
67 մլն դրամով վերակառուցված Ալավերդու զբոսայգին նորից քանդվում է
Զբոսայգու քանդվող շինությունների տեղում կկառուցվի մանկապարտեզ
Երկու տարի շարունակ`2014-2015թթ. վերակառուցվող Ալավերդու Էնգելս թաղամասի զբոսայգու շինարարական աշխատանքներն ավարտվել են այս տարվա սեպտեմբերին: Զբոսայգու վերակառուցման շինարարական աշխատանքների ավարտի կատարողական ակտերը ստորագրել է Ալավերդու նախկին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը իր լիազորությունները սեպտեմբերի 17-ին դադարելուց առաջ: Վերակառուցման համար համայնքի բյուջեից ծախսվել է 67 մլն դրամ:
Զբոսայգին դեռևս չէր շահագործվել, սակայն Ալավերդու նորընտիր քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հանձնարարությամբ այնտեղ վերակառուցված շինությունները քանդվում են: Հոկտեմբերի 28-ին մեր այցելության պահին կիսաքանդ վիճակում էր զբոսայգու նորակառույց զուգարանը, քանդման շեմին էր պահակի համար նախատեսված շինությունը: Հանվում էին դեռևս չօգտագործված նստարանները, քանդված էր զբոսայգու վերակառուցված բեմը: Տարածքում թափված էին մանկապարտեզի գազոններից հանված բետոնյա նոր եզրաքարերը, որոնց մեծ մասը ջարդված և անօգտագործելի էր:
![]() |
![]() |
Զբոսայգում աշխատող «Տաշիր գրուպ»-ի շինարարները հայտնեցին, որ քանդվող տարածքում Կարեն և Սամվել Կարապետյանների հիմնադրամի կողմից մանկապարտեզ է կառուցվելու. «Այդ մանկապարտեզի կառուցումը մեզ շատ անհրաժեշտ է: Քաղաքի ռելիեֆը մեզ թույլ չտվեց այլ տեղ կառուցել այն: Մենք առաջարկել ենք ներքևի հատվածում 4-5 տեղ, բայց մանկապարտեզը 1-ի կարգի շինություն է, այսինքն՝ այն երկաթգծից 120 մետր, իսկ հենապատը՝ գետի կողմից 10 մետր հեռու պետք է լինի: Մենք ճիշտ գտանք զբոսայգու 3200քմ տարածքը հատկացնել 1,8 մլն դոլար նախահաշվային արժեքով ռուսերեն և անգլերեն լեզուներով մանկապարտեզ կառուցելու համար»,- բացատրեց Կ. Փարեմուզյանը:
Վերջինիս հիշեցրինք, որ զբոսայգում կառուցածը քանդելը համայնքի բյուջեի 67 մլն դրամ եկամուտների վատնում է նշանակում: Կ. Փարեմուզյանը բացատրեց, թե կառուցողին պարտավորեցվել է զբոսայգու ծայրամասում գտնվող լողավազանը հողով ծածկել, տարածքը ամբողջովին բարեկարգել և քանդվող շինությունների փոխարեն համայնքի բյուջեի ներդրումներին համապատասխան այնտեղ կառուցել նոր զուգարան և պահակի սենյակ: «Քանդվող տարածքի բաց բեմի փոխարեն զբոսայգու մյուս ծայրում հողով ծածկով լողավազանի վրա և շրջակա տարածքում կկառուցվի տանիքով բեմ»,- պարզաբանեց քաղաքապետը:
Կարեն Փարեմուզյանը, սակայն, չէր նկատում, որ 3200քմ վրա մանկապարտեզի շինարարությունը սկսելուց հետ երկու կողմից զբոսայգու տարածքը կվերածվի շինհրապարակի, որտեղ առաջացող շինարարական աղբի, փոշու և աղմուկի պատճառով որևէ ալավերդցի չի այցելի զբոսայգի: Այս դեպքում արդեն զբոսայգու շահագործումը պայմանավորվելու է մանկապարտեզի շինարարության ավարտով:
Նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսվել և զբոսայգում տեղադրվել էին մանկական խաղասարքեր: Թեև դրանք մանկապարտեզի համար նախատեսված տարածքում չէին, տեղադրված էին զբոսայգու կենտրոնական մասում, սակայն նույնպես հանված էին: «Խաղասարքերը մեկ ամիս չանցած՝ շարքից դուրս են եկել, որովհետև զբոսայգում չի ապահովվել կատարված աշխատանքների պահպանություն: Ես ասել եմ հավաքեն էդ խաղասարքերը: Դրանք կվերականգնենք և կտանք մանկապարտեզներին: Իսկ զբոսայգում արդեն մի քիչ ամուր խաղասարքեր պետք է տեղադրվեն»,- բացատրեց Կ. Փարեմուզյանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանի խոսքով՝ «շարքից դուրս եկած» խաղասարքերի նախահաշվային արժեքը կազմել է 3մլն 360 հազար դրամ: Հիշեցնենք, որ «Հետքը» 2015թ. հուլիսի 11-ի հրապարակմամբ ահազանգել էր համայնքի բյուջեի 1,2 մլն դրամ ներդրումով զբոսայգու տարածքում տնկված ծաղիկների ու ծառերի չորանալու մասին: Հիմա զբոսայգում դրանց հետքն անգամ չկա:
Ալավերդին այլ զբոսայգի չունի:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել