
Սեւան քաղաքում ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում
Արմինե Ղուկասյան
Այս օրերին Սեւան քաղաքը հիշեցնում է մի մեծ շինհրապարակ: Սեւանցիները չեն էլ հիշում, թե վերջին անգամ ասֆալտապատման այսքան լայնամասշտաբ աշխատանքներ երբ են կատարվել իրենց քաղաքում: Միանգամից մի քանի ուղղություններով իրականացվում են ասֆալտածածկույթի վերականգնում, կառուցում, փոսային նորոգումներ:
Աշխատանքների ընթացքում ճշտվում են այն հատվածները, որոնք անգամ ներառված չեն նախագծա-նախահաշվային փաստաթղթերում, սակայն ընթացքում կարիք է զգացվում դրանք եւս ընդգրկելու հիմնանորոգվող տարածքների ցանկում:
Ասֆալտածածկույթի վերականգնման եւ հիմնանորոգման առաջին ուղղությունը տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի «Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներն են, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը:
Սեւան-Վարսեր 3,577 կմ-ոց հատվածը ներառում է նաեւ Սեւան քաղաքի Կարմիր բանակի (3590քմ) եւ Պռոշյան (4494քմ) փողոցները: Մյուս ուղղությունն ընդգրկում է Մ-4-Սեւան ճանապարհահատվածի 1,044 կմ-ոց հատվածը:
Հիշյալ ճանապարհահատվածներում նախապես կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ տարածքներում հողային պաստառը եւ ճանապարհային պատվածքը գտնվում են ոչ բավարար վիճակում, մայթերը քայքայված են, եզրաքարերը` քանդված, կողնակներն ամրացված չեն: Անմխիթար վիճակում են նաեւ երթեւեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, բացակայում են ճանապարհային նշաններն ու գծանշումը:
Հիմք ընդունելով 2 ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները` առաջիկա 5 ամիսներին ճանապարհների վերակառուցման գործընթացն ընդգրկելու է աշխատանքների բազմաբնույթ բաղադրիչներ` հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնում, ճանապարհային հագուստի վերանորոգում, վերակառուցում, կողնակների լցում, ճանապարհի կահավորում` արգելափակոցներ, ճանապարհային նշաններ եւ գծանշում, քայքայված եզրաքարերի եւ մայթի ծածկի ապամոնտաժում, բազալտե եզրաքարերի տեղադրում, անձրեւընդունիչի տեղադրում, առկա դիտահորերի բարձրացում եւ այլ աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 475 մլն դրամ:
Իրականացվող աշխատանքների այս հատվածում ավելացել է եւս մեկ տարածք` Կարմիր բանակի փողոցի վերջնամասի` Վլ. Կարապետյանի անվան հրապարակի հարակից պուրակից մինչեւ Հրազդան փողոց (3850 քմ):
Վլ. Կարապետյանի անվան հրապարակի ասֆալտապատումն ընդգրկվել է կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով իրականացվող Սեւան-Վարսեր ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներում, եւ այս օրերին հիշյալ տարածքում ընթանում են աշխատանքներ:
Աշխատանքներին զուգահեռ, համապատասխան ստորաբաժանումներն իրականացնելու են նշված տարածքների գիշերային լուսավորության ցանցի վերականգնման եւ շահագործման, անհրաժեշտ կոմունիկացիաների անխափան գործարկման աշխատանքներ:
Համատարած ասֆալտապատման մյուս ուղղությունը Նաիրյան փողոցն է: Կառավարության հրատապ ծրագրով Նաիրյան փողոցի ասֆալտածածկույթի վերականգնման համար հատկացվել է 103 մլն դրամ: Ասֆալտապատվելու է 10030 քմ տարածք: Նաիրյան փողոցի մի հատվածն էլ կսկսվի ասֆալտապատվել մոտ օրերս, արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքները, փոխարինվում են եզրաքարերը:
Նաիրյան փողոցի ասֆալտապատումն ու բարեկարգումը այլեւս դարձել էին անհետաձգելի եւ խիստ հրատապ. քաղաքի գլխավոր փողոցը, որն ունի նաեւ միջհամայնքային նշանակություն, այլեւս աներթեւեկելի էր, անգամ` անանցանելի:
Օգոստոսի 2-րդ կեսից մեկնարկել են նաեւ փոսային նորոգման աշխատանքները: 5380 քմ տարածք ընդգրկող Դեմիրճյան, Նաիրյան, Գործարանային, Նալբանդյան, Էներգետիկներ փողոցներում եւ Զորավար Անդրանիկի անվան հրապարակում ընթացող աշխատանքների համար համայնքային բյուջեից հատկացվել է 50 մլն դրամ:
Քաղաքի 2 հատվածներում էլ` Գրիբոյեդով եւ Շինարարների փողոցներում, փոսային նորոգումներին զուգահեռ կընթանան նաեւ համատարած ասֆալտապատ ծածկույթի վերականգնման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում:
Այս ծրագրերի իրականացմամբ կլուծվի Սեւանի ներհամայնքային ճանապարհների եւ հրապարակների հիմնանորոգման միայն մի մասը, իսկ մյուս մասը դեռեւս մնում է ներառված «Սեւան համայնքի հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները» փաթեթում, որը քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը վերջերս կրկին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարին:
Սեւան համայնքի փողոցների եւ ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 61524 մ` 561243 քմ ընդհանուր մակերեսով: Դրանցից ասֆալտապատ են 37558 մ փողոցները եւ ներհամայնքային ճանապարհները` 386997 քմ ընդհանուր մակերեսով, իսկ 23996 մետր երկարությամբ եւ 174246քմ ընդհանուր մակերեսով փողոցները եւ ներհամայնքային ճանապարհները գրունտային են:
Համայնքի ասֆալտապատ մայթերի ընդհանուր մակերեսը կազմում է 322610 քմ:
Սեւանի քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Ռաֆայելյանը հայտեց, որ նոր կառուցապատման ենթակա են 23996 մետր երկարությամբ եւ 174246 քմ ընդհանուր մակերեսով փողոցներ եւ ներհամայնքային ճանապարհներ: Նախնական հաշվարկներով` նոր կառուցապատման ենթակա փողոցների եւ ներհամայնքային ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ է 1,7 մլրդ դրամ, իսկ առկա ասֆալտապատ տարածքների վերանորոգման համար` 1 մլրդ դրամ:
Մեկնաբանել