
Ավետիսյանների հարազատները մտադիր են բոյկոտել հունվարի 18-ի դատական նիստը
Մեկ տարի առաջ այս օրը ողջ Գյումրին ցնցվեց Ավետիսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքի անդամների դաժան սպանության լուրից: Սպանդից մազապուրծ փոքրիկ Սերյոժայի փրկության համար 7 օր շարունակ աղոթեց ողջ հայությունը: Ավետիսյանների սպանության համար մեղադրվող 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալության ու հայկական կողմին չհանձնելու լուրը բողոքի ալիք բարձրացրեց Գյումրիում:
Լուսաբացին տեղի ունեցած ողբերգական լուրը տարածվելուց հետո Գյումրիում ամենամարդաշատ վայրը դարձավ Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տան մերձակա հատվածը: Երկու օր շարունակ Գյումրին ալեկոծվեց բողոքի ցույցերից, ցուցարարներն հասան անգամ ռազմաբազա՝ պահանջելով հայկական կողմին հանձնել Պերմյակովին:
Հնչեցին բազմաթիվ հարցեր, առաջ քաշվեցին մի շարք վարկածներ սպանության շարժառիթի ու կատարող անձի կամ անձերի հետ կապված: Անցել է մեկ տարի եւ հանրության ունեցած տեղեկատվությունն այս ոճրագործության հետ կապված մեռյալ կետից գրեթե չի շարժվել: Ավետիսյանների հարազատները դժգոհ են թե իրականացված քննությունից, թե նոր սկսված դատական պրոցեսից: Նրանք մտադիր են բոյկոտել դատական երկրորդ նիստը, որ կայանալու է հունվարի 18-ին:
Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Ավետիսյանը նշեց, որ չի հավատում Վալերի Պերմյակովի սատանայապաշտ լինելու հանգամանքին: Ավետիսյանների հարազատների կարծիքով ռազմաբազայի տարածքում ընթացող դատավարությունը ձեւական բնույթ է կրում է եւ վստահ չեն, որ դատաքննության ավարտին կունենան իրենց հուզող հարցերի պատասխանները: Նրանք չեն հավատում, որ Պերմյակովը գործել է միայնակ, ինչպես նաեւ չեն հավատում այն պատմությանը, որ հիմնավորվել է նախաքննության կողմից, իբրեւ թե Պերմյակովը Ավետիսյանների տուն լուսաբացին մուտք է գործել գումար եւ քաղաքացիական հագուստ հայթայթելու նպատակով:
Այսօր Գյումրու «Շիրակ» գերեզմանատանը, որտեղ թաղված են Ավետիսյանները, կատարվեց հոգեհանգստի կարգ: Հարազատներից բացի ներկա էին նաեւ տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Աժ պատգամավորներ: Լրագրողների հարցերին պաշտոնյանները պատասխանեցին բավական զուսպ՝ նշելով, որ կսպասեն դատաքննության ավարտին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել