HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային ճգնաժամը սևանցի կահույքագործին հարկադրեց բռնել տունդարձի ճամփան

Պապ Հայրապետյան

Փափուկ կահույքի պաստառապատման ու երեսապատման արտադրամասը, որտեղ իր գործունեությունն է ծավալել Արմանը, գտնվում է Սեւան քաղաքի բանուկ թաղամասերից մեկում` ճանապարհի հարեւանությամբ: 2012թ.-նն էր, երբ նա Հունաստանից վերադարձավ Սեւան ու իր բիզնեսը հիմնեց: Կյանքի ալեկոծությունների մեջ ինքն էլ չհասկացավ, թե ինչպես մի օր հայտնվեց Սալոնիկում: Սովորում էր Սեւանի Մխիթար Սեբաստացի համալսարանում եւ բազմաթիվ երազանքներ ուներ: Բայց, 2002-ին ամուսնացավ ու քանի որ կնոջ ծնողները վաղուց Հունաստանում էին` ինքն էլ մեկնեց այնտեղ, սկսեց աշխատել կահույքի արտադրամասում:

«Սկզբում շատ դժվար էր, դժվար նաեւ այն առումով, որ ես լեզու չգիտեի: Դրա հետ կապված այդ տարիներին բազմաթիվ զավեշտալի դեպքեր են պատահել իմ կյանքում: Հաճախ է եղել, որ երբ մուրճ կամ մկրատ են ուզել` ես լեզուն չհասկանալով այլ գործիքներ եմ տվել: Բայց դիմացա, համառեցի` լավ հասկանալով, որ այլեւս հետդարձի ճանապարհ չկա, մանավանդ որ տեղեկանում էի, թե Հայաստանում ինչ վիճակ է` դժվար է աշխատանք գտնել եւ մարդիկ մի կերպ են յոլա գնում: Բացի այդ, միշտ աչքիս առաջ էին այն դժվարությունները, որ ես հաղթահարել էի այստեղ հասնելու ճանապարհին»,- պատմում է Արմանը:

-       Հե՞շտ էր աշխատանքի տեղավորվելը:

-       Շատ դժվար եւ եթե չլիներ աներս, որ ամեն քայլափոխի իմ կողքին էր, ես չէի կարող որեւէ բանի հասնել: Մեծ երկիր, չունես գրանցում, չունես որեւէ մասնագիտություն, չկա վստահություն քո նկատմամբ, քեզ` որպես եկվոր, այլ աչքով են նայում եւ նաեւ բազում այլ դժվարություններ: Սկզբում չնչին վարձատրություն էի ստանում` 100 եվրո, հետո` 200-300, ապա` 1000 …  Հազիվ էի ծայրը ծայրին հասցնում: Եթե մենակ դու ես ընտանիքում աշխատում` չես կարող հասցնել: Կինս նույնպես շխատանքի անցավ այդ հույնի` Յուրղոսի , մեկ այլ ընտանեկան բիզնեսում` վարսավիրանոցում: Հետո ծնվեցին երեխաներս եւ հարկ էր աշխատել ու աշխատել: Ես շնորհակալ եմ իմ հույն գործատիրոջը, նրա ընտանիքին, ովքեր մեզ աշխատանք տալով` նաեւ անգամ մեկ օր մեզ թարս աչքով չնայեցին: Ընդհակառակը, հույս էին տալիս եւ օգնում ինչով հնարավոր էր: Այս առումով իմ բախտը կարծես բերել էր: Մնացածը կախված էր ինձանից. կարող ես` սովորիր եւ քո հացը դու ինքդ վաստակիր: 

-       Երեխաներդ` Սուրենը եւ Մելինեն Հունաստանում են ծնվել: Միջավայրն իր ներգործությունը չունեցա՞վ նրանց կրթության ու դաստիարակության վրա: 

-          Տղաս` Սուրենը, մինչեւ դպրոց գնալը հունարեն գրեթե չէր խոսում: Մեր ընտանիքում այդպես էր դրվածքը` եթե հայ ես, ուրեմն հայերեն պետք է խոսես: Նույնը աղջկաս պարագայում էր: Հետո նրանք հունական դպրոց գնացին, բայց շաբաթ եւ կիրակի օրերին պարտադիր հաճախում էին տեղի հայկական եկեղեցուն կից գործող հայկական դպրոց: Գործ կար, այն էլ` մեծ ծավալի եւ կարողանում էինք մարդավայել ապրել: Հետո, 2009-ին սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը կլանեց նաեւ Հունաստանը եւ այն էլ ի~նչ չափով: Վտանգի տակ դրվեցին շատ բիզնեսներ, այդ թվում նաեւ այն արտադրամասը, որտեղ աշխատում էի: Ճիշտ է, մեր արտադրամասը չփակվեց, բայց ծանր կորուստներ սկսեց կրել: Հույներն այլեւս վախենում էին գումար ծախսել եւ սկսեցին մեծ չափի խնայողություններ անել: Ապրելն օտար ափերում դարձավ այլեւս անիմաստ, երբ աշխատում ես ու աշխատում եւ չես կարողանում քո հոգսը հոգալ: 2012-ի օգոստոսին  հարկադրված բռնեցինք տունդարձի ճամփան: Հայրենիք վերադարձավ նաեւ աներոջս ընտանիքը:

Սեւանում գտնվելու առաջին իսկ օրը մտածեցի իմ բիզնեսը դնելու մասին: Աներոջս պատկանող կիսակառույց տարածքում սկսեցի զբաղվել այն նույն գործով` ինչ Սալոնիկում: Սկզբում գործիքների, սարքավորումների հարցը լուծեցի, հետո` հումքի: Դժվար է այստեղ աշխատելը: Պահանջվող նյութը ձեռք բերելու համար պետք է հաճախակի Երեւան գնալ: Իսկ այնտեղ` Եվրոպայում այլ է վիճակը: Անգամ սովորական գյուղում էլ պահանջվածը կգտնես: Դե, պատկերացրեք, դու այն գումարը չունես, որ մեծ քանակությամբ գնես եւ բերես: Տեղ հասնելուն պես լինում է պատվեր եւ պետք է նորից Երեւան գնաս: Կամ մեկ այլ խնդիր: Սալոնիկում, օրինակ, խանութից կամ շուկայից կարող ես գնել այնքան, որքան քեզ պետք է, թեկուզ մի փոքր կտոր` կտրում են եւ տալիս են: Այստեղ այդպես չէ: Գնացել ես, օրինակ, սպունգ ես ուզում, չափը տալիս ես, ասում է ամբողջությամբ պետք է վերցնես: Ասում եմ` ինձ այսքան է պետք: Մնում է անդրդվելի: 

-Ստացվո՞ւմ է բիզնեսդ:

- Այո: Գոհ եմ: Թեեւ չկա այն, ինչը տեսել եմ Հունաստանում, բայց կարողանում եմ աշխատել: Արմանը պատմում է, որ հսկայական տարբերություն կա հույն եւ հայ հաճախորդների միջեւ` հատկապես պահանջարկի առումով: Հույնը` նայելով իմ հավաքածուն ասում էր` ա’յ սա եմ ուզում, այս տեսքով եմ ուզում: Իսկ մեր հայ հաճախորդները գալիս են եւ ինձանից են հարցնում, թե դու ո՞ր մեկը կառաջարկես: Հին խոսք կա. ասում են` ճաշակին ընկեր չկա: Պատրաստում ես, հետո, թե դուրս չի գալիս: Այնտեղ բնակչությունը վճարունակ էր, որից ելնելով էլ` մեծ էր պահանջարկը, բարձր էր նաեւ հաճախորդի ճաշակը: Արտադրամասում առաջնայինը որակն է: Եթե հումքը որակով է եւ դու հոգի  ես դրել, արտադրանքն էլ որակով կլինի: Այստեղ վերանորոգվում է հիմնականում հին կահույք, պատրաստվում է նաեւ նորը: Բայց գերազանցապես գերակշռում է վերանորոգումը: Հնարավորության հարց է. մարդիկ գերադասում են ավելի քիչ գումարով նորացնել հինը. քան` նորը գնել: 

- Ինչո՞ւ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը չի զարգանում:

- Պատճառները շատ են, բայց կա նաեւ մեկը, որը կարեւոր է եւ կախված է մեզանից: Օրինակ, պատրաստել ես կահույք եւ այն քո վրա նստել է, ասենք, 100 հազար դրամ: Հունաստանում հաճախորդից դրա դիմաց կպահանջես 130 հազար դրամից ոչ ավել, այստեղ` նվազագույնը 200-250 հազար դրամ, եթե ոչ ավելի: Այսպես չի կարելի: Պետք է առաջնորդվել հետեւյալ սկզբունքով` քիչ, բայց` միշտ…

- Քեզ վստահո՞ւմ են: Կա՞ տարբերություն առաջին եւ հետագա օրերի հետ համեմատած:

- Շա~տ: Ճիշտ է, մարդիկ ճանաչում էին ինձ` բայց չգիտեին իմ աշխատանքը: Հիմա տեսնում են, գնահատում եւ վստահում: Մի հոգի էլ ասի լավ է` փոքր քաղաք է, լսում են եւ գալիս են: Առաջին մեծ գործը, որ կատարեցի այստեղ` ընկերոջս պատվերն էր, նրա համար նոր կահույք պատրաստեցի: Շատ հավանեց: Իսկույն հետեւեցին նոր պատվերները: Այսօր հաճախորդների պակաս չունեմ եւ նույնիսկ չեմ հասցնում բոլոր պատվերներն ընդունել: Շարժ կա եւ դա ինձ ուրախացնում է: Երբ նոր էի եկել այստեղ, տեղեկանում էի, որ մարդիկ վարկ են վերցնում եւ մեքենա են գնում: Հիմա պատկերն այլ է. մարդիկ վարկ են վերցնում եւ տուն են վերանորոգում, կահույք են գնում, բիզնես են դնում: Սա շատ լավ է: 

- Քո բիզնեսի դժվարությունների մասին չես խոսում:

- Երբ մտա այս տարածք, կարելի է ասել չորս պատերն էին: Ձեռքիս գումարն էլ քիչ էր` ընդամենը 500 հազար դրամ: Բոլոր խնայողությունները ծախսվել էին Հունաստանում: Կարգի բերեցի շինության մի մասը, սարքավորումներ, հումք գնեցի: Փառք Աստծու, աշխատանք կա, պատվերների պակասից չեմ դժգոհում, բայց «նիսեն» ուղղակի խեղդում է: Մարդը գալիս է պատվերը տանելու` ասում է մեկ-երկու օրից կտամ: Հո չե՞ս կարող մերժել: Բայց բիզնեսը զարգացնելու համար գումար է պետք: Այսօր գումարի մեծ խնդիր ունեմ եւ պատրաստվում եմ դիմել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը` «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում օգնություն ստանալու խնդրանքով: Լսել եմ, որ այդ ծրագիրը բացառապես նախատեսված է հայրենիք վերադարձող միգրանտներին աջակցելու համար եւ  մինչեւ 10 հազար եվրո տալիս են: Հույս ունեմ, որ գործը գլուխ կգա եւ այս դեպքում արդեն բիզնեսս հաստատապես նոր արմատներ կգցի մայր հայրենիքում, կկարողանամ նաեւ նոր աշխատատեղերի խնդիր լուծել: Կարիք կա նաեւ ընդարձակել տարածքը:  Ես ուրախ եմ, որ հիմա Հայաստանում եմ եւ իմ երկրի համար եմ աշխատում: Հաստատապես որոշել եմ մնալ այստեղ եւ կարծում եմ` ժամանակն է, որպեսզի օտար ափերում աշխատող հայ մարդը վերադառնա եւ իր երկիրը ծաղկեցնի: Միայն թե այդ երկիրը նրան պետք է հոգատարությամբ շրջապատի եւ ասպարեզ տա: 

Սեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter