HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի տնօրենը պարսպապատում է տարածքը․ բնակիչները բողոքում են

Լիլիթ Թաևոսյան

Այսօր «Հետքն» ահազանգ էր ստացել Հարավ Արևմտյան Բ-1 թաղամասի բնակիչներից, որ թիվ 181 դպրոցի մերձակայքում վերսկսվել է պարսպի կառուցումը, որը մի քանի ամիս առաջ դադարեցվել էր: Բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհում էին, թե ինչ խնդիրներ կարող է առաջացնել այդ պարսպի կառուցումը:

«Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Պետրոսյանն ասաց, որ ինքն ապրում է Բ-1 թաղամասում և կցանկանար այն տեսնել ավելի բարեկարգ, մաքուր և բոլորին մատչելի. թե սայլականերով իրենց երեխաներին զբոսանքի տանողողներին, թե երեխաներին և թե հենաշարժողական խնդիրներ ունեցողներին:

«Սկսեցինք մտածել մեր թաղամասի մասին, կազմեցինք տարբեր ծրագրեր, նաև ունեցանք հյուրեր, զրույցներ մեր բնակիչների հետ, կազմեցինք ծրագիրը և սկսեցինք իրականացնել: Մենք վաղուց ենք բարեկարգում այդ տարածքները և ազատում աղբից: Սակայն, այժմ N181 դպրոցի շրջակայքում հայտնվել են ինչ-որ սյուներ, որոնք խոչընդոտում են մեզ: Ուստի, խնդրում ենք, որ բոլոր բնակիչները, ում որ դա խանգարում է, միանան մեզ»,- ասաց Աննա Պետրոսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ կառուցապատման աշխատանքները նախաձեռնել է թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, ում հետ ինքը զրուցել է։ Վերջինս ասել է, որ եթե չունենար համապատասխան փաստաթուղթ, չէր սկսի այդ պարսպապատումը:

«Բայց նա մեզ ոչ մի փաստաթուղթ ցույց չտվեց: Մենք ունենք քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ծրագիր, որը հիմա քաղաքապետարանում ընթացքի մեջ է, նաև քաղաքապետարանից ճարտարապետ Արտավազդ Թարխանյանն է մեզ օգնել, և հիմա հստակ ունենք այդ նախագիծը, և անհասկանալի է, թե ինչո՞ւ է դպրոցը սկսել մեզ խոչընդոտել»,- ասաց Աննա Պետրոսյանը:

Մեկ այլ բնակիչ՝ Անուշ Սողոմոնյանն էլ ասաց, որ խնդրի մասին տեղյակ է և, լինելով Հարավ-արևմտյան թաղամասի Բ-1 թաղամասի բնակչուհի, շատ վրդովված է նման որոշման համար․

«Սա անհեթեթ որոշում է, որն ուղղակի բողոքի ալիք է բարձրացել մեր թաղամասում, և դրան լուծում է պետք տալ: Ես սովորել եմ թիվ 181 դպրոցում, բայց բառեր չեմ գտնում, որ որակեմ այդ դպրոցի որոշումը: Իմ հարևանները նույնպես վրդովված են և պատրաստակամ են պայքարել դրա դեմ»,- ասաց Անուշ Սողոմոնյանը:

Բնակիչներից Գևորգ Պողոսյանն էլ նշեց, որ ինքը, որպես բնակիչ, օգնում է վերոնշյալ նախաձեռնության անդամներին,  ծառեր են տնկում, տարածքն են բարեկարգում, և իրենց համար շատ տհաճ կլինի, որ այդ տարածքը նեղանա ու պատեր բարձրանան այդտեղ, ինչը կդվժվարացնի մարդկանց շարժը:

Երբ մենք զրուցում էինք տարածքի բնակիչների հետ, տեղեկացանք, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ այդ տարածքը դիտարկելու է եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Մեզ հետ զրույցում Աշոտ Բլեյանն ասաց, որ իրենք շրջում են վարչական շրջանի ղեկավարի հետ, որովհետև շինարարությունը շոշափում է բոլոր բնակիչների, բոլոր հաստատությունների շահերը՝ անկախ պատկանելությունից:

Փորձեցինք զրուցել վարչական շրջանի ղեկավարի հետ, սակայն վերջինս ասաց, որ ինքը դեռ դիտարկում է և ասելիք չունի, իր կարծքիը կհայտնի ավելի ուշ:

Թիվ 181 դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, որն ինչպես պարզվեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի զարմուհին է, նույնպես չցանկացավ խոսել։ Նա լրագրողի  ներկայությունից սկզբում նեղվում էր և պահանջում, որ հեռանանք տարածքից:

Դիտարկումն ավարտելուց հետո, երբ վարչական շրջանի ղեկավարը զրուցում էր երկու դպրոցների տնօրեննեի հետ, թիվ 181 դպրոցի մի խումբ ուսուցիչներ սկսեցին սադրիչ բնույթի արտահայտություններ անել Աշոտ Բլեյանի և իմ հասցեին։ Մասնավորապես, դպրոցի ռազմագիտության ուսուցիչը բղավում էր, թե «հերիք եղավ ժողովրդի արյունը պղտորես, գնա քո դպրոցով զբաղվի»: Իսկ ինձ դիմելով ասաց․ «ինչ ես եկել շոու անում, ով ա քեզ ուղարկել ստեղ»:

Իսկ երբ զրուցելու համար մոտեցա ուսուցիչներին, արագ հեռացան, իսկ մի տղամարդ «համարձակվեց» երկու բառ խոսել։ Երբ խնդրեցի ներկայանալ, վերջինս դարձյալ վրդովվեց, նրան օգնության հասան իր գործընկերուհիները, ովքեր, սակայն, տեսնելով միացված ձայնագրիչը՝ անմիջապես մի քանի քայլ հետ գնացին:

Դպրոցի ուսուցիչներին կարողացավ հանդարտեցնել վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, ով բղավեց, որ անձնակազմը դպրոց մտնի, որից հետո միայն նրանք լռեցին:

Նշենք, որ այս պարիսպների խնդրին անդրադարձել է նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով նամակ է գրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում ասված է, որ նախատեսվող պատը ոչ միայն բնակիչների ազատ տեղաշարժվելուն է խոչընդոտում, այլև անհամատեղելի է քաղաքապետի  կողմից անընդհատ քարոզվող «երևանցիների համար մատչելի քաղաք» կարգախոսի հետ:

«Այս տեսակետից առնվազն տարօրինակ է, թե ում թույլտվությամբ է տնօրենը նախաձեռնել այդ անհեթեթ պատի կառուցումը, ինչ ֆինանսավորմամբ, երբ Բ-1 թաղամասի բոլոր բնակիչների, երեխաների, սայլակներով տեղափոխվողների համար ներառական, մատչելի, այսինքն՝ առանց պատերի միջավայր ստեղծելու վերաբերյալ Երևանի 2016թ. բյուջեում առաջարկված նախագիծն արդեն ներկայացվել է քաղաքապետարան և, կարծես, հավանության է արժանացել: Մի՞թե քաղաքապետարանում ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում: Խնդրում եմ տրամադրել թիվ 181 դպրոցի տնօրենի դպրոցի բակի մուտքը պարսպապատելու նախաձեռնության գրավոր հիմնավորման, գրավոր թույլտվության պատճեններն ու պարսպի կառուցապատման ֆինանսավորման աղբյուրը»,- ասված է Բախշյանի նամակում:

Տարոն Մարգարյանին նամակ է ուղարկել նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ով տեղեկացրել է, թե ինչ է նախատեսվում «Կրթական պարտեզ» ծրագրով իրականացնել խնդրահարույց տարածքում:

«Կրթական պարտեզ նախագիծը, իհարկե տարիների ծավալուն աշխատանք է, բայց որոշիչը 2016-ի աշխատանքն է, որը ապահովելու է արդեն քաղաքացիական նախաձեռնության ցանցի ստեղծումը, ըստ շենքերի, ենթաթաղամասերի, երբ ամեն մի շենք, խաղահրապարակ, հատված, կապվում է նախագծի հետ, ներառվում է նախագծում և լուծում կոնկրետ խնդիրներ: Առաջարկվող նախագիծը համահունչ է վարչական շրջանի գերակայություններին և ուղղված է սահմանափակումների, խոչընդոտների վերացմանը, կլուծի բոլոր տարիքի և ֆիզիկական հնարավորությունների տեր բնակիչների հարմար տեղաշարժի խնդիրը»,- նշված է կրթահամալիրի տնօրենի նամակում:

Բացի այդ՝ Բլեյանի նամակում նշվում է, որ Կրթական տարածքին առնչվող, թաղամասի ուսումնական հաստատությունների նպատակային-անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքները Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: 

Մեկնաբանություններ (6)

Ani
Հագելի hetq.am., սկսած նյութի վերնագրից արդեն իսկ պարզ դարձավ, որ նյութը իրականությանը չի համապատասխանում: Ազգանունները պատահական համընկնում են:Ապատեղեկատվություն ՄԻ' տարածեք:
Marine
ՄեկնաբանԼրագրողական աշխատանքը պահանջում է ազնիվ և անաչառ մոտեցում, բայց այս անանուն հեղինակը կարծես թե տեղյակ չէ այդ ամենից. ինչու է տեսանյութը կիսատ, ինչու է անհետացել պարոն Բլեյանի ՙՙոչխար՚՚ արտահայտությունը՝ ուղղված փոխգնդապետինությունը...
Մարտին
Անկեղծ ասած, ես չհասկացա, թե խնդիրը որն է: Այդ պարիսպը կառուցվում է ՀՀՇ-ական Կրթության նախարար Բլեյանի սեփականություն հանդիսացող դպրոցի և Երևանի (տենդեռակեր) փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ դպրոցի միջև? Թող իրար ուտեն, իրար միս կրթեն, մինչև որ սատկեն պրծնեն:
ominac
Յօդուածի ոչ մէկ պարբերութիւնը տրամաբանական միտք ունի։ Կարծես միայն զգացում կառնէ կուտայ։ ժապաւէնը ցոյց կուտայ անկայուն անցի մը ճաթիլը։ Նկարները երկու հատը գրեթէ նոյնն են, եւ երկրորդ կապ չունի նիւթին հետ։ Նկարները չեն ցոյց տար որեւէ բարեկարգուած տարածք, ոչ ալ ծառապատուած են։ Հետք-ը պէտք է ընտրէ մրցունակ լրագրողներ եթէ կուզէ յարգուիլ։
Iren
Այնքան եք թաթախվել ձեր կեղտոտ մտքերի մեջ, որ անգամ չճանաչելով մարդուն և ծանոթ չլինելով նրա աշխատելաոճին, զրպարտում եք անգամ երեխաների պաշտպսնության համար կատարվող աշխատանքները : ՈՒՂՂԱԿԻ ԱՄՈԹ Է! !!
Անահիտ
Հարգելիներս Ձեզ շատ հուզող այս հարցը բարձրացված է դպրոցի ծնողների կողմից դեռ մի քանի տարիներ, որը քննարկվել է, բայց մնացել անորոշ: Եվ մեր առաջին պահանջը դպրոցի տնօրինությանը եղել է մեզ շատ հուզող, մեր երեխաների դաստիարակությանը, ինչպես նաև ուսմանը խանգարող դպրոցի շրջակայքի վիճակը: էլ ավելի լավ է, որ ապրում եք դպրոցի տարածքում և շատ հաճախ դուք ականատեսը պետք է լինեք հենց դպրոցի բակում՝ պատուհանների տակ թափված ներարկիչներին, ոգելից խմիչքների դատարկ շշերին, էլ չեմ խոսում պահպանակների ու անկողնու ներքնակի մասին: Ես անձամբ ականատեսն եմ եղել թոռնիկիս դպրոցից վերցնելու ժամանակ պատի տակ՝ պարզ գրում եմ ՄԻԶՈՂ մի տղամարդու: Եվ անմիջապես դպրոցին ահազանգել եմ, որ միջոցներ ձեռնարկեն այս տհաճ երևույթներից ազատելու մեր երեխաներին: Եվ մեր առաջարկը բխում է հենց ծրագրից: Մենք արդեն պահանջում ենք՝ դպրոցի շրջակայքը ճաղավանդակել, ինչպես այլ դպրոցներ են ապահովված: Վերջապես զերծ մնացեք ստահոտ լուրերից, բամբասանքներից, ապատեղեկատվություններից և այո, իրոք ապահովենք մեր երեխաների անվտանգությունը և ստեղծենք մեր բնակչության համար էլ ավելի լավ պայմաններ, որի ապացույցը կլինի հենց մեր կողմից առաջարկվող ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter