HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համալիրը վաճառվեց ... »,- գուցե հերիք է

(Ընթերցողի արձագանք)

Ըստ քաղաքակիրթ աշխարհում գործող կանոնների՝ նորաստեղծ, անհայտ կազմակերպության հետ որեւե պատվիրատու-հաճախորդ, բիզնեսմեն, բանկ,  առավել եւս՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ երբեք գործարքի մեջ չի մտնում, առանց բավարար ֆինանսական եւ այլ երաշխավորությունների: Պարզագույն դեպքում գնորդը պայմանագրով պահանջվող գումարը մուտքագրում է մի լուրջ բանկ՝ ի պահ, որից հետո բանկը հանդես է գալիս որպես տվյալ գործարքի երաշխավոր, համապատասխան միջնորդավարձի դիմաց: Այսպիսով՝

 1. Այդ անծանոթ երիտասարդը պիտի գոնե 130 լիմոն դնի բանկում ու տեղեկանք դնի կառավարության սեղանին: Նաեւ պիտի` 2. անհրաժեշտ ու բավարար հիմնավորում ներկայացվի գումարի ազնիվ ծագումնաբանության վերաբերյալ: Սրանցից բացի` 3. լուրջ միջազգային սերտիֆիկատներ,  երաշխավորություններ պիտի ներկայացվեն առ այն, որ տվյալ (20-30 օրական!) կազմակերպությունը բավարար փորձ ունի եւ ունակ է հայտարարագրվող-խոստացվող բարեփոխում - չարափոխումներն իրականացնելու:

Այսինքն միայն փող ունենալը ու ցույց տալը շատ քիչ է: Խիստ հավանական է որ օրինակ, քարուքանդն սկսեն ու կեսում լռվեն, ինչպես ասենք, ոչ պակաս փողով ու ախորժակով տղերք փորձեցին  «կրծաց կուկուրուզն» իրենց ուզածով «շինել», բայց .... քանդեցին ու «քաշվեցին»: Կամ ասենք, դեռեւս անավարտ՝ Փայլակ Հայրապետյանի «բրիլյանտների գործի» անավարտ դատավարությունն է: Նման շատ օրինակներ կարելի է բերել, դրա համար էլ վերը նշված կանոնները խստորեն կիրառվում են (քաղաքակիրթ երկրներում): Այսպիսով՝ նման հայտնի-տարրական պահանջների անտեսումն ու այս իմպրովիզը մի մարմնի կողմից, որը երկրի «կառավարություն» է կոչվում, անըմբռնելի երեւույթների շարքը կարելի է դասել՝ եթե չենթադրենք, որ բացարձակապես ոչ արհեստավարժ ու անտեղյակ անձինք են տնօրինում կարեւորագույն հարցերը:

 Սակայն այս ամենից զատ, հարցի ավելի ցավոտ կողմը կա: Կարծում եմ, յուրաքանչյուր քիչ թե շատ պատվասիրությունը չկորցրաց Հայի համար խիստ վիրավորական ու ստորացուցիչ պիտի լինի, բոլորի համար այդքան սիրելի ու հոգեհարազատ կառույցի նկատմամբ նման աներկբա ոտնձգությունը: Կոնյակի գործարանը, Հէկերն ու ՀԷՑ – ը, «Նաիրիտը», հյուրանոցներ, հանքեր ու հողեր, եւ էլի անհաշիվ բաներ ջրի գնով «ինքնաշնորհվեցին», այսինքն հափշտակվեցին իրական տիրոջից՝ ժողովրդից: Հիմա արդեն, հպարտության զգացմունք ներշնչող եւ, որոշ առումով որպես պաշտամունքի առարկա ընկալվող կառույցներին են թաթ մեկնում, արդեն առօրյա գործելակերպ դարձած, անթաքույց արհամարանքով հասարակության նկատմամբ: Այլապես, նախապես մրցույթ կարելի էր հայտարարել, ինչ-որ ձեւով փորձ կարվեր արդարացնելու նման գործարքը, հարգված մասնագետների բաց քննարկմանը կարժանացվեր, վերջապես՝ կարելի էր գլխարկները գետին դնել ու մարդկանցից փող խնդրել՝ ասենք բաց փայատիրական ընկերություն կազմակերպելու միջոցով եւ այլն: Պատասխանը սակայն մեզ համար պարզ է` «որոշողը մունք ենք, քանի վերեւում ենք նստած»: Այդպես է, իհարկե, սակայն ցած ընկնելն էլ կա, որն անխուսափելիորեն տեղի է ունենում բոլոր վերը նստողների հետ: Իսկ այդ դեպքում պատասխանի պահանջը շատ խիստ է դրվում՝ լավագույն դեպքում: Իսկ առավել հաճախ՝ առանց պատասխանը լսվելու է վճիռ կայացվում:

 Հորդորս կարճ է՝ մի քիչ մտածենք, գուցե հերիք է:    

Գեւորգ Կիրակոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter