Արտասահմանում գտնվող հայերը չեն քվեարկել
«Հարգելի ՀԵՏՔ
Ես Գրիգոր Սիմոնյանն եմ, Հայաստանի քաղաքացի: Ներկայումս ուսման նպատակով ապրում եմ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում: Ընտրություններից առաջ զանգահարեցի Հայաստանի դեսպանություն Լոնդոնում՝ տեղեկանալու, թե ինչպես կարող եմ քվեարկել դեսպանատան միջոցով ընտրությունների օրը: Սակայն, շնորհիվ Հայաստանի կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների, դեսպանությունները դադարել են գործել որպես ընտրատեղամասեր: Այսպիսով, ես չկարողացա քվեարկել:
Օրենսդրական փոփոխությունները զրկեցին ինձ եւ արտերկրում գտնվող այլ հայերին ընտրելու իրավունքից: Ես դա համարում եմ բացարձակ անընդունելի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ոչ մի այլընտրանքային քվեարկության միջոց (քվեարկություն էլեկտրոնային փոստով կամ նամակով) առաջարկված չէր փոխարենը:
Ես համոզված եմ, եւ հատկապես Հայաստանի դեպքում, երբ արտասահմանում ապրում են երկրի շատ քաղաքացիներ, որ այս փոփոխությունը կարող է ընձեռել լայն հնարավորություն զանգվածային կեղծիքների համար: Այսպիսով` արտահայտում եմ իմ անհամաձայնությունը եւ զայրույթը այս փաստի վերաբերյալ: Հուսով եմ` խնդիրը կբարձրաձայնվի եւ միջազգային դիտորդներն այն հաշվի կառնեն:
Հարգանքներով՝
Գրիգոր»
Սա մեկն է այն նամակներից, որոնք Հետք-ի խմբագրությունը ստացել է Հայաստանի՝ ներկայումս դրսում գտնվող քաղաքացիներից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ Արտաքին գործերի նախարարությունում պարզաբանեցին, որ օրենսգրքում կատարված՝ արտերկրում գտնվող կամ ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրակարգին վերաբերող փոփոխությունների մասին տեղեկացվել է արտերկրում գործող ՀՀ դեսպանություններին, որոնք էլ պետք է իրազեկեին տվյալ երկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին: Նաեւ կազմակերպվել են այդ փոփոխությունների վերաբերյալ մի քանի մամլո ասուլիսներ:
2007 թվականի փետրվարի 26-ին ԱԺ-ն ընդունել է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք, որով Ընտրական oրենuգրքի 1-ին հոդվածը լրացվել է հետեւյալ կետով. «Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում»:
Նույն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերը, որոնք սահմանում էին ՀՀ տարածքից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը եւ կարգը:
Հաջորդ շաբաթ Հետքը առավել մանրամասն կներկայացնի այս խնդիրը:
Մեկնաբանել