
Ինչպե՞ս կանդրադառնան ամերիկյան պատժամիջոցները «ՎՏԲ Հայաստան» բանկի վրա
Ամերիկյան կառավարությունը երկարացրել է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ի նկատմամբ 2014թ.-ին կիրառած սահմանափակումները: Այս տարվա ցուցակում ներառված է նաև «ՎՏԲ-Հայաստան»-ը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անցյալ տարվա հուլիսի 29-ին պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզբանկի», Մոսկվայի բանկի և «ՎՏԲ-բանկ»-ի նկատմամբ: Պատժամիջոցը ենթադրում էր, որ ԱՄՆ քաղաքացիներին կամ ԱՄՆ-ից դուրս գտնվող քաղաքացիներին ու ընկերություններին արգելվում էր այդ բանկերին ներկայացնել նոր բաժնետիրական կամ պարտքային կապիտալ 90 օրից ոչ ավել ժամանակահատվածում, գործարքներ և այլ գործողություններ կատարել իրենց նոր բաժնետոմսերով: Ամերիկյան ընկերություններն ու քաղաքացիներին արգելվել է վարկ տալ այս բանկերին:
Հիշեցնենք՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100%-անոց բաժնետերը ռուսական «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն է, որտեղ բաժնեմաս ունի նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը:
«ՎՏԲ-Հայաստան» բանկը հայտնվել է այն կազմակերպությունների խմբում, որոնց արգելվում է ամերիկյան ընկերություններից և ԱՄՆ քաղաքացիներից երկարաժամկետ ֆինանսական միջոցներ ներգրավել:
«ՎՏԲ-Հայաստան» բանկի նկատմամբ ԱՄՆ կողմից կիրառվող ոլորտային պատժամիջոցների գործողության հետ կապված բանկը տեղեկացնում է. «ՎՏԲ-Հայաստան» բանկի ընդգրկումը ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից «ՎՏԲ-Հայաստան» բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը:
««ՎՏԲ-Հայաստան» բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր (բավարար) մակարդակ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված հատուկ կազմակերպությունների ճշգրտման հետ կապված իրավիճակը չի պահանջում «ՎՏԲ-Հայաստան» բանկից այլընտրանքային որոշումների ընդունում, քանզի կիրառվող պատժամիջոցները, հիմնականում, սահմանափակում են ԱՄՆ-ից 30 օրից ավելի ժամանակահատվածում բանկի կապիտալում միջոցների ներգրավումը:
Հիմնական միջոցները բանկը ներգրավում է երկրի ներսում և օգտվում է մայր ընկերության՝ ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) աջակցությունից: Բանկը կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները և տեղեկացնում է, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնա»»,- հայտնում է «ՎՏԲ Հայաստան» բանկը:
Մեկնաբանել