HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նոր ներդրողներ են փնտրում հին ներդրողների ֆինանսավորմամբ

2011 թ. փետրվարի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: Խումբը մասնակցում է մարտի 6-9-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Կանադայի ընդերք հետազոտողների եւ շահագործողների ասոցիացիայի (PDAC) կողմից ընդերքօգտագործման ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով կազմակերպվող կոնգրեսին եւ ցուցահանդեսին:

Վարչապետի որոշման մեջ նշված է. «Առաջարկել Հայ-կանադական առեւտրաարդյունաբերական պալատին աջակցել ցուցահանդեսի' Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան տարածքների վարձակալության, ինչպես նաեւ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների իրականացման եւ հայկական պատվիրակության մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրների լուծմանը' հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը ֆինանսավորվելու է իրենց ֆինանսական միջոցների հաշվին»:

Հիմա տեսնենք, թե ովքեր են տնտեսվարող սուբյեկտները, որոնք պետք է ֆինանսապես օգնեն մեր պատվիրակությանը: Caldera resources, Dundee Precious Metals inc., GPM GeoProMining, Lydian international: Միայն նշենք, որ այս խմբի երկու ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն:

Վերահսկիչ պալատը GeoPro-Mining-ում ստուգումներ կատարելուց հետո բազմաթիվ չարաշահումներ է հայտնաբերել եւ դիմել է Կառավարությանը' ընկերությանը լիցենզիայից զրկելու առաջարկով: Կառավարությունը դեռեւս որոշում չի կայացրել: Եւ առնվազն տարօրինակ է, որ այս ընկերության հետ Տորոնտոյում քննարկվելու են ներդրումային ծրագրերը, երբ դրված է նրան լիցենզիայից զրկելու հարցը: Հաջորդ ընկերությունը' Dundee Precious Metals inc.-ը, Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության սեփականատերն է: «Դինո Գոլդ»-ը նախատեսում է սկսել Շահումյանի բաց հանքի շահագործման ծրագիրը: Բնապահպանները պայքարում են ընկերության այս նախաձեռնության դեմ: Դեռեւս դեկտեմբերի 28-ի մեր հարցմանը, թե վերջին երեք տարիներին բնապահպանական տեսչությունը քանի՞ անգամ է ստուգումներ անցկացրել «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունում, եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը իր պատասխանում նշել է, որ 2008, 2009 եւ 2010 թթ. կատարել են ստուգումներ եւ արձանագրել բնապահպանական խախտումներ: Կիրառվել են տուգանքներ ' 2008-ին ՀՀ Ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի խախտում եւ 150 հազար դրամ վարչական տուգանք, 2009 թ. ՀՀ Ջրային օրենսգքի 99 հոդվածի խախտում եւ 100 հազար դրամ վարչական տուգանք, 2010 թ. «Բնապահպանական բնօգտագործման վճարների մասին» օրենքի խախտում' 50 հազար դրամ վարչական տուգանք:

Այժմ ներկայացնենք մի փաստաթուղթ, որը տրամադրել է բնապահպանության նախարարության «Հետքի» աղբյուրը (տես նկարը): Ըստ այդ փաստաթղթի' բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2010 թ. հոկտեմբերի 27-ի ստուգման հանձնարարագրով ստուգումներ են կատարվել «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունում: Ստուգվել են Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքի' 2009 թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010 թ. հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում փաստացի ծավալների չափաքանակները: Ստուգումն իրականացվել է 2010 թ. հոկտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը: «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգմամբ պարզվեց հետեւյալը.

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների եւ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունների համեմատությունից պարզվել է, որ ընկերության 2010 թ. առաջին եռամսյակի հաշվետվությունում չեն հաշվարկվել մետաղների հետեւյալ չափաքանակները' Zn-152,20 տ, Pb-22,7 տ, Au-38,81 կգ, Ag-100-կգ:

Հիմք ընդունելով «Կոնցեսիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետը եւ 060 լիցենզիոն պայմանագրի հավելված 2-ի 3-րդ կետը' ստուգող հանձնախումբը գտնում է, որ ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում պետք է մարեր մետաղների հետեւյալ չափաքանակները...»: Այնուհետեւ նշված են մետաղների անունները եւ չափաքանակները: Ակտը կազմել են Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանը, Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության պետ Լեւոն Պետրոսյանը, ավագ պետական տեսուչ, մարկշեյդեր Ռուբիկ Հովհաննիսյանը եւ Սյունիքի բնապահպանական տեսչության առաջին կարգի մասնագետ Մարիաննա Բաղդասարյանը: «Դինո Գոլդ Մայնինգ»-ի կողմից ստուգմանը մասնակցել են Ռոոս Օվերալը, Սիմոն Նավասարդյանը եւ Հասմիկ Մկրտումյանը:

Հայտնաբերված չարաշահումների համար «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տուգանվել է մոտ 250 մլն դրամ: Սակայն այդ ակտն այսօր պարզապես չկա: Եւ այս ստուգումների մասին նախարարությունը մեր հարցման պատասխանում չի հիշատակել: Իսկ թե ուր է անհետացել ակտը, այս հարցին պետք է պատասխանեն վարչապետը եւ իրավապահ մարմինները:

Հայաստանի Կառավարությունն ինչպե՞ս պետք է անաչառ որոշումներ կայացնի, երբ Տորոնտոյում կայացած կոնֆերանսի ծախսերը հոգացել են նաեւ նշված երկու ընկերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter