
Ավագանին Ալաշկերտի համայնքապետի «չսիրած» թեման է
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզը, որը վերաբացվել էր 2008-ին, այս տարի դադարել է գործել: Ալաշկերտի համայնքապետ Կարեն Հովհաննիսյանի ասելով` պատճառը տարեսկզբին գյուղին պատուհասած կարկտահարությունն էր, ինչի պատճառով գյուղացին դժվարություներ ունեցավ հարկերի վճարման հարցում:
Թեեւ համայնքապետն այս տարվա բյուջեի հավաքագրումը նախատեսել է կատարել 200%-ով, սակայն «մանկապարտեզ պահելը» թանկ հաճույք է համարում` ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում 4-4,5 մլն դրամ են հատկացնում մանկապարտեզին:
Մանկապարտեզի վարձավճարը մեկ երեխայի համար ամսական կազմել է 3500 դրամ, եւ առանց համայնքապետարանի օգնության հնարավոր չէ վարձավճարի հաշվին այն պահել:
«Ո՞վ կարող է այդ գումարով իր երեխային մեկ ամիս պահել` ոչ ոք: Ես իմ տան մարազիլկեն եմ տարել մանկապարտեզ, որ միսը չփչանա` երեխեքը թունավորվեն: Խոսելը շատ լավ բան է, ես էլ էի սկզբից խոսում, բայց հետո տեսա, որ մենակ իմ ձեռքը չի, կողքից էլ է օգնություն պետք»,- ասում է Կ. Հովհաննիսյանը:
Ալաշկերտի բյուջեի սեփական եկամուտները կազմում են 9 մլն դրամ, սակայն այս տարի նախատեսվել է հավաքագրել 17 մլն դրամ: Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ մինչեւ իր ընտրվելը` 2008-ը, նախկին համայնքապետը կարողացել է առավելագույնը 3 մլն դրամի հարկ հավաքել: Այս տարի արդեն հավաքագրվել է 14 մլն 562 հազ դրամ: Համայնքապետի հույսը համագյուղացիների վստահությունն է իր նկատմամբ, ինչի շնորհիվ փակում են նաեւ նախկին տարիների ապառքները:
«Այս տարի կարկուտը շատ վնասեց գյուղացուն: Մարդիկ ստիպված բանկերից վարկեր վերցրին ու չկարողացան ժամանակին հարկերը մարել: Կոնկրետ ես ամեն տարի 5 տոննա խաղող էի քաղում, այս տարի ընդամենը 320 կգ եմ քաղել»,- ասում է համայնքապետը:
Ալաշկերտում գրանցված է 2180 մարդ, սակայն փաստացի բնակվողները 200-ով պակաս են: Գյուղից դուրս գտնվողների մի մասը արտագնա աշխատանքի մեկնողներն են, մի մասն էլ մշտական բնակություն է հաստատել այլ երկրներում: Գյուղից հեռացել են հատկապես եզդիները, անկախության առաջին տարիներին գյուղում բնակվող 20 եզդի ընտանիքից ներկայումս մնացել է 4-ը:
Համայնքապետերի համար աշխատանքային փաստաթուղթ է համարվում գյուղի զարգացման քառամյա ծրագիրը: Համայնքապետերն առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկեն ծրագրում նշված խնդիրների լուծման համար: Մինչդեռ Ալաշկերտի համայնքապետը հաստատ չգիտեր էլ` իրենք քառամյա ծրագիր ունե՞ն, թե՞ ոչ:
«Ոնց որ ծրագիր ունենք, կազմած ունեցել ենք»,- ասաց համայնքապետը: Իսկ թե ե՞րբ է այն ընդունվել եւ ինչի՞ մասին է, Կ. Հովհաննիսյանը դարձյալ տեղյակ չէր: Մեր հարցապնդումներից հետո նա ստիպված եղավ զանգահարել արձակուրդում գտնվող աշխատակազմի քարտուղարին, որպեսզի վերջինիցս տեղեկանա` քառամյա ծրագիր ունե՞ն, թե՞ ոչ, եւ ե՞րբ են այն ընդունել: Աշխատակազմի քարտուղարից տեղեկություններ ստանալուց հետո Կարեն Հովհաննիսյանն արդեն պայծառ դեմքով հայտարարեց, թե Ալաշկերտի զարգացման քառամյա ծրագիրն ընդունվել է 2009 թ.:
Ծրագրով նախատեսված է եղել ջրագծերի վերանորոգում, որն արդեն արվել է, 15% համաֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանորոգվել է նաեւ գյուղի ամբուլատորիան:
«Դաշտամիջյան ճանապարհներն անանցանելի էին, իմ սեփական գումարների հաշվին հարթեցրի, կամուրջ կար, դա էլ փոխեցինք: Որ սարքեցինք, ի վերջո գյուղացիները հասկացան, որ գյուղի համար գործ արվում է: Այսօր աղբահանություն ենք անում, խմելու ջուր ենք տալիս մարդկանց, բայց վարձ չենք հավաքում»,- ավելացրեց համայնքապետը:
Քառամյա ծրագրով նախատեսված է նաեւ գյուղի մշակույթի տան վերանորոգումը: Կարեն Հովհաննիսյանի խոսքերով` դեռեւս օգոստոսին ծրագիր է մշակվել, որ 125 մլն դրամի շրջանակներում մշակույթի տունը վերանորոգվի, սակայն, նրա ասելով, քաղաքաշինության նախարարությունում դեռեւս ընթացք չեն տվել, իսկ թե ինչու` չգիտի:
«Երեւի պետբյուջեից պետք է գումարը հատկացնեն: Մտել եմ քաղաքաշինության նախարարություն, պատասխանեցին, որ Ազգային ժողովը դեռ չի հատկացրել գումար»,- ասաց համայնքապետը: Հարցին, թե Ազգային ժողովն ի՞նչ կապ ունի մշակույթի տան վերանորոգման հետ, Կարեն Հովհաննիսյանը զարմացավ. «Բա պետբյուջեից ո՞վ պիտի գումարը տա»:
Վատ վիճակում են նաեւ Ալաշկերտի ճանապարհները: Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ մեր տեսածը «փառք» է, քանի որ մի քանի տարի առաջ ավտոմեքենաները փոսերի առատությունից չէին կարողանում փողոցներն անցնել:
Այս հարցով էլ դիմել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Նա էլ պատասխանել է, որ գյուղի առաջնային վերանորոգման ճանապարհների ցանկը ներկայացվել է տարածքային կառավարման նախարարություն, իսկ թե երբ խնդիրը կլուծվի` անորոշ է: Մանկապարտեզի շենքը նույնպես անմխիթար վիճակում է: Այդ մասին էլ մարզպետարանում տեղյակ են, բայց ոչինչ չի փոխվում:
«Ես ուզել եմ, որ վերանորոգվի, բայց եկավ էս քարուքանդ վիճակը, կրիզիս եղավ, ի՞նչ անեմ, որ չի լինում: Այսօր 7-8 մլն-անոց բյուջեով ոչ կարող եմ մշակույթի տուն վերանորոգել, ոչ էլ մանկապարտեզի շենքը կարգի բերել, նույնիսկ մանկապարտեզ չեմ կարող պահել, չեմ կարող ճանապարհներն ասֆալտապատել: Երեւի մի 5 տարի պիտի հարկ հավաքեմ, համայնքապետարանն էլ փակեմ-գնամ, ոչ մեկին չվարձատրեմ, գյուղն էլ չշնչի, որ կարողանամ մի քիչ տեղ ասֆալտ անեմ»,- ասում է համայնքապետը:
Համայնքապետարանը աշխատավարձի մասով 280.000 դրամի պարտք ունի սոցապհիմնադրամին: Համայնքապետը սպասում է, որ գյուղացիները հարկերը վճարեն, ինքը պարտքը մարի, որպեսզի դպրոցը չփակվի, քանի որ ժողգործիքների կայացած խումբ ունեն:
Ավագանիների գործունեությանը վերաբերող հարցերս, ինչպես պարզվեց, Ալաշկերտի համայնքապետի «չսիրած» թեման էր: Նա չգիտեր էլ` ավագանին ընդունելության օրեր ունի՞, թե՞ ոչ: «Պիտի փակցված լինի պատին, չգիտեմ»,- հայտնեց նա:
Համայնքապետն իր աշխատասենյակում նաեւ ասաց, որ ավագանին ընդունելության սենյակ ունի, մինչդեռ երբ պնդեցինք ցույց տալ այն, ասաց, թե ավագանին առանձին սենյակ չունի: Իսկ ընդունելության օրերի մասին այդպես էլ ոչ մի գրություն չգտանք, ընդհանրապես համայնքապետարանի գործունեությանը վերաբերող ոչ մի գրություն փակցված չէր ցուցատախտակին: Այդ մասին մեր դիտողությանն ի պատասխան` համայնքապետը հայտնեց. «Միշտ գրությունները փակցնում ենք, բայց երեխեքը մտնում ճղում են»:
Վերջում նկատեցինք, որ համայնքապետարանի պատին` ՀՀ դրոշի կողքին, փակցված է նաեւ Հանրապետական կուսակցության դրոշը: Օրենքով արգելված է համայնքապետարանի շենքում կուսակցության գրասենյակ բացելը: Համայնքապետն այդ հարցի պատասխանն էլ ուներ` «ՀՀԿ-ի գրասենյակը գյուղապետարանի շենքում չէ, ու թեեւ ինքը ՀՀԿ անդամ է, սակայն դրոշը մնացել է օրեր առաջ կազմակերպված միջոցառումից, եւ այն կհանվի»:
Մեկնաբանել