
2015-ի խոշոր հարկատուները. Որոտանի ՀԷԿ-ի թռիչքային աճը
2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, ինչպես 2014 թվականին։ ՀՀ հարկային ծառայությունն այսօր հրապարակել է 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մասին ցանկը:
«Գազպրոմ Արմենիա»-ն նախորդ տարի պետությանը վճարել է մոտ 42 մլրդ 650 մլն դրամ՝ 2014 թվականի 42 մլրդ 812,6 մլն դրամի դիմաց։
Պետության երկրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 27 մլրդ 505,9 մլն դրամով (2014-ին՝ 19 մլրդ 944,7 մլն դրամ)։
Խոշոր հարկատուների առաջին եռյակը եզրափակում է «Ղ տելեկոմ»-ը՝ 18 մլրդ 628,8 մլն դրամի հարկերով (2014-ին՝ 28 մլրդ 891,8 մլն դրամ )։
Չորրորդ տեղում «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 18 մլրդ 255,2 մլն դրամով (2014-ին՝ 21 մլրդ 571,5 մլն դրամ)։
Հաջորդում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերությունը՝ 16 մլրդ 955, 6 մլն դրամով (2014-ին՝ 2 մլրդ 880 մլն դրամ)։
6-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է՝ 16 մլրդ 494,2 մլն դրամով (2014-ին՝ 12 մլրդ 430,3 մլն դրամ)։
7-րդում «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունն է՝ մոտ 15 մլրդ 467 մլն դրամով (2014-ին՝ 16 մլրդ 490,9 մլն դրամ)։
8-րդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո հայ կանադական ՀՁ» ընկերությունն է՝ 13 մլրդ 699,7 մլն դրամով (2014-ին՝ 10 մլրդ 465 մլն դրամ):
9-րդում «Ֆլեշ» ընկերությունն է՝ 12 մլրդ 751 մլն դրամով (2014-ին՝ 11 մլրդ 980 մլն դրամ):
Եվ 10-յակը եզրափակում է «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունը, որը վճարել է 9 մլրդ 465,2 մլն դրամ (2014-ին՝ 9 մլրդ 618,7 մլն դրամ):
Ինչպես երևում խոշոր հարկատուների ցանկում թռիչքային աճ է գրանցել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը։ Այն 2014 թվականին 43-րդ տեղում էր։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերության՝ 2015-ին վճարած հարկերի մեծ մասը անուղղակի հարկերն են (այդ թվում՝ ԱԱՀ, ակցիզային հարկ), կարող ենք ասել, որ հարկերի չափի թռիչքային աճը պայմանավորված է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» օտարմամբ։ Հիշեցնենք, որ 2014-ի տարեսկզբին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի միջև պայմանագիր ստորագրվեց Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի վերաբերյալ։ Ընդ որում՝ ամենամեծ ծավալի հարկերը ընկերությունը վճարել է 2015-ի երրորդ եռամսյակում։
Նախորդ տարվա խոշոր հարկատուների ցանկին ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում։
Մեկնաբանել