
Այս դատավճիռը պետք է բեկանվի ոչ թե ապացույցների անբավարարության, այլ դրանց բացակայության հետևանքով
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Այն ընթերցողները, ովքեր նոր են կարդում իմ նամակները, հարցնում են` ով եմ, ինչու եմ բանտում, ինչի համար եմ պայքարում: Չնայած այդ ամենի մասին շատ ինֆորմացիա կա, բայց անգամ ինքս մինչև իրավաբանական ֆակուլտետ ընդունվելը, իրավաբանական գրականություն ուսումնասիրելը, չէի կարողանում իրավական առումով շատ հարցերի պատասխաններ գտնել: Հիմա իրավաբանական գիտելիքներ ստանալով` գիտակցում եմ՝ ոնց են ինձ առանց որևէ ուղղակի ապացույցի ուղարկել բանտ: Սակայն շատ քաղաքացիներ այնպես են գրում, դատում, կարծես ծանոթ են այս քրեական գործի նյութերին, իրավաբան են, կամ ականատես վկաներ: Բայց բոլորն իրավունք ունեն իմանալ այն խայտառակ քննության մասին, որը վարվել է իմ գործով: Նման գործեր, իհարկե, բազմաթիվ են Հայաստանում:
20 տարի առաջ, 20 տարեկանում, 1996 թ-ի նոյեմբերի 29-ին ՀՀ Գերագույն դատարանի կողմից (նախագահող` Զինավոր Ղուկասյան) դատապարտվել եմ մահապատժի: Ինձ մեղադրել են համակուրսեցուս սպանության մեջ: 20 տարի պայքարում եմ, որ քրեական գործի վերաբացում լինի, քանի որ ես մարդ չեմ սպանել: Թե' 20 տարի առաջ, թե' հիմա պնդում եմ, որ հանցագործությունը չեմ կարողացել կանխել և փրկել Իոսիֆին:
20 տարի բանտում եմ գտնվում մեկ ցուցմունքի հիման վրա: Դատավճռում արտագրվել է իրական մարդասպան՝ եղբորս համադասարանցի Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ցուցմունքներից վերջինը, որը չի հիմնավորվել որևէ ապացույցով, ընդհակառակը՝ հերքվել է դատաբժշկական փորձաքննությամբ: 1996-ին Արամը նույնպես դատապարտվեց նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Նրան մահապատժից փրկեց ոստիկան հորեղբայրը: Արամը հինգ տարի արդեն ազատության մեջ է:
17 տարի բանտում գտնվելուց հետո որոշեցի հեռակա սովորել քրեական իրավունք: Եվ ահա շուտով կփոխադրվեմ Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրս: Ինձ հանձնարարված է գրել ռեֆերատ: Ես էլ ընտրել եմ իմ քրեական գործը, որը իրավագիտության դասագրքային օրինակ է, թե ինչպիսին պիտի չլինի քրեական գործի քննությունը: Եթե իրավական պետությունում լինեինք, այս գործը կբեկանվեր ոչ թե ապացույցների անբավարարության, այլ ապացույցների չգոյության հիմքով: Մարդուն մեղադրելու համար մեկ ցուցմունքն էլ բավական եղավ, իսկ արդարացնելու համար տասնյակ ապացույցներն էլ չեն օգնում:
Ընթերցողին ներկայացնում եմ փաստեր, խնդրում եմ՝ կարդան նաև իրավաբանները:
1. Քրեական գործը հարուցվել է սպանությունից մի քանի ժամ անց, Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ ինքն իրենց բնակարանում սպանել է Իոսիֆ Աղաջանովին: Բայց այս փաստաթուղթը դատարանի կողմից ուշադրության չարժանացավ: Խնդրում եմ կցել Խորհրդային շրջանի դատախազության քննիչ Մ. Բադեյանի 13.07.1996 թ. որոշումը: (աջ կողմում - խմբ.)
2. Առաջին ցուցմունքներում Արամ Հարությունյանը նշել է, որ իրենց տանը վեճ է ծագել տուժողի հետ, նշել է, որ բոլոր հարվածներն ինքն է հասցրել: Անգամ գրել է, թե այնքան կատաղած է եղել, որ չի հիշում, թե քանի անգամ է խփել դանակով: Հարցին, թե իմ ձեռքին դանակ եղե՞լ է, պատասխանել է՝ ոչ: Հետագայում նա կամաց-կամաց մեղքը բարդել է իմ վրա ու ազատել ինքն իրեն ծանրագույն պատժից:
3. 1996-ի հուլիսի 13-ին հորս ոստիկանությունում ասել են, թե ինձ մի քանի օրից տուն կթողնեն, քանի որ իմ դեմ ոչինչ չկա: Սակայն մի քանի օրից գործը Մասիվի ոստիկանությունից անհայտ պատճառներով տեղափոխում են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ վարչություն, և Արամը սկսում է նոր ցուցմունքներ տալ, հորինել շահադիտական ու կանխամտածված մոտիվ:
4. Նախաքննությունը տևել է հուլիսից մինչև սեպտեմբեր, այսինքն՝ 2 ամիս: Երկու ամիս միայն տևում է մեկ փորձաքննության անցկացումն այսօր: Այդ ընթացքում կատարվել է դատաբժշկական փորձաքննություն: Չի կատարվել դատահոգեբանական, հոգեբուժական համալիր փորձաքննություն, մատնահետքերն անգամ չեն ստուգվել, քննչական փորձարարություն չի կատարվել՝ պարզելու՝ արդյոք Արամի ցուցմունքը իրականության մեջ հնարավոր էր, թե ոչ:
5. Դատավարությունը նույնպես տևել է երկու ամիս՝ սեպտեմբերից նոյեմբեր: Այսինքն, նախաքննությունն ու դատաքննությունը միասին տևել են ընդամենը 4 ամիս: Նման շտապողականության մեջ ոչ մի ապացույց ձեռք չի բերվել ու չէր կարող ձեռք բերվել:
6. Քրեական գործը երեք հատոր է, որից մեկ հատորից ավելին ստորագրություններ են:
7. Գործի հատորներում, սակայն, հիմնականում պաշտոնյաների, դասախոսների, տարբեր բուհերի ուսանողների ստորագրություններ են, ոչ թե արդար դատաքննության, այլ ծանրագույն պատժի պահանջով: Այդպիսի նամակ է գրել, օրինակ, Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանին:
8. Գործում կա անգամ ՌԴ նախագահ Ելցինին կից գործող Մարդու իրավունքների հանձնաժողովից նամակ` ուղղված ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին դեռ նախաքննության փուլում: Թե ինչպես և ինչու է նախագահական մուտքագրված նամակը մտել գործի նյութերի մեջ, անհասկանալի է: ՀՀ-ում անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն կարող կարծիք հայտնել մեր երկրում, մեր դատարաններում քննվող գործի վերաբերյալ, իսկ օտար պետության նախագահամերձ պաշտոնյան նամակ է գրել երկրի նախագահին ու դա տեղ է գտել գործի նյութերում: Այլ կերպ սա կոչվում է ճնշում դատարանի վրա գործադիր մարմնի կողմից, որին էլ դիմել են այլ պետությունից:
9. Իրեղեն ապացույցների որևէ լուսանկար չկա գործում, դրանք չեն բերվել դատարան, չեն զննվել դատարանում: Բայց, այնուամենայնիվ, դրվել են դատավճռի հիմքում, ինչը աբսուրդ է, քանի որ դատավճռի հիմքում կարող են դրվել միայն այն ապացույցները, որոնք հետազոտվել են դատարանում:
10. Քրեական գործում կա տուժողի իրավահաջորդ Միքայել Աղաջանովի նամակը՝ ուղղված գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին, որտեղ նա նշում է, որ պարզ չէ սպանության մոտիվը, չեն հայտնաբերվել բոլոր մասնակիցները: Հարց է բարձրացնում, որ որդուն միգուցե հրել են մեքենայի մեջ, ուրեմն եղել են այլ մասնակիցներ, կասկած է հայտնում, որ դեպքի վայրում եղել են նաև Արամի ծնողները, ընկերները: Սակայն մեկ ամիս անց համաձայնվում է իր որդու կոկորդը կտրող Արամի վարկածի հետ: Իսկ երբ գործի վերաբացման հիմքեր ենք ստեղծում, կարծես չեն ցանկանում, որ դա տեղի ուենենա: Եթե վստահեն, որ ամեն ինչ ճիշտ է արվել, ապա ինչու են անհանգստանում:
11. Արամի ասած պայուսակը, իբր, որով նրանց տնից դուրս է բերվել դին, իրականում գոյություն չունի: Այստեղ խնդրում եմ դնել աղբարկղը զննելու մասին արձանագրությունը, որով պարզ է դառնում, որ այն չի հայտնաբերվել: Այսինքն, գոյություն չունեցող իրեղեն ապացույցը դրվել է դատավճռի հիմքում, ինչը նույնպես իրավական առումով աբսուրդ է: (լուսանկարը՝ աջում - խմբ.)
12. Դատարանը գտել է, որ արժանահավատ է Արամ Հարությունյանի վերջին ցուցմունքը, թե սպանությունը կանխամտածված է եղել ու շահադիտական նպատակ հետապնդել: Ըստ Արամի՝ Իոսիֆի հորից 20 հազար դոլար պետք է պահանջեինք դիակի տեղն ասելու համար: Սակայն դատարանում տուժողի իրավահաջորդը ցուցմունք է տվել ու ասել, որ որևէ մեկը իր հետ չի կապվել, որևէ գումար չի պահանջել:
13. Իրեղեն ապացույցների ներգրավման ժամանակ ոստիկանությունում կազմվել է արձանագրություն, որին, իբր, ներկա են եղել երկու ընթերականներ` ոմն Աստա Յոհանսենի Յոհանսոն և Հովհաննես Պողոսի Հովակիմյան: Բայց, ինչպես դեպքից 16 տարի անց պարզեց իմ փաստաբաններից Վահագն Մանուկյանը, առաջինը գոյություն չունեցող քաղաքացի է, իսկ երկրորդը նշել է, որ ոչ մի իրեղեն ապացույց էլ չի տեսել, մի անգամ է եղել այդ բաժնում, այն էլ՝ աշնանը, ցուրտ եղանակի: Այդ ժամանակ էլ քաղաքացիական համազգեստով մի ոստիկան իրեն խնդրել է ստորագրել ինչ-որ թղթի տակ: 2012-ին այս ամենը ներկայացրել ենք գլխավոր դատախազություն, հետո Վճռաբեկ դատարան, բայց գործը այդպես էլ չվերաբացվեց:
![]() |
![]() |
14. 2014-ին իմ փաստաբանները դիմել են Հոլանդիայում գործող անկախ դատափորձագիտական կենտրոն՝ IFS, որտեղ բժշկական գիտությունների դոկտոր Սելմա Էյքելենբում-Շիվիլդը կատարել է նոր փորձաքննություն գործի նյութերի հիման վրա, քանի որ իրեղեն ապացույցները մեր երկրում չեն պահպանվում: Փորձաքննության մեջ նշված է. «1996 թ-ին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր: Ըստ փաստաթղթերի` բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել: Սա, այնուամենայնիվ, կարող էր ապացուցել կատարվածը և այն, թե որ սցենարն էր ավելի հավանական: Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է: Մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել»,- նշված է IFS դատափորձագիտական կենտրոնի եզրակացության մեջ:
15. Քրեական դատավարությունում բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի: Ես դեռ ներկայացրեցի այդ չփարատված կասկածներից մի քանիսը: Սակայն մեզ մոտ ճիշտ հակառակն է. այն, ինչ չեն կարողանում ապացուցել դատարանում, բարդում են մեղադրյալի վրա: Այս գործով դատական սխալներն այնքան ակնհայտ են, որ կասկած չեն հարուցում, որ 20 տարի առաջ կայացված դատավճիռը պետք է բեկանվի: Բայց այդպես է միայն դասագրքերում, իսկ իրականում ճիշտ հակառակն է:
16. Սուտ է, թե իբր Իոսիֆը քարկոծվել է, կամ իբր մասնատվել է և այլ նմանատիպ սուտ տեղեկություններ: Այն, որ դրանք սուտ են, ապացուցվում է քրեական գործի նյութերով, դատաբժշկի եզրակացությամբ: Համարյա համոզված եմ, որ սա արվում է իրավապահ համակարգի հրահանգով և մի նպատակով, որ հասարակությունը ատելությամբ լցվի ու չպայքարի արդարադատության, գործի վերաբացման համար:
Ֆեմիդա աստվածուհու արդարության կշեռքի երկու նժարների մեջ պետք է դրվեն միայն և միայն ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ: Փաստերից դուրս գործ ունենք միայն ստի հետ:
Միայն տարիների հետ հասկացա, որ իրավական հարթությունից դուրս է խնդիրը, հասկացա, որ Հայաստանում օրենքն էլ, իրավունքն էլ միշտ ուժեղի կողմն է: Սա միայն իմ խնդիրը չէ, սա դատական համակարգի խնդիրն է, այն, որ մեր բանտերում կան անմեղ դատվածներ, բայց նախկինների սխալները ուղղել ցանկացողներ չկան: Արդարադատության հազարավոր ուշացած հաղթանակների մասին լսում ենք կատարյալին մոտ դատական համակարգ ունեցող երկրներից: Իսկ մեզ մոտ ասում են, թե դատավորը չի սխալվում:
Արտասահմաններում արդարացվածների կենսագրականներ եմ կարդում, բոլորն էլ անցել են ծանր, փորձություններով լի ճանապարհ: Հասարակությունը նրանց հանցագործ է համարել տասնյակ տարիներ: Բայց նրանք համառել են, ու մի օր տոնել արդարադատության հաղթանակը: Ես գնում եմ այդ ճանապարհով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել