
Վարդան Այվազյանի բիզնես նախագիծը
Հայաստանում յուրաքանչյուր նախարարի համար իր ղեկավարած կառույցը սեփական բիզնես նախագիծն է: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ում անունը հաճախ է հայտնվում լրատվամիջոցներում տարբեր սկանդալային պատմությունների առիթով, իր կառույցից քամում է հնարավոր ամեն ինչ` քաջ գիտակցելով, որ չի կարող հավերժ զբաղեցնել նախարարի աթոռը:
Հայաստանի ընդերքն ուսումնասիրելիս հայտնվում ես մի սարդոստայնում, որտեղ երեւում են մեր զանազան պաշտոնյաների ազգակցական ու ընկերական գրեթե բոլոր կապերը: Ովքե՞ր են տնօրինում Հայաստանի ընդերքը: Այս հարցն ունի մեկ միանշանակ պատասխան` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները, որպես կանոն, իրենց հարազատների, ազգականների կամ ընկերների անուններով ձեռք բերելով հանքերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաները, որոշ ժամանակ անց դրանք վաճառում են: Շահույթն առավելապես մեծ է լինում, երբ գնորդներն արտասահմանյան ընկերություններ են:
Այսօրվանից «Հետքը» սկսում է ներկայացնել մեր հանքավայրերի իրական տերերին: Այդ շարքում առաջինը, բնականաբար, հանքերը տնօրինող կառույցի ղեկավարն է` Վարդան Այվազյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրան պատկանող հանքերի առաջին խումբը:
«Սուրարտ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Վարդան Այվազյանի որդին` Սուրեն Այվազյանը, երկու հանքերի լիցենզիան ստացել է նույն օրում:
Կազմակերպության անվանումը |
գտնվելու վայրը, լիցենզիայի տեսակը եւ ժամկետը |
Գրանցման հասցեն |
Հիմնադիրները եւ նրանց գրանցման հասցեները |
Պաշարները միլիոն տոն |
«Սուրարտ» ՍՊԸ |
Լոռու մարզ, Բազումի երկաթի երեւակում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` մինչեւ 20.07.2009 |
Երեւան, Արաբկիր, Հ.Էմինի 7-46 (բնապահպանության նախարարի օգնականի` Տիգրան Քրմոյանի բնակության հասցեն է) |
Սուրեն Այվազյան (բնապահպանության նախարարի որդին է) հասցեն` Չարենցավան 6Թ, 22-16 |
400 |
«Սուրարտ» ՍՊԸ |
Սյունիքի մարզ, Կամաքարի հանք, երեւակում |
¨¨¨¨¨ |
Սուրեն Այվազյան (բնապահպանության նախարարի որդինէ) հասցեն` Չարենցավան 6Թ, 22-16 |
1000 |
«Նագին» ՍՊԸ |
Կոտայքի մարզ, Հրազդանի երկաթի հանքի վերագնահատում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` մինչեւ 31.12.2007 |
Չարենցավան 6Թ, 22-16 Սա Վարդան Այվազյանի գրանցման հասցեն է |
Գինոսյան Մարիամ (Վ.. Այվազյանի կինն է), Գագիկ Այվազյան (նախարարի եղբայրն է) եւ եւս երկու հոգի, ովքեր նույնպես գրանցված են Չարենցավանում |
150 |
«Նագին» ՍՊԸ |
Կոտայքի մարզ, Աբովյանի երկաթի հանքավայրի վերագնահատում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` մինչեւ 31.12.2007 |
¨¨¨¨¨ |
¨¨¨¨¨ |
400 |
«Նագին» ՍՊԸ |
Սյունիքի մարզ, Սվարանցի երկաթի հանքաերեւակում, ուսումնասիրման լիցենզիա, ժամկետը` 31.12.2008 |
¨¨¨¨¨ |
¨¨¨¨¨ |
1000 |
«Ալեքսիս» ՍՊԸ |
Արարատի մարզ, տրավերտինի հանք, լիցենզիա |
Երեւան, Արաբկիր, Հ. Էմինի 7-46 |
Սուրեն Այվազյան (նախարարի որդինէ, Չարենցավան 6Թ, 22-16), Ալեքսանյան Արթուր (Վահագն Հովնանյանի փեսան է, Վահագնի թաղամաս 5165) |
|
«Նագին» ՍՊԸ-ի առաջին երկու հանքավայրերում 2007թ. հունվարի 26-ին տրվել է շահագործման լիցենզիա:
Կառավարության «Հետքի» աղբյուրի տեղեկություններով` ներկայումս ակտիվ բանակցային գործընթաց է ընթանում նախարարին պատկանող հանքավայրերը վաճառելու ուղղությամբ։ Բանակցություններին մասնակցում է անձամբ նախարարը։ Գնորդների շարքում է հնդկական մի ընկերություն, իսկ հանքավայրերից միայն մեկի համար նախարարի կողմից նշանակած գինը մի քանի միլիոն դոլար է։ Սրանք Վարդան Այվազյանի մի քանի տասնյակի հասնող հանքավայրերից ընդամենը մի քանիսն են: Նախարարն առանձնահատուկ սեր ունի հատկապես ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ երկաթի հանքավայրերի նկատմամբ:
Մեկնաբանել