
Սահմանամերձ անտառները ոչնչացվում են
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ջիլիզայի անտառտնտեսության վերահսկողության ու պաշտպանության տակ են գտնվում Ճոճկանի, Բրդաձորի, Խոժոռնու և Ախքյորփիի 13 851,1 հա անտառածածկ տարածքները:
Նոյեմբերի 5-ին Մադան-Ջիլիզա անտառամիջյան ճանապարհի երկայնքով ականատես եղանք անտառահատումների աննախադեպ պատկերի: Ճանապարհի տարբեր հատվածներում փայտակույտեր էին թափված։ Բոլոր փայտակույտերը տերեր ունեին: Փայտակույտերին մեր մոտենալուն պես նրանք փախչում էին:
Անտառի «տերերը» չէին խնայել նաև Ջիլիզայի սահմանային գոտու անտառները: Հսկա փայտակույտերի հանդիպեցինք նաև սահմանային գոտում: Որքան էլ ջանացինք անտառում մեզ չհաջողվեց հանդիպել Ջիլիզայի անտառտնտեսության որևէ պատասխանատուի: Մադան գյուղից դեպի Ջիլիզա ճանապարհի հազիվ 500 մետր հատելուց հետո մենք հանդիպեցինք անտառի մեջ մխրճված առանց պետհամարանիշի մի բեռնատարի: Վերջինիս մոտ շուրջ 8 խմ փայտ էր թափված:
Կաճաճկուտ գյուղի բնակիչ Համլետ Կիրակոսյանն ասաց, որ ավտոմեքենայի համարանիշը հանել է անձրևի պատճառով: Եղանակը, սակայն, անձրևային չէր: Հ. Կիրակոսյանը մեզ ներկայացրեց «Լալվարի անտառտնտեսության» Շամլուղի տեղամասի անտառապետ Ա. Բեկթաշյանի ստորագրությամբ թափուկ փայտանյութի օգտագործման տոմս, որտեղ բացակայում էր 8 խմ փայտի տեղափոխման ամսաթիվը:
Սա հենց այն տոմսերից էր, որի միջոցով կարելի էր անտառից անվերջ ապօրինի փայտանյութ դուրս բերել: Ճանապարհին մեզ հանդիպած փայտի բեռնման սպասող բեռնատարների մեծ մասը նույնպես առանց պետհամարանիշի էին:
Այսօր վաղ առավոտյան Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանի կողմից միջնորդության հեռախոսազանգ ստացա՝ նրա պահպանությանը վստահված անտառների թալանի մասին հոդված չգրելու համար: Մեզ հետ հեռախոսազրույցում Արամ Բարոյանն ասաց , որ 2015թ.-ին Ջիլիզայի անտառտնտեսությանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից 1800 խմ փայտանյութի պատրաստման և վաճառքի պլան է իջեցվել:
Տարվա ամբողջ եղանակին Ջիլիզայի անտառներում, բնակչության զարմանքը առաջացնող մեծաքանակ անտառահատումներ կատարելուց հետո, Արամ Բարոյանը մեզ հայտնեց, թե առաջադրված պլանից դեռ մոտավորապես մի 700-800 խմ փայտանյութ մնացել է պատրաստելու: Երբ Ա.Բարոյանին ասացինք, որ անտառապետները և տնտեսության մյուս աշխատողները մեզ տեսնելուց փախել են, նա ասաց. «Դե տգետ մարդիկ են, էլի, փոխանակ մոտենան բացատրեն, բոլորը փախչում են»: Ա.Բարոյանը չէր էլ մտածում, որ անտառում օրինական փայտանյութ պատրաստող մարդը, լրագրողից խուսափելու պատճառ չի կարող ունենալ:
Ջիլիզայի եւ Մադան գյուղի բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ Ա. Բարոյանը Վանաձորում է ապրում և հազվադեպ է հայտնվում իր աշխատատեղում։ «Ջիլիզայի անտառների գլխավոր ոչնչացնողը անտառների պահպանության գծով նրա տեղակալ Արմեն Այդինյանն է, ով էլ վերահսկում է սահմանամերձ Ջիլիզայի անտառների սպանդը»,- ասաց Ջիլիզայի բնակիչներից մեկը։ Նա չուզեց հրապարակել իր անունը: Ջիլիզայից հետ վերադարձին անտառի փեշից մեր ճանապարհը փակեցին երկու եղնիկներ: Վարորդը արգելակեց մեքենան: Ես դուրս թռա մեքենայից՝ լուսանկարելու: Չհասցրեցի: Նրանք կորան ճանապարհաեզրի մացառուտների մեջ: Ճանապարհը հատելիս նկատեցինք նաև աղվեսի:
Ջիլիզայի նախկին սաղարթախիտ ու կուսական անտառները մացառուտների են վերածվել: Ջիլիզայի բնակիչները խուճապի մեջ են: Ջիլիզայի անտառների ոչնչացման նկատմամբ ակնհայտորեն աչք են փակում Լոռու մարզի դատախազը և ոստիկանությունը:
Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը հոկտեմբերի 26-ին մերժեց Լոռու մարզի օպերատիվ վիճակի, այդ թվում Լոռու անտառներում ապօրինի անտառահատումների մասին տեղեկատվություն հաղորդելու մեր խնդրանքը: Դատախազի քարտուղարությունից մեզ պատասխանեցին, թե դատախազը այդ մասին մեզ հետ կարող է խոսել միայն մարզի օպերատիվ իրավիճակը տարեվերջին ամփոփելուց հետո:
Այսօր մեզ չհաջովեց Ջիլիզային անտառների ապօրինի հատումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ «Հայանտառ» ՊՈԱԿԻ տնօրեն Մ. Մաթևոսյանից, գլխավոր անտառապետ Ռ.Պետրոսյանից կամ անտառների պահպանության որևէ պատասխանատուից: «Հայանտառ» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, թե Մ.Մաթևոսյանը գնացել է Սյունիք, գլխավոր անտառապետը գտնվում է հանրապետությունից դուրս, իսկ անտառների պահպանության բաժնի պետը տեղում չէ:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել