HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Մայրը և որդին` ընդդեմ «168 ժամ» թերթի. նրանք 4 մլն դրամ են պահանջում զրպարտության դիմաց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի, ինչպես նաև նրա անչափահաս որդու պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու դատական գործն ընդդեմ «168 ժամ» թերթի և լրագրող Մարինե Մարտիրոսյանի:

Նախքան նիստը սկսվելը` պատասխանողի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը խնդրեց դատարանին, որպեսզի թույլատրվի տեսաձայնագրություն կատարել, սակայն հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը առարկեց՝ մեկնաբանելով, որ պատասխանողը ցանկանում է շոու սարքել: Չնայած հայցվորի առարկությանը` դատավոր Ա.Մելքումյանը բավարարեց պատասխանողի խնդրանքը և թույլատրեց տեսաձայնագրությունը:

Սուսաննա Նազարյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել «168 ժամ» թերթին և լրագրող Մարինե Մարտիրոսյանին՝ նույն թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ ինքը դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծողն է, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի է: Սուսաննա Նազարյանը նաև պահանջում է թերթից և լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում:

Դատավորի հարցին, թե ինչն է հայցվորը դիտում որպես զրպարտություն, հայցվորի ներկայացուցիչ Գ.Գևորգյանը պատասխանեց, որ հոդվածում զետեղված արտահայտությունը, թե հայցվորը հանդիսանում է դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծող, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի, զրպարտում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:

Պատասխանողի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը առարկեց հայցապահանջին՝ ավելացնելով, որ լրագրողն իր հոդվածում նշել է իր տեղեկատվության աղբյուրները և պատրաստ է որպես վկա հրավիրել նրանց, ինչպես նաև դատարանին ներկայացրեց ձայնագրություն, որում առկա են վկաների պատմածները, որոնց հոդվածի հեղինակը վկայակոչել է իր հոդվածում:

Հոդվածի հեղինակ Մ.Մարտիրոսյանն իր ելույթում ասաց, որ նախքան հոդվածի հրապարակումը գնացել է դպրոց, զրուցել է տարբեր աշակերտների հետ՝ օրինակ բերելով Ալբերտ Հարությունյանին, ով բախում է ունեցել տնօրենի որդու հետ: Մ.Մարտիրոսյանն ավելացրեց նաև, որ իր հոդվածից մեկ շաբաթ հետո քրեական գործ է հարուցվել սույն գործով, ինչպես նաև այն, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 30.04.11թ. 124-Ա1 հրամանով Ս.Նազարյանը աշխատանքից ազատել է:

Սուսաննա Նազարյանի ներկայացուցիչը միջնորդություն արեց, որ նիստը հետաձգվի՝ պատասխանողի ներկայացրած ապացույցները՝ ձայնագրությունները, ուսումնասիրելու համար:

Հերթական դատական նիստի օր նշանակվեց նոյեմբերի 15-ը:

Ս.Նազարյանի որդու գործով թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Տերտերյանը ևս պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի «168 ժամ» թերթին և լրագրող Մ. Մարտիրոսյանին հերքել տեղեկատվությունն առ այն, որ ինքը հրդեհել է դպրոցի փաստաթղթային արխիվը, ինչպես նաև թերթից ու լրագրողից զրպարտության դիմաց հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն դրամ:

Լրատվամիջոցի ներկայացուցիչ Ա.Հակոբյանը դատարանին ներկայացրեց ձայնագրություն, որում պատմվում է դպրոցի փաստաթղթային արխիվի հրդեհման մասին, ինչպես նաև միջնորդեց դատարան հրավիրել վկաներին:

Հայցվորն էլ միջնորդեց, որ նիստը հետաձգվի՝ ապացույցներին ծանոթանալու համար, ինչպես նաև դատարանին խնդրեց վկաներին հրավիրելու միջնորդության քննարկումը հետաձգել մինչև հաջորդ նիստը:

Այսպիսով, դատարանը այս գործով ևս բավարարեց հայցվորի միջնորդությունը և հերթական նիստի օր նշանակեց նոյեմբերի 15-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter