HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լու Ռիդ. կատարյալ օր հերոինի ու պարզ սիրո միջև

Նաիրա Հայրապետյան

Անգլիացի երաժիշտ, պրոդյուսեր և երաժշտության տեսաբան Բրայըն Ինոն մի առիթով ասել է. «Չնայած The Velvet Underground-ի դեբյուտային ալբոմը մի քանի տարվա ընթացքում վաճառվեց ընդամենը 30 000 օրինակով՝ այնուամենայնիվ, նա, ով գնել էր այդ 30 000-ից մեկը, խումբ հիմնեց»: Այս խոսքերում լիովին ամփոփված է 60-ականների լեգենդար ռոք խմբերից մեկի՝ The Velvet Underground-ի հսկայական ազդեցությունը ռոք երաժշտության պատմության մեջ: Չնայած կոմերցիոն անհաջող ընթացքին, նրան հաջողվել է ընդլայնել ռոքի սահմանները և միախառնելով ամերիկյան ու եվրոպական ոճերը՝ ճանապարհ բացել նրա զարգացման, ճյուղավորման համար: Իսկ Ինոն այս խոսքերն ասել էր լեգենդար արտիստներից մեկի մահվան առիթով:

Լու Ռիդ. այս անունը քաջ հայտնի է երաժշտասերներին, ովքեր երկխոսության իրենց հասկանալի տարածքը տեղավորում են ռոք երաժշտության սահմանում: Նա լեգենդար խմբի վոկալիստն էր, կիթառահարը, երգերի հեղինակն ու, վերջապես, ռոքի նորարարը: Ռիդը հայտնի էր նաև պոետիկ տեքստերով, իր տարբերվող ձայնով՝ հանդարտ, խաղաղ հնչողությամբ, հայտնի էր նաև որպես ostrich guitar կիթառային տոնի հեղինակն ու առաջին գործածողը: Նրա ստեղծագործություններում կա մի շատ գեղեցիկ երգ՝ Perfect Day անունով, որին էլ կանդրադառնանք այսօր՝ մեկ անգամ ևս վերհիշելով և վայելելով Ռիդի ամենագեղեցիկ կատարումներից մեկը:

1970թ. Երաժիշտը հեռանում է The Velvet Underground խմբից, որոշ ժամանակ նաև երաժշտությունից՝ աշխատելով հոր հաշվապահական ընկերությունում՝ որպես մեքենագրող: Մեկ տարի անց, սակայն, Ռիդը պայմանագիր կնքեց RCA Records ընկերության հետ՝ կրկին անցնելով երաժշտական կյանքին: 1972թ. Lou Reed ալբոմով սկիզբ դրվեց երաժշտի անհատական գործունեությանը:Այն առավել հաջող ընթացք ունեցավ, հարուստ էր ու բազմազան՝ լի բազմաթիվ համագործակցություններով: Երաժշտին ավելի մեծ հաջողություն և քննադատների կողմից դրական արձագանքներ բերեց նույն թվականին թողարկված Transformer-ը: Սա Լու Ռիդի երկրորդ ալբոմն էր, իսկ պրոդյուսերը անկրկնելի Դեյվիդ Բոուին էր՝ բրիտանացի մեկ այլ երաժշտի՝ Միք Ռոնսոնի հետ միասին:

Բոուին Ռիդի և The Velvet Underground-ի երկրպագուն էր և այն բազմաթիվ երաժիշտներից մեկը, ում կյանքում մեծ ազդեցություն են թողել նրանք: Հենց այս ալբոմում էր թաքնված Perfect Day երգը, որը, ինչպես պատահում է հաճախ, հանրաճանաչ դարձավ տարիներ անց, երբ օգտագործվեց մեկ այլ փաթեթավորմամբ. 90-ականների վերջին այն հնչեց ռեժիսոր Դենի Բոյլի Ասեղի վրա ֆիլմում: Երգի հանրաճանաչությունն ավելի ընդլայնվեց, երբ 1997թ. BBC»-ն այն օգտագործեց իր բարեգործական թելեթոնային ծրագրում՝ Children in Need խորագիրով: Perfect Day-ը աստղերի մի մեծ խմբի մասնակցությամբ ձայնագրվեց և թողարկվեց որպես Children in Need-ի պաշտոնական սինգլ: Վերջինս երեք շաբաթ շարունակ գլխավորում էր բրիտանական սինգլների շարքը: Այս տարբերակը ակտիվորեն ցուցադրվում էր, հնչում էր ռադիոկայաններից, հաճախ նույնիսկ կինոթատրոններում՝ դրանով ապահովելով ոչ միայն բարեգործական ծրագրի հարուստ արդյունքը, այլև երգի հանդեպ հանրության մեծ արձագանքը:

"… Oh, it's such a perfect day
I'm glad I spend it with you
Oh, such a perfect day
You just keep me hanging on
You just keep me hanging on

Just a perfect day
problems all left alone
Weekenders on our own
it's such fun…"

Ինչի մասի՞ն է երգը. Perfect Day-ը պատկանում է այն երգերի շարքին, որոնց ում կամ ինչի մասին լինելը վիճելի է մինչ օրս: Ասում են՝ երկար տարիներ հայտնի հարբեցողն ու թմրամոլը այստեղ գլխավորապես պատկերել է «ասեղի վրա նստած» մարդու վիճակը, զգացողություններն ու մտքերը հենց այդ պահին:

Դենի Բոյլն էլ երգն օգտագործել է ֆիլմի հենց այն հատվածում, երբ Ի. Մաքգրեգըրի մարմնավորած հերոսին գտնում են գրեթե մահացած՝ հերոինի մեծ չափաբաժնից: Երգի ստեղծման ժամանակաշրջանում Ռիդն իրոք կախման մեջ էր թմրադեղերից և հնարավոր է՝ մեջբերել է ինչ-որ մտքեր այդ երևակայական սահմաններից: Ամեն դեպքում, սա հիմնովին չի կարող տեղավորել հեղինակի՝ կատարյալ օրվա մասին իր պատմության նման մեկնաբանության մեջ:

Ռիդի կենագիր Վ. Բաքրիսը նշում է մեկ այլ բնութագրում, որն ավելի տարածված է համարում: Ըստ այս ընկալման՝ երգը շատ պարզ ու գեղեցիկ պատմություն է երաժշտի և Բեթի Քրոնշթադտի ռոմանտիկ սիրո մասին: Եվ այս պատմությունն այնքան հավատարմություն ունի իր խորքում, որ անկեղծորեն չի շրջանցել նույնիսկ նրանց հարաբերություններում առկա կոնֆլիկտային իրականությունը՝ դեղեր, ալկոհոլ, ցոփ ու շվայտ կյանք, սեքսուալ խնդիրներ ու երգչի մեծագույն առճակատումը սեփական «ես»-ի հետ: Կարելի է եզրակացնել, որ Perfect Day-ում Ռիդը ուղղակի խոսել է իր կյանքում ինչ-որ ժամանակ ապրած լավ օրերի մասին, որոնք այլևս տխուր հիշողություններ էին: Բեթին հետագայում դարձավ նրա կինը (առաջին), ում հետ երաժիշտն ապրեց հինգ տարի:

«Perfect Day-ը մեր՝ զբոսայգում միասին անցկացրած օրվա մասին է, ճիշտ այնպես, ինչպես նա ասում է երգում,- մեկնաբանում է Բեթի Քրոնշթադտը հարցազրույցներից մեկում,- Մենք այն ժամանակ արդեն պաշտոնապես նշանադրված էինք: Չնայած թվում է, թե սովորական սիրո մասին մի երգ է, իրականում ողջ հմայքը գտնվում է այն մտքում, ըստ որի ընդհանուր համաձայնության եկած երկու հասուն մարդու միջև սերը երբեք պարզ չի կարող լինել, այլ, հակառակը, բարդ է մշտապես»:

Ըստ երաժշտի նախկին կնոջ, Ռիդն ասել է, որ Perfect Day-ի ամենակարևոր տողերը սրանք են՝ «You made me forget myself. I thought I was someone else, someone good»: Այստեղ պետք է փնտրել երգի գլխավոր ասելիքը: Հավանաբար ինչ-որ ժամանակ այդպես է եղել նաև Բեթիի համար, սակայն նա առավել արտահայտիչ է համարում, կամ գուցե իրեն սրտամոտը, մեկ այլ կարևոր «խոստովանություն». «You keep me hanging on, you just keep me hanging on…» Լյուիսը ուղիղ կանգնելու համար ոչ միայն ինձնից էր կախվում, այլև մենեջերական ողջ թիմից»,- պատմում է Բեթը՝ ակնարկելով երաժշտի տարվածությունը ալկոհոլի հանդեպ, որը հաճախ խանգարում էր իրեն աշխատել:

Ըստ նրա՝ իր խնդիրն էր սիրելի մարդուն հնարավորինս հեռու պահել խմիչքից և թմրադեղերից, որպեսզի կարողանար մասնակցել համերգային շրջագայություններին, կատարեր պայմանագրային պարտականությունները՝ ձայնագրություններ, ալբոմներ և այլն: «Հիշելով այդ օրերը, այժմ չեմ կարողանում հավատալ, թե որքան մեծ պատասխանատվություն էր դրված իմ երիտասարդ ուսերին, բայց ես այն միակն էի, ում նա վստահում էր և լսում»:

Perfect Day-ը Լ. Ռիդը վերաձայնագրեց 2003թ. իր The Raven ալբոմի համար: Առաջին օրինակում ձայնագրությանը մասնակցել են նաև Դ. Բոուին (ստեղնաշարային գործիք) և Մ. Ռոնսոնը (դաշնամուր և լարայն հատվածի գործիքավորում): Իր բազմաթիվ cover կատարումների մեջ հեղինակը առավելապես հաջողված էր համարում Duran Duran փոփ-ռոք խմբի կատարումը: Նա նույնիսկ ասել է, թե այն գերազանցել է նույնիսկ իրենը: «Վստահ չեմ, թե ես էլ եմ այդպես լավ երգել, ինչպես Սիմոնը,- ասել է արտիստը՝ նկատի ունենալով խմբի վոկալիստ Սայմըն Լե Բոնին,- Նրանք ձայնագրել են ճիշտ այնպես, ինչպես ես եմ նկատի ունեցել. սա իրապես մեծ նվաճում է ինձ համար, այնպես որ՝ շնորհակալություն քեզ Duran Duran»:

2013թ. երբ մահացավ Լու Ռիդը, հազարավոր մարդիկ իրենց ափսոսանքի խոսքը հայտնեցին աշխարհի տարբեր անկյուններից: Նրանցից մեկն էլ Վատիկանի մշակույթի նախարար կարդինալ Ջանֆրանկո Ռավազին էր: Թվիթերյան իր էջում 71-ամյա կարդինալը, որպես հարգանքի տուրք նրա հիշատակին, տեղադրել էր Ռիդի Perfect Day-ից մի հատված (հավանաբար իր ամենասիրելի տողերը): 

Հերոինից մինչև պարզ սիրո պատմություն ձգվող երգը նոր քննարկման առիթ դարձավ, որին հոգևորականը ստիպված եղավ հավելել, որ ինքը ամենևին չի արդարացնում թմրանյութերի օգտագործումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter