
Ա1+ և mamul.am լրատվամիջոցներից դատական կարգով պահանջում են հերքել 15 տարի առաջ տեղի ունեցած սպանության վերաբերյալ տեղեկությունները
«Թռչող Առագաստ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 15-ին դիմել է դատարան` ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի, որը հանդիսանում է Ա1+ լրատվամիջոցի հիմնադիրը, և mamul.am լրատվական կայքի՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով:
Ընկերությունը լրատվամիջոցներից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ: Գործովը քննում է Կենտրոն և Նորք Մարաշ վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը: «Թռչող Առագաստ» ՍՊԸ-ն պահանջել է արգելանք դնել պատասխանողների գույքի, դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել է:
Դատարան դիմելու պատճառ է հանդիսացել Ա1+ լրատվամիջոցի կողմից 15 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին հրապարակումը: Մասնավորապես՝ 2000թ-ի սեպտեմբերի 24-ին Ա1+ լրատվական կայքի կողմից հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Իսահակյան 41 հասցեում գտնվող «Առագաստ» սրճարանում կատարվել է մարդասպանություն:
Հայցվոր կողմը նշում է, որ վերը նշված իրադարձությունը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանին կից «Պոպլավոկ» սրճարանում, որը պատկանում է «Կարմիր առագաստներ» ՍՊԸ-ին։ Այս երկու հաստատությունները պատկանում են տարբեր սեփականատերերի և նրանց գործունեությունը որևէ կապ չունի միմյանց հետ։
«Իրենք մի էջ ունեն, որտեղ անընդհատ կրկնում են, որ այս ինչ օրը այս ինչ պատմությունն է տեղի ունեցել: Այս դեպքում սեպտեմբերի 24-ին է եղել հաղորդումը և իրենք կրկնել են: Մենք չենք կարող 2000 թվականի հրապարակման հերքումը պահանջել, որովհետև մեկամսյա ժամկետ կա: 2015թ-ի սեպտեմբերի 24-ի հրապարակումն ենք խնդրել հերքել: Այդ հաղորդման մեջ ցույց են տալիս, որ 2000 թվականին է տեղի ունեցել սպանությունը, բայց իրենք նույն հոկովակը կրկնել են 2015թ. սեպտեմբերի 24-ին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Թռչող Առագաստ» ՍՊԸ-ի փաստաբան Հասմիկ Փախանյանը:
Հարցին, թե ինչու են որոշել 15 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին վերաբերող տեղեկությունը այժմ հերքել, փաստաբանը նշեց, որ այդ թվականից սկսած հասարակության մոտ ձևավորվել է կարծիք, որ այդ դեպքը տեղի է ունեցել «Առագաստ» սրճարանում և այդ կարծիքի պատճառով տուժել է սրճարանի հեղինակությունը: Այժմ էլ հաղորդումը կրկնել են և Հ. Փախանյանի խոսքերով՝ հնարավորություն է ստեղծվել հերքելու ապատեղեկատվությունը:
Հասմիկ Փախանյանն ասաց, որ պահանջվող 1 միլիոն դրամի մեջ մտնում են բոլոր ծախսերը, այդ թվում` դատական ծախսերը: «Մեզ համար ամենակարևորը հերքումն է ոչ թե գումարային պահանջը»,- նշեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է mamul.am կայքին, ապա Հասմիկ Փախանյանը տեղեկացրեց, որ այդ լրատվամիջոցը վերարտադրել է Ա1+-ի հրապարակումը և հղումը տեղադրել է, սակայն փաստաբանը դիտավորություն է տեսնում, քանի որ հերքման պահանջով դիմել են, սակայն արձագանք չեն ստացել և չի հերքվել:
Սույն գործով առաջին նախնական դատական նիստը տեղի կունենա 2016թ. փետրվարի 2-ին:
Մեկնաբանել