HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեպրեսիաների պարադոքսը կամ ինչպես չուտել ռեժիմի կուտը

Աննա Շահնազարյան

Հայաստանն առաջին երկիրը չէ, ուր ժողովրդին պատկանող, սակայն նրանից զավթված հանրային կառավարումը յուրացվել է մասնավոր մի խմբի կողմից, այս խումբը հեծնել է ժողովրդի վրա և սեփական արժանապատվությունը պահպանելու ու իրավունքն իրացնելու փորձ անողին ենթարկում է բռնության ու պատժամիջոցների։ Իրապես, ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին բռնապետությունն ենք, ուստի ինչպես մեր իսկ անցյալի փորձից, այնպես էլ այլ ժողովուրդների բռնատիրական կարգերի դեմ պայքարի փորձից կարող ենք դասեր քաղել։

2016թ. սկսվեց կոշտ ռեպրեսիաներով. բոլորիս պատկանող հանրային տարածքի օգտագործման ապօրինի սահմանափակումներ, ակտիվիստների նկատմամբ ֆիզիկական բռնություններ ու ձերբակալումներ։ Ռեպրեսիաների մեքենան վարչակարգի հիմնական հենասյուներից մեկն է, որպես կանոն՝ այդ մեքենան բռնության մենաշնորհով օժտված զինված մարմիններն են՝ ոստիկանություն, հատուկ (ուստի և զինված) ծառայություններ, բանակ և սրանց վերահսկողությամբ գործող ոչ պաշտոնական զինված խմբավորումներ (թիկնազորներ, ոչ կանոնակարգային ոստիկանական կամ բանակային ջոկատներ, հանցագործ տարրեր և այլն)։

Բռնակալները որպես կանոն բռնաճնշումներ են գործադրում մի քանի նպատակներով.

  • քանի որ վախենում են, որ իրենց դեմ պայքարողների պատճառով կկորցնեն իշխելու հնարավորությունը,
  • ցանկանում են կանխել իրենց դեմ պայքարելու որևէ փորձ և
  • հաշվարկում են, որ բռնաճնշումները կառաջացնեն բոլոր պոտենցիալ պայքարողների հուժկու զայրույթը, կդրդեն նրանց ծայրահեղ ու չպլանավորած քայլերի ու բռնի միջոցների, որոնք ճնշելու հարցում իրենք ունեն ասիմետրիկ պայքարի բոլոր զենքերն ու հաղթանակի հասնելու համակարգային երաշխիքները։

Վերջին տարբերակի դեպքում նրանք խաղից դուրս կգան ոչ միայն հաղթանակած, քանի որ բռնի պայքարում բռնության մենաշնորհն իրենց ձեռքում է (զենք, շարժական տեխնիկա, այս երկուսը գործի դնող հնազանդ կառույցներ, լեգիտիմություն, լրատվական գերիշխանություն, միջազգային ճանաչում, ուժի այլ աղբյուրներ), այլ նույնիսկ՝ դափնեպսակով, քանի որ մարդիկ իրենց բնույթով սիրում են ոչ քաոտիկ կյանքը, իսկ հայաստանյան մարդիկ ընդհանրապես խիստ կոնֆորմիստ են, ում համար ստաբիլությունը գերագույն արժեք է։ Իսկ այդ «ստաբիլության» վերականգնումը գերիշխողության գործիք հանդիսացող լրատվամիջոցները կվերագրեն «քաոսը» ստեղծողին ու վերացնողին. ահա և դափնեպսակները։

Վերջին օրերի կոշտ ռեպրեսիաները թերևս հետապնդում են վերջին երկու նպատակները։ Հայաստանում դեռևս չկա պայքարի այնպիսի մարդկային և նյութական ռեսուրս, որը լրջորեն սպառնա վարչախմբին։ Սակայն շարունակաբար ահուսարսափ տարածելն էլ բավականին «հիմնավոր» նպատակ է վարչակարգի տիրապետումը պահպանելու համար։

Արդեն նշվեց, թե բռնությանը բռնությամբ հակազդելու բնական մղումն ինչպես է խաղալու հօգուտ ռեժիմի։ Չարժե նաև մոռանալ, թե ինչպես են բռնակալները հաճախ նաև սադրում ու բռնություն հրահրում պայքարողների ճամբարում, որպեսզի նրանց պարզապես մսաղացի միջով անցկացնեն։ Հիշենք թեկուզ մեր իսկ ցույցերն ու զանգվածային բողոքի ակցիաները և ներդրված սադրիչներին։

Պայքարի անհրաժեշտությունն անհերքելի է, սակայն հարց է, թե ինչ միջոցներով։ Առնվազն ռազմավարական տեսանկյունից նախընտրելի է ոչ-բռնի պայքարը։ Ոչ-բռնի պայքարի՝ որպես զինվելուն, քաղաքացիական պատերազմին փոխարինող միջոցի վերաբերյալ բավականին ծավալուն տեքստ արդեն հրապարակվել է Հետքում, որտեղ ոչ միայն ոչ-բռնի պայքարի բնույթի, այլև ռազմավարական պլանավորման, ուժի աղբյուրների թուլացման և պայքարի կարևոր փուլերի մասին մանրամասն ներկայացվել է։ Սակայն հենց վերջին օրերին տեղի ունեցածի համատեքստում զուտ պատկերավոր կարելի է ներկայացնել, որ ոչ-բռնի պայքարը դիմադրությունն է գայթակղությանը` շանսատակ անելու սուտ ցուցմունք կամ գանգատ ներկայացնող ոստիկան գեղամիկներին, ում շնորհիվ ձերբակալվում են ակտիվիստները։ Ոչ-բռնի պայքարն այս համատեքստում հետևողական այնպիսի գործողությունների պլանի իրագործումն է, որ հեղինակազրկվի ռեժիմի մահակ ոստիկանությունը, որպեսզի մարդիկ զրո հարգանք ունենան ոստիկանության հանդեպ, որպեսզի պատռեն ոստիկանության գովազգային պաստառները և փոխարինեն դրանք հանրային համերաշխության մասին ուղերձներով, իսկ արդյունքում՝ արժանապատվություն ունեցող ծայառողները զանգվածաբար դուրս գան համակարգից (անշուշտ, եթե բարոյական նկատառումները վերջապես հաղթեն նյութականի նկատմամբ, քանզի բոլորս գիտենք, որ բոլոր ծեծողներն էլ «տուն պահողներ» են), որպեսզի հանրությունը լցվի փողոցները և պայքարի, որպեսզի պետական ուռճացված և արտոնյալ ֆինանսավորում ստացող ոստիկանական համակարգը դադարի ստանալ բյուջեի առյուծի բաժինը և բյուջեն վերաբաշխվի դեպի այդքան անհրաժեշտ սուբսիդավորվող առողջապահությունն ու բարձրորակ հանրակրթությունը։ Վերջապես, դրանք այն հետևողական քայլերն են, որոնց արդյունքում գուցե բռնի վարչակարգին ծառայողներն իրենք «դեֆեկտ» տան, այսինքն՝ չլինեն «գեղամիկներ», չծառայեն բռնության հրաման տվողներին այդպես հավատարմորեն։

Հոդվածի գլխավոր նպատակը, սակայն, ռեպրեսիաների պարադոքսը ներկայացնելն է, այսինքն՝ թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի ռեժիմի ռեպրեսիաները շուռ գան իր իսկ դեմ։ Շատերը տեղյակ են, որ ինքնաձիգ շատ զինատեսակներ կրակելու պահին հետադարձ հրում են ունենում, այլ կերպ ասած՝ տեղի է ունենում ինքնաբերական հետհարված։ Նույնը կարող է տեղի ունենալ բռնաճնշումների դեպքում. սա էլ հենց կոչվում է ռեպրեսիաների պարադոքս։

Ռեպրեսիաների դեմ պայքարելու միջոցներից մեկը ռեպրեսիայի հետհարված առաջացնելն է, այսինքն՝ անել այնպես, որ արված գործողությունն աշխատի ռեժիմի դեմ, չծառայի ռեժիմի նախատեսած նպատակին, այսինքն՝ ճնշմանը, այլ դառնա ճնշման մի միջոց հենց իր դեմ։

Ռեպրեսիաների հետհարվածն ինքնաբերաբար տեղի չի ունենում, արդարության համար պայքարողները պետք է հաշվարկեն դրա հնարավորության ոչ միայն միջավայրը (այդ մասին՝ ստորև), այլև կոնկրետ գործողությունների դիմեն և ամենակարևորը՝ խուսափեն վարչակարգի խաղի դաշտում գտնվող ուղիներից։ Դրանց մեծ մասը որպես կանոն իրավական համակարգում են. դիմել ոստիկանություն, դատի տալ բռնաճնշողին կամ որպես վերջին միջոց՝ դիմել օմբուդսմենին։

Պետք է նաև հաշվի առնել, որ վարչակարգը նույնպես պատրաստ կարող է լինել հետհարվածը մեղմելուն, ուստի մի գործողություն կարող է չեզոքացնել մյուսին։

Ռեպրեսիաների ետհարված տեղի ունենալու համար նախ պետք է առաջանա հանրային հուժկու զայրույթ։ Իսկ զայրույթ կառաջանա այն դեպքում, եթե հանրությունը խիստ զգայուն է անարդարության, իրավազրկման, պատժի, անհամաչափ սանկցիաների և բռնության նկատմամբ։ Բոլոր այն դեպքերում, երբ ցինիզմն ու ապատիան գերիշխող զգացողություններ են հանրության մեծամասնության մոտ, անարդարությունը կշարունակի արժանանալ ցինիկ և անտարբեր վերաբերմունքի։ Օրինակ, հանրային հարցումներով պարզվել է, որ Հայաստանում մարդկանց մեծ մասն արդարացնում է խոշտանգումներն ու ծեծը քրեակատարողական հիմնարկներում: Հիմա որքան ուզում է՝ բանտարկյալները, այդ թվում՝ ապօրինաբար բանտարկվածները, բունտեր իրականացնեն իրենց նկատմամբ բռնաճնշումների դեմ, հետհարված չի առաջանա, քանզի մարդիկ ընկալունակ չեն այդ տեսակի անարդարության հանդեպ և չեն պայքարի ռեպրեսիաներ կիրառողների դեմ։ Սոցիալական շարժումների նպատակներից մեկը կարող է լինել հանրային ընկալունակության բարձրացումը, որպեսզի ավելի բարձր դրված նպատակներին հնարավոր լինի հասնել։

Երկրորդ, որպեսզի հանրային զայրույթ ընդհանրապես առաջանա, միջադեպի մասին պետք է հանրային իրազեկում տեղի ունենա, այսինքն՝ լինի նպաստավոր լրատվական միջավայր։ Հայաստանյան իրականությունում սա խիստ սահմանափակ միջավայր է. բոլորիս հայտնի է, որ ինչպես հեռարձակվող, տպագրվող, այնպես էլ՝ ինտերնետային մեդիաների մեծ մասը հեռակառավարվող մարիոնետների դեր են կատարում։ Հետհարված առաջացնելու սկզբնական քայլերից մեկը կարող է տեղեկատվական բարենպաստ միջավայր ստեղծելը կամ անբարենպաստ միջավայրը շրջանցելը, շեղող լուրերի հեղեղի դեմն առնելն ու հանրության ուշադրությունը ռեպրեսիվ միջադեպի ուղղությամբ ետ բերելն ու այլ ուղիներով լսարանին անարդար միջադեպի մասին իրազեկելը լինել։

Վերջապես, անարդարության դեմ պայքարողները պետք է ունենան հետհարվածի բերող կոնկրետ գործողությունների դիմելու կարողություններ։ Սա թերևս ամենաանտեսվող հանգամանքներից մեկն է, սակայն կարևորագույններից է հաջողության հասնելու համար։ Հանրային իրազեկում, մոբիլիզացում, բողոքի ուղղորդում դեպի կոնկրետ նպատակ, պաշտպանություն նոր ռեպրեսիաներից, պատրաստվածություն՝ դառնալու այլընտրանքային լրատվության աղբյուր. սրանք կարևոր հմտություններ ու կարողություններ են, որոնք կօգնեն հետհարված առաջացնելուն և հիմք կդառնան շարժման համար։ Որպես կանոն, սոցիալական շարժումներ տեսած հանրություններն են ունենում նման կարողություններ։

Ինչպես վերը նշվեց, ռեպրեսիաների հետհարված առաջացնելու համար անհրաժեշտ է իրազեկել հանրությանը և հարուցել նրա մտահոգությունը։ Ահա մի քանի քայլ՝

  1. Բացահայտել անարդարությունը, մարտահրավեր նետել ծածկադմփոցի փորձ անողներին
  2. Ուղղել պայքարողների կամ ռեպրեսիաների ենթարկվածների մասին ապատեղեկատվությունը, մարտահրավեր նետել պայքարն արժեզրկողներին
  3. Վերաձևակերպել ընդունված հանրային դիսկուրսը – շեշտել անարդարությունը, դիմակայել իրավիճակի կամ անարդարության մասին վարչախմբի մեկնաբանությանը
  4. Վերաուղղորդել պայքարը – աջակցություն մոբիլիզացնել, խուսափել «պաշտոնական» ուղիներից՝ դատախազություն, դատարանին, օմբուդսմենին դիմելուց կամ նրանց վրա հույս դնելուց
  5. Դիմադրել՝ չընկրկել վախեցնելու և կաշառելու փորձ անողների դիմաց։

Վարչախումբն այնքան էլ հիմար չէ և հետհարվածը մեղմելու քայլերի կդիմի, մասնավորապես՝

  1. Ծածկադմփոց անել
  2. Արժեզրկել պայքարողներին
  3. Վերամեկնաբանել (թարգմանել) կատարվածը[1]
  4. Թվացյալ արդարություն ցուցադրելու համար գործադրել պաշտոնական ուղիներ, օրինակ՝ ձևական գործեր հարուցել, սակայն երբևէ իրական պատժելիության մթնոլորտ չապահովել
  5. Վախեցնել կամ պարգևատրել միջադեպում ներգրավված անձանց, ասենք՝ կաշառել ռեպրեսիաներին ենթարկվածներին, որպեսզի նրանք լռեն և չբողոքեն կամ անցնեն իրենց կողմը։

Այս բոլոր քայլերը կարելի է վերջին օրերին տեղի ունեցածի նկատմամբ կիրառել։ Իրականում՝ սրանք տեսական մոտեցումներ են, որոնք հիմնականում համընդհանուր են և վերագրելի են գրեթե բոլոր դեպքերին, սակայն կարող են որոշներում ավելի բազմազան լինել, որոշներում՝ պակաս։ Ռազմավարապես անխոցելի պայքար մղելու համար տեսությանն ու այլ պայքարների վերլուծությանը դիմելը եթե ոչ անհրաժեշտ, ապա գոնե օգտակար կարող է լինել։

Ոստիկանության կամ վարչախմբի կողմից հովանավորվող սուբյեկտների կողմից ծեծի հետհարված առաջացնելու հետևյալ դիագրամում նկարագրված քայլերը վերցված են ոչ-բռնի պայքարի միջազգային տեսությունից, մասնավորապես՝ ավստրալացի տեսաբան և ակտիվիստ Բրայան Մարթինի ուղեցույցներից։


[1]    Մեդիա ձեռնածությունների (մանիպուլիացիաների) և դրանց դեմ պայքարելու ուղիների մասին Նոամ Չոմսկու հոդվածի հայերեն թարգմանությունը կարող է այս պարագայում շատ օգտակար լինել http://goo.gl/G2EK1M

Մեկնաբանություններ (1)

Վարդգես Գասպարի
Աննա ջան, վերոհիշյալը կասես դու գործնականում ինչպես ես իրականացրել, ինչ դժվարությունների ես հանդիպել, ինչ հաջողություններ ունեցել... Պարտադիր չի դա լինի հենց վերջին դեպքերի հետ կապված... բայց խնդրում եմ նշես որևէ մասնավոր և իրական դեպք. ***

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter