
Ֆինանսների նախարարի հավաստմամբ՝ աշխատավարձերի բարձրացում ներկա փուլում չի լինի
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեն, որի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարց ուղղեց նվազագույն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:
Նա, մասնավորապես, ասաց, որ ըստ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի՝ հանրապետությունում նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Պատգամավորին հետաքրքրում էր, թե լրացուցիչ որքա՞ն գումար կպահանջվի ծախսել առաջիկա տարվա պետական բյուջեից, եթե բազային աշխատավարձը 55 000 դրամից դառնա 65 000 դրամ, այսինքն՝ բարձրացվի 10 000 դրամով:
Հարցին պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչարյանը, որն ասաց՝ երբ կառավարությունն ուներ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ գնաց այդ քայլին և աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն վարեց, որի համար շուրջ 80 միլիարդ դրամ աշխատավարձերի բարձրացման խնդիր առաջադրվեց:
«Ներկա փուլում մենք բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով ձեռնպահ ենք մնում, իսկ եթե դա բարձրացնենք, մոտավորապես 35 միլիարդ դրամ գումար է անհրաժեշտ, որը մենք այս պահի դրությամբ չունենք»,- ասաց նախարարը:
Արձագանքելով՝ Լևոն Դոխոլյանն ասաց, որ մեր քաղաքացիների նվազագույն սպառողական զամբյուղը համահունչ չէ գործող նվազագույն աշխատավարձի չափին: «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և լայն սպառման ապրանքների շղթայական թանկացումների պատճառով մինիմալ աշխավարաձ ստացող անձինք հայտնվել են անելանելի վիճակում, ուստի առաջարկում եմ հնարավորության դեպքում վերանայել մինիմալ աշխատավարձերի բարձրացման հարցը»,- ասաց Դոխոլյանը:
Գագիկ Խաչատրյանն էլ ասաց, որ հարցն, իրոք, կարևոր է, նաև Կառավարության համար է շատ կարեւոր, դա շատ լուրջ սոցիալական խնդիր է, և եթե լինեն միջոցներ, դրան կարելի է անդրադառնալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել