HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մահապատժի դատավճիռներն իրագործվում են

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս խեղդող շոգին խցում փակված՝ հիշում եմ մահապատժի տարիները: Ամառները ամենատանջալին էին: Պատկերացրեք՝ պատուհանները փակված էին երկաթներով, օդ բացարձակապես չէր շարժվում: Մի թերթի կամ կարտոնի կտոր էինք գտնում ու անընդհատ հով անում երեսներիս: Գիշերները չէինք կարողանում քնել: Խեղդոցը դեռ հերիք չէ, լույսն էլ միշտ վառ էին թողնում: Անքուն, սոված, դեղնած դեմքերով՝ իսկական սարսափ ֆիլմի կերպարներ էինք: Մոտ 15 դատապարտյալ մեկը մյուսի հետևից մահացավ այդ տարիներին սովից, հիվանդություններից, ռեժիմով ծեծից, անմարդկային վերաբերմունքից: Ամեն մեկից հետո մտածում էինք՝ ո՞վ է հաջորդը:

Մի քանիսին ինքս էի ներարկումներ անում՝ ունենալով բժշկական գիտելիքներ: Այստեղ ամենատարածված դեղը անալգին-դիմեդրոլն է: Մարդը մեռնելու շեմին էլ լինի, միևնույն է՝ անալգին-դիմեդրոլ են անում: Մեկը կար՝ 4 տարի չդիմացավ: Երիտասարդ տղա էր՝ 25-27 տարեկան, աչքիս առաջ հալվեց, մաշվեց: Քաղցկեղ էր, չազատեցին՝ գոնե տանը մահանար:

Դժվար չէ կռահել, որ համակարգին հրահանգված է մահապատժի դատավճիռներն այսպես իրագործել, քանի որ ՄԱԿ-ի անդամ դառնալուց հետո մորատորիում էր հայտարարվել. մահապատժի դատավճիռները չէին իրագործվում: Փաստացի գտնվում էինք նույն կարգավիճակում, ինչ հիմա, այսինքն՝ ցմահ բանտարկության մեջ:

Հիմա էլ մարդիկ շարունակում են մահանալ: Վերջերս ցմահներից մեկը մահացավ «Դատապարտյալների հիվանդանոցում»: 20 տարի նստածներից էր: Դատապարտյալ կա, որ 24 տարի բանտում է, հոգեկան լուրջ խնդիրներ ունի, բայց ազատման չեն ներկայացնում: Մի տղա կա՝ 20 տարի սպասում էր իր պայմանական ազատմանը, ոչ մի խախտում չէր արել, խելոք պատիժ էր կրել: Պայմանական վաղաժամկետ ազատել նրան մերժեցին, 10 օր չանցավ՝ մարդը գժվեց: Հիմա գիտեմ, որ մենակ են պահում նրան:

Հիշեցի մի դեպք: 10 տարի առաջ կլիներ: Մի ցմահ դատապարտյալ ինսուլտ էր տարել: Մի քանի օր պահել էին հիվանդանոցում, հետ բերել խուց: Վալչոկից նայում էի: Դեմքը պարալիզացված էր, հազիվ էր խոսում.

- Ինձ տարեք հետ, հիվանդանոց:

Բանտի աշխատողը տարավ-բերեց մի ուժեղ ապտակ հասցրեց օրեր առաջ ինսուլտ տարած մարդու դեմքին: Խեղճը գետնով մեկ ընկավ:

- Չէ մի չէ… հիվանդանոց, կարո՞ղ ա սանատորիա էլ ուզես, քեզ ի՞նչ տարբերություն՝ որտեղ սատկես,- ասաց օրենքի աշխատողը:

Խցերի դռան անցքերից այս տեսարանը տեսնող բանտարկյալներով սկսեցինք գոռալ: Հետո իմացանք, որ ինսուլտ տարած դատապարտյալին նորից հիվանդանոց են տարել, որտեղ 2 օր անց մահացել է:

Բայց սա չի նշանակում, որ կարգին մարդիկ, կարգին մարդ-բժիշկներ, աշխատակիցներ չկան այս համակարգում: Իհարկե, կան: Միշտ էլ պատմել եմ այստեղի բժշկի մասին: Նա տնից կնոջ պատրաստած ապուրներն էր բերում ու իր ձեռքով կերակրում ինձ, երբ երկրորդ փախուստիցս հետո ինքնասպանության փորձ էի արել՝ կտրելով կոկորդս: Իմ տնեցիներին ոչինչ չէին թույլատրում բերել, բանտի բժիշկն էլ իր տնից էր բերում:

Սողոմոնի հիվանդությունը՝ որպես պետական գաղտնիք

Գիտեմ, որ այստեղ՝ բանտում միակ ընկերս՝ Սողոմոն Քոչարյանը, ում հետ շատ փորձությունների միջով եմ անցել, վատ վիճակում է: Երևի հուլիսի սկիզբն էր, զբոսանքի ժամանակ հաջողեցրի տեսնել նրան մի քանի վայրկյանով: Իմ ճանաչած Սողոմոնից բան չէր մնացել: Նա միշտ ֆիզիկապես պատրաստված էր, փախուստներից առաջ էլ միշտ վազում էինք խցում միասին, պարապում: Իսկ հուլիսին տեսածս Սողոմոնը գունատ էր, հևում էր.

- Բրատիշկա ջան, վատ եմ, չեմ կարում շնչեմ,- ասաց Սողոմոնը:

Հիշեցի, որ 1995 թվին Մալաթիայի հիվանդանոցում թերապիա առարկայի պրակտիկ դասերից մեկի ժամանակ բժիշկը ցույց տվեց մի մարդու: Իմացանք, որ 30 տարեկան է ընդամենը, բայց 50 տարեկանի տեսք ուներ՝ գունատ էր, շունչը կտրվում էր, վրան էլ լիքը դաջվածքներ կային: Բժիշկն ասաց, որ նախկին դատապարտյալ է, անտեր տղա, տուն-տեղ չունի, հիվանդանոցի աշխատողները հերթով ուտելիք են բերում նրան: Ասաց, որ անգիտակից վիճակով են բերել հիվանդանոց, վերակենդանացման բաժնում պահել, փրկել կյանքը: Իշեմիկ հիվանդություն ուներ այդ տղան:

Հսկիչներից մեկի ձայնը ինձ հետ բերեց 1995 թվի հիշողություններից.

- 74-ն ա գալիս, սրանց 2-ում քցի, 73-ը եկավ`5-ում քցի…

Նամակս կարդացողին ասեմ, որ թվերը խցերի ու զբոսախցերի համարներն են: Այսինքն՝ դատապարտյալները համակարգի համար թիվ են ընդամենը կամ անշունչ առարկա, որոնց կարելի է գցել ինչ-որ տեղ, բայց ոչ՝ երբեք մարդ, ով ունի հույզեր, կարող է հիվանդանալ, չդիմանալ: 

Այդ օրը զբոսանքից հետո իջա խուց ու մոտս մնացած մի քանի բժշկական դասագրքերով (շատերը տուն եմ ուղարկել) փորձեցի հասկանալ՝ ի՞նչ հիվանդություն ունի Սողոմոնը: Միգուցե օնկոլոգիակա՞ն, չէ՛, վանում եմ այդ միտքը, Աստված չանի… միգուցե սի՞րտն է վատ, սրտային անբավարարությո՞ւն է, ասաց, որ չի կարողանում շնչել: Բայց ինչո՞ւ հիվանդանոց չեն տանում: Ախր էնքա՜ն դառնություններ է տեսել նա: Դրանից հետո ինչքան եմ փորձել աշխատողներից իմանալ՝ ոնց է Սողոմոնը, բայց պետական գաղտնիքի պես փակի տակ են պահում: Շատերն էլ ուղղակի ասում են.

- Լա՛վ ա, ի՞նչ ա եղել Սողոմոնին:

Հասկացա, որ հրահանգված է այդպես ներկայացնել իրականությունը:  

Օրենքներում միֆական սկզբունքներ կան

Վերջին 20 տարում եվրոպաների պարտադրմամբ առաջինը որպես պետական կրոն քրիստոնեություն ընդունած Հայաստանում կրիայի դանդաղ քայլերով ստիպողաբար դրական փոփոխություններ եղան՝ պատուհանների երկաթե շերտերը հանվեցին, մարդակեր խցերը, որոնք գտնվում էին «Նուբարաշեն» կլոր գերեզմանոցի ներքևում, փակվեցին: Այնտեղ գցում էին դատապարտյալներին ու օրերով մոռանում, անգամ զուգարան չէին տանում: Մանրամասն պատմել եմ այս մասին իմ պատմվածքներում:

Ստիպողաբար փոխվեցին նաև օրենքները. 1961թ. քրեական օրենսգրքով մարդկանց դատապարտում էին մինչև 2003-ը: Հիմա պատրաստվում եմ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի քննություններին, ուսումնասիրում եմ քրեական իրավունք: Ապշում եմ՝ գրված են սիրուն-սիրուն մտքեր մարդասիրության, արդարության, օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների, պատժի նպատակների մասին: Բայց 20 տարի շարունակ ճակատագրի հեգնանքով առնչվելով «հորեղբոր տղաներ» հանդիսացող դատաիրավական ու քրեակատարողական համակարգերի հետ՝ համոզվել եմ, որ միֆական են այդ սկզբունքները: Իսկ պատժի նպատակները՝ ուղղել մարդուն, կանխարգելել հանցագործություններն ու վերականգնել սոցիալական արդարությունը, իրական կյանքում չեն իրագործվում:     

Պատճառը օրենքները կիրառողների մտածողությունն է: Եվրոպայի պարտադրմամբ օրենքներ, պայմաններ փոխվեցին, բայց եթե միայն հնարավոր լիներ ստիպողաբար փոխել համակարգի մտածողությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter