
Ինչո՞ւ են 20 տարի շարունակ սուտ տեղեկություններ տարածում իմ մասին
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ողջերի աշխարհից մշտապես ստանում եմ մամուլի քաղվածքներ, նորություններ, գրքեր: Միայն հեռուստացույցից չես կարող տեղեկատվական ամբողջ պատկերը ստանալ ու վերլուծել եղած-չեղածը: Ստանում եմ նաև ընթերցողների մեկնաբանությունները, գրառումները, նամակները: Զգում եմ, որ հանրությունը արձագանքում է անարդարությանը: Իսկ ամենահուզիչը Ձեր աղոթքներն են:
Ոստիկանապետի խորհրդականը ստիպված կլինի դատարանում ապացույցներ ներկայացնել
Սակայն այս անգամվա փաթեթում` թղթերի կապոցի մեջ տեսա ակնհայտ սուտ, կեղծիք, որը բանավոր շրջանառվել է 20 տարի շարունակ: Ես չեմ ուզում մեջբերել գրվածը` ևս մեկ անգամ չտարածելով սուտը, կեղծիքը, ատելության քարոզը իմ նկատմամբ:
Ստերի տարածման հեղինակը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է` Նարեկ Մալյան անունով: Արդեն դիմում եմ գրել ոստիկանապետին, որ կարգապահական վարույթ հարուցվի ու պարզեն, թե ինչ նպատակով է իր խորհրդականն իմ հասցեին կեղծիք, իրականության հետ կապ չունեցող լուրեր տարածում:
Դիմել եմ նաև դատարան իմ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով` ներկայացնելով գրառումների մասին ապացույցները: Նարեկ Մալյանն ու քաղաքացուհի Իզաբելլա Աբգարյանը ստիպված կլինեն դատարանում ապացուցել, որ իրենց կողմից «Ֆեյսբուքում» հրապարակային գրածը ճշմարտություն է:
Չեմ պատրաստվում իրենց ոճով պատասխանել, քանի որ վիրավորանքը անզորության, փաստերի պակասի նշան է, իսկ զրպարտությունը` դիտավորության: Իսկ ես ուժեղ եմ փաստերով ու գրում եմ նույնպես փաստերով:
20 տարի շարունակ ես պնդում եմ, որ անմեղ եմ, որ դատավճիռը հիմնված է մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի բազմակի անգամ փոփոխված և իրարամերժ ցուցմունքներից վերջինի վրա: Արամը նախ խոստովանել է, որ Իոսիֆ Աղաջանովին ինքն է ապանել իր իսկ բնակարանում, ասել է, որ ես «բաժանողի» դերում եմ եղել: Հետագայում նա կամաց-կամաց մեղքը բարդել է իմ վրա:
20 տարի ես կիսում եմ Իոսիֆի հարազատների վիշտն ու պատիժ կրում ուրիշի կատարած հանցանքի համար
Քանի որ այս քրեական գործով չկա և ոչ մի ապացույց, ուստի 20 տարիների ընթացքում փորձ է արվում հորինել ու տարածել սուտ լուրեր: 20 տարի բանավոր շրջանառվում է այն սուտը, որ դիակը մասնատվել է:
Դա պարզապես ոչ մի քննադատության չդիմացող փորձ է, վիրավորելով Իոսիֆի հիշատակը, խաբել հասարակությանը, միայն այն բանի համար, որ արդարացնեն իմ` այստեղ գտնվելու հանգամանքը:
Նարեկ Մալյանն ու Իզաբելլա Աբգարյանը վիրավորել են թե Իոսիֆի հիշատակը, թե նրա հարազատներին` իրենց լեզվով 20 տարի անց մասնատելով նրա մարմինը:
Այս գործը մինչ օրս բացահայտված չէ, ու խնդիրն ամենևին էլ տուժողի կամ մեղադրվողի մեջ չէ, այլ արդար դատաքննության:
Երբ մարդուն դատապարտում են մահապատժի կամ ցմահ ազատազրկման, պետք է դատարանն ունենա անհերքելի ապացույցներ, որոնք այս գործում իսպառ բացակայում են: Հենց այդ պատճառով էլ 20 տարի հանրությունը չի դադարում խոսել այս մասին: Մարդիկ բարձրացնում են քսանից ավելի հարց, որոնք անպատասխան է թողել դատարանը:
Քրեական գործը հարուցվել է Արամ Հարությունյանի հայտնածի հիման վրա, ըստ որի ինքն իրենց տանը սպանել է Իոսիֆ Աղաջանովին: Հետագայում նա մեղքն աստիճանաբար բարդել է իմ վրա: Դատավոր Զինավոր Ղուկասյանն էլ, ով արդեն այս աշխարհում չէ, բառ առ բառ արտագրել է Արամի վերջին ցուցմունքը դատավճռում ու գործը համարել փակված:
Դատավճիռը նման է «հավատում եմ-չեմ հավատում» խաղին: Կարծես` Արամը Աստված է, ու նա չէ 4 անգամ տարբեր ցուցմունքներ տվել` ամեն ցուցմունքի տակ գրելով. «Ցուցմունքս ճիշտ է, որի համար ստորագրում եմ»: Բայց դատավճիռը պիտի հիմնված լինի ապացույցների լրիվության, բազմակողմանիության, համակցության վրա: Իսկ քրեական իրավունքում չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի:
Ինձ վերագրվող մեղադրանքն ու դատավճիռն է անընդհատ մեջբերվում, բայց եկեք այնտեղից հանենք գործով մյուս մեղադրյալի, այսինքն` գործի նման ելքով շահագրգիռ մարդու` Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքը ու կտեսնենք, որ դատավճռում ոչինչ չի մնա:
Մալյանն անդրադարձել էր նաև Սողոմոնին, բայց նա այլևս չի կարող պատասխանել ոչ մեկին
Նույնիսկ իշխանությունները կողմ եղան, որ ընկերս` Սողոմոն Քոչարյանը «Եռաբլուր» պանթեոնում հողին հանձնվի, ու այդ կերպ գոնե 20 տարի նրան «սպանելուց» հետո` հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի պես ճանաչեցին նրա արժանիքները Հայրենիքի պաշտպանության գործում: Բայց հենց նրա թաղման օրը, երբ նրան մարմինը հողին էին հանձնում, նման լուրեր են տարածում, որ ինձ էլ ավելի շատ ցավ պատճառեն` Սողոմոնին կամ ինձ համեմատելով Պերմյակովի ու Բրեյվիկի հետ: Եվ սա միայն նրա համար, որ մենք չենք դադարել պայքարել արդարության վերականգնման համար:
Հա, Քրիստոսի ու Բարաբբայի մասին էլ էր գրել Մալյանը. «Քանի մեզ խաբելը այդքան հեշտ է, դեռ շատ Բարաբբաներ ազատ կարձակվեն և շատ Քրիստոսներ կխաչվեն»: Ես էլ ասում եմ, որ հենց նա է սուտ ու կեղծիք տարածում, որ մոլորեցնի հանրությանը (հակառակը թող ապացուցի դատարանում): Իսկ Քրիստոսին խաչելու ու Բարաբբային ազատելու ժամանակ, վստահ եմ, հենց նրա նմաններն էին շրջում մարդկանց մեջ ու ականջներին շշնջում` խաչել Քրիստոսին:
Հիմա 1996 թիվը չէ: Շնորհիվ արդար դատաքննության համար պայքարող մարդկանց, շնորհիվ «Հետքի» կատարած հսկայական աշխատանքի, հանրությունը տեսնում է, թե ինչպես են Հայաստանում կայացվել շատ դատավճիռներ, տեսնում է դատաիրավական համակարգի սխալները, «ջոկովի» մեղադրանքներն ու դատավճիռները: Հանրությանն արդեն հնարավոր չէ խաբել:
Եթե չունես մեծ գումար ու իշխանական կապեր
Միանշանակ սա համակարգային խնդիր է, քանի որ եթե անձը չունի մեծ գումարներ ու բարձրաստիճան հովանավորողներ կարող է անմեղ դատապարտվել միայն նրա համար, որ գործը փակեն, մեկին էլ` քավության նոխազ դարձնեն` տուժողի վիշտն ու վրեժի զգացումը մեղմելու համար:
Այս դեպքում անմեղ դատապարտվածն ու նրա հարազատները նույնպես դառնում են տուժող կողմ նման «ջոկովի արդարադատության» ձեռքին: Մի պահ պատկերացրեք, որ չեք կատարել այն հանցանքը, որում ձեզ մեղադրել են: Ի՞նչ կանեիք` կհամակերպվեի՞ք: Իհարկե, ոչ: Շատ բնական է, երբ մարդը, լինելով անմեղ դատապարտված, չի կարող հանգիստ նստել բանտում:
Այո, 20 տարի առաջ ես դատապարտվել եմ մահապատժի Արամ Հարությունյանի տված վերջին ցուցմունքի հիման վրա: Նա 4 տարի առաջ ազատվել է (դատապարտվել է նույն հոդվածով` 15 տարվա ազատազրկման):
ԱՄՆ-ում ու Նիդերլանդներում գործող Անկախ դատափորձագիտական կենտրոնում անցյալ տարի կատարվել է նոր դատաբժշկական փորձաքննություն, որտեղ բժշկական գիտությունների դոկտորը գրել է. «Հարությունյանը Ենոքյանին մեղադրելու դրդապատճառներ ուներ (հակառակ դեպքում նա կդառնար գլխավոր մեղադրյալը): Հարությունյանի ցուցմունքն ամբողջովին հակասում է բժշկական ապացույցներին…1996 թվականին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի` բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է: Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարր նրա ցուցմունքներում»,- նշված է Սելմա Էյքելենբում-Շիվիլդի տված եզրակացության մեջ:
Ինչո՞ւ են 20 տարի շարունակ փորձում «կեղտ» լցնել իմ վրա
Ինչո՞ւ են 20 տարի շարունակ այս գործի հետ կապված հորինում չեղած սցենարներ, օդից կպցնում նոր մեղադրանքներ: Իմ կարծիքով, պատճառները երեքն են` նախ հանրությունը զգում է, որ մեղադրանքը ապացուցված չէ ու հորինում է իրեն ձեռնտու տարբերակ` չփարատված կասկածները լրացնելու համար: Երկրորդ` արվում է նպատակաուղղված, որպեսզի համակարգը կարողանա արդարացնել իր անգործությունը, թե ինչու չի վերաբացում գործը: Երրորդ` «կեղտ» են լցնում, որպեսզի հանրությունը ատելությամբ լցվի ու չպայքարի հանուն արդարության ճանաչման: Չէ՞, որ արդարության վերականգնմամբ ջրի երես դուրս կգան համակարգի «կեղտերը»:
Բացի այդ, համակարգը տանել չի կարողանում, երբ մարդ չի նահանջում ու պայքարում է իր իրավունքների համար, սովորում է, աշխատում, ստեղծագործում, թարգմանությամբ զբաղվում, օրենքների առաջարկներ մշակում, մի խոսքով` չի համակերպվում անարդարության հետ: Բայց իմ պետության օրենքներն են ինձ տալիս հնարավորություն վիճարկել իմ նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, ինչը և անում եմ շարունակաբար: Ու որևէ մեկն ինձ չի կարող արգելել պայքարել հանուն ցմահ Ազատության:
Ողջ քաղաքակիրթ աշխարհն է ընդունում, որ բանտերում անմեղ մարդիկ են հայտնվում`մեղադրվելով ծանր հանցանքների մեջ: Ամեն անգամ նյութեր եմ ստանում, թե ինչպես են Ամերիկայում, Եվրոպայում 15, 20, 25, անգամ 30 տարի անց վերաբացվում գործեր, անմեղ դատապարտյալներն արդարացման դատավճիռներով միանում են իրենց ընտանիքներին:
1996-ին 20 տարեկան էի, բժշկականի ուսանող, չէի տարբերում անգամ դատապաշտպանն ով է, դատախազն` ով: Իսկ հիմա իրավաբանական գիտելիքներս օր օրի հարստացնում եմ, արդեն որպես ապագա իրավաբան եմ տեսնում, թե ինչպես չի կարելի մարդուն մեկուսացնել հասարակությունից ենթադրության, մեկ ցուցմունքի հիման վրա:
Գերազանց սովորում եմ Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնում: Դառնալու եմ լավ իրավաբան, և ազատության մեջ անելու եմ ամեն ինչ, որ անմեղ մարդիկ բանտում չհայտնվեն:
Մենք կհաղթենք անպայման
Իսկ երբ վերադառնամ, հետս կբերեմ նամակներս, գրքերս ու խաղալիքներս…
Մեկնաբանություններ (14)
Մեկնաբանել