HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաքի. «կնոկպայով» ջրվեժի ճակատագիրը. ՀԲՃ

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) պատրաստած տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում Շաքիի ջրվեժի պատկերը, երբ նույնանուն գետի վրա գործող փոքր հիդրոէլեկտրակայանը դադարեցնում է ջրառը: ՀԲՃ-ի հրապարակած տեքստը և տեսանյութը ներկայացնում ենք ստորև:

«Շաքիի ջրվեժը Զանգեզուրի և Հայկական լեռնաշխարհի բնական հրաշալիքներից մեկն է, որի սառնորակ և զուլալ ջրերը շառաչյունով գահավիժում են մոտ 18 մետր բարձրությունից։ Սակայն մարդկանց փող աշխատելու մոլուցքը զրկում է մեզ ջրվեժի իրական գեղեցկությունով զմայլվելու հնարավորությունից, քանի որ նույնանուն գետի վրա գործող փոքր հիդրոէլեկտրակայանի ջրառից հետո ջրվեժը փաստորեն չորանում է։

Դա առավել ակնհայտ է դառնում սակավաջուր շրջանում, երբ ՓՀԷԿ-ն իր արտադրողական հզորություններն ապահովելու նպատակով օգտագործում է գետում մնացած ջրի գրեթե ողջ ծավալը։ Հենց այս ցավալի պատկերն արձանագրեց մեր տեսախցիկը 2015 թ.-ի օգոստոսի 4-ին։ Կարելի է միայն պատկերացնել այն զբոսաշրջիկների դեմքերի արտահայտությունը, որոնք ականատես են եղել այս նույն պատկերին՝ Շաքիի ջրվեժի զարմանահրաշ գեղեցկության մասին պատմությունները լսելուց հետո։

Նկարի առանցքը աջ կամ ձախ տանելու դեպքում կտեսնեք Շաքիի ջրվեժի պատկերը` ՓՀԷԿ-ի շահագործման և դրա դադարի ժամանակ / Հետք / լուսանկարները` ՀԲՃ-ի

Պետական լիազոր մարմիններին հիշեցնում ենք, որ Շաքիի ջրվեժն ունի բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ և գրանցված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Բացի այդ այն շատ կարևոր զբոսաշրջային վայր է, և անհրաժեշտ է անպայման գտնել համապատասխան լուծումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ապահովել ինչպես ջրվեժի գեղագիտական տեսքի ապահովումը, այնպես էլ տնտեսվարողի նորմալ գործունեությունը։

Մանրամասները` տեսանյութում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter