամ չներկայացված այլ դրամական պահանջներ ներկայացնելու իրավունքները:
Պայմանագրով փոխանցվող իրավունքի գինը «Նաիրիտ-2»-ը պարտավորվում է միանվագ վճարել աշխատակիցներին: Մինչդեռ որևէ կետ ներառված չէ, թե ինչպիսի պատասխանատվություն կամ պարտավորություն է ստանձնում «Նաիրիտ-2»-ը, եթե չվճարի այդ գումարը գործարանի աշխատակցին:
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցներն այսօր նամակւվ դիմել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին: Վերջիններս խնդրել են նախարարին պարզաբանել պայմանագրում նշված մի քանի կետեր: Մասնավորապես, նաիրիտցիները հարցրել են, թե.
- նշված պայմանագրի կետերի կատարմանը պետությունը որևէ պարտավորվածություն կրո՞ւմ է,
- ինչո՞ւ աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջված է «Նաիրիտ-2»-ին, այլ ոչ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին, և արդյոք գոյություն ունի պայմանագիր «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2»-ի միջև,
- նշված պայմանգիրն ունի, արդյոք, իրավական հիմք՝ լիազոր մարմնի կողմից ընդունված:
Նաիրիտցիները գրությամբ պահանջում են պայմանագրում ավելացնել ևս մի կետ, որով նշվի, որ եթե պայմանագրով նախատեսված ժամկետում «Նաիրիտ-2»-ը միանվագ չվճարի գումարը, ապա պայմանագիրը ճանաչվի անվավեր:
Բացի դրանից, գործարանի աշխատակիցները նշում են, որ պայմանագիրը չի նախատեսում դրույթներ դատական գործընթացն անցած դատական ծախսը և փաստաբանի ծառայությունների վնասների վերաբերյալ:
Երվանդ Զախարյանին ուղարկված գրությունը նաիրիտցիները փոխանցել են նաև «Հետքին»: Դիմումի տակ ստորագրել է 24 աշխատակից: Արդեն իսկ եղել են անձինք, որոնք ստորագրել են նշված պայմանագիրը, սակայն մի մասը դեռևս չի պատրաստվում ստորագրել մինչև չստանա նախարարի պարզաբանումները:
Մեկնաբանել